19 Ապրիլ 2013, 10:45
88 |

Տղամարդկանց տարածք

Ավտոմեքենաների էքստրեմալ վարումը, ըստ էության, ոչ թե պարզապես սպորտաձև է, այլ բարդ իրավիճակներում գոյատևելու համար անհրաժեշտ հմտություն: Մրցույթի գլխավոր նպատակն ու իմաստը անխոհեմ երկրպագու- արկածախնդիրներին էքստրիմի, մրցավազքի ու ադրենալինի հանդեպ ընդհանուր կրքի շուրջ միավորելն է:

«Ադրենալին» էքստրեմալ սպորտաձևերի ֆեդերացիան ապրիլի 14-ին առաջին անգամ Հայաստանում անցկացրեց Jeep Trophy Sprint արտաճանապարհային բաց մրցույթը' այս կարգի ամենագնացների առաջին մրցույթը Կովկասում: Այն դժվարամատչելի երթուղով մրցարշավ է, որտեղ մեքենաներն ընթանում են վայրի արագությամբ' բախվելով, խփելով իրար ու անգամ շրջվելով: Մեքենաները հաղթահարում են կտրուկ վերելքերի ու վայրէջքերի, թաց ցեխի, քարերի արգելքներ, ճեղքում ավազափոշուց բարձրացող մառախուղը: Այսպիսի մրցույթում լանջերին ու շրջադարձերին չնչին սխալը կարող է մեքենայի շրջվելու պատճառ դառնալ:

Թրոֆի-սպրինտի առանձնահատկությունն այն է, որ մրցույթին սկզբից մինչև վերջ կարելի է հետևել գրեթե ցանկացած կետից: Երթուղու ընթացքում անտանելի պայմաններ ստեղծելու համար կազմակերպիչները մի լավ աշխատել էին: Օրինակ, «թաց ցեխի» տպավորություն ստեղծելու համար մրցադաշտ էին բերվել ջրով լի մի քանի բաքեր, որոնցով ջրեցին մրցուղու որոշակի հատվածներ: Մրցույթի ժամանակ րոպե կորցնելը դեռ փորձանքի կեսն է: Այսպիսի մրցուղու վրա և նման արագության դեպքում կարելի է և առանց մեքենայի մնալ: Եվ երբեմն անգամ գլխավոր մրցանակն է դժվարությամբ փոխհատուցում մեքենայի վերանորոգման ու բենզինի ծախսերը:

Մրցույթի նախօրեին կայացավ վիճակահանություն, ճեպազրույց, մասնակիցներին ծանոթացրեցին մրցարշավի կանոններին, ինչից հետո բոլոր մեքենաներն ուղղվեցին տեխզննման Tegeta Motors սրահում, իսկ մասնակիցները գնացին մրցուղին տեսնելու: Բոլորն առավել քան լուրջ էին տրամադրված:

***

Նուբարաշենի զորամասի մոտակայքում գտնվող ռազմական հրաձգարանի տարածքում ժամը 12:00-ին մեկնարկած մրցույթը տևեց երկու ժամից ավելի: Ամբողջ միջոցառման ընթացքում եղանակը մրցարշավորդների կողմից էր. պարզ, արևոտ օր և ջինջ երկինք գլխավերևում: Մրցարշավին լարված հետևող երկրպագուները տեղավորվել էին մրցուղին շրջապատող ամենաբարձր կետերում, որպեսզի տեսնեն ամբողջ ընթացքն ու ոչ մի կտրուկ արագացում բաց չթողնեն: Տպավորություն էր ստեղծվում, թե դու հայտնվել ես «տղամարդկանց տարածքում», որտեղ մրցարշավը պարզապես մրցարշավ չէ, այլ կենսական նշանակության իրադարձություն, իսկ մեքենաները'վայրի գազանների նման ոռնացող ու գռմռացող կենդանի արարածներ: Մրցույթի մասնակից կարող էր դառնալ յուրաքանչյուրն, ով ունի ամենագնաց մեքենա և պրոֆեսիոնալ ու էքստրեմալ վարման հմտություններ: Մրցարշավներին կարող էին մասնակցել նաև կանայք, բայց գեղեցիկ սեռի ներկայացուցիչներից չնչին քանակությամբ հայտեր էին ստացվել, և կազմակերպիչները որոշել էին չեղյալ համարել կանանց մրցույթը: Ափսո՛ս: Հետաքրքիր կլիներ հետևել կանանց էքստրիմին:

Միջոցառմանը հավաքվել էին պրոֆեսիոնալ մրցարշավորդներ Հայաստանից, Իրանից, Վրաստանից ու Թուրքիայից: Մոտ 20 թիմեր մրցում էին երկու դասակարգերում' ստանդարտ և սպորտ (էքստրիմ): Ամեն կարգում տասական թիմ, ամեն մեքենայում' երկուական մասնակից: Ընդ որում հայկական թիմերի քանակը զգալիորեն գերազանցում էր արտասահմանյաններին: Հայաստանից մասնակցում էր 5-ական մեքենա յուրաքանչյուր կարգում: Մրցույթում հաղթում է ամենաշատ շրջաններ հաղթահարած անձնակազմը: Մեկ շրջանը միջինը տևում է 3-5 րոպե, իսկ մեկ ժամում կարելի է անցնել 15-20 շրջան: Գլխավոր կանոններն ընթացքի ժամանակ ժապավեն-սահմանագծերին չկպնելն ու դատավորի հրամանով արգելակելն են, որպեսզի ամրագրվի հերթական շրջանի ավարտը: Ստանդարտ դասակարգում մրցարշավին մասնակցում էին գործարանային արտադրության մեքենաները, որոնք, մրցույթի կանոնակարգի համաձայն, չեն ենթարկվել որևէ տեխնիկական փոփոխության: Այս դասակարգի ամենաարագ ու դիմացկուն մեքենաներից մեկը «Նիվան» էր: Այն բոլորին լավ դաս տվեց' ընթանալով ամենաառջևում ու ամենաքիչ վնասվածքները ստանալով:

Էքստրիմ դասակարգի մրցարշավն ավելի պրոֆեսիոնալ ու լուրջ է: Այստեղ մասնակցում էին ավելի դիմացկուն մեքենաներ' կատարելագործված տեխնիկական հագեցվածությամբ:

Մրցույթի ամբողջ մրցանակային ֆոնդը կազմեց 600 000 դրամ: Դրամական պարգևը բաժանեցին 6 հաղթողները' յուրաքանչյուր դասակարգում 3-ական մրցանակային տեղով: 1-ին տեղի համար 150 000, 2-րդ տեղի' 100 հազար, 3-րդ տեղի' 50 000 դրամ:

Jeep Trophy Sprint մրցույթի երկու դասակարգերում էլ անվիճելի ֆավորիտները հայ մրցարշավորդներն էին: Արտասահմանցիների մեքենաները չդիմացան ծանրաբեռնվածությանը: Ստանդարտ դասակարգ. երրորդ տեղը զբաղեցրեց Անդրանիկ Աբրահամյանը (Mitsubishi Pajero Io), երկրորդ տեղում Դավիթ Մովսիսյանն էր («Нива - Лада»): Իսկ առաջատարը Սարգիս Մելիքյանն էր (Mitsubishi Pajero Io):

Սպորտ (էքստրիմ) դասակարգում մրցանակային տեղերը բաշխվեցին հետևյալ կերպ. երրորդ տեղը զբաղեցրեց Ստեփան Ստեփանյանը (Jeep Grand Cherokee), երկրորդ տեղում' Դավիթ Մարտիրոսյանն էր(Toyota Land Cruiser), իսկ մրցույթի ֆավորիտ դարձավ Լյուդվիգ Երմազյանը (Jeep Wrangler):

Հարցին' որն է մրցույթում ամենակարևորը' հաղթանա՞կը, թե մասնակցությունը, բոլորը միաձայն պատասխանեցին. «հաճույքը»: Մեքենայով անանցանելի ճանապարհը հաղթահարելու, հնարավորությունների սահմանից այն կողմ արագություն զարգացնելու հաճույքը, որ ադրենալինը հասնի գագաթնակետին, իսկ անվադողերից կայծեր թռչեն: Առաջ և միմիայն առաջ:

Այս թեմայով