15 Ապրիլ 2014, 14:09
1549 |

Մութ աշխարհի տիրակալները

Կլոր, մութ ու կեղտոտ աշխատասենյակի մասին քչերն են երազում: Այստեղ կահույք, համակարգիչ ու քարտուղարուհի չկա: Բայց մենք գտանք նրանց, ովքեր այլ կերպ են նայում հարցին, ավելին՝ գոհ են իրենց աշխատանքից: Մտոցների տիրակալները գետնի տակ թե՛ տնօրեն են, թե՛ աշխատակից:

Վազգեն Մալոյան, 55տ.
Վազգեն Մալոյանը ջրաչափերի սպասարկման բաժնի վարպետի ճանապարհն ընտրեց 33 տարի առաջ: Ծառայությունից հետո աշխատանք էր փնտրում ու գտավ այն, ինչ իր սրտով էր ամենից շատ: Առանց ջրի Վազգենը չի պատկերացնում իր կյանքը: Ջրի հետ աշխատելը առանձնահատուկ հաճույք է պատճառում, բնակիչներին ջրով ապահովելը կարևոր գործ է: Ասում է՝ իրենց աշխատանքը շատ դժվար է, քանի որ հիմնականում գետնի տակ է: Երբեմն նաև վտանգավոր է, քանի որ որոշ մտոցներ գտնվում են փողոցների մեջտեղում, իսկ երթևեկությունն էլ առանձնապես հանգիստ ու ապահով չէ: Մեկ օրվա մեջ Վազգենն ու ընկերները կարող են աշխատել 10-20 մտոցի մեջ: Փակ տարածքն ու մթությունն արդեն հարազատ են դարձել: Երևանյան մտոցներում ամեն ինչ տեսած հետաքրքրասեր Վազգենի միակ ցանկությունը քաղաքում ավելի մեծ ու երկար մտոցներ տեսնել է. գետնի տակ գաղտնիքները շատ են, բացահայտելու ցանկությունն էլ՝ մեծ:


Ասլան Պետրոսյան, 66 տ.
«Թու-թու-թու, սատանի ականջը՝ խուլ, էս տարի դեռ չեմ հիվանդացել». ասում է վարպետ Ասլանն ու իջնում մտոցը: Երևանյան մտոցները 66-ամյա վարպետի աշխատավայրն են արդեն 13 տարի: Հպարտությամբ է նշում՝ ջրաչափերի սպասարկման բաժնի վարպետ է: Ասում է՝ սա այն աշխատանքն է, որ պետք է «ատդուշի» անել: Միակ դժգոհությունը փոքր մտոցներն են. գիրության ու հասակի պատճառով երբեմն ստիպված աշխատում է վերևից: Վարպետ Ասլանը Արաբկիր վարչական շրջանների շուրջ 750 մտոցների միակ տեր ու տիրակալն է: Մի քանի տարի առաջ աշխատում էր ընկերոջ հետ՝ անբաժան էին: Ընկերը գնաց Ռուսաստան, թողեց նրան մենակ: Իր աշխատանքը վտանգավոր չի համարում: Վարպետ Ասլանը անգիր գիտի բոլոր մտոցների տեղն ու խնդիրները: Բոլորին խնամում է սեփական թոռների նման: Անգամ նկարվելիս ու հարցերին պատասխանելիս չի ուզում պարապ մնալ. քանի հայտնվել է մտոցում, մի գործ հաստատ կգտնի ու կանի:


Գարիկ Մեհրաբյան, 41տ.
Գարիկ Մեհրաբյանն արդեն քսան տարի մալուխները ձեռքից բաց չի թողնում: 1994-ին, երբ զինվորական ծառայությունից հետ եկավ, որոշեց մալուխագործ աշխատել ու հայտնվեց մտոցներում: Աշխատանքը շտապ օգնության նման է, հիվանդներն էլ համբերատար չեն՝ պետք է վնասված մալուխները արագ սարքել կամ փոխել: Ասում է՝ մտոցում հայտնվելն արդեն իսկ հետաքրքիր է. իջնում ես ու տեսնում այլ աշխարհ. մալուխներ, ջրեր ու էլ ինչ ասես: Աշխատանքի ժամանակ երբեք մենակ չի լինում՝ միշտ պետք է վերևում մեկը լինի, որ ցանկացած խնդրի դեպքում կարողանա օգնել: Մթի ու լույսի հատման տարածքում աշխատող Գարիկի համար կարևորն ամեն ինչին հումորով մոտենալն է. առանց հումորի աշխատանքային օրը օր չէ:


Ռոբերտ Հարությունյան, 55 տ.
Ռոբերտ Հարությունյանի համար մալուխագործի աշխատանքը ժառանգական բնույթ է կրում. հայրը 45 տարի աշխատել է երևանյան մտոցներում: Ռոբերտն էլ իր փորձով հետ չի մնում: Արդեն հասցրել է 33 տարի աշխատել ու որոշել է՝ կաշխատի այնքան, որքան ուժերը ներեն: Այս տարիների ընթացքում աշխատանքից չի հոգնել: Վստահ է, որ չի էլ հոգնի. մալուխների հետ աշխատանք Ռոբերտի համար հետաքրքիր է, հատկապես, որ աշխատում են գետնի տակ: Ասում է՝ թիմային աշխատանքի շնորհիվ ամեն ինչ հետաքրքիր է դառնում, ժամանակն էլ ուրախ է անցնում: Մալուխագործներին բնորոշ հումորների մասին Ռոբերտը նախընտրում է լռել. դրանք հավերժ պետք է մնան մտոցների պատերի ներսում:

Այս թեմայով