23 Մայիս 2014, 17:36
2472 |

Ի՞նչ է պակասում երջանկության համար

Ինչպես, որտեղ և ինչ պայմաններում են անցկացնում թոշակառուներն իրենց վաստակած ծերությունը: Ի՞նչ է պակասում երևանցի թոշակառուներին, որո՞նք են նրանց կարիքներն ու անհանգստությունները՝ պատասխանեցին երևանյան այգիներում արևի լոգանք ընդունող տարեցները:

Վատ չէր լինի, եթե լիներ, օրինակ, հատուկ ծերերի համար նախատեսված լողավազան: Դա ոչ միայն առողջարար է, այլև նոր ծանոթությունների ու հանդիպումների առիթ:


Քաղաքում նրանց միակ ուրախությունը վերջերս փողոցներում հայտնված նստարաններն են: Բայց դրանց քանակը ոչ մի կերպ չի բավարարում: Պապիկներն ուզում են բարվոք ու հաճելի պայմաններ ունենալ նարդի շրխկացնելու համար, տատիկներն էլ ուզում են նույնքան հաճելի միջավայրում գուլպա գործել, ու մի քիչ էլ բամբասել:


Եթե ծերացել ես, դեռ չի նշանակում, որ կյանքն ավարտվել է, որ այլևս պարել, հարբել ուրախանալ ու մի լավ լիցքաթափվել չես ուզում: Ճիշտ հակառակը՝ եկել է կյանքը վայելելու ժամանակը: Բայց նորից մի բան պակասում է, այս անգամ խոսքը զվարճանքի վայրերի, փաբերի ու, ինչու ոչ, դիսկոտեկների մասին է: Ծերունիները մեծ բան չեն ուզում՝ ընդամենը մեկ ընդարձակ սենյակ ու մագնիտոֆոն, մնացածն իրենք կապահովեն:


Չեն ուզում առանձնանալ մյուսներից, բայց ասում են, որ հատուկ տարեցների համար նախատեսված սրճարանը հաստատ չէր խանգարի: Կնստեն, մեկ բաժակ սուրճ կխմեն, սրտի տխրությունը կթողեն սուրճի մրուրի մեջ ու թեթևացած սրտով տուն կգնան:


Սովորելու ցանկությունը տարեցների մոտ ոչ մի տեղ չի անհետացել: Խոստովանում են՝ նախանձով են նայում Թումո հաճախող երիտասարդներին: Ուզում են տիրապետել 21-րդ դարի «չարիքին»՝ համակարգչին, բայց անուշադրության մատնված միայն ենթադրություններ են անում սև արկղի առեղծվածային հնարավորությունների մասին ու վերադառնում հին տարբերակին՝ թերթին:


Ամբողջ կյանքն աշխատած ու աշխատելուց տակավին չհոգնած թոշակառուներն առաջարկում են չանտեսել իրենց գիտելիքները, ուժն ու եռանդը և ներգրավել նրանց, օրինակ, կամավորական աշխատանքի մեջ: Նրանք պատրաստ են համագործակցության տարբեր տարբերակներին, միայն թե իրենց անպիտան չզգան:


Տարեցներին պակասում է հատուկ վերաբերմունքը նաև երթուղայիններում: Կանգնած կամ կքած երթևեկելու ժամանակն անցել է, տարիքն իրենն ասում է:


Հիմնական գլխավոր պակասող բանը փողն է: Թե թոշակը բարձր լիներ, ինչեր ասես, որ չէին անի: Իսկ ընդհանուր առմամբ, Երևանում տարեցներին սերն է պակասում: Ասում են՝ քաղաքում սեր չկա, մի տեսակ սառել է սիրելի Երևանը:

Այս թեմայով