11 Մայիս 2014, 14:56
3844 |

Երբ աղբը փող է

Մինչ հայաստանցիներս պոլիէթիլենային տոպրակները համարում ենք փաթեթավորման «կոկիկ ու քաղաքակիրթ» տարբերակ, ոմանք վաղուց անցել են բնական միջոցներին, օրինակ՝ թղթին։ Պլաստիկն ու պոլիէթիլենն ինչքան էլ խորը թաղես հողի տակ, միևնույն է, անգամ 100 տարի անց ոչ կմաշվեն, ոչ կքայքայվեն։

Քաղաքակրթության վնասները
Քաղաքակիրթ աշխարհը ստեղծեց քիմիական բաղադրությամբ իրեր ու առարկաներ ու կրակն ընկավ դրանց ձեռքը: Աշխարհն իրար է անցել, բնապահպանական աղետը սպառնում է ամբողջ մոլորակին։ Բնության մեջ միակ արարածը, որ իրենից հետո աղբ է թողնում, մարդն է։ Մյուսների թողածն օրգանական թափոն է, որն անգամ օգտակար է։ Ընդ որում, մարդը գիտակցաբար է «ստեղծում» աղբը, որն իսկական պատուհաս է բնության, կենդանական աշխարհի ու հենց իր գլխին։ Նորօրյա քաղաքակրթությունն իր հետ անօրգանական աղբ բերեց, որը մինչև այդ չկար։

30-40 տարի առաջ Ճապոնիան ու Եվրոպան սկսեցին լրջորեն մտահոգվել աղբի խնդրով։ Ինչո՞ւ հենց այդ երկրները. որովհետև որքան քաղաքակիրթ, այնքան քիմիայի գործածությամբ՝ հզոր։ Ու սկսեցին գլուխ տրաքացնել՝ ինչպես վարվել կենցաղային, արդյունաբերական, տեխնիկական ու տարատեսակ այլ թափոնների հետ։

 


Ճապոնիայում գիտեն՝ ինչպես գալ աղբի հախից

Ծագող արևի երկրում թղթի թափոնը՝մակուլատուրան, սկսել են մշակել դեռ 11-րդ դարում։ Ճապոնիայի իշխանությունները մոր կաթի հետ իրենց քաղաքացիների մեջ սերմանում են գիտելիքներ ու վարվեցողության կանոններ՝ աղբին վերաբերվել հարգանքով։ Դեռ 1980-ականներին այդ երկրում ամեն քայլափոխին, փակցված էին բազմաթիվ «շնորհակալություններ». շնորհակալություն, որ աղբը տարբերակում եք, հետո գցում համապատասխան աղբարկղը, բայց՝ ամո՛թ, եթե հակառակ կերպ եք վարվում։ Այդ երկրում առանձնացված է աղբի 50 տեսակ, որը համապատասխան վայրեր են տեղափոխում իրենց երկրի մաքրությամբ մտահոգ կամավոր-աղբահավաքները։ Ճապոնիայում աղբի վերամշակման 2000 գործարան կա։ Ճիշտ է, ճապոնացիները խուսափում են ապրել դրանց շրջակայքում, բայց իշխանությունները հնարավորինս գրավիչ ու գեղեցիկ տեսք են տալիս այդ գործարաններին։ Դրանք ոչ ներսից, ոչ էլ դրսից տհաճ հոտ չեն արձակում, ամբողջ շենքը թափանցիկ ապակիներից է կառուցված, որպեսզի մարդիկ տեսնեն, թե ինչ ջանքեր են գործածվում՝ իրենց թողած աղբը վերամշակելու համար։ Աղբ մշակող գործարաններով ճապոնացիները հպարտանում են. դրանք զբոսաշրջության վայրեր են նաև։

Ճապոնացիները կենցաղային տեխնիկան չեն գցում աղբարկղը. դրա համար տուգանք է սահմանված, այլ հանձնում են այն խանութին, որտեղեց գնել են այն։ Ընդ որում՝ այդ թափոնից ազատվելու համար խանութին վճարում են սահմանված գումարը։ Հեծանիվը նույնպես համարվում է կենցաղային տեխնիկա։ Հեծանիվը չօգտագործելու դեպքում պետությունից գնում են 10-20 դոլար արժողությամբ կտրոն, փակցնում հեծանիվին ու այն կանգնեցնում աղբարկղի մոտ՝ որպես վերամշակման պատրաստ թափոն։

Կենցաղային կարծր թափոնը Ճապոնիայում հալեցնում են 1200 C ջերմության պայմաններում։ Արտազտված գազերը բնական գազի փոխարեն օգտագործվում են տարբեր նպատակներով։ Ի դեպ, ճապոնացիները 2009-ին առաջարկեցին Նուբարաշենի աղբանոցում աղբամշակման գործարան բացել, չհամաձայնեցինք։
Այն, ինչը գազի կամ արտադրության մեջ կիրառելի օգտակար այլ նյութի չի վերածվում, ճապոնացիները դրանից կղզիներ են կերտում։ Աղբի չայրվող թափոնից նրանք շինանյութ ծառայող մեծ աղյուսներ են պատրաստում։ Օրինակ՝ դրանցով է կառուցված Օսակի ծովածոցի կղզին, որը ծառայում է որպես միջազգային օդանավակայան։ Յումենոսիմա և Օհիսիմա կղզիները նույնպես աղբի թափոնից են սարքված։

Ճապոնիայում ապակու թափոնի 83 տոկոսը վերամշակվում է, մետաղինն ու ալյումինինը՝ 80 տոկոսը, թղթինը՝ 70-ը, պլաստիկ շշերինը՝ 40-ը։ Հոկկայդոյում պլաստիկի վերամշակումից ստանում են էլեկտրաէներգիա։

Սեփական աղբն իբր քիչ է, օվկիանոսն էլ իր հերթին է այս երկրին տարեկան 150 տոննա աղբ «նվիրում»՝ Կորեայից ու Չինաստանից։

 


Գերմանիայում աղբը «վերադաստիարակվում է»

Այս երկրի բնակիչների համար աղբի տեսակավորումը թիվ 1 նշանակության խնդիր է, որն իրականացվում է հենց տանը։ Մի ամբողջ պահարան է հատկացված դրան։ Այնուհետև գերմանացիները տեսակավորված աղբն առանձին-առանձին տանում ու դնում են հսկայական աղբարկղերի մեջ, որոնք տեղակայված են շենքերի առաջին հարկերում։ Աղբարկղերի վրա գրված է՝ որն ինչի համար է նախատեսված։ Ինչպես ճապոնացիների, այնպես էլ գերմանացիների դեպքում բիրտ է հնչում «աղբը նետել» արտահայտությունը։ Նրանք աղբն այնպես են դնում համապատասխան վայրում, ինչպես հավկիթով լցված տոպրակը կդնեն։ Սննդային թափոնն այս երկրում վերամշակում ու դարձնում են պարարտանյութ։ Աղբի մյուս տեսակները Գերմանիայում այրման են ենթարկում։
Միայն Բավարիայում գործում է աղբի այրման 16 գործարան, որոնք մշտապես գտնվում են շրջակա միջավայրի պահպանման դեպարտամենտի հսկողության ներքո։ Աղբն այրում են շատ բարձր՝ 800 C-ից ավելի ջերմաստիճանի տակ։ Արդյունքում արտազատվող թունավոր գազերի քանակը մոտ հազար անգամ պակասում է։

Գյուղատնտեսական թափոններն այստեղ վերածվում են բիոգազի, որից ստացված էլեկտրաէներգիան ատոմային էլեկտրակայանի արտադրածից երկու անգամ ավելի է։ Գերմանիայում հաշվարկվել է, որ երկրի աղբի 70 տոկոսն առաջանում է պոլիէթիլենի օգտագործումից։ Աղբի այս տեսակից խուսափելու համար գերմանացիները հրաժարվել են պոլիէթիլենի փաթեթավորումից ու նախընտրում են կենսական նյութերից արտադրված միջոցները։
Բացի այդ, Գերմանիան նեղ մասնագետներ է պատրաստում, որոնք, օրինակ, շաքարի ճակնդեղի օգտագործումից ստացված թափոնի վերամշակման ելքեր կգտնեն։ Ընդհանրապես, սա մի երկիր է, որտեղ մշտապես փորձում են խնայել. կարմիր լույսի տակ «Մերսեդեսի» շարժիչն ավտոմատ անջատվում է՝ վառելիք խնայելու համար, հյուրանոցների միջանցքներն ու սենյակները մութ են. լույսը վառվում է միայն այն պահին, երբ այցելուի ոտքը դիպչում է շեմին։

 


Շվեյցարական տուգանք կանաչը չհարգելու համար

Կանաչը Շվեյցարիայում Աստծո պարգև չէ։ Կանաչը շվեյցարացին վաստակում է արդար քրտինքով։ Աղբն այս երկրում ոսկերչական տեսակավորման ու մշակման է ենթարկվում, որպեսզի կանաչը կանաչ լինի, երկնքի կապույտը՝ կապույտ, շվեյցարացին էլ՝ ուրախ ու բախտավոր։

Չկա աղբի ու թափոնի որևէ տեսակ, որ Շվեյցարիայում չվերամշակվի։ Նախևառաջ, այդ ամենը ճշգրտորեն տեսակավորվում է։ Շվեյցարացին 7 անգամ մտածում է, հետո միայն աղբը լցնում համապատասխան տոպրակների մեջ՝ ըստ բաղադրության։ Այս երկրում վաճառվում են միայն աղբի համար նախատեսված տոպրակներ, որոնք ամենաթանկն են աշխարհում։ Թուղթն առանձին է վերամշակվում, ստվարաթուղթն՝ առանձին։ Չաշխատող մարտկոցները չեն գցվում աղբը, այլ վերադարձվում են խանութներին։ Ապակու, ալյումինի թափոնի 95 տոկոսը վերամշակվում է։ Կենդանիների դիակները հողի մեջ թաղելն օրենքն արգելում է։ Դրանք պետք է հանձնել։ Չի թույլատրվում անգամ սեփական ավտոմեքենայի յուղը փոխել։ Դա պետք է անեն հատուկ ծառայությունները, որպեսզի հին յուղն իրենց հետ տանեն՝ վերամշակման նպատակով։ Առանձին վերամշակվում են չորացած տերևներն ու ճյուղերը, փողոցի փոշին, ցերեկային լապտերները, կատվի կղանքը, ժամկետանց դեղորայքը և այլն, և այլն։

Աղբը հանձնելու համար շվեյցարացին թանկ է վճարում։ Ինչքան ծանր է տոպրակը, այնքան մեծ է գումարը։ Մեկ կգ աղբն արժե 2,5-5 դոլար։ Աղբը հանձնելու համար կատարված վճարման կտրոնը պետք է փակցված լինի տոպրակին։ Եթե աղբով լի տոպրակը կա, իսկ կտրոնը բացակայում է, միևնույն է հանցագործը պատժից չի խուսափի։ Շվեյցարիայում գործում է աղբի գծով ոստիկանություն։ Ոստիկանը կբացի ապօրինի տոպրակը, կքրքրի պարունակությունն ու միջից հաստատ կգտնի հանցագործի անձը մատնող մեկ այլ կտրոն, ու շվեյցարական կանաչը չհարգող հանցագործն աղբի համար կհատուցի կանաչով՝ 11 000 դոլար տուգանք։

Այս թեմայով