30 Հուլիս 2012, 15:28
8835 |

Խորտակված ժամանակների լեգենդները

Շատ հին ժամանակներում, երբ երկրագունդը դեռ տափակ էր, Հայաստանում մարդիկ հավատում էին բնության զորությանը, վախենում տարերքից ու իրենց կերպարով աստվածներ ստեղծում: Մարդու զարգացմանը զուգընթաց հեթանոս աստվածների զորությունն անկում ապրեց. առհավետ անցավ նրանց ժամանակ՝ ընկղմվելով պատմության հորձանուտում: Սակայն բնության ահարկու ուժերի ու կյանքի և սիրո աղբյուր ջրից սկիզբ առնող առասպելներն ու լեգենդները սերնդեսերունդ փոխանցվեցին:

Շամիրամի մանյակը

Շատ լեգենդներ կապված են Մեծ Հայքի երեք մեծ լճերի՝ Սևանի, Ուրմիայի ու Վանի հետ: Ամենագեղեցիկ պատումներից մեկը Ասորեստանի թագուհի Շամիրամի մասին է: Ամբարտավան թագուհին սպանեց ամուսնուն՝ Նինոս թագավորին, ու դարձավ երկրի միահեծան տիրակալուհին՝ եզակի դեպք հին Արևելքում: Վարկածներից մեկի համաձայն, Բաբելոնի տիրակալ Նաբուգոդոնոսոր երկրորդը հենց նրա համար էր կառուցել կախովի այգիները՝ աշխարհի յոթ հրաշալիքներից մեկը: Սակայն կար մեկը, հանուն որի Շամիրամը պատրաստ էր հրաժարվել գահից: Նա խելակորույս սիրահարվել էր Հայաստանի թագավոր Արա Գեղեցիկին: Ասորեստանցի բանագնացները տվեցին նրան իշխանության խորհրդանիշերը՝ թագը, գավազանն ու թուր, ու փոխանցեցին Շամիրամի խոսքերը, «Արի՛, տիրի՛ր ինձ ու իմ երկրին»: Շամիրամը կապել էր վարդագույն մարգարիտների յոթ շարքից բաղկացած կախարդական մանյակը, ու պատրաստվում էր հանդիպել թագավորին, երբ ստացավ ստորացուցիչ մերժումը: Բարկացած թագուհին պատերազմով եկավ Հայաստան՝ հրամայելով իր զորավարներին գերեվարել Արային՝ պահպանելով նրա կյանքը: Բայց սարսափով իմացավ, որ Արան ընկել է ռազմի դաշտում: Վշտալլուկ թագուհին վերադարձավ Ասորեստան, որտեղ բախվեց դավաճանության հետ. բացակայության ժամանակ նրան  գահընկեց էին արել: Շամիրամը փախավ Հայաստան, բայց հետապնդողները հասան նրա հետևից Վանա լճի մոտ, որտեղ դադար էր տվել հանգստանալու համար: Թշնամու ձեռքը չընկնելու համարի Շամիրամը պոկեց վզից հրաշալի մանյակն ու նետեց այն Վանի ջրերի մեջ: Ջուրը կլանեց թագուհու կենսական ուժը, և նա վերածվեց քարե արձանի: Այդ օրից ի վեր լիճն ունի կենարար ուժ: Վան քաղաքի բնակիչները երգեր են նվիրում կյանքը ջրին տված թագուհուն:

 

Սիրո ջուրը

Հեթանոս Հայաստանում ջրի աստվածուհին Աստղիկն էր՝ դուստրը նախամայր աստվածուհի Անահիտի: Աստղիկը կրակի աստված Վահագնի սիրեցյայլն էր: Այդ պատճառով էլ Աշտիշատի նրա տաճարը հայերն անվանում էին «Վահագնի սենյակ»: Կրակի աստվածը գալիս էր այստեղ՝ հանդիպելու իր սիրուհուն, և կրակի ու ջրի միախառնումից տեղում էր բարեբեր անձրև:
Կրակի հարսն իր գեղեցկությամբ գերազանցում էր երկրի ու երկնքի կանանց. սա գիտեին պատանիները: Նրանք գիտեին նաև, որ ամեն գիշեր, երբ արևը մայր էր մտնում ու երկիրը սև շղարշով էր ծածկվում, Աստղիկը լողանում էր Եփրատ գետի սրբազան ջրերում: Աստվածուհու գեղեցկության մասին պատմություններով դյութված պատանիները ափամերձ ժայռերի վրա կրակներ էին վառում, որ դրանց լույսի ներքո տեսնեն հիասքանչ Աստղիկին: Բայց աստվածուհին պատվում էր շղարշով՝ դառնալով անտեսանելի հետաքրքրասեր աչքերի համար:

Աստղիկի հետ է կապված հայերի ամենասիրած տոներից մեկը՝ Վարդավառը: Ըստ վարկածներից մեկի, տոնի անունն առաջացել է «վարդ» բառից ու նշանակում է «վարդերով ծածկել»: Ինչո՞ւ էին այդ դեպքում ջրի տոնն անվանել վարդի անունով: Օգնության է հասնում լեգենդն այն մասին, թե ինչպես անդրշիրիմյան թագավորության տիրակալ Յահվան առևանգեց Աստղիկին: Վահագնին բանսարկելու պատճառով Յահվային արտաքսել էին երկնքից, ու վերջինս քեն էր պահել՝ փնտրելով վրեժ լուծելու հարմար առիթ: Իմանալով կրակի աստծո գեղեցիկ սիրեցյալի մասին՝ Յահվան աստվածուհուն առևանգեց ու փակեց իր ստորգետնյա թագավորությունում: Այդ ժամանակ սերն անհետացավ մարդկանց սրտերից ու տիրեց խավար: Բայց խիզախ Վահագնը գտավ Յահվայի որջը, նրան պարտության մատնեց ու ազատեց սիրուհուն: Երկիր վերադառնալով՝ Աստղիկը մարդկանց վարդեր նվիրեց, նրանց վարդաջրով օծեց. սերը վերածնվեց: Ու ամեն տարի ամռանը, երբ ծաղկում էին վարդերը, հայերը բերում էին դրանք Աստղիկի տաճար ու իրար վրա ջուր ցանում: Ջուրն այդ սիրո մարմնավորումն էր:

Երկրի վրա ու երկնքում

Առավել հին լեգենդներում Աստղիկի անվան հետ զուգահեռ հանդիպում է ջրի տարերքի հետ կապված ևս մեկ կնոջ անուն՝ Ծովինար: Այն առաջացել է «ծով» բառից ու նշանակում է «ծովային»:
«Սասնա ծռեր» էպոսը պատմում է Գագիկ թագավոր դստեր՝ գեղեցկուհի Ծովինարի մասին, որին առնելու պայմանով թշնամի Բաղդադի խալիֆը խոսք էր տվել դադարեցնել Հայաստանի վրա հարձակումները: Իր ազգը օտար լծից փրկելու համար Ծովինարը համաձայնեց դառնալ նրա կինը, բայց պայման դրեց՝ խալիֆը պետք է մեկ տարի չդիպչեր նրան. չէր ուզում այլադավանից երեխաներ ունենալ: Կախարդական աղբյուրից երկու բուռ ջուր խմելով՝ նա հղիացավ ու զույգ որդի ունեցավ՝ Սանասար ու Բաղդասար: Խալիֆն ատեց եղբայրներին ու բազմիցս փորձեց սպանել նրանց, բայց թագուհին կարողացավ երեխաներին պաշտպանել: Սանասարն ու Բաղադասարը մեծացան ու դարձան հուժկու դյուցազուններ, սպանեցին խալիֆին ու մոր հետ միասին վերադարձրին հայկական հողերը: Ծովինարի պատմությունը նմանություններ ունի Լիբիայի՝ Էպաֆի ու Մեմֆիդայի դստեր մասին հին հունական առասպելի հետ: Լիբիան ծովերի տիրակալ Պոսեյդոնից զույգ զավակ ունեցավ՝ Եգիպտոսի ապագա թագավոր Բելն ու փյունիկյան Տիրի թագավոր Ագենորը:

Համաձայն այլ ավանդությունների՝ Ծովինարը ոչ թե երկրային կին, այլ փոթորկի քմահաճ տիրակալուհին էր: Ամպերում խաղալով, նա ըստ իր ցանկության փոխում էր եղանակը՝ երկիր ուղարկելով մերթ բարեբեր անձրև, մերթ՝ ավերիչ կարկուտ: Ամեն տարի երաշտի ժամանակ երեխաները Ծովինարին մարմնավորող Նուրի տիկնիկն էին պատրաստում, այն գյուղով մեկ տնետուն տանում ու ծիսական երգեր երգում՝ փորձելով համոզել աստվածուհուն իրենց անձրև ուղարկել, որպեսզի աշնանը հարուստ բերքահավաք լինի:

 

Սպանել վիշապին

Ծովինարի արած ամպրոպը անհանգստացնում էր մյուս առասպելական էակներին: Երկնքում ապրող վիշապները փոխում էին իրենց դիրքերը լճերի ու լեռների վիշապների հետ, ու նրանց թևերի թափահարումից սոսկալի փոթորիկ էր սկսում: Վաղ հեթանոսական շրջանում այս արարածները համարվում էին ջրի պահապանները: Մենհիրներ՝ վիշապի պատկերով քարի կտորներ, դնում էին բոլոր աղբյուրների մոտ: Կարծում էին, որ վտանգի ժամանակ դրանք կենդանանում ու պահպանում են ջուրը: Բայց ժամանակի ընթացքում պահապան վիշապի կերպարը հայերի գիտակցության մեջ ձևափոխվեց ու վերածվեց հրեշի, որը գետնի տակից սողոսկում էր աղբյուրի ընդերքն ու ամբողջ ջուրը խմում: Կար միայն մեկ տարբերակ, բացելու վիշապի երախը, որպեսզի ջուրը հորդար ու մարդիկ կարողանային հողերը ջրել. պետք էր զոհաբերել գեղեցիկ աղջիկներին: Սակայն երկար չտևեց վիշապի հաղթանակը: Մարդկանց սկսեց օգնել անվախ աստված Վահագնը, որը կռվում ու հաղթում էր վիշապներին, ինչի համար էլ նրան կոչեցին Վիշապաքաղ: Երկար դարեր շարունակ հենց Վանա լճում ուժեղ փոթորիկներ էին սկսվում, մարդիկ ասում էին, որ դա Վահանգն աստվածն է վիշապնի դեմ կռիվ տալիս: 

Այս թեմայով