16 Մայիս 2014, 09:33
2888 |

Ոչ պարտադիր, ոչ էլ կուտակային

Այս տարի հերթական անգամ մայիսի 14-ն աշխարհում նշվեց որպես ֆրիլանսերների կամ ազատ գրաֆիկով աշխատողների միջազգային օր: Այս առիթով ԷՕՆ հակասրճարանում «Ինչպե՞ս դառնալ ֆրիլանսեր» թեմայով հանդիպում-քննարկում-վեճ-զրույց-դասախոսություն էր։ Կազմակերպիչը՝նույն սրճարանի մենեջեր Անահիտը, ֆրիլանսի շուկայում երկարամյա աշխատանքային փորձ ունի՝ ոչ մի տեղ այդպես էլ չգրանցած: Փորձի փոխանակման ընթացքում Անահիտը ներկաների համար բացահայտեց ազատ գրաֆիկով աշխատանքի բոլոր նրբություններն ու գաղտնիքները, ինչպես նաև գործնական խորհուրդներ տվեց, թե որ կայքերում փնտրել աշխատանք կամ ինչպես գրավել գործատուին:

Երբ ավարտվում է աշխատանքային շաբաթը, Երևանի փաբերն ու ակումբները հեղեղվում են աշխատանքային ծանր գրաֆիկից հոգնած մարդկանցով: Ուրբաթ երեկոները հայ հասարակության աշխատող մասի համար դարձել են փրկօղակ աշխատանքային օրերից հետո. ու մասնագիտությունը բնավ կապ չունի: Որքան էլ սիրես աշխատանքդ, միևնույն է, հավանականությունը մեծ է, որ որոշ ժամանակ անց անընդհատ կրկնվող գործողությունների իրար հաջորդող շարքը հոգնեցնելու է: Ու ստացվում է այնպես, որ եթե նույնիսկ աշխատում ես քո նախընտրած մասնագիտությամբ, ստանում ցանկալի աշխատավարձ, միևննույն է՝ քո ու քո աշխատանքի միջև, սեպի նման, մխված է Աշխատանքային օրենսդրությունը: Հենց նա է կարգավորում ձեր սերը՝ աշխատաժամանակը, արձակուրդը, հանգստյան օրերը և այլ նեղ անձնական հարաբերություններ քո ու քո սիրած աշխատանքի միջև։ Սակայն բոլոր անելանելի թվացող իրավիճակներից հնարավոր է գտնել ելքը. ազատ մարդիկ հորինեցին ու ձևավորեցին ազատ գրաֆիկով աշխատանքի տարբերակը:

Կյանքի ժամերը անձամբ ղեկավարելու, գրասենյակային գաղջ մթնոլորտից կտրվելու երազանքը շատերի համար ի վերջո իրականություն դարձավ, երբ աշխարհում ձևավորվեց ֆրիլանս (freelance) աշխատաշուկան: Ֆրիլանս հասկացության տակ ընկալվում է կարճաժամկետ ու վարձու աշխատանքը: Այժմ շուկան հեղեղում են միլիոնավոր մասնագետներ ամբողջ աշխարհից, ովքեր ուզում են տնօրինել սեփական աշխատաժամանակը, կախվածություն չունենալ մեկ գործատուից, չապրել «աշխատավայր - տուն - աշխատավայր» հոգնեցուցիչ գրաֆիկով: Արտասահմանում աշխատանքային այս մոդելը բավականին տարածված է, իսկ հայ մասնագետները համաշխարհային ֆրիլանս շուկաները սկսեցին գրոհել միայն վերջին տասնամյակում:

Գումար աշխատելու այս տարբերակն արագ թափ առավ ինտերնետի սակագների անկմանն ու հեռահաղորդակցական տեխնոլոգիաների զարգացմանը զուգահեռ: Հայկական ֆրիլանս աշխատաշուկան իր բովանդակությամբ ու ձևով թերևս չի տարբերվում համաշխարհայինից: Հայ մասնագետները մեծ պահանջարկ են վայելում ազատ գրաֆիկով աշխատողների միջազգային հարթակներում, իսկ երկրից արտահանվող մասնագիտական «ունակությունների» թիվը չի զիջում այլ երկրների՝ թվային տեխնոլոգիաներ, ծրագրավորում, աուդիովիզուալ արտադրություն, տեքստային ծառայություններ՝ քոփիրայթինգ, թարգմանություններ: Ցանկը՝ շարունակելի:

Միջազգային գործատուներին հայ ֆրիլանս աշխատաշուկան գրավում է մի քանի կետերով: Առաջին հերթին հայերը պատասխանատու են և հանձնարարված աշխատանքը ավարտին են հասցնում սեղմ ժամկետներում, ինչի շնորհիվ արդեն գրավել են գործատուների վստահությունը։ Բացի այդ, հայ մասնագետները հիմնականում հանձնում են որակյալ արտադրանք: Երկրորդ գործոնն այն է, որ Հայաստանում ֆրիլանսով զբաղվում են մեծամասամբ երիտասարդները, ինչը նույնպես ձեռնտու է գործատուներին. երիտասարդ և դեռևս բրենդ չդարձած մասնագետին, բնակաբար, այլ սակագներով են վճարում, քան փորձառու, կայացած պրոֆեսիոնալներին։ Դե, իսկ երիտասարդներն էլ իրենց հերթին աշխատանքային այս հարթակում ձեռք են բերում փորձ, բարձրացնում իրենց որակավորումը՝ միաժամանակ տնօրինելով սեփական ժամանակն ու գումարը: Ընդհանրապես, արտասահմանցիների համար հայկական շուկան համեմատաբար ավելի էժան է: Միևնույն ժամանակ էժան աշխատուժ լինելը հայ ֆրիլանսերների համար խոչընդոտ չէ, ինչպես իրենք են պնդում, արտասահմանից վճարվող աշխատավարձը մի քանի անգամ գերազանցում է տեղի գործատուների՝ նույնիսկ ամենահրապուրիչ առաջարկները:

Իսկ ամենակարևոր գործոնը, ինչը երկուստեք շահավետ է դարձնում ֆրիլանս աշխատանքը, հայաստանյան հարկային դաշտի տեսադաշտից դուրս մնալու հանգամանքն է։ Ֆրիլանսը ՀՀ-ում չի հարկվում, ինչը վերջին «կուտակային» և «պարտադիր» զարգացումների ֆոնին պակաս կարևոր նշանակություն չունի:

Նշված բազում առավելությունների հետ մեկտեղ ազատ գրաֆիկով աշխատանքը չի ապահովագրում անբարեխիղճ գործատուներից, որոնք կարող են և չվճարել կատարված աշխատանքի դիմաց: Ֆրիլանս աշխատանքի մյուս թերությունն անկայունությունն է, ոչ ստաբիլ եկամուտը: Սակայն հայ ֆրիլանսերներին կարծես այդքան էլ չեն անհանգստացնում այս հանգամանքները։ Օրեցօր ավելի ու ավելի շատ երիտասարդներ արդեն իրենց աշխատանքային գրքույկները պահում են դարակներում ու անցնում ազատ գրաֆիկով աշխատանքի:

Ֆրիլանսերների համար կարևոր է նաև աշխատավայրը: Իհարկե, կարող ես տանն աշխատել, սակայն այսօր արդեն Երևանում կան վայրեր, որտեղ համեմատաբար ցածր վճարով հնարավոր է ոչ միայ համատեղել հանգիստն ու աշխատանքը, այլև գտնել համախոհներ: Դրանցից մեկը հենց ԷՕՆ հակասրճարանն է, որը, ի դեպ, երկու ֆրիլանսեր գործընկերների ազատ աշխատանքի ու մտքի թռիչքի արդյունքն է: Ինչպես նշում են «էօնցիները», իրենք արդեն զգալի հաջողության են հասել ֆրիլանսի ոլորտում, ու հիմա իրենց հերթին փորձում են ամեն կերպ աջակցել աշխատանքային այս տարբերակն ընտրողներին:

Երևանում մյուս վայրը, որը հաստատ կհավանեն ֆրիլանսերները, utopianalab-ն է՝ աշխատանքային տարածք, որն իր հարկի տակ է ընդունում ֆրիլանսերների, սթարթափերների ու այլ ստեղծագործ մասնագետների: Երևանի կենտրոնում գտնվող քառահարկ տանն աշխատելու համար առաջարկվում են շաբաթական ու ամսական բաժանորդագրություններ, գործում է նաև ժամավճարի տաբերակը: Սակայն, ի տարբերություն նախորդի, աշխատանքային այս տարածքի «բնանկիչները» պետք է համակերպվեն դրկիցների հետ, քանի որ այստեղ հավաքվում են co-working սկզբունքով աշխատողները:

Երևանում ֆրիլանսերների համար դեռևս ստեղծված չեն բավարար պայմաններ, սակայն աշխատանքի այս տարբերակով հետաքրքրվողների բանակն այնքան մեծ է, որ վստահորեն կարելի է ասել՝ մոտ ապագայում հայաստանյան ֆրիլանսի շուկան աչքի ընկնող դիրքեր կգրավի ֆրիլանսի համաշխարհային աշխատաշուկայում։

Այս թեմայով