03 Հուլիս 2014, 22:47
3973 |

Թաղեմ քեզ

«Թաղեմ քեզ», «գրողի ծոցը գնաս», «չմեռանք սա էլ տեսանք»... Մահվան հետ կապված մաղթանքների ու թևավոր խոսքերի պակաս հայերենում չկա: Բայց Աստված մի արասցե, երբ մի օր այս մաղթանքները դառնում են իրականություն: Առաջ են գալիս գերեզմանատան տարածք ձեռք բերելու, Նար-Դոսից դագաղ, մեխակ ու էլի մի շարք ծառայություններից օգտվելու հարցեր:

Գրողի ծոցում
Ծանո՞թ եք գրողի հետ, ում ծոցը յուրաքանչյուրիս էլ գոնե մեկ անգամ ուղարկել են կամ մաղթել են, որ գա մեզ տանի: Հնում այդ գրողները մարդիկ էին, ովքեր այցելում էին, եթե տանը մարդ էր մահանում, ծոցագրպանից հանում էին դավթարը ու գրանցում մահը: «Գրողի ծոց» արտահայտությունն ամենավատ մաղթանքների շարքում էր՝ այդ ծոցում կենդանության օրոք չէին հայտնվում: Դժվար է կռահել երբևէ որևէ մեկը մաղթե՞լ է Երևանին՝ գնալ գրողի ծոցը թե ոչ, բայց փաստ է, որ այս պահին մայրաքաղաքի 4-5 տոկոսը' շուրջ 540 հեկտար, զբաղեցնում են թվով 21 գերեզմանատները: Երևանի քաղաքապետարանի «Բնակչության հատուկ սպասարկում» համայնքային ոչ առևտրային կազմակերպության ինժեներ Ռազմիկ Հարությունյանն ասում է, որ մայրաքաղաքի գործող գերեզմանատներում ազատ մնացած տարածքները կբավականացնեն մինչև 2018 թվականը: 2007-ին արված հաշվարկները ցույց են տվել, որ ևս 46,5 հեկտար հողահատկացում է անհրաժեշտ, որպեսզի մինչև 2020 թվականը տարածքային խնդիր չառաջանա: Տարբեր ժամանակահատվածներում կառավարության որոշումներով գործող մի քանի գերեզմանատների տարածքներ մեծացվել են: Սակայն այսօր նոր հողահատկացումներ անելը բավականին բարդացել է: Նախ այն պատճառով, որ տարիների ընթացքում բնակելի տարածքների մեխանիկական աճի արդյունքում որոշ գերեզմանատներ ու բնակելի տարածքներ թույլատրելիից ավելի են մոտեցել միմյանց: Գերեզմանոցը պետք է առնվազն 300 մետր հեռավորության վրա գտնվի բնակելի տարածքից, այդ հատվածով չպետք է անցնեն բարձր լարման կամ կոմունիկացիոն գծեր: Գերեզմանային տարածքներին վերաբերող այս նորմերը, մասնավորապես՝ բնակելի տարածքից հեռու գտնվելու մասին դրույթը, մասամբ կամ ամբողջությամբ խախտված են Սովետաշենից ու Կոմիտասի անվան պանթեոնից բացի մայրաքաղաքի մյուս գրեթե բոլոր գերեզմանատներում: Ամենավառ օրինակներից մեկը Կենտրոնական կամ Թոխմախի գերեզմանատունն է: Երբ 1929 թվականին այստեղ կատարվում էր առաջին հուղարկավորությունը, բնակելի տարածքը բավական հեռու է եղել, բայց հիմա բոլորովին այլ պատկեր է: Մյուս կողմից էլ՝ Երևանում այս պահին չկան թվարկված չափանիշներին համապատասխանող նոր տարածքներ, որոնք հնարավոր կլինի հատկացնել որպես գերեզմանոցային տարածք: Ինչպես նշում է Ռազմիկ Հարությունյանը, այժմ փորձ է արվում սահմանակից մարզերի հողատարածքներից հատկացումներ անել ու դրանք որպես գերեզմանոց օգտագործել: Բայց մարզերն էլ մերժում են՝ պատճառաբանելով, որ տարածքները սեփական են:

Արին Բերդի (Սովետաշենի) գերեզմանատուն
Արին Բերդի (Սովետաշենի) գերեզմանատուն

Լավ տեղ որոնելիս
Մայրաքաղաքում տարածքը որպես գերեզմանոց օգտագործելու որոշումը անցնում է մի քանի օղակներով: Նախ «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ը տարածքը գերեզմանոց դարձնելու առաջարկը ներկայացնում է քաղաքապետարան: Քաղաքապետարանի տարբեր բաժիններում հավանության արժանանալուց հետո առաջարկը ներ-կայացվում է կառավարությանը: ՀՀ բոլոր 12 նախարարությունները քննում են այն և եթե առարկություն չկա, փոխվում է հողի կարգը: Սակայն եթե որևէ նախարարություն դեմ է արտահայտվում, ապա տարածքը չի կարող օգտագործվել որպես գերեզմանատուն: Գերեզմանոցային տարածքների հողը դասվում է պատմամշակութային կարգի տակ:

Ինչ վերաբերում է քաղաքի անդրշիրիմյան տիրույթներում ազգային սովորությանը համաձայն բոլ-բոլ տեղ զբաղեցնելուն, ապա ըստ «Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների մասին» ՀՀ օրենքի՝ մահացածի մարմինը հողին հանձնելու համար անվճար տրամադրվում է գերեզմանատեղ՝ մեկ տեղի հաշվով 2,5 մ2 մակերեսով, իսկ ընտանեկան գերեզմանի համար կրկին անվճար տրամադրվող հողատարածքի առավելագույն չափը սահմանված է 12 մ2 : Ավելի մեծ տարածք զբաղեցնելու պարագայում, այն տրամադրվում է վճարովի հիմունքներով: Մինչդեռ թաղման արարողություն կազմակերպած ու կլորիկ գումարներ ծախսած մի քանի երևանցիներ, ովքեր չցանկացան ներկայանալ, վստահեցնում են, որ «լավ տեղի» համար 1000 դոլար վճարելը գտած տարբերակ է. «Ձրիի դեպքում կորած-մոլորած, քար ու քանդ տեղ են տալիս, որ չես ուզում հարազատիդ թաղես», — նշեց նրանցից մեկը: «Պետական միակ վճարը 26 900 դրամ է՝ փոսը փորելու համար, դա էլ հարազատի ցանկությամբ է: Ուրիշ որևէ գումարի մասին խոսք լինել չի կարող, դրանք պարզապես խոսակցություններ են: Եթե ինչ-ինչ մարդիկ գերեզմանոցում նման գումարներ են ուզում, հանգուցյալի հարազատներին հորդորում եմ դիմել մեզ՝ խոստանում ենք պահել գաղտնիությունը: Նման գումարներ վերցնելն անօրինական է, այդպիսի թվերի մասին խոսք լինել չի կարող», — վստահեցնում է Հարությունյանը:

Սիլիկյան (3-րդ գյուղի) գերեզմանատուն
Սիլիկյան (3-րդ գյուղի) գերեզմանատուն

Իսկ այ գերեզմանոցում տապանաքարի տեղադրման, տարածքի բարեկարգման ու այլ ճոխությունների մասին նա որևէ մեկնաբանություն չի տալիս: Գերեզմանատարածքի վրա արված ցանկացած շինություն հանգուցյալի հարազատի սեփականությունն է, և այն կարող է լինել նրա երևակայությամբ ու ճաշակով: Հարությունյանի պատմելով՝ հաճախ մեծ գումարներ են ծախսում, ճոխ գերեզմանոց են սարքում, իսկ հետո տարիներով այնտեղ ոչ ոք չի այցելում: Սակայն անգամ այս պարագայում օրենքն արգելում է այդ տարածքը վաճառել կամ տալ մեկ ուրիշին վրահուղարկավորման նպատակով: Վրահուղարկավորում թույլատրվում է իրականացնել ոչ շուտ, քան առաջին հուղարկավորումից 15 տարի անց և հուղարկավորման կազմակերպիչների համաձայնությամբ: Մնացած բոլոր դեպքերում, եթե գերեզմանի տարածքը բետոնապատված է և առկա է հանգուցյալի անունով, ծննդյան ու մահվան ամսաթվերով ցուցանակ, ոչ ոք իրավունք չունի վերավաճառել կամ տրամադրել տվյալ տարածքը մեկ այլ հանգուցյալ հուղարկավորելու նպատակով: Գերեզմանոցի տարածքը տրամադրվում է անժամկետ: Երևանում տարեկան կատարվում է 6800-ից 7000 հուղարկավորում, որոնցից շուրջ 50-60-ը վրահուղարկավորում են: Ըստ Ռազմիկ Հարությունյանի՝ եթե վրահուղարկավորումների թիվը շատ լիներ, հնարավոր կլիներ տարածքներ խնայել: Սակայն դրա համար անհրաժեշտ է համապատասխան որոշում, որը կարգելի Երևանում 15 տարուց ավելի հուղարկավորված անձի հարազատին նոր գերեզմանոց տրամադրել: «Նմանատիպ որոշման առաջարկ բազմիցս ներկայացրել ենք քաղաքապետարան, բայց դեռևս ոչ մերժում ունենք, ոչ էլ հաստատում», — ասում է Հարությունյանը:

Արին Բերդի (Սովետաշենի) գերեզմանատան սողանքների հետևանքը
Արին Բերդի (Սովետաշենի) գերեզմանատան սողանքների հետևանքը

Նար-Դոսն ու սգո ծառայությունները
Կգտնվեն երևանցիներ, ովքեր չեն ճանաչի գրող Նար-Դոսին, բայց հազիվ թե գտնվեն երևանցիներ, ովքեր չիմանան ինչով է Նար-Դոսի փողոցը հայտնի Երևանում: Այստեղ մարդիկ սովորականի նման ամեն օր գալիս են աշխատանքի, բացում իրենց խանութն ու սկսվում է առևտրային օրը, իսկ վաճառքում դագաղներ են: Խանութպաններից ոչ ոք չի մտաբերում, թե երբվանից են դագաղները կենտրոնացել քաղաքի հենց այս հատվածում, բայց պատմում են, որ ակունքները գալիս են հնուց՝ այդ թաղում փայտագործներ ու կա-հույքագործներ շատ են ապրել: Ասում են' աշխարհում մի քանի բիզնես կա, որոնց պահանջարկը երբեք չի դադարում: Դրանց թվումէ դագաղի վաճառքը: «Աշխատանքը շատ պատասխանատու է, այս գործում «կներես» չկա, ամեն ինչ պետք է հստակ ու ժամանակին լինի», — միաբերան պնդում են խանութպանները: Դագաղի գները Նար-Դոսում տատանվում են 25 հազարից մինչև 1 միլիոն դրամի սահմաններում: Իհարկե, անգամ այս պարագայում զեղչերն անխուսափելի են: Երբեմն հանգուցյալի հարազատները ծայրահեղ ֆինանսական վիճակում են լինում՝ ստիպված բարիշում են 10-15 հազար դրամով: Ամենաշատը վաճառվում են միջին գների 50-60 հազար դրամանոց դագաղները: Որոշ խանութներ ունեն նաև սգո ծառայություն, ինչը իրենից ենթադրում է ավտոմեքենայի վարձակալում, տան ձևավորում, ծաղկեպսակների պատրաստում ու անգամ հանգուցյալի գերեզմանի փոսի ձևավորում: Գներն այս ծառայությունների համար կրկին տատանվում են կախված պատվիրատուի ճաշակից ու նախընտրություններից: Օրինակ' Cadillac մակնիշի դիատարն արժե 25 հազար դրամ, Mercedes-ը՝ 15 հազար: Ծաղիկների պարագայում, չնայած տարբեր զամբյուղների ու փնջերի առատությանը, մեխակը հուղարկավորությունների ընթացքում օգտագործվող ծաղիկների մեջ պահպանում է իր առաջատար դերը:

Խանութպանների ու սգո ծառայության աշխատակիցների համար աշխատանքային օրերից հատկապես ծանր են նրանք, երբ հանգուցյալը երիտասարդ ու կյանքից վաղաժամ հեռացած է լինում: Խոստովանում են, որ կցանկանային այլ աշխատանքով զբաղվել, բայց մեկը պետք է անի՞ այս գործը, թե ոչ: Ասում են՝ լավ կլիներ, որ մարդիկ չմահանային, իրենք էլ այս խանութները դարձնեին խնջույքի պարագաների սրահներ, բայց, ավաղ, բնության դեմ ոչինչ չես անի:
Ռեստորանների դեպքում այս հարցն ավելի հեշտ է, նույն սրահը կարելի է տարբեր նպատակների՝ այդ թվում քելեխի համար օգտագործել: Նման վայրերում գինը մեկ անձի համար տատանվում է 3-ից 6 հազար դրամի սահմաններում: Իհարկե, այս պարագայում ևս ամեն ինչ կախված է հանգուցյալի հարազատների հնարավորություններից ու ցանկություններից:

Նախորդ տարի «Երևան» բժշկական կենտրոնի նախաձեռնությամբ մայրաքաղաքում բացվել է իր տեսակի մեջ դեռևս առաջին սգո ծառայությունը, որը բացի ձևավորման ու այլ ծառայություններից տրամադրում է նաև սրահ հոգեհանգստի անցկացման համար: Հուղարկավորումը ևս կատարվում է այս սրահից: Վերջինից օգտվելու արժեքը տատանվում է 50-ից 100 հազար դրամի սահմաններում: Ամսվա կտրվածքով սրահից օգտվում են 10-12 ընտանիք: Ոմանք գալիս են ելնելով հոգեհանգստի համար անհամապատասխան տնային պայմաններից, ասենք՝ ապրում են 12-րդ հարկում կամ փոքր բնակարանում: Ոմանք էլ կարծում են, որ սա ավելի քաղաքակիրթ տարբերակ է: Վերջերս ավելի հաճախ հոգեհանգստի արարողակարգեր կարելի է հանդիպել նաև Երևանի տարբեր եկեղեցիներում: «Ննջեցյալներին եկեղեցում դնելու կարգը նոր չէ, այն մաս է կազմում Հայ Եկեղեցու ծիսարաններում արձանագրված թաղման կարգի: Ներկայումս այդ ավանդությունը վերականգնվում է» , — ասում է Տեր Վահրամ քահանա Մելիքյանը: Նման կարգի անցկացում Երևանում թույլատրվում է Քանաքեռի Ս. Հակոբ, Կոնդի Ս. Հովհաննես Մկրտիչ և Նորագավթի Ս. Գևորգ եկեղեցիներում: Չկա սահմանված գումար ննջեցյալի դին եկեղեցի տանելու և հոգեհանգիստ կատարելու համար. «Պարզապես հարազատները նվիրատվություն են կատարում, որը օգտագործվում է եկեղեցիների կարիքների համար», — ասում է Տեր Վահրամը:

Զեյթուն գերեզմանոց
Զեյթուն գերեզմանոց

Այրե՞լ, թե՞ չայրել
«Դեռևս 1975 թվականի կառավարության որոշումը շոշափում էր Երևանում դիակիզարան կառուցելու հարցը», — ասում է Ռազմիկ Հարությունյանն ու պատմում, որ 1986-ին «Երեկոյան Երևան» թերթի միջոցով հարցում է արվել՝ պարզելու համար երևանցիների կարծիքը քաղաքում դիակիզարան կառուցելու մասին: Մեկ ամսվա ընթացքում 500-ից ավելի դիմում է ստացվել՝ ասում էին, որ համաձայն են: Ու չնայածայսօր ըստ «Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների մասին» օրենքի' «...հուղարկավորությունն իրականացվում է մահացածի մարմինը (աճյունը) գերեզմանատների սահմաններում տրամադրված գերեզմանատեղերում հողին հանձնելու կամ դիակիզման միջոցով», այդուհանդերձ, մայրաքաղաքում դիակիզարան չկա, իսկ դրա կառուցման շուրջ խոսակցություններն ու քննարկումները շարունակվում են:

Դիակիզման կիրառման պարագայում այն իրականացվելու է միայն կամավոր սկզբունքով և հանգուցյալի հարազատների համաձայնությամբ: Ընդ որում, հուղարկավորության նման կարգը կխնայի գերեզմաններին հատկացվող հողերի շուրջ 70-80 տոկոսը: «Այս մեթոդն էկոլոգիապես ավելի մաքուր է, տնտեսում է գերեզմաններին կառուցման համար քաղաքացու ծախսած գումարները», — ասում է Ռազմիկ Հարությունյանն ու հավելում, որ մտահոգված է' որտե՞ղ են կատարվելու հուղարկավորությունները, եթե գերեզմանատներում տարածքներն արդեն սպառման եզրին են: «Եթե հաշվենք, որ մի գերեզմանատան համար այսօր հատկացվում է 12 մ2 հողատարածք, ապա տոհմական գերեզմանատուն կառուցելու դեպքում այդ տարածքի միայն մեկ շարքում կարելի է տեղավորել 20-29 սափոր, որոնցից յուրաքանչյուրն ունենալու է 20 սմ բարձրություն և 15 սմ տրամագիծ: Կարելի է ունենալ նաև հուշապատ, այսպիսի նախադեպ ունենք Կոմիտասի անվան Պանթեոնում: Հուշապատը կունենա համապատասխան խորշեր' աճյունասափորները տեղավորելու համար, ինչը ևս կախված է հանգուցյալի հարազատի ցանկությունից», — նշում է Հարությունյանը:

Իրենց դարն ապրած ծաղիկները Կենտրոնական (Թոխմախի) գերեզմանոցում
Իրենց դարն ապրած ծաղիկները Կենտրոնական (Թոխմախի) գերեզմանոցում

Դիակիզարանի շինարարության համար նախագծային աշխատանքներ իրականացնելու նպատակով 2008-ին ՀՀ քաղաքաշինության նախարարությունը մշակել ու կառավարության քննարկմանն է ներակայացրել քաղաքաշինության նախարարությանը գումար հատկացնելու մասին կառավարության որոշման նախագիծ: Սակայն, միջոցների սղության պատճառով, ՀՀ պետական բյուջեից միջոցներ չեն նախատեսվել: Վերջերս կրկին սկսել են խոսել 2014-ին դիակիզա-րան կառուցելու մասին: «Նման տարածք կառուցելու համար հարկավոր է սանիտարական չափորոշիչներին համապատասխանող վայր: Մոտ ապագայում դիակիզարան կառուցելու և պատրաստ լինելու մասին դժվարանում եմ որևէ բան ասել: Առայժմ նման շինության համար հողատարածքի պաշտոնական հատկացում չկա», — ասում է Ռազմիկ Հարությունյանը: Շուրջ 14 350 դիակիզարան կա աշխարհի 21 պետություններում, այդ թվում նաև քրիստոնեական հավատք ունեցող: Հայ առաքելական եկեղեցին հանգուցյալների դիակիզման մասին պաշտոնական դիրքորոշում առայժմ չի արտահայտել: Սակայն հաշվի առնելով, որ Առաքելական եկեղեցու թեմերը սփռված են աշխարհով մեկ, և դրա հետևորդներն ու սպասավորները բնակություն են հաստատել այնպիսի երկրներում, որտեղ թույլատրվում է դիակիզումը, նրանք օգտվում են չգրված գործնական դիրքորոշումից. «Դիակիզումից առաջ հոգևորականներին թույլատրվում է հոգեհանգստյան պաշտոն կատարել, սակայն դիակիզումից հետո, ուր որ մարմինը կամփոփվի, գերեզմանի կարգ չի կատարվում և գերեզման չի կնքվում, այսինքն՝ Եկեղեցու կողմից որդեգրված կարգը, խորհուրդը չի կատարվում: Հետևաբար, դիակիզումը, ուղղափառ հավատի դիտանկյունից քննված, ընդունելի չէ և խորթ է քրիստոնեական մեր աշխարհայացքին»:

Ինչպես ցանկացած ասպարեզում, այստեղ էլ դրսի փորձն ու ժամանակակից աշխարհի ավելի առաջադեմ ու փորձված մոտեցումները դանդաղ, բայց աստիճանաբար հասնում են Երևան: Ու մինչ վերին ատյաններում քննարկում են դրանց անհրաժեշտությունը, կիրառման հնարավոր տարբերակները, երևանյան բակերում դեռ հանդիպում ես կույտ-կույտ հավաքված ու չսափրված տղամարդկանց, մուտքի դռներին հենած դագաղի ծածկեր, թոռներից, հարևաններից ու հարազատներից մեխակներով, ու ոչ միայն, ճոխ պսակներ, սեղան, խալի, դուդուկչի… ցավակցում եմ:


Կոզեռնի գերեզմանատուն
Մայրաքաղաքում մեր օրերում պահպանված ամենահին ու գործող գերեզմանատունը Նորքինն է, ապա Կարմիր բլրինն ու հետո միայն Կենտրոնականը: Իսկ ամենահին, բայց չպահպանված գերեզմանոցը եղել է Կոզեռնի գերեզմանատունը: Գերեզմանատունն իր անունը ստացել է ի պատիվ XI դարի առաջին կեսի հայ գիտնական և տոմարագետ Հովհաննես Կոզեռնի (Տարոնացու): Կոզեռն նշանակում է տղա: Կյանքի վերջին տարիները նա անցկացրել Է Երևանում, ուր վախճանվել և առաջինն է թաղվել Կոնդի հյուսիսարևմտյան հատվածի' իր անունով (Կոզեռն) կոչվող գերեզմանատանը: Կոզեռնի գերեզմանի մոտ ավելի ուշ թաղվել է նաև վարդապետՄելիքսեթ Վժանեցին, իսկ նրանց միջև' հայտնի կաթողիկոս Մովսես Գ Սյունեցին: Նրանց գերեզմանների վրա հետագայում կառուցվել է մի վայելուչ մատուռ, որը կոչվել է «Կոզեռնի մատուռ»: Նախորդ դարի 30-ականներին գերեզմանոցն արդեն անբարեկարգ ու կիսաքանդ էր: Տարածված է այն կարծիքը, որ Ազգային ժողովի շենքը կառուցվել է այս գերեզմանոցի տարածքի վրա: Սակայն ասում են, որ դա չի համապատասխանում իրականությանը: Գերեզմանոցն ավելի շատ եղել է Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկից դեպի վերև ընկած հատվածում՝ Պռոշյան փողոցի և դրան հարակից շինությունների տակ:

Կոմիտասի անվան պանթեոն
Կոմիտասի անվան պանթեոնը հիմնադրվել է 1936-37 թվականներին: Երևանի մյուս գերեզմանատներից պանթեոնը տարբերվում է նրանով, որ պահպանվել է բնակելի հատված-գերեզմանատուն թույլատրելի հեռավորությունը: Իսկ քաղաքային զբոսայգուց այն առանձնացված է ցանկապատով: Պանթեոնը դասում են մշակութային իմաստ ու դեր ունեցող գերեզմանատների շարքին: Այստեղ հողին են հանձնված բազմաթիվ հանրահայտ հայ մշակութային ու հասարակական գործիչներ, ինչպիսիք են Շիրվանզադեն, Արամ Խաչատրյանը, Մհեր Մկրտչյանը և այլն: Ներկայումս այստեղ կա շուրջ 54 շիրիմ: Պանթեոնում յուրաքանչյուր հուղարկավորում կատարվում է կա-ռավարության որոշմամբ: Տարածքային առումով Պանթեոնի հողը կբավականացնի առայժմ մինչև մոտ 2030 թվականը:

«ԵՐԵՎԱՆ» ամսագիր, N6, 2013

Այս թեմայով