03 Հուլիս 2014, 13:58
1301 |

Վնասակար սովորություններ, որոնք ի հայտ են գալիս էլ.փոստի օգտագործման ժամանակ

Գոյություն ունեն մի շարք ակնհայտ կանոններ, որոնց հետևելով էլեկտրոնային նամակագրության ժամանակ զգալիորեն կթեթևանա մեր կյանքը, կդառնա առավել արդյունավետ և նույնիսկ կբարձրանա հասցեատիրոջ տրամադրությունը: Imyerevan-ն առաջարկում է մի քանի տարբերակ այդ արդյունքին հասնելու համար:

CC դաշտի շահագործում

Գործնական նամակագրության մեջ հաճախ են նամակի կրկնօրինակն ուղարկում նաև այլ հասցեատերերի, որոնք այս կամ այն կերպ առնչվում են նամակի թեմայի հետ: Սակայն հաճախ CC (carbon copy) դաշտում հայտնվածներն ասելու ոչինչ չունեն, քանի որ նրանց լիազորությունները չեն տարածվում խնդրի առարկայի վրա: Ավելին՝ նրանցից ոչինչ կախված չէ:

Reply to All կոճակի շահագործում

Երբ նամակ եք ստանում բազմաթիվ մարդկանց  CC-ում ներառած՝ մի շտապեք սեղմել  «Պատասխանել բոլորին» կոճակը: Դրանով կկեղտոտեք այդ բոլոր մարդկանց էլեկտրոնային փոստերը: Փորձեք պատասխանել միայն այն մարդուն, ումից եկել է նամակը:

Նամակի թեմայի ճիշտ ընտրություն

Եթե գործնական նամակի սկզբում գրեք «Բարի լույս, ես մեր թեմայի վերաբերյալ...», ապա ձեզ միանգամից կդիտարկեն որպես շատախոս: Դրա փոխարեն փորձեք լինել առավել ստույգ, ձևակերպեք մտքերը հնարավորինս սեղմ ձևաչափով:  Օրինակ՝  «Նախագծի շնորհանդես, փոփոխություններ առ 17.07.2014»: Երբ հասցեատերը տեսնում է նամակը, նա պետք է հստակ իմանա՝ ինչ է իրեն սպասում: Գործնական մարդիկ չեն սիրում անակնկալներ:

 

Մեծատառերի կիրառումը

Շատերին հաճախ թվում է, որ նամակի որոշ հատվածներում մեծատառերի կիրառումը ընդգծում է այս կամ այն մտքի կարևորությունը: Մինչդեռ գործնականում դա այլ կերպ է ընկալվում: Ավելի կոնկրետ՝ դիմացինին թվում է՝  հանկարծ սկսեցիք գոռալ: Այդպիսին է մարդկային մտածելակերպը, և դրա դեմ ոչինչ չես անի: ԽՈՒՍԱՓԵՔ ՄԵԾԱՏԱՌԵՐԻՑ:

Անկարևոր բառերի օգտագործում

Ինչպես նամակի վերնագրում, այնպես էլ բուն նամակի մեջ պետք է հնարավորինս խուսափել անիմաստ բառերից: Առաջին հերթին պետք է շարադրել մտքերը պարզ ու ընկալելի, չկիրառել բարդ դարձվածներ ու կառույցներ:  Ձեզ թվում է, որ դրանով կթվաք առավել պրոֆեսիոնալ, սակայն իրականում ընդամենը անհասկանալի կլինեք: Բացի այդ,  միանգամից անցեք բուն գործին՝ առանց լիրիկական զեղումներ: Մի խոսքով, նամակի հասցեատիրոջ ժամանակն օգտագործեք մաքսիմալ խնայողաբար:

Տրանսլիտի կիրառում

Եթե արձագանքում եք թափուր հաստիքի մրցույթին և ուղարկում ձեր ինքնակենսագրականը, հետևեք, որպեսզի նամակի մեջ ուղեկցող տեքստը գրված լինի ոչ տրանսլիտով, քանի որ 99 տոկոս դեպքերում ձեր նամակն ընդհանրապես չեն էլ դիտարկի: Հիշեք՝ ոչ պրոֆեսիոնալ երևալու առաջին տարբերակը հենց տրանսլիտով գրելն է:

Փոստային կոնֆերենցիաներ

Եթե հարկավոր է մի վայրում հավաքել մի քանի մարդու, և շփվել նրանց հետ վիրտուալ, ապա էլեկտրոնային փոստը թեև թույլատրում է նման բան, սակայն ավելի լավ կլինի դիմել այլ ծրագրերի և հավելվածների օգնությանը:  Հատուկ թիմային շփումների համար աշխարհում այնքան ծրագիր կա:

Էջանիշեր՝ նամակով

Շատերը հաճախ մեղք են գործում և իրենք իրենց նամակներ ուղարկում: Ուղարկում են փաստաթղթեր, հետաքրքրիր թեմաների լինքեր, վիդեոտեսանյութեր և այլն: Մինչդեռ դրանով դուք ուղղակի կոպտորեն անտեսում եք  խեղճ ծրագրավորողների քրտնաջան աշխատանքը: Չէ որ ֆայլերն օնլայն պահելու համար նրանք ստեղծել են տասնյակ ծրագրեր: Ի վերջո, մանրադիտակով նույնպես կարելի է մեխ խփել, բայց միթե չեք խղճում այն տղային, ով հորինեց մուրճը:

Այս թեմայով