17 Հունիս 2014, 17:02
2410 |

Մտմտոցներ մտոցների շուրջ (տեսանյութ)

Նստարաններ, լուսամփոփներ, կանգառներ, փողոցների անունների ցուցանակներ՝ այս ամենն ամենուր մեր աչքի առջև է, և բավական է դրանց դիզայնը մի քիչ փոփոխվի, մեկնաբանությունների, հիմնականում՝ բողոքի ալիք է բարձրանում։ Մինչդեռ Երևանում կան ոչ պակաս կարևոր «բնակիչներ», որոնց կողքով, հաճախ՝ նաև վրայով, ամեն օր անցնում ենք, նայում, բայց չենք տեսնում։ Համառորեն անտեսվածներն արդեն համակերպվել են իրենց կարգավիճակին, բայց դրանց մռայլ դեմքն ավելի է մթագնում այն ժամանակ, երբ քամին բերում հասցնում է այլ քաղաքների ազգակիցների շքեղ կյանքի մասին լուրերը։ Այնտեղ նրանցից յուրաքանչյուրին առանձնահատուկ են վերաբերում, ամեն մեկն ունի իր անհատական դեմքը, սերիական արտադրության արդյունք չէ: Քամին պատմում է, որ հատկապես երջանիկ են Ճապոնիայում ծնվածները…

Պահ մտոցի
Երևանի մերժվածների բախտը չբերեց էն գլխից. բոլոր լեզուներում նրանց անվանումը նորմալ էր ու ադեկվատ, և միայն հայերենը որոշեց անվանակոչել ոչ միանշանակ «մտոց» բառով։ Լեզվաբանները նույնիսկ չվիճեցին էլ այդ հարցի շուրջ. եթե մտնում ես, ուրեմն մտոց է և վերջ։ Լյուկերը չբողոքեցին, գլուխները կախ ստորաքարշ կյանքով ապրում են ցայսօր։

Որպես այդպիսին՝ մտոցագետներ այդպես էլ չծնվեցին, սակայն որոշակի պաշտոնական կարգավիճակ նրանք, այնուամենայնիվ, ստացան։ Օրինակ, ըստ շինարարական նորմերի՝ մտոցները լինում են տարբեր չափսերի, հաստության, խտության, տրամագծերի, իհարկե, ամեն երկիր ունի իր ստանդարտը։ Հայաստանում դեռևս գործում է ԽՍՀՄ օրոք ընդունված ԳՈՍՏ-ը, որի համաձայն՝ տարբերակում է մտոցների երեսուն տեսակ՝ ըստ չափսի։ Ընդ որում, քաղաքի փողոցներում տեղադրվող մտոցները պետք է դիմանան ավելի թեթև բեռի, քան, օրինակ, միջքաղաքային մայրուղիների վրա տեղադրվածները, որոնց վրայով անընդհատ երթևեկում են վաթսուն տոննայից ավելի քաշ ունեցող մեքենաներ։ Մայթերի վրա, այգիներում, հողատարածքներում տեղադրվող մտոցների բախտն ավելի շատ է բերել, նրանք պետք է դիմանան հիմնականում միայն մարդու քաշին։ «Որտեղ՝ ինչ մտոց» ծանրակշիռ հարցի պատասխանը տալիս են շինարարական կազմակերպությունները։ Ափսոսալով որոշակի գումար՝ նրանք հաճախ մայրուղու համար պատվիրում են մայթին հարմարը։ Հետևաբար, հենց նրանց խղճին պետք է ծանրանան ժամանակից շուտ շահագործումից դուրս եկած, ճաք տված, ջարդված, բզկտված լյուկերը։

«Էժան տարբերակը ոչ միշտ է իրեն արդարացնում։ Շատ շինարարներ շեղվում են հաստատված նորմերից։ Իհարկե, դեմ ենք նման խախտումներին, բայց անզոր ենք ինչ-որ կերպ խոչընդոտել։ Մենք պարզապես կատարող ենք, պատասխանատվություն նույնպես չենք կրում։ Իհարկե, զգուշացնում ենք, բայց ոչ ավելի։ Ամեն մեկն իր խղճի տերն է ու իր որոշումների պատասխանատուն», — խոստումնալից սկսեց մեզ հետ զրույցը «Նիկոլ Դուման» արտադրական կոոպերատիվի տնօրեն Կառլեն Գևորգյանը։

Այնտեղ, ուր ձուլում են
«Նիկոլ Դումանը» Հայաստանում գործող երեք ձուլարաններից մեկն է՝ մասնագիտացված թուջի՝ նույն ինքը՝ չուգուն, արտադրության մեջ։ Սակայն դրանցից երկուսի արտադրանքը հիմնականում սահմանափակվում է հանքարդյունաբերության համար երկաթ աղացող թուջե գնդերով, որոնց գոյության մասին լայն զանգվածներին ոչինչ հայտնի չէ։ Հայաստանյան մտոցների ծննդատունը Արցախի 23/1 հասցեում գտնվող «Նիկոլ Դուման» ձուլարանն է։ 1996-ին հիմնադրված արտադրական կոոպերատիվն ի սկզբանե մասնագիտացել է հենց թուջե արտադրության մեջ: Կարճ ժամանակ անց նրանց արտադրանքն արդեն մեծ ժողովրդականություն էր վայելում, հետո սկսեցին նաև արտահանել՝ սկզբում Վրաստան, հետո՝ նախկին ԽՍՀՄ-ի մի շարք այլ երկրներ:

Այս ձուլարանում են տեղի ունենում այն բոլոր խմորումները, որոնց արդյունքում քաղաքում հայտնվում են այդ աննշան, բայցև խորհրդավոր բնակիչները։ Ամեն ինչ սկսվում է թուջի ջարդոն ընդունելուց, կիլոգրամը՝ 45-60 դրամ։ Հատկանշական է, որ հաճախ լյուկի կյանքն ավարտվում է նույն կերպ՝ մետաղի ընդունման կետում որպես ջարդոն հանձնվելով։ Ցավոք, շատ են դեպքերը, երբ մտոցը ջարդոն է դառնում երիտասարդ տարիքում՝ իր կյանքից այդպես էլ բան չհասկացած։ Մեղավորը գողերն են, որոնք անգթորեն մթության քողի տակ փողոցներից ու մայթերից թռցնում են ծանրակշիռ կափարիչը՝ տեղը վտանգավոր հոր թողնելով։ Մինչդեռ մեկ մտոց ստանալու համար պահանջվում է նրա քաշը եռակի անգամ գերազանցող թվով ջարդոն. մեկ տոննա հալված մետաղ ստանալու համար օգտագործում են 1400 կգ ջարդոն։ Իգիտություն՝ ամենաթեթև մտոցը 55-60 կգ է, սառչելուց մետաղը կծկվում է մոտ 30%-ով։ Խորհրդային տարիներին հիմնարկությունների վրա պլան էր դրվում՝ պարտադիր իրացնել որոշակի քանակով մետաղ։ Հնարամիտ ձուլարանները փոխանակ մի քանի փոքր դետալ սարքեին, միանգամից ձուլում էին մեկ մեծ, ահռելի, ծանր դետալ, որը երբեք չէր կիրառվում. հիմնականում դա հենց մտոց էր լինում։ Հայաստանում ամենածանր մտոցը կշռում է մոտ 160 կգ, սակայն դա ոչ այնքան մտոց է, որքան պլանի տակից դուրս գալու հեշտ տարբերակ։

Հալված մետաղի հետ աշխատանքը ձուլարանի ամե- նավտանգավոր գործերից է
Հալված մետաղի հետ աշխատանքը ձուլարանի ամենավտանգավոր գործերից է

Մտոցի ծնողը
Շինարարական ընկերության կողմից գծագիրը ստանալուց հետո սկսվում են աշխատանքները: Սերիական արտադրանք ստանալու համար նմուշը սկզբում պատրաստում են փայտից, այնուհետև դրա հիման վրա ձուլում են ալյումինե տարբերակը, որն էլ իր հերթին հիմք է հանդիսանում թուջե ձուլվածքի համար։ Փորձնական տարբերակի վերջնական հաստատումից հետո զարկ է տրվում մեծաքանակ արտադրությանը։ Հիմնական գործընթացը սա է, բայց կան բազում մանրուքներ: Օրինակ՝ վառարանը պետք է միշտ դատարկ մնա աշխատանքի ավարտից հետո։ Ինչ ուզում ես արա, թեկուզ թափիր հալած մետաղը, սակայն վառարանը դատարկ պահիր։ Այդ պատճառով որոշակի դետալներ, որոնց պահանջարկը միշտ կա, առանց պատվերի էլ պատրաստում են ու պահեստավորում։ Եթե խնդիր չծագի կաղապարների պատրաստման փուլում, ապա արտադրողները վստահեցնում են, որ մեկ մտոց պատրաստելու համար անհրաժեշտ է առավելագույնս մեկ օր՝ ներառյալ մետաղի սառեցման երկար գործընթացը։

Վարպետները տեղափոխում են ալյումինե կաղապարը
Վարպետները տեղափոխում են ալյումինե կաղապարը

Իսկական տղամարդկանց աշխատանք
Լյուկի ձուլման ամբողջ գործընթացում ամենախրթին աշխատանքը վառարանի հետ շփվող վարպետներինն է: Նրանք ամեն օր գործ են ունենում «բարձրաստիճան» մետաղների հետ՝ մինչև 1000 և ավելի ջերմաստիճանի հասնող: Վտանգավոր, միևնույն ժամանակ հմայող հեղուկ մետաղը կաղապարների մեջ լցնելիս հարկավոր է դրսևորել հարյուրտոկոսանոց աչալրջություն. աչքդ ճիշտ պահին չթարթես, իրավիճակի տերը կդառնա մետաղը ու կվառի իր ճամփին ամեն ինչ: Վառարանից թափվող հալված մետաղից թռչող կայծերը տեսնելով՝ փորձեցինք զուգահեռներ տանել դժոխքի կրակների հետ, բայց վարպետներն ակնհայտ չհավանեցին մեր մտքի թռիչքը, ու միտքը դադարեց թռչել: Փոխարենը վառարանն աչքի լույսի պես խնամող ու աշխատացնող վարպետը պատմեց, որ սարքը բարեխղճորեն ծառայում է արդեն քսան տարի, սակայն օրեցօր մեծացող արտադրության ծավալն արդեն անկարող էր սպասարկել միայնակ։ Վերջերս որոշեցին նոր վառարան գնել, բայց ոչ թե ներմուծել արտասահմանից ու մոտ քառասուն միլիոն դրամ վճարել, այլ պատվիրել հայ վարպետներին։ Պոլիտեխնիկական ինստիտուտի գիտաշխատողները նախագծեցին ֆունկցիոնալ առումով իդեալական վառարան՝ կիրառելով առավել նոր տեխնոլոգիաներ, հեշտ սպասարկվող ու անվտանգ համակարգ։ Եվս մեկ առավելություն. հայկական վառարանի սպասարկումը երաշխավորված է, մասնագետները՝ նույն քաղաքում:

Թո՞ւջ, թե՞ պոլիմեր՝ այս է խնդիրը
Աշխարհը պայքարում է գողության դեմ։ Սա է պոլիմերային մտոցների կողմնակիցների հիմնական փաստարկը: Թուջե մտոցների գողությունները գրեթե անվերահսկելի են, անդադար ու ամենուր: Գողերին ոչինչ չի կանգնեցնում, և թերևս երբ մտոցները որպես մետաղ իրենցից որևէ արժեք չներկայացնեն, միայն այդժամ մեր քաղաքի մայթերում ու փողոցներում կդադարեն դատարկ հորեր հայտնվել: Պոլիմերային մտոցը հնարավոր չէ հանձնել կամ ընդհանրապես այլ նպատակով կիրառել: Սակայն ավանդական թուջի կողմնակիցներն ունեն լուրջ, ծանրակշիռ փաստարկ. պլաստմասսայե կափարիչները մեր փողոցներում այնքան էլ արդյունավետ չեն, քանի որ ամեն օր այդ հատվածով անցնում են ծանր քաշ ունեցող մեքենաներ, և եթե թուջե կափարիչը չի դիմանում, ապա պլաստմասսան ընդհանրապես շանսեր չունի։ Բացի այդ, հայաստանյան կիզիչ արևի տակ պլաստամասսան անզոր է ու անպաշտպան։ «Նիկոլ Դուման» ձուլարանի արտադրանքի ծավալն ամենախոսուն փաստարկն է. տարեկան արտադրում են մինչև 1 000 հատ մտոց։ Հիմնական պատվիրատուն պետական կառույցներն են, մասնավորի չափաբաժինն աննշան է՝ սեփական առանձնատները, հիվանդանոցները, հյուրանոցները։ Ընդ որում, ընդհանուր պատվերների թվի մեջ մեծ տոկոս են կազմում Լեռնային Ղարաբաղի համար պատրաստված մտոցները՝ տարեկան 300-600 հատ։ «Նիկոլ Դումանի» տնօրեն Կառլեն Գևորգյանը պատմում է, որ այս տարի ունեն նաև պահեստավորված ապրանք։ Ֆորս մաժորներն են շատացել. «Հաճախ գիշերն արթնանում եմ «ԵրևանՋուր» ընկերության զանգից, ինչ-որ տեղ մտոցի կափարիչ են թռցրել, պետք է անհապաղ նորը դնել, որպեսզի դժբախտ պատահարից խուսափենք»:

Ինչո՞ւ է աղմկում մտոցը
Մտոցների հաստատված չափսերի բազմազանությունը դժվարացնում է պահեստավորումը: Իդեպ, նույն պատճառով էլ հաճախ մտոցներն աղմկում են, քանի որ դրանք չեն համապատասխանում օղակի չափին՝ մի սմ այս կողմ, այն կողմ՝ սկսում են դխկդխկալ, դուրս թռչել։ Երևանում մտոցների կոնկրետ թիվը ոչ ոք չգիտի։ Մոտավոր տվյալը հետևյալն է՝ ամեն երեսուն-քառասուն մետրը մեկ՝ մի մտոց։ Ամենօրյա սպասարկում պահանջող ցանցի հերոսները՝ կոյուղագործները, մտոցների պես, նույնպես ունեն բողոք՝ նրանք անարդարացիորեն անտեսված են որպես պատվաբեր մասնագիտություն դիտարկվողների ցանկում: Ախր քաղաքը ներկելով չես պրծնի։ Նախևառաջ այն բաղկացած է ենթակառուցվածքներից, որտեղ կարևոր դեր ունի կոյուղին, հենց նա պետք է ի զորու լինի ապահովել ջրահեռացումը։ Օրինակ, հարևան Իրանում բազում քաղաքներ առանց կոյուղու են նախագծված, արդյունքում ամեն բնակելի շենքի ներքևում ահռելի հոր են փորում, որտեղ պետք է դանդաղ ներքաշվեն շենքի ջրերը։

Եվս մեկ հարևան՝ Թիֆլիսը գեղեցիկ է միայն դրսից, իսկ ներսից քաղաքն արդեն փտում է՝ համոզված են մասնագետները։ Հին են ջրահեռացման գրեթե բոլոր կայանները, իրենց չեն արդարացնում համակարգերը։ Այս առումով Երևանն ավելի թարմ, բարվոք վիճակում է, քան Թիֆլիսը, որին բոլորս նախանձում ենք։

Երևանին մի աչքով մի՛ նայեք
Ստորգետնյա մայրաքաղաքի կառուցվածքը հետևյալն է. փողոցի տակ կա մեծ խողովակ, որի մեջ են լցվում երկու առանձին ջրեր՝ անձրևաջրերն ու կոյուղին։ Բնականաբար, կոյուղին հերմետիկ փակ հողովակ է, որպեսզի հոտը դուրս չգա, և քաղաքում գարշահոտություն չտարածվի։ Անձրևաջրերն առանձին հանգույցով են գնում՝ տարանջատված կոյուղուց։ Աշխարհի շատ քաղաքներում խնդիրը լուծված չէ նման կերպ, և քաղաքում տարածված հոտը մատնում է դա։ Ընդհանրապես, տեղը տեղին կոյուղի ունենալը եզակի բախտ է: Աշխարհում առաջին կոյուղի ունեցող քաղաքը համարվում է Փարիզը, այդ մասին նույնիսկ գրականության մեջ կա արձանագրություն։  Առաջնեկը Էժենի Սյուի «Փարիզյան գաղտնիքներ» վեպն է, որն իսկական ձոն է փարիզյան կոյուղուն: Վեպում գործողությունները ծավալվում են կոյուղու մութ ու վտանգավոր միջանցքներում։ Իսկ ընդհանուր առմամբ մտոցներով ճանապարհորդելը, մի մտոցից մտնել, քաղաքի մյուս ծայրի մեկ այլ մտոցից դուրս գալը ֆանտաստիկայի ժանրից է։ Այդպիսի ճանապարհորդություն, լավագույն դեպքում, կարող են անցնել փոքրիկ միաչքանի ռոբոտները, որոնք ներփաթանցում են կոյուղի՝ պարզելու ի՞նչ վթար կա և որտե՞ղ։

Տափակ երևույթի ռեսթայլինգ
Փոխանակ երևակայությանը զոռ տալուն և անդրքաղաքային կյանքը պատկերացնելուն, կարելի է վերգետնյա իրականությունը դարձնել առավել դիտարժան: Մասնավորապես, ձևափոխել բոլորիս ծանոթ տխրադեմ մտոցները: Հեծանիվ հորինել պետք չէ, աշխարհում արդեն կա նման պրակտիկա: Եվրոպական, ճապոնական, ռուսական մի շարք քաղաքներն արդեն զարդարում են դիզայներական լուծում ստացած մտոցները: Հայաստանում հետաքրքիր ու դիտարժան մտոցներ գրեթե չկան։ Ձուլարանի տնօրենը միայն մեկ արտառոց օրինակ հիշեց. «Մի հարուստ մարդ բրոնզե լյուկ պատվիրեց։ Դա արժեցավ տասնապատիկ ավելի թանկ, սակայն մտոցը պետք է տեղադրվեր նրա առանձնատանը, որտեղ ամեն ինչ բրոնզից էր։ Կարգը խախտել չէր կարելի։ Մտոցն արժեցավ 800 000 դրամ»։ Բայց դա յուրահատուկ դեպք էր, մինչդեռ հարցը պահանջում է համակարգային լուծում:

Կառլեն Գևորգյանը պատմում է, որ «Նիկոլ Դումանում» այդ հարցով սկսել են զբաղվել դեռևս մեկ տարի առաջ։ Պատվիրել և ներմուծել են թանկարժեք հաստոց, որի օգնությամբ հնարավոր է դարձել կափարիչի վրա պատկերել ցանկացած նախշ: Արտադրամասի առանձին մեծ սենյակը զբաղեցրած 3D փորագրող հաստոցը զգալիորեն թեթևացրել է նրանց աշխատանքը։ Հիմա արդեն ցանկացած պատկեր նվազագույն ժամկետում՝ երեք օր, հնարավոր է վերարտադրել և հետագայում նաև ձուլել։ «Ասեմ ավելին՝ ընդհանրապես պարտադիր չէ նոր կափարիչ ձուլել, հնարավոր է ներսի մասը դարձնել հանովի-դնովի: Ըստ այդմ հնարավոր է դառնում տեղադրել սրտիդ ուզածը նույնիսկ հին մտոցի վրա։ Որպես օրինակ ձուլեցինք չորս նորաոճ կափարիչ, որոնք ցույց էինք տալիս հաճախորդներին: Դեպքեր եղել են, երբ պատվիրատուն եկել է ստանդարտ լյուկ պատվիրելու, սակայն իմանալով հրաշք սարքի մասին, կափարիչի վրա ձուլել է այլ պատկեր», — ձուլարանի տնօրենը հավատում է, որ մի օր Երևանի մտոցները նույնպես արտասովոր կլինեն: Հատկապես, որ արժեքը մնացել է նույնը, հնարավորություններն են ավելացել։ Ու երբ հայտնվեն այդ հնարավորություններից օգտվողները և փոխեն քաղաքի լյուկերը, գոնե մի փոքր կփոխվի նաև քաղաքը: Երևանի մերժվածների բախտն էլ վերջապես կբացվի:

3D հաստոցի միջո- ցով ստացված առաջին զարդանախշերը
3D հաստոցի միջոցով ստացված առաջին զարդանախշերը

Ղուրանների ելքը մտոցներից
Մտոցները մեզնից թաքցնում են ջրատար խողովակներն ու մալուխների ցանցերը, բայց երբեմն դրանք բացելիս կարելի է հայտնաբերել բոլորովին անսպասելին: Անցյալ տարվա դեկտեմբերին Սաուդյան Արաբիայի Թայիֆ քաղաքի ոստիկանական մարմինները, համագործակցելով Բարիքի խրախուսման և արատի պատժման հանձնաժողովի հետ, քաղաքի Ալ Սալամ թաղամասի ջրահեռացման համակարգում հայտնաբերել էին սրբազան Ղուրանի ավելի քան հիսուն նմուշ: Սրբազան գրքի տասնյակ օրինակներ դուրս բերվեցին կոյուղու ջրից: Ընդ որում՝ մի քանի նմուշներ գտնվել էին տա-րածքի անձրևաջրերի տարբեր մտոցներից: Հայտնաբերվելուց հետո Ղուրանի օրինակները հանձնվեցին մասնագետներին վերականգնման համար:

Էրիքսոնի վաֆլին
XX դարի սկզբին մտոցի զարդանախշով կարելի էր որոշել դրա գործառույթը: Էլեկտրական ընկերությունները գերադասում էին հյուսածո նախշը, սանիտարականները՝ «վաֆլի»: 1902-ին «Լ.Մ. Էրիքսոն և Կո» ընկերությունը Մոսկվայում այդ շրջանի համար գերժամանակակից կենտրոնական հեռախոսակայան կառուցեց, իսկ դրա մտոցների վրա «սլաքով կայծակներ» պատկերվեցին: Մտոցների հենց նման ոճը օրինակ ծառայեց աշխարհի մի շարք քաղաքների հեռախոսային մտոցների համար, իսկ դրանցից մի քանիսը մինչև օրս կարելի է տեսնել անգամ երևանյան փողոցներում:

Կարևոր հարց
«Ինչո՞ւ են մտոցները կլոր» հարցը տրվում է Microsoft ընկերությունում՝ աշխատանքի անցնելու հարցազրույցների ժամանակ՝ աշխատատեղի հավակնորդի տրամաբանությունը ստուգելու համար: Պատասխանը հետևյալն է՝ քառակուսի մտոցը կարող է դիտահորն ընկնել, իսկ եռանկյունը չի համապատասխանում մարդկային մարմնի ձևին:

«ԵՐԵՎԱՆ» ամսագիր, N5, 2014

Այս թեմայով