24 Սեպտեմբեր 2014, 08:32
2980 |

Երևանի հիպիները. Ջոն Քենեդու գլուխն ու Ջիմմի Հենդրիքսը

Ժամանակին թեժ և բուռն բանավեճերի ալիք բարձրացրած Միշել Ուելբեքի «Տարրական մասնիկները» վեպը վերջապես թարգմանվեց հայերեն: «Արգելված գրքեր» շարքի շրջանակներում տպագրված գրքի առթիվ Imyerevan.com պորտալը, «Անտարես» հրատարակչությունը և ՀՀ –ում Ֆրանսիայի դեսպանատունը սեպտեմբերի 26-ին երեկոյան ԷՕՆ հակասրճարանում կազմակերպում են հիպիական ոճով շնորհանդես: Իսկ նախքան այդ մենք պեղեցինք ու գտանք 60-70-ականների Երևանի հիպիներին։

Շուշիի նեղ փողոցներում նկարչուհի Լուսին Չալումյանը քայլում է առանց դիմացը նայելու: Զննելով հին շենքերը՝ անընդհատ գտնում է արտասովոր դետալ ու նախշ: Նույն զննող հայացքով իրեն նայում էին 1960-1970-ականների Երևանում: Լայն տաբատով, բարձր ջինսե կոշիկներով, մազերի՝ ԽՍՀՄ-ում դեռ անհայտ սանրվածքով և, որ ամենակարևորն է, աչքերի լրիվ ուրիշ՝ հիպիական արտահայտությամբ… Երևանյան հիպիները շրջում էին քաղաքով ու գովազդում երկաթե վարագույրից այն կողմ ստեղծված մշակույթը:

Լուսինը հիմա մի քիչ կոտրվել է. էլ էն հին հիպին չէ, բայց խելագար երիտասարդների այբուբենը ժամանակին լավ էր սերտել: Տարիներ առաջ տեղափոխվել է Արցախի Շուշի քաղաք: Համոզված է՝ ամեն մարդ պետք է իրենից հետք թողնի: Նա է հուշարձաններ է վերականգնում, Շուշին ներկայացնող հուշանվերներ պատրաստում, ռադիոհաղորդումներ կարդում Արցախի հանրային ռադիոյով:

Ինչպե՞ս սկսվեց:
- 9-րդ դասարանում էի, Դաղստանում երկրաշարժ եղավ ու շինարար հայրս գնաց աշխատելու, մեզ էլ տարավ հետը «աշխարհ» տեսնելու: Մի օր մտանք շուկա, գետնին գույնզգույն հագուստներ էին շարված, շորի դեզերի մեջ աչքովս ընկավ լայն փողքերով ջինսե տաբատ՝ վրան՝ Ջոն Քենեդու գլուխը: Մորս երկար չհամոզեցի, բանվորի մեկ ամսվա աշխատավարձը՝ 90 ռուբլի տվեցինք ու առանք իմ առաջին հիպիական շալվարն ու մի զույգ էլ բարձր սաբոներ:

Լուսի՛ն, ճի՞շտ է, որ վաթսունականների Երևանում ջինս հագնողներին տանում էին «ԿԳԲ-ի պադվալ» ու ծեծում:
- Չէ՛, նման բան չկա, բայց արտասովոր հայացքով էին նայում, մենք տարբերվում էինք բոլորից առաջին հերթին գաղափարներով, հետո միայն հագուստով: «Make love, not war!» կարգախոսը արևմուտքից եկավ-հասավ Խորհրդային Միություն:

Կոնկրետ ի՞նչն էր տարբեր:
- «Արևմուտքի դեսպաններն» ամեն երեկո հավաքվում էին «Նաիրի» կինոթատրոնի բակում՝ թևի տակ DEEP PURPLE-ի, THE BEATLES-ի, ROLLING STONES-ի ձայնապնակները, որոնք հաճախ մի մեքենայի գնի կարող էին հասնել: Փոխանակում էին, խոստանում լսել ու անվնաս վերադարձնել: 
Գնում էինք Երիտասարդների պալատի Зеленый бар-ը, խմում, երաժշտություն լսում, հիպիներից շատերը իրենց առանձին զբաղմունքն ու հետաքրքրություններն ունեին. ես, օրինակ, տարված էի Ջիմմի Հենդրիքսով: Բոլոր ազատ պատերին նրան է նկարում, երբ դատարկ պատերը սպառվեցին, սկսեցի բակի երեխաների շապիկներին նկարել Ջիմմիին:

Ի՞նչն էր գրավել նրա մեջ:
- Ճիշտ է՝ երգերը առանձնապես չէինք լսում, բայց սևամորթ, խուճուճ երիտասարդի նկարը գրավիչ էր մեզ համար: Երեկ լսեցի, որ Ամերիկայում նրա անունով այգի են հիմնել, մեծ նկարն էլ պատին նկարել. մորս՝ անընդհատ կրկնվող խոսքերը հիշեցի՝ «Ջնջե՛ք էդ կապիկի նկարը մեր պատերից»:

Հիմա կա՞ն հիպպիներ:
- Գիտեք, այսօր էլ շատ երիտասարդներ մեր ճանապարհն են ընտրել, կոտրում են ամեն կարծրատիպ, բայց մի բան էն չէ… չգիտեմ՝ ինչը: Ճղած ջինս հագնելով հիպպի չես դառնա: Խորհրդային միությունն իր լավ կողմերն էլ ուներ, սահմանափակ ազատությունը մտածելու առիթ էր տալիս, հիմա ազատ են բոլորն ու ամեն ինչ, բայց ո՛չ երաժշտությունն է երաժշտության նման, ո՛չ էլ մեր ոգին կա շատ ջահելների մեջ:

Այս թեմայով