27 Հուլիս 2014, 19:25
2918 |

#SelfieWithYerevan

«Երևան» ամսագրի ծննդյան օրվա առիթով «Երևան Փրոդաքշնսը» կազմակերպել էր թեմատիկ Selfie with Yerevan երեկույթը։ Քաղաքի բիզնես կենտրոններից մեկի տանիքում գտնվող Panorama լաունջ-բարից հիանալի տեսարան է բացվում դեպի սիրելի քաղաքը։ Իսկ քաղաքի հետ «սելֆի» անելու համար հավաքվել էին «Երևան Փրոդաքշնսի» և imyervan.com-ի ընկերներն ու գործընկերները։

Երեկույթը սկսվեց քամու չարաճճիությամբ, որն ամեն կերպ փորձեց փեշավորված գեղեցիկ սեռի հյուրերին զգալ ինչպես Մերլին Մոնրոն իր հայտնի լուսանկարում։ Քամու կողմից այս ինքնատիպ նվերը «Երևան Փրոդաքշնսը» խրախուսեց քաղցրավենիքներով ու թխվածքներով, որոնք տրամադրել էր քաղաքի լավագույն հրուշակարանը` «Լյուի Շարդեն Բեյքերին», ինչպես նաև «Անդակո» ընկերության տրամադրած մարտինի կոկտեյլը՝ համեմված լայմով ու նռան հատիկներով։

Անբռնազբոս շփումներից ու ու Երևանի հետ բազմաթիվ «սելֆի»-ներից հետո սկսվեց միջոցառման պաշտոնական մասը։ Անկեղծ ասած «պաշտոնական» բառը չափից դուրս պաշտոնական է հնչում տվյալ պարագայում։ Հյուրերը շփվում, նկարում ու զվարճանում էին Լիլիթ Տեր-Վարդանյանի հին երևանյան երգերի ջազային մշակումների ներքո, իսկ այդ ժամանակ լեգենդար Polaroid խցիկներով զինված լուսանկարիչները անմահացնում էին հյուրերին սիրելի քաղաքի ֆոնին։ Արդյունքում մայրաքաղաքի հետ ակնթարթային լուսանկար ունեցողների թիվը գերազանցեց խցիկի քարթրիջների թիվը։

Հաշվի առնելով երեկույթի լուսանկարչական ուղղվածությունը՝ սեղանները զարդարում էին եվրոպական ու խորհրդային արտադրության վինտաժային լուսանկարչական խցիկները։ Ակնթարթային լուսանկարներից զատ հյուրերը հնարավորություն ունեին նկարվելու նաև ժամանակակաից ու պրոֆեսինալ թվային խցիկներով հատուկ այդ նպատակով պատրաստված «ինստագրամ» շրջանակի միջոցով։ Ի դեպ, հենց այս երեկույթի ընթացքում իրենց մրցանակները ստացան «Իմ Երևան» ֆոտոմրցույթի հաղթողները։ Մասնակցության ու հաղթանակի համար անհրաժեշտ էր լուսանկարվել «Երևան» ամսագրի հետ ամենաանհավանական պայմաններում ու վայրերում։ Զույգ հաղթողներին սպասում էին երկու iPad Air պլանշետներ։ Ֆեյսբուքյան քվեարկության արդյունքում ձայների մեծամասնությունը հավաքել էր Արևիկ Հովհաննիսյանը, իսկ imyerevan.com-ի խմբագրությունը մեկ ipad-ով ավելի երջանկացրեց երկրորդ հաղթողին` Նիկոլայ Ավակովին։

Երևանի ֆոնին է տեղի ունենում մեր կյանքը։ Ու հաճախ, քաղաքի գեղեցկությունը, անկրկնելի մթնոլորտն ու տրամադրությունը լղոզվում է մեր առօրեայում, կենցաղում։ Հենց այս մասին էին խոսում Իրինա Գասպարյանի կատարմամբ հնչող սաքսաֆոնի տխուր հնչյունները։ Հյուրերը համաձայն էին, որ այս երեկույթը ևս մեկ անգամ հնարավորություն տվեց նրանց զգալ Երևանը, հիշել, թե ինչ գողտրիկ քաղաքում ենք մենք ապրում և ևս մեկ անգամ հասկանալ, որ հենց մեր վերաբերմունքից է կախված քաղաքի տրամադրությունն ու բարգավաճումը։

Ի ապացույց այս մտքերի՝ ավազե պատրանքների մասնագետ, նկարչուհի Անուշ Սիմոնյանը ավազային «վիդեոշարքի» միջոցով ներկայացրեց քաղաքային բնապատկերներն ու ճարտարապետական արժեքները՝ մեկ անգամ ևս ցույց տալով այն Երևանը, որին բոլորս ձգտում են ու որը պետք է պահպանել։

Վերջում ուզում ենք մեր շնորհակալությունը հայտնել SprinG PR ընկերությանը միջոցառմանը ցուցաբերած աջակցության համար, մեր կամավորներին, ովքեր ջանք ու եռանդ չխնայեցին, որպեսզի միջոցառումն իրականություն դառնա, ինչպես նաև Հայաստանի Դիջեյների Ասոցիացիային, մասնավորապես, քաղաքի լավագույն դիջեյներից մեկին` DJ Dale-ին, ով մինչ կեսգիշեր բարձր էր պահում միջոցառման տրամադրությունը։

Այս թեմայով