21 Հուլիս 2014, 15:50
5816 |

Որտեղ պատահի, երբ պատահի և ինչի վրա պատահի

Հայաստանում Street Workout-ը դարձավ երկու տարեկան: Հայ վորքաութցիներն այդ առթիվ ոչ միայն քեֆ-ուրախություն կազմակերպեցին, այլև նույնիսկ ռեկորդ գրանցեցին:

Երևանի հանրապետական հիվանդանոցին կից մարզահրապարակում դրական լիցքերի ավելցուկով ու դրայվով տեղի ունեցավ Street Workout Fest առողջ ապրելակերպի ամենամյա փառատոնը՝ նվիրված Հայաստանում փողոցային մարզումների երկուամյակին:

«Մարզումներ որտեղ պատահի, երբ պատահի և ինչի վրա պատահի»,- հենց այսպես է հնչում Հայաստանում Street Workout-ի ծննդյան երկրորդ տարեդարձը տոնելու համար երկրի 15 քաղաքներից մայրաքաղաք ժամանած հայ ուորքաութերների կարգախոսը:

- Անցյալ տարի փառատոնին մասնակցում էին թիմեր Հայաստանի հինգ քաղաքներից, այս տարի նրանց թիվը եռապատկվել է,- ասում է Street Workout & Streetlifting Federation in Armenia կազմակերպության ղեկավար Արթուր Հարությունյանը:

Street Workout Fest 2014 փառատոնը, որը ուժային փողոցային մարզումներ, ինչպես նաև առողջ ապրելակերպ է քարոզում, սկսվեց թիմերի ցուցադրական ելույթներից: Երիտասարդները, որոնց անհավանական էներգիան փոխանցվում էր բառացիորեն բոլորին, ամենափոքր հյուրերից մինչև ամենատարեցը, իրենց ընդունակություններն էին ցուցադրում հանրապետական հիվանդանոցի հարևանությամբ գտնվող մարզահրապարակի տարբեր ձողերի ու զուգափայտերի վրա:

Գեղեցիկ, գրավիչ ելույթով աչքի ընկավ Նարեկ Հովհաննիսյանը, որը հուլիսի 26-ին կներկայացնի Հայաստանը Մոսկվայում կայանալիք Street Workout-ի Աշխարհի գավաթում: Ճիշտ է, ապակե շշով հնարքը լուրջ հետևանքներ ունեցավ. այն կոտրվեց, երբ Նարեկը փորձում էր պահել իրեն այդ շշի վրա: Արդյունքում մարզիկը ձեռքի բավականին լուրջ վնասվածք ստացավ ապակու կտորներից:

Փառատոնի շրջանակում մասնակիցները գետնից միաժամանակ հրումների ռեկորդ սահմանեցին. 150 մարզիկներ բոլորը միասին 3000 հրում կատարեցին: Ի դեպ, անցյալ տարի մասնակիցների թիվը 45 էր:

Բոլոր ցուցադրական ելույթների ավարտին Աբովյանն իր ուորքաութերների շնորհիվ ճանաչվեց Հայաստանում Street Workout-ի լավագույն քաղաքը: Այդ անվանակարգում հաշվի էին առնում ամբողջ տարվա ընթացքում կատարված աշխատանքի արդյունքները:

Փառատոնը կազմակերպել էր Street Workout & Streetlifting Federation in Armenia հասարակական կազմակերպությունը՝ Yerevan 2.0 նախագծի և imYerevan.com կայքի աջակցությամբ:

Այս թեմայով