20 Օգոստոս 2014, 13:57
1109 |

«Բազե». օր երկրորդ

Թե առաջին օրն ավելի շատ տիրում էին մրցակցային տրամադրություններ, ապա երկրորդ օրը մրցակցության ոգին զիջեց ընկերասիրությանն ու համագործակցությանը: Համատեղելով օգտակարը հաճելիի հետ՝ երգիչները պատուհաններից կախված ազգային երգերով ոգևորում էին նկարիչներին: Կարևոր չէր, թե ով որ ճակատից է, մրցութային երկրորդ օրվա առավոտը ստեղծագործական էր:

Երկրորդ օրվա առաջին սպորտային մենամարտը պարանի ձգումն էր: Թվացյալ հեշտ այս միջոցառումն իրականում աչքի ընկավ մրցավարական խիստ կանոնակարգով: Յուրաքանչյուր ճակատ, ընտրելով ամենաճարպիկ ու կոփված մարզիկներին, փորձում էր հաղթանակն իր կողմը ձգել: Հաջողությունը կարմիր ճակատինն էր: Ոգևորվածության աստիճանը գերադրական էր: Առհասարակ, բազեականներն իրենց հաղթանակները տոնում են անհավատալի ոգևորվածությամբ:

Երկրորդ օրվա թերևս ամենատպավորիչ մրցումը պարն էր: Ճակատներից յուրաքանչյուրը ներկայացրեց մենակատարների, որոնց վարպետությունն ու գեղագիտական կատարումները միջազգային բեմերին սազական ելույթներ էին: Հիփ-հոփ, ազգային, ժամանակակից ու բալետային արվեստի ներկայացուցիչները պայքարի մտան ներճակատային փուլում ու Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ-ժյուրիին ներկայացան հավուր պատշաճի:

Համահայկական հավաքի երկրորդ օրը եզրափակվեց դիսկտոտեկով: Օրվա ընթացքում կուտակված էներգիան ու հաղթանակների ոգևորվածությունը բազեականներից դուրս հորդեցին գիշերային պարահրապարակում դիջեյի յուրօրինակ սեթերի ներքո:

Այս թեմայով