19 Դեկտեմբեր 2013, 17:19
2542 |

Կույտ աղբոց

Ամեն օր տեսնում եմ բազմաթիվ երևանցիների, ովքեր ձեռքի թեթև շարժումով ավտոմեքենայի կամ տան լուսամուտից, փողոցով քայլելիս կամ ուղղակի կանգառում կանգնած «անպետք է» ճակատագրի արժանացած տարբեր մեծության ու ծավալի առարկա են նետում գետնին: Վստահեցնում եմ, եթե նույնպիսի վերաբերմունքի ականատես ես լինում աղբատար մեքենայի մեջ նստած, երբ հետևում կա մի քանի տասնյակ դույլերից կուտակած աղբ ու շտապում ես Նուբարաշեն այն դատարկելու և կրկին վերադառնալու աղբի հետևից, հարց է ծագում, իսկ երևանցիներն ուզո՞ւմ են մաքուր քաղաքում ապրել:

Երբևէ հաշվե՞լ եք՝ օրական որքան աղբ եք նետում ամենակուլ աղբարկղը: Իսկ երբևէ պատկերացրե՞լ եք, որ ձեր աղբի տոպրակը մեկն է միլիոններից ու այն վայրը, ուր նրանք բոլորն ուղևորվում են, ամենևին էլ մոլորակից դուրս չէ՝ Երևանում է՝ Նուբարաշենում: Այսօր արդեն ոչ ոք չի հիշում ով և ինչպես որոշեց, բայց մայրաքաղաքի աղբը դեռ 1950-ականներից հիմնականում սկսեցին կուտակել Նուբարաշենում: Արդյունքում մեր փոքր քաղաքի 52 հեկտարը աղբն իրենով արեց:

Ամեն օր երևանցիները Նուբարաշենի աղբանոց են ուղարկում 800-1000 տոննա աղբ: Ու մինչ համապատասխան պետական մարմինները քննարկում են, թե ինչպես հասնել աղբի կուտակման ու վերամշակման քաղաքակիրթ մեթոդներին, Նուբարաշենի աղբավայրը մնում է նույնը. դրան դեռ չհասած, դրա կողքով անցնելիս ու ահագին էլ անցած պետք է ամուր բռնես քիթդ, հակառակ դեպքում՝ աղբի բույրը դեռ երկար չի լքի այն:

Աղբային խնդիրներ
Մայրաքաղաքի աղբահանությունն ու սանմաքրման աշխատանքներն իրականացնում են 12 վարչական շրջաններից յուրաքանչյուրում առկա 12 մասնագիտացած կազմակերպությունները: Դժվար չէ նկատել, որ տարբեր համայնքներում աղբահանության ձեռագիրը տարբեր է՝ Կենտրոնում, օրինակ, հաճախ կարելի է հանդիպել համեմատաբար նոր աղբատար մեքենաների, իսկ ծայրամասի համայնքներում երբեմն աղբը աղբատարից դժվար է տարբերել: Այդուհանդերձ, ընդհանուր քաղաքային աղբահանության վիճակը դեռևս հեռու է միջազգային չափանիշներից:

Մայրաքաղաքի աղբահանության առաջին խնիդիրներից մեկը Քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության աղբահանության և սանմաքրման բաժնի պետ Հովհաննես Ահարոնյանը համարում է աղբի հավաքման ու տեղափոխման համար նախատեսված համապատասխան ավտոմեքենաների հնությունը: Դրանք հիմնականում ԽՍՀՄ արտադրության մեքենաներ են: Ոչ պակաս կարևոր խնդիր է նաև այն, որ Նուբարաշենի աղբավայրը չունի ցանկապատ, հագեցած չէ համապատասխան աղբ հարթեցնող տեխնիկայով ու օրական մի քանի անգամ այստեղ աղբ թափող մեքենաները կրկին մայրաքաղաքի տարբեր վայրեր են վերադառնում առանց անվադողերի ախտահանման:

Մեկ այլ գլխացավանք են աղբագծեր ունեցող շենքերը: Երևանյան նմանատիպ մի քանի շենքերի բնակիչներ համաձայնել են փակել աղբագիծը՝ հակասանիտարական պայմաններից ազատվելու համար: Ըստ Ահարոնյանի՝ դա լավագույն լուծումն է, քանի որ հատկապես ամռան ամիսներին, անգամ օրական երկու անգամ աղբահանման պարագայում, տհաճ հոտից ու աղբի հետ կապված այլ հետևանքներից գրեթե անհնար է դառնում խուսափել:
Յուրաքանչյուր վարչական շրջան ունի աղբահանման հաստատված իր ժամանակացույցը: Բնակելի շենքերից աղբահանությունը պետք է կատարվի ոչ պակաս, քան շաբաթը երկու անգամ: Մասնավոր տներից, որտեղ զանգի սկզբունքով են աղբի հետևից գնում, նույնպես շաբաթական երկու անգամ: «Ամռան ամիսներին, սակայն, փորձում ենք հասնել նրան, որ ամեն օր իրականացվի աղբահանություն», — ասում է Հովհաննես Ահարոնյանը:

Բայց մյուս կողմից էլ' մաքրությունը միայն աղբահանությամբ չի ստացվի: Դա մշակույթ է, վերաբերմունք սեփական քաղաքի հանդեպ: Անհնար է հասցնել հավաքել անընդհատ թափող քաղաքացիների հետևից: «Ոմանք ալարում են հասնել աղբամանին, աղբը նետում են որտեղ պատահի: Այսպիսի վերաբերմունքի արդյունքում, վստահեցնում եմ, անգամ ամենազարգացած տեխնիկայի պարագայում անհնար է մաքուր քաղաք ունենալ», — ասում է պաշտոնյան:

Արժևորված աղբ
Առաջին հայացքից անպետք ու անվտանգ թվացող աղբը լիովին փոխում է իր բնույթը, երբ հանդիպում է իր նմաններին: «Մեծ քանակությամբ աղբի կուտակումները, ինչպիսիք մենք ունենք Նուբարաշենում, ընդհուպ մինչև պայթյունավտանգ են. անընդհատ իրար վրա կուտակվող աղբածածկ տարածքներում ստեղծվում է առանց թթվածնի միջավայր, այստեղ կուտակվում են զանազան քիմիական միացություններ, որոնք պետք է ինչ-որ տեղից ու ինչ-որ կերպ դուրս գան: Արդյունքում աղբը կամ ինքնահրկիզվում է կամ պայթում», — բացատրում է «Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի նախագահ, աշխարհագրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Կարինե Դանիելյանը: Նմանատիպ իրավիճակներից խուսափելու համար կան հատուկ մեթոդներ:

Դրանցից մեկը աղբը համապատասխան հերմետիկ թաղանթով և հողի շերտով ծածկելն է, որի տակով անցկացվում են հատուկ խողովակներ: Հենց այստեղից էլ կուտակված գազը դուրս է գալիս: Հաճախ այդ գազը կուտակում են ու դրանից էլեկտրականություն ստանում: Գրեթե նույնպիսի մեխանիզմ գործում է նաև Նուբարաշենի աղբավայրում: Միայն թե աղբին հատկացված 52 հեկտարից ընդամենը 8-ի վրա: Այս նախագիծը իրականացվել է ճապոնական «Շիմիձու» կորպորացիայի և Երևանի քաղաքապետարանի համաձայնագրով: Փորված հորանցքներով և հորիզոնական գազամուղներով կուտակվող մեթան գազը մղվում է կենտրոնական ուղղահայաց խողովակ և այրվում: Իհարկե, այրվող CO2-ը առայժմ միայն արտանետվում է մթնոլորտ, չնայած ծրագրով նախատեսվում է դրանից արտադրել 1,4 մգվտ էներգիա:

Հովհաննես Ահարոնյանը համաձայնում է, որ բացթողումներն ու ուշացումները աղբահանման ոլորտում քիչ չեն, բայց ըստ նրա' հուսադրող առաջխաղացումներ էլ կան: Օրինակ՝ կառավարությունում արդեն քննարկում են աղբի վերամշակման հետ կապված հարցեր: «Չնայած, իմ խորին համոզմամբ, մինչև վերամշակմանը հասնելը մենք ընթացիկ ավելի հրատապ հարցեր ունենք լուծելու: Վերջիվերջո, աղբը արժեք է ու պետք է սովորենք արժևորել այն», — նկատում է Ահարոնյանը: Կարինե Դանիելյանն էլ աղբի ու դրա հետ կապված խնդիրների լուծումը տեսնում է միջազգային փորձից օգտվելու մեջ. «Զարգացած պետություններն արդեն վաղուց գտել են լուծումներ այն հարցերի համար, որ այսօր հուզում են մեզ: Մենք, օրինակ, կարող ենք կիրառել եվրոպական տարբերակը՝ աղբի բաժանման մասով: Այնտեղ բնակիչները իրենք են աղբը արդեն առանձնացված լցնում դրա համար նախատեսված տուփի մեջ», — առաջարկում է Կարինե Դանիելյանը, վերհիշելով, որ մեզ մոտ դեռ խորհրդային տարիներին մուտքերում կային դրված առանձին աղբամաններ թղթերի ու հացի համար: Ու չնայած հետո այդ մշակույթը վերացավ, ոչինչ չի խանգարում վերադառնալ դրան: Բնապահպանը համոզված է, որ աղբի առանձնացված լինելը կօգնի նաև խուսափել Նուբարաշենում հակասանիտարական պայմաններում տարբեր իրեր առանձնացնող մարդկանցից:

Շվեդական մոտեցում
Գալիք տարին աղբի համար կարծես բարենպաստ է լինելու: Հովհաննես Ահարոնյանը վստահեցնում է, որ 2014-ի սկզբից աղբահանության ոլորտում արդեն տեսանելի փոփոխություններ կլինեն: Արմատական փոփոխություններ ունենալու համար Երևանը բաժանվել է արևմտյան և արևելյան հատվածների: Յուրաքանչյուր հատվածի համար հայտարարվել է միջազգային մրցույթ: Մայրաքաղաքի արևելյան շրջաններին՝ Արաբկիր, Քանաքեռ-Զեյթուն, Ավան, Նոր Նորք, Նորք-Մարաշ, Էրեբունի, Նուբարաշեն, սանիտարական մաքրման և աղբահանության աշխատանքներ իրականացնելու համար հաղթող է ճանաչվել շվեդական Ecogroup ընկերությունը: «Պայմանները, որ առաջադրվել են այս կազմակերպությանը, հույս են ներշնչում, որ մենք կունենանք եվրոպական չափանիշներին համապատասխանող աղբահանության մակարդակ», — նշում է Հովհաննես Ահարոնյանը: Ecogroup-ը իր աշխատանքը պետք է կազմակերպի 6 ամսվա ընթաքում: Ձեռք են բերվելու նոր մեքենաներ, որոնք առաջին անգամ շահագործման կանցնեն Երևանում, աղբի համար նախատեսված հատուկ փոշեկուլները կփոխարինեն այս պահին օգտագործվող տարբեր ոչ այնքան հիգիենիկ ու էսթետիկ միջոցներին: Երևանյան բակերում ամենից շատ հանդիպող երկաթյա մեծ ու բաց աղբի դույլերը կփոխարինվեն անվավոր և փակվող աղբարկղերով: «Ինչի արդյունքում, ենթադրում եմ, որ բնակիչները կդադարեն բողոքել աղբի հոտից՝ հատկապես ամռան ամիսներին: Կդադարեն աղբամանները շենքերից էլ ավելի հեռու դնելու բողոք-խնդրանքները: Իհարկե, նոր կազմակերպության հետ վերանայվելու են նաև աղբահանության հաճախականությունն ու ժամանակային գրաֆիկը», — հավելում է Ահարոնյանը: Իսկ քաղաքի արևմտյան մասի համար մրցույթը չի կայացել և շուտով նորն է հայտարարվելու:

Դեպի Նուբարաշեն
Օրը սկսում է առավոտյան 7-ից: Նախ' Ազգային ժողով, ապա' նախագահի նստավայր, Կենտրոնական բանկ ու քաղաքապետարան, իսկ հետո' ձյաձ Վոլոդյայի աղբատար նժույգի անիվները տանում են «ծնգլնոց», «բոմժանոց», պուլտով, Նազոյի, Բինգոյի ու էլի երևանյան մի շարք այլ «հայաթներ»: Վոլոդյան 5-6 տարի է այս գործի մեջ է ու չգիտի էլ, ինչու և ինչպես են երևանյան բակերը իր գործընկերների կողմից ստացել այս անվանումները, բայց փաստը մնում է փաստ, որ կողք կողքի գտնվող բակերը նրանք տարբերում են իրենց իսկ կնքած անուններով: Չնայած ենթադրում է, որ օրինակ «ծնգլնոց» են ասում, քանի որ այդ բակը շատ նեղ է ու ծնգլ են լինում մինչև աղբի մեքենայով մտնում դուրս են գալիս: Նազոյի բակ էլ ասում են, քանի որ հենց այստեղ է ապրում վաստակավոր հավաքարար տիկին Նազիկը, պուլտով բակն էլ պուլտով է բացվում, դրա համար են այդպես կոչել: Ամեն բակ իր բարդություններն ու քմահաճույքներն ունի, բարեհամբույր ու ջղային բնակիչները: Կան բակեր, որտեղ Վոլոդյան ու իր երկու օգնականները ամեն անգամ տհաճությամբ են մտնում, նախ' քանի որ դույլի փոխարեն աղբը որտեղ ասես շպրտում են, բացի այդ էլ իրենց արհամարհանքով են վերաբերվում: Այսպիսի երևանցիները չեն էլ պատկերացնում, թե ինչ կկատարվի մեր քաղաքի հետ, եթե մի օր այս ոլորտի բոլոր աշխատակիցները որոշեն աշխատանքից դուրս գալ: «Մեր աշխատանքի մեջ հանգստյան օր չկա, բացակայել չկա: Անձրև, ձյուն, հարսանիք, կնունք՝ աղբը պիտի հավաքված լինի անկախ ամեն ինչից: Մենք էնքանով ենք հաճույք ստանում էս գործից, որ հասկանում ենք, թե ինչքան կարևոր ա մեր արածը», — ասում է ամեն օր Մասիսից Երևան աշխատանքի եկող Վոլոդյան ու ավելացնում, որ երբեմն չեն հասցնում անգամ ճաշել՝ այնքան գործ է լինում անելու: Իսկ երեկոյան նա հենց աղբատարով էլ վերադառնում է Մասիս ու մեքենան կայանում է իր տան բակում:

Երևանցիների մաքրասիրության ու փնթիության հետ անմիջական շփում ունեցող Վոլոդյան, համարում է, որ, ավաղ, փնթիությունը քաղաքացիներին ավելի է բնորոշ: Նա հույս ունի, որ մարդիկ մի օր կհասկանան՝ մի հոգով բան դուրս չի գա, եթե ավելի մաքուր քաղաք ենք ուզում:

Բողոքում է, որ քաղաքացիները հաճախ շինարարական աղբը թափում են դրա համար չնախատեսված դույլերի մեջ, մինչդեռ այն պետք է առանձին մեքենայով տարվի աղբավայր՝ Աջափնյակ:

Վոլոդյայի մեքենան տարողունակ է, աղբը սեղմում է իրար վրա ու կենտրոնով ամեն պտույտի ժամանակ մոտ 7-8 բակ կարողանում են մտնել: Այսինքն՝ աղբ են կուտակում շուրջ 120 մեծ երկաթյա դույլերից: Իսկ հետո ուղեվորվում են Նուբարաշեն՝ դատարկելու: Հաճախ ճանապարհին զավեշտալի դեպքեր են պատահում: «Մի անգամ հիվանդանոցից աղբ տարա, մեկ էլ հիվանդներից մեկի տղան դուրս եկավ' հերը սխալմամբ պրոտեզը գցել էր զիբիլը: Էդ տղան հետևիցս եկավ մինչև Նուբարաշեն, դատարկեցի, սկսեց քուջուջ անել, տենց էլ չիմացա՝ գտավ, թե չէ: Մի անգամ էլ Բինգոյի հայաթում էլի սխալմամբ կարևոր դակումենտներ էին թափել, գտանք հետ տվեցինք, — աշխատանքային առօրյայից կիսվում է Վոլոդյան ու հավելում, — ես աղբն արդեն դեմքով գիտեմ, գիտեմ, ով ինչ տիպի մարդ ա՝ դատելով իրա թափած զիբիլից»:

Աղբոտ հորիզոն
«Ներողություն եմ խնդրում, չեմ հասցրել լվանալ մեքենաս», — ժպտալով ասում է Վոլոդյան, արագ-արագ օդում հաճելի բույր արձակող սրվակը թափահարելով: Հարմար տեղավորվում ենք նրա կողքին ու րոպեներ անց հասնում տեղ…

Հենց մուտքի մոտ յուրաքանչյուր աղբատարի դիմավորում է Նորայրը, ով գրանցում է աղբավայր մտնող մեքենաների քանակը: Նրա հերթափոխի ժամանակ դրանց թիվը հասնում է մոտ 150-ի: Աշխատանքի միօրինակությունից ու աղբոտ իրականությունից շեղվելու համար, Նուբարաշենի աղբավայրի հենց մուտքի մոտ Նորայրը 60 աղավնի է պահում: Բոլոր վարորդների ու եկող գնացողների մոտ նա հայտնի է որպես ղուշբաս Նորայր: Արդեն 10 տարի է՝ այստեղ է աշխատում, ասում է, որ աղբավայրն ահագին դեպի լավն է փոխվել, շրջակայքն ավելի մաքուր է: Սպիտակ աղավնիները'որպես մաքրության խորհրդանիշ, մի տեսակ հույս են ներշնչում, որ տարածքում միայն աղբը չէ թագավոր: Գլխավոր անցակետից ձախ' հաստ խողովակից, մթնոլորտ է արտանետվում CO2-ը: Առաջին հայացքից այն հավերժ հիշատակի հուշարձան է հիշեցնում՝ բոլոր անցնող գնացող աղբերի պատվին: Իսկ եթե ավելի լուրջ' դա ճապոնական «Շիմիձու» կազմակերպության' աղբի վերամշակման սարքավորումն է:

Մեքենայի անիվները գնում են անհարթ աղբի վրայով: Այստեղ խառնվում է նախագահականից, Ազգային ժողովից ու սովորական մահկանացուների բակերից հավաքված աղբը՝ բոլորը հավասար են: Իսկ առջևում հորիզոնն է, որտեղ երևում է միայն աղբ: Աղբի անծայրածիր թագավորությունում, որը մի տեսակ աշխարհի վերջ է հիշեցնում, հոտը դեռ երկար չի լքում քիթդ: Իսկ «ի՞նչ անեմ, որ ավելի քիչ աղբ թափեմ» միտքը չի գնում գլխիցդ:

Իրենց օրն աղբավայրում անցկացնող մարդիկ անծանոթներին այստեղ այնքան էլ ուրախ չեն: Խուսափում են զրույցի բռնվել: Նրանք տեղում թափվող աղբից առանձնացնում են պիտանին: Շշերը և վերամշակման ենթակա այլ իրերը հանձնում են որոշակի գումարի դիմաց: Դա էլ աշխատանք է: Վոլոդյայի աղբատար նժույգը շուտով նորից դատարկ է ու պատրաստ կրկին հավաքելու անթիվ, անհամար ու անընդհատ ավելացող աղբը:

Ինչպես մյուս քաղաքներում
Աշխարհ տեսած մարդիկ ասում են, որ Երևանում աղբի տեսանկյունից վիճակը մայրաքաղաքային է: Այսինքն՝ աշխարհի գրեթե ոչ մի մայրաքաղաք չի փայլում մաքրությամբ, Երևանն էլ այդ առումով ո´չ բացառություն է, ո´չ ծայրահեղություն: Իհարկե, սա չի նշանակում, որ օտար մայրաքաղաքներում քաղաքի կենտրոնից 10 կիլոմետր հեռավորության վրա կարող ես հայտնվել աղբի ծովում կամ երբեմն շենքի 5-րդ հարկից, դիմացովդ սլացող մեքենայի պատուհանից մի բան կթռչի ուղիղ դեմքիդ, բայց գոնե ինձ հետ Երևանում նման դեպք պատահել է: Ու չնայած ըստ վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի' աղբը չնախատեսված վայրում թափելու համար հասանելի է տուգանք, բայց վստահ եմ, որ երկար պետք է փնտրենք երբևէ այս հոդվածով տուգանված երևանցու: Սրանից երկու հետևություն կարելի է անել. կամ շատ մաքրասեր ենք, կամ... գնամ աղբը թափեմ:

Չնայած աղբի վերամշակման ժամանակակից տեխնոլոգիաներին, աշխարհում դեռ կան մի շարք քաղաքներ, որտեղ աղբը կուտակում են բաց երկնքի տակ: Օրինակ՝ տեխնիկական իրերի՝ մասնավորապես համակարգիչների, ամենամեծ աղբակույտերից մեկն աշխարհում Գանայում է: Գրեթե բոլոր զարգացող պետություններն իրենց տեխնիկական թափոնները տանում են այստեղ: Իսկ նյույորքյան աղբակույտը հայտնի է իր բարձր կետերով՝ այստեղ աղբի ամենաբարձր կույտի բարձրությունը հասնում է 25 մետրի: Ընդ որում, սա Նյու Յորքում բացված արդեն երկրորդ աղբավայրն է (առաջինը փակել են 2001-ին և անմիջապես բացել նորը), որտեղ օրական լցնում են շուրջ 13000 տոննա աղբ: Եվրոպայում աղբի թափոնների ծավալով առաջին տեղը զբաղեցնում է Մեծ Բրիտանիան:

Ամենատարածված աղբն աշխարհում համարվում է ծխախոտի մնացորդը: Իսկ յուրաքանչյուր մարդու կողմից առաջացրած աղբի 29%-ը համարվում է էկոլոգիապես մաքուր և ինքնաքայքայվում է: Այդպիսի աղբ է, օրինակ՝ մրգի, ձվի, կարտոֆիլի կեղևը: Իսկ 25%-ը կարտոն և թուղթ է, 13-ը ապակի, 11-ը պլաստիկ, 4-ը մետաղ, մնացած 18%-ը այլ նյութեր են: Առաջին անգամ աղբի վերաշմակման խնդրով զբաղվել են Անգլիայում՝ մոտ 200 տարի առաջ: 19-րդ դարի վերջում այնտեղ կառուցվել է գործարան, որտեղ աղբն այրել են: Այսօր աղբի վերամշակումը ենթադրում է դրա տարբերակում և վերաօգտագործում: Ամենից շատ աղբը վերամշակվում է Շվեյցարիայում՝ 52%, Ավստրիայում' 49,7% և Գերմանիայում՝ 48%:

«ԵՐԵՎԱՆ» ամսագիր, N11, 2013

Այս թեմայով