16 Օգոստոս 2014, 10:31
2925 |

Գետամեջի կրքերը

Վուդսթոքյան փառատոնից ոգեշնչված River Fest Armenian-ն հավակնում է դառնալ հայրենական ռոք երաժիշտներին համախմբող հարթակներից մեկը։

Ավելի մեծ տարածք, ավելի մեծ բեմ, ավելի շատ վրաններ ու ավելի շատ հյուրեր: River Fest Armenia-ն այս տարի Գետամեջը «գրավել» էր այնպես, որ նախորդ տարվա «մոլորվածները» մոռացան անցած տարվա բոլոր անհաջողություններն ու կիքսերը: Կոտայքի մարզի Գետամեջ գյուղում արդեն երկրորդ անգամ անցկացվող ռոք փառատոնի կազմակերպիչներն այս տարի պատրաստվել էին այնպես, որ ռոքասերները ոչնչի մասին մտածելու առիթ չունենան եւ իսկապես վայելեն տոնը:

Մեկ տասնյակից ավելի ռոք խմբեր, երգիչներ, երգչուհիներ ու դիջեյներ դարձյալ հավաքվել էին Գետամեջում, ու դարձյալ նույն նպատակով: Ռոք փառատոնից ստացված հասույթն այս տարի էլ է տրամադրվելու գյուղի դպրոցի վերանորոգմանը: Նախորդ տարվա հասույթով դասարաններ են վերանորոգվել, այս տարի կազմակերպիչները հույս ունեն փոխել դպրոցի բոլոր պատուհանները: «Դուք բոլորդ բարերաներ եք»,-փառատոնին հյուրերին ասաց The beautified project խմբի վոկալիստ Անդրե Սիմոնյանը' շնորհակալություն հայտնելով բոլոր նրանց, ովքեր ինչ-որ կերպ աջակցել են փառատոնի անցկացմանը: 

Իսկ «բարերարները» ուրախ էին թողնել առօրյա հոգսերը եւ երկու օր վայլելել սիրելի խմբերի կատարումները, Գետամեջի բնությունն ու երեկոյան խարույկի մոտ հավաքվելու հաճույքը: Վուդսթոքյան փառատոնից ոգեշնչված River Fest Armenian-ն հավակնում է դառնալ հայրենական ռոք երաժիշտներին համախմբող հարթակներից մեկը, որի մասին առաջին անգամ մտածել է հայրենադարձ երաժիշտ Սարո Հասասյանը' նպատակ ունենալով պարզապես օգնել հարազատ դպրոցին:

Fest-ի հյուրերը դեռ Գետամեջում են. համերգն այսօր էլ է շարունակվելու: Տարածքը մեծ է. դռները' բաց, ուշացած ռոքասերների համար տոնին միանալու ժամանակ դեռ կա:

Այս թեմայով