07 Ապրիլ 2014, 16:23
1848 |

Հազար ու մի մտոցների նախագիծը

Երևանում կան բազում չլուծված հարցեր՝ կապված քաղաքի արտաքին տեսքի ու ենթակառուցվածքների հետ: Առայժմ մեր ուշադրության առարկան մտոցներն են, նույն ինքը՝ լյուկը: Մտոցն աննշան, բայց քաղաքում հաճախակի հանդիպող դետալ է, որի քանակը հասնում է տասնյակ հազարների: Երևանցիներն արդեն համակերպվել են այն մտքի հետ, որ մտոցներն անշուք են, ժանգոտած, հաճախ՝ նաև վտանգավոր: Անհրապույր մտոցն արդեն այնաստիճան է մխրճվել երևանցու գիտակցության մեջ, որ վերջինս դադարել է նույնիսկ նկատել դրանք:

Քաղաքային այս էլեմենտի արտաքին տեսքի փոփոխությունն ի զորու է ստեղծել հետաքրքրիր էֆեկտ՝ մթնոլորտի լոկալ փոփոխություն (սկզբում՝ մեկ փողոցում, այնուհետև՝ համայնքում, իսկ հետո էլ՝ ընդհանուր քաղաքում): Yerevan productions ընկերությունը նախաձեռնել է այս հետաքրքիր գաղափարի կյանքի կոչումը։

Նախագծի իրականացումը թեև ենթադրում է երկար գործընթաց և որոշակի ծախսեր, սակայն այս փուլում այն ռեալ և շոշափելի է՝ հաշվի առնելով Երևանի ստեղծագործական ռեսուրսներն ու պրոֆեսիոնալ կադրերը, ինչպես նաև՝ այլ քաղաքների փորձը, որի օգնությամբ կարելի է հեշտորեն կողմնորոշվել: Ավելին, նախագծից ակնկալվող արդյունքը հեշտորեն ներառվում է «խելամիտ ծախսեր, շոշափելի արդյունք» հասկացության մեջ:

Մտոցների ստեղծագործ ձևավորումը կարող է դառնալ ակնառու օրինակ առ այն, թե ինչպես կարելի է փոքր չափերով բարեհաջող ազդեցություն գործել քաղաքային միջավայրի վրա:

Նախագիծը ենթադրում է իր շուրջը միավորել տարատեսակ պրոֆեսիոնալների՝ դիզայներներ, նկարիչներ, ճարտարապետներ, պետկառույցների փորձագետներ, տարբեր հետաքրքրված ընկերություններ, ինչպես նաև՝ սովորական քաղաքացիներ՝ համախմբված հանուն մեկ ընդհանուր նպատակի:
Նախագիծը կյանքի կկոչվի ապրիլի 12-ին Արամի 80 հասցեում՝ Yerevan Productions ընկերության շենքի առաջին հարկում գտնվող Բնակարանում: Հենց այստեղ տեղի կունենա «Հազար ու մի մտոց» միջոցառումը՝ միտված սևեռել հանրության ուշադրությունը Երևան քաղաքում առկա բազմաթիվ մտոցների արտաքին տեսքի վրա։

Ապրիլի 12-ին կայանալիք միջոցառմանը ներկա կլինեն ինչպես մտոցներ արտադրող ընկերություններ՝ «Նիկոլ Դուման» ԱԿ, «Էներգապլաստ» ՍՊԸ, այնպես էլ կառույցներ, որոնք կրում են անմիջական պատասխանատվություն Երևան քաղաքի արտաքին տեսքի համար' Երևանի քաղաքապետարան, Մշակույթի նախարարություն, Երևան Ջուր, ՀայՋրմուղ, Բիլայն Արմենիա, Հայաստանի Էլ. ցանցեր, ՀայՌուսԳազԱրդ և այլն։

«Հազար ու մի մտոց» միջոցառման ընթացքում նախատեսվում են բազմաթիվ հետաքրքիր իրադարձություններ։ Մասնավորապես, ներկաներին կհյուրասիրենք հատուկ այս առիթով պատրաստած մտոցի ձև ունեցող թխվածքներով։ Բացի այդ, Իգիթյան կենտրոնի մոտ երեսուն երեխաները Yerevan Productions ընկերության դիմաց, մայթի վրա կնկարեն մտոցների իրենց տարբերակների էսքիզները։ Հրավիրված են նաև Թերլեմեզյան կենտրոնի ուսանողները, որոնք նույնպես կնկարեն հատուկ մոլբերտների վրա։ Բնակարանում առանձին ստենդերի վրա ներկայացված կլինեն հետաքրքիր փաստեր աշխարհի և Հայաստանի մտոցների մասին։

Միջոցառումը նպատակ ունի նպաստել այլ աչքով նայելու մեր քաղաքում առկա հազարավոր մտոցներին։

Այս թեմայով