17 Սեպտեմբեր 2014, 11:27
1864 |

Երևանյան հիպիները. երկաթե վարագույրի սև խոռոչները

Ժամանակին թեժ և բուռն բանավեճերի ալիք բարձրացրած Միշել Ուելբեքի «Տարրական մասնիկները» վեպը վերջապես թարգմանվեց հայերեն: «Արգելված գրքեր» շարքի շրջանակներում տպագրված գրքի առթիվ Imyerevan.com պորտալը, «Անտարես» հրատարակչությունը և ՀՀ –ում Ֆրանսիայի դեսպանատունը սեպտեմբերի 26-ին երեկոյան ԷՕՆ հակասրճարանում կազմակերպում են հիպիական ոճով շնորհանդես: Իսկ նախքան այդ մենք պեղեցինք ու գտանք 60-70-ականների Երևանի հիպիներին։

Մարդիկ կան, որոնք չկան, քեզ չեն էլ ճանաչել, բայց հաճախ ես հետները երկխոսության մեջ մտնում: Պատճառը նրանց ապրածն է կամ ստեղծածը, որի հետքերը համարյա ջնջվել են: Բայց մեկ-մեկ տողատակերից ինչ-որ զգացողություններ գլուխ են բարձրացնում, քեզ հուզում, ջղայնացնում ու էլի անհետանում: Մտքիդ մեջ  խոսում, կռվում, բարիշում, մի խոսքով՝ ապրում ես բառերի փոխանակման մեջ ու մեկ էլ հասկանում, որ երկխոսությունդ երկխոսություն չէ, այլ՝ հարցազրույց: Հարց ու պատասխան: Բայց պատասխաները որտեղի՞ց… Հետո, որոշ ժամանակ անց, գլխի ես ընկնում, որ պատասխանները քոնն են, հարցերը…

Նոյեմբերին, երբ Պապլավոկը ավելորդությունները թոթափում ու մի քիչ իմ պատկերացրածին է նմանվում, երեկոները մեկ-մեկ ես Ռուբեն Ֆիլյանին զգում եմ: Ավելի ճիշտ, սկսում եմ մի երկար հարցազրույց՝ իմ պեղած պատասխաններով: Ինքը հարցեր համարյա չի տալիս, ես եմ պատմում իր կյանքի մասին՝ հաճախ սխալ, որովհետև բանավոր խոսքն իր ներսում տառերը փոխելով՝ հաճախ, բերանից բերան անցնելիս ձևափոխվում, երբեմն էլ՝ անճանաչելի է դառնում: Ի՞նչ եղավ այս մարդը, ո՞ւր գնաց… Նման հարցեր Ռուբեն Ֆիլյանն ինձ երբեք չի տալիս… Մեկ-մեկ ինչ-որ աղոտ պատկերներ եմ զգում, վաթսուն-յոթանասնականներին նույն Պապլավոկի լճի վրա կայացած ռոք համերգներից, հիպիական հավաքներից, ազատության ու սիրո կոչերից:  Ու Ռուբենին տեսնում եմ Երևանի կենտրոնում, ավելի ճիշտ՝ Կինո Նաիրից մինչև Կազիրոկ  ձգվող ազատության նեղ, անտանելի նեղ շրջանակի մեջ պտտվելիս… Անվերջ, երկար, պտտվելիս… Քիչ էր Էդ ազատության տարածքը նրա համար, քիչ էր… Ու Ռուբենը գնաց… Ու էդ ժամանակն էլ գնաց… Ու ես երբեմն սպասում եմ նոյեմբերին, որ ավելորդությունները թոթափած Պապլավոկի շրջանում մի անգամ էլ նրա հետ հարցազրույց անեմ ու վերջապես, կցկտուր պատասխաններն ավարտելով, տամ ինձ հուզող մի հատիկ հարցը.

- Ռուբեն, ո՞նց պատռեցիր անազատության երկաթե վարագույրը…

Այս թեմայով