28 Ապրիլ 2014, 14:20
3840 |

Համազգային նախագիծ

Ամեն անգամ, երբ Երևանի Փոքր կենտրոնում նոր կառուցապատում է նախաձեռնվում, այն անպայմանորեն բախվում է թե՛ հարակից շենքերի բնակիչների, թե՛ ճարտարապետների բուռն արձագանքին՝ ինչպես դրական, այնպես էլ բացասական: Բացառություն չեղավ նաև Համազգային թատրոնի շենքի նախագիծը, որի շուրջ բուռն քննարկումներն աստիճանաբար մարեցին, մինչդեռ այդպես էլ պարզ չեղավ՝ կառուցվելո՞ւ է, թե՞ ոչ: Նախագծի մասին պատմում են առայժմ սեփական շենք չունեցող թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանն ու ճարտարապետ Լևոն Ղալումյանը:

Վարդան Մկրտչյան, Համազգային թատրոնի տնօրեն
Եթե ինձ հարցնեն, թե երբվանից թատրոնի առջև ծառացավ սեփական շենք ունենալու խնդիրը, որն այսօր այլևս առաջնահերթ է, ապա պետք է փաստեմ, որ հիմնադրման օրվանից կարճ ժամանակ անց, երբ թատրոնն իր կենսափորձով ապացուցեց, որ հերթական ժամանակավոր հաստատությունը չէ, այլ աճող ու զարգացող կառույց: Որպես առանձին մշակութային միավոր՝ թատրոնի համար առանձին շենք ունենալը կենսապայմանին հավասարվող պահանջ դարձավ:
90-ականներին թատրոնն արդեն իսկ հաստատվեց՝ որպես մշակութային միավոր, իսկ 2003-ին ստացավ նաև պետական կարգավիճակ: Շենքի անհրաժեշտության մասին մենք սկսեցինք բարձրաձայնել մոտ երեք տարի առաջ զանազան միջոցառումների ժամանակ, մամուլի ասուլիսների միջոցով, դիմեցինք ամենաբարձր ատյաններ, Սոս Սարգսյանը հանդիպումներ ունեցավ տարբեր բարձրաստիճան պաշտոնյաների հետ, բայց դեռևս ապարդյուն:

Վարդան Մկրտչյան
Վարդան Մկրտչյան

Մոտ մեկուկես-երկու տարի առաջ մեր խնդիրը գրավեց Երևան քաղաքի այն ժամանակվա գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանի ուշադրությունը: Նրա հետ ունեցանք բազմաթիվ հանդիպումներ, և որոշվեց շենքի կառուցման վայրը՝ Սարյան փողոցում գտնվող Գլխավոր փոստի շենքի և Մաշտոցի պուրակի միջև: Հայաստանի վաստակավոր ճարտարապետ Հրաչյա Պողոսյանն իր հերթին թատրոնի էսքիզային նախագիծ ներկայացրեց, իսկ քաղաքաշինական խորհուրդը նախաձեռնեց լայնածավալ հանրային քննարկումներ: Դրանք բավականին բուռն ընթացք ստացան. թատրոնի շենքի կառուցման դեմ ոչ ոք հանդես չէր գալիս, բայց խնդրականացվում էր շենքի համար ընտրված վայրը՝ հաշվի առնելով հետագայում այդ տարածքով անցնող մետրոպոլիտենի համար հնարավոր խոչընդոտների առաջացումը և դեպի Հրազդանի կիրճ տանող թունելների կարևորությունը: Ընդդիմացողները՝ մեծ մասամբ տարբեր հեղինակավոր ճարտարապետներ, մատնանշում էին Թամանյանի նախագիծը, համաձայն որի՝ այդ տարածքում, որն այսպես կոչված Գլխավոր պողոտայի մասն է կազմում, մեծ ծավալներ չպետք է դրվեն: Իսկ շրջակա շենքերի բնակիչները հիմնականում կողմ էին հանդես գալիս՝ հույս հայտնելով, որ գուցե այդ շենքի կառուցման շնորհիվ նաև բարեկարգվի պուրակի՝ այսօր դեռևս անմխիթար վիճակում գտնվող այդ հատվածը:

Քննարկումների արդյունքում կուտակված դիտողություններն ու կարծիքները հաշվի առնելով՝ համարվեց, որ Հրաչյա Պողոսյանի առաջարկած նախագիծը չի համապատասխանում մի շարք չափանիշների: Ուստի հայտարարվեց Համազգային թատրոնի շենքի ճարտարապետական նախագծի բաց մրցույթ, որի արդյունքներն ամփոփվեցին 2012-ի աշնանը: Առաջարկված մոտ 10 նախագծերից առաջին մրցանակին արժանացավ ճարտարապետ Լևոն Ղալումյանի ներկայացրած տարբերակը: 2012 թ. դեկտեմբերի 27-ին ՀՀ կառավարությունն ընդունեց որոշում, որով Երևան քաղաքի Սարյան և Բուզանդ փողոցների հատման հարակից տարածքում առանձնացվեց հողատարածք՝ Համազգային պետական թատրոնի շենքը կառուցելու նպատակով:

Նախագծի իրակա- նացման համար նախա- տեսված վայրն այսօր
 
Մենք արդեն ստացել ենք ճարտարապետահատակագծային առաջադրանքը Երևանի քաղաքապետարանից: Այդ փաստաթղթով սահմանվում են տվյալ տարածքում քաղաքաշինական գործունեության oբյեկտի նախագծային փաuտաթղթերի մշակման պարտադիր պայմանները, պահանջներն ու uահմանափակումները: Հաջորդ քայլը պետք է լինի այդ առաջադրանքի հիման վրա բուն ճարտարապետական նախագծի պատվիրումը Լևոն Ղալումյանի արվեստանոցին, ինչի համար արդեն բավականաչափ գումար է պահանջվում: 2012-ի վերջին մենք ստեղծեցինք «Սոս Սարգսյան» մշակութային հիմնադրամը, որի առաջիկա կարևոր նպատակը Համազգային պետական թատրոնի նոր կառուցվող շենքի ողջ գործընթացի կառավարումն ու նրա հետագա գործունեության ապահովումն է: Նախագիծը պատվիրելու և կառուցապատումն իրականացնելու համար գումարը փորձելու ենք հավաքել ինչպես հիմնադրամի միջոցով, որին նվիրատվություն կարող են կատարել բոլոր թատերասեր և պարզապես սրտացավ մարդիկ, այնպես էլ ապավինելով մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներին, որոնք խոստացել են աջակցել: Այնպես որ, այս պահին մենք զբաղված ենք գումարը հայթայթելով, այլ խոչընդոտներ թատրոնի շենքի կառուցման առջև այլևս չկան:

Լևոն Ղալումյան, ճարտարապետ
Հանրային քննարկումների ընթացքում շենքի կառուցման համար ընտրված վայրը շատ վիճարկվեց, և երբ սեփական նախագիծս էի պատրաստում, փորձեցի հաշվի առնել բոլոր այդ նկատառումներն ու նրբությունները: Շատ էր նշվում այն փաստը, որ դարձյալ Երևանի Փոքր կենտրոնում կառուցապատում է նախաձեռնվում, բայց իմ նախագիծը բավականին տարբերվող հայեցակարգով ստեղծվեց: Եթե Մաշտոցի պողոտայի կողմից նայենք Գլխավոր փոստի շենք տանող ճանապարհին, ապա պուրակը գալիս և ընդհատվում է ուղղահայաց հատող Սարյան փողոցով և դրա տակ գտնվող պատով: Ես փորձեցի այդ հատումը վերածել անցման՝ պուրակից Սարյան փողոց և դրա հետ մեկտեղ գրեթե աննկատ դարձնել այդտեղ շենքի առկայությունը, որպեսզի Գլխավոր պողոտան չծանրաբեռնվի:

Լևոն Ղալումյան
Լևոն Ղալումյան

Կարևոր էր նաև ձեռք չտալ թունելներին, որոնց միջոցով Հրազդանի կիրճից մաքուր օդ է թափանցում քաղաքի կենտրոն, այնպես որ, Գլխավոր պողոտայի միացումը Սարյան փողոցին ապահովող կառուցապատումը պետք է երկու մասի բաժանեի՝ մեջտեղում ազատ թողնելով թունելների մուտքերը: Դրա հետ մեկտեղ արդեն երկար ժամանակ է, ինչ սեփական տարածքի խնդիր ունի նաև Ժամանակակից արվեստի թանգարանը, ուստի առանձնացված կառույցներից մեկը նախատեսվեց ծառայելու Համազգային թատրոնին, մյուսը՝ թանգարանին: Հետաքրքիր է, որ երբ մրցույթն ավարտվեց, և նախագիծս առաջին մրցանակին արժանացավ, բոլորը կարծես թե հանդարտվեցին՝ համաձայնելով, որ այ այդպես կարելի է կառուցել և այդպես ոչինչ չի խախտվի, թատրոնն էլ վերջապես սեփական շենքը կունենա:

Թատրոնի դահլիճը, իհարկե, օպերային չէր ստացվի, բայց ոչ էլ շատ փոքր է՝ մոտ 350 հանդիսատես կկարողանա տեղավորել: Բացի այդ, շենքում նաև փորձերի համար նախատեսված դահլիճ կլինի, ինչպես նաև թատրոնի անբաժան մասը կազմող մնացած սրահները՝ հանդերձարաններ, հարդարման սենյակներ, գրասենյակներ և այլն: Ժամանակակից արվեստի թանգարանն իր ներքին կառուցվածքով, իհարկե, բոլորովին տարբերվելու է թատրոնի կառուցվածքից: Քանի որ դեռ էսքիզային տարբերակն է պատրաստ, ցուցասրահների դասավորության և չափերի մասին դժվար կլինի խոսել, բայց դրանց զբաղեցրած ընդհանուր տարածքը մոտ 2500 քմ է կազմելու, ինչը թան-գարանի՝ այսօր զբաղեցրած տարածքից 3-4 անգամ ավելի է:

Շենքերի միջև ընկած տարածքում մի ավերված շատրվան կա, որի տեղում նորը կկառուցվի, իսկ հարակից տարածքում զանազան քանդակներ կդրվեն: Ընդհանուր նախագիծը՝ թատրոնի, թանգարանի շենքերով ու քանդակների պարտեզով հանդերձ, Արվեստների հրապարակ ենք անվանել պայմանականորեն: Երբ նախագծի պատվերը ստանանք, դրա վրա արդեն աշխատելու են ոչ միայն ճարտարապետներ, այլև ինժեներներ, սանտեխնիկներ, լույսի, ձայնի մասնագետներ, որպեսզի թատերական դահլիճի սարքավորման բոլոր նրբությունները կարողանանք հաշվի առնել, ակուստիկա ապահովենք և այլն:

Համազգային պետական թատրոն
Համազգային թատրոնը հիմնադրվել է 1991 թվականին, ճանաչված դերասան Սոս Սարգսյանի կողմից: Բացվել է Էդուարդո դե Ֆիլիպոյի «Սանիտայի թաղապետը» պիեսի բեմադրությամբ, ռեժիսոր՝ Սոս Սարգսյան։ 2000-ին թատրոնում կատարվեց սերնդափոխություն. հայտնի դերասաններին փոխարինեց տաղանդավոր երիտասարդների մի խումբ: Նրանք այսօր արդեն ճանաչված և սիրված անուններ են՝ Նարինե Գրիգորյան, Վարշամ Գևորգյան, Արմինե Պողոսյան, Մխիթար Ավետիսյան, Կարեն Խաչատրյան, Տաթև Ղազարյան, Գագիկ Մադոյան, Արման Նավասարդյան և այլք: Թատրոնի ստեղծագործական կազմում ընդգրկված են նաև ճանաչված կոմպոզիտոր Մարտին Վարդազարյանը և քանդակագործ-նկարիչ Դավիթ Մինասյանը: 2009-ից թատրոնի տնօրենը Վարդան Մկրտչյանն է: Համազգային թատրոնը սկզբում գործել է Ժուռնալիստների տան շենքում, ապա տեղափոխվել Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի շենք, որտեղ շարունակում է գործել մինչ օրս:

Ժամանակակից արվեստի թանգարան
Երևանի Ժամանակակից արվեստի թանգարանը հիմնադրվել է 1972-ին, արվեստաբան Հենրիկ Իգիթյանի կողմից: Որպես մասնագիտացված ժամանակակից և մոդեռն արվեստի թանգարան՝ այն դարձավ առաջինը ոչ միայն նախկին Խորհրդային Միության տարածքում, այլև ողջ սոցիալիստական ճամբարում: Թանգարանը բացվեց Մաշտոցի 7ա հասցեում, հետագայում հանգրվանեց Մաշտոցի 7 հասցեում գտնվող բնակելի շենքի առաջին հարկում: 2007-ին թանգարանին տրվեց նոր մասնաշենք: Անցյալ տարվա ամռանը թանգարանի 40-ամյակի տոնակատարության շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը վստահեցրել էր, որ քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող այդ մշակութային օջախը մշտական ուշադրության կենտրոնում է և ըստ այդմ՝ զարգացման ծրագրերն էլ կլինեն շարունակական: Այսօր Ժամանակակից արվեստի թանգարանն ունի 2015 ցուցանմուշ, որոնցից իր տրամադրության տակ եղած տարածքում միայն 185-ն է կարողանում ցուցադրել:

«ԵՐԵՎԱՆ» ամսագիր, N5, 2014

Այս թեմայով