03 Հունիս 2014, 10:25
4932 |

Քաղաքից դուրս. Քանաքեռ-Զեյթուն

Ի՞նչ կա Քանաքեռ-Զեյթունում, բացի առանց այն էլ բոլորին հայտնի Մոնումենտից և ոչ այնքան հայտնի Խաչատուր Աբովյանի արձանից ու տուն-թանգարանից:

Էմմա Դալլաքյան
23 տարեկան, ուսանող
Ծնված օրվանից Զեյթունում եմ ապրել: Մեր թաղամասը կոչվում էր 14-ի կռուգ: Շատ չարաճճի երեխա եմ եղել. 4-5 տարեկանում մանկապարտեզ էի գնում, բայց չէի հասնում՝ փախնում էի: Այնտեղ մի հատ հի՜ն, լքված կոշիկի գործարան կար՝ «Լյուքսը», մանկապարտեզը հենց դրա կողքն էր: Մեր խմբի տղաների հետ գործարանի բակն էինք գնում, տարբեր խաղեր էինք խաղում, պատերին նկարում էինք, գործիքներ էինք գողանում: Համ էլ բակում լիքը կիսատ-պռատ, հին ու նոր կոշիկներ կային, պադոշի կտորներ:

Դպրոցական տարիներին էլ էի փախնում դասերից, Սրտաբանական ինստիտուտի կողքը մի հատ շենք կար՝ բոլորը «կարմիր շենք» էին ասում, սիրուն կարմիր տուֆից էր, մուտքը՝ Սևակի փողոցից: Մեծերը երեխաներինչէին թողնում գնալ այդտեղ, իսկ ես փախնում-գնում էի ընկերներիս հետ: Հոգի էինք կանչում, էլի տարբեր մութ-մութ բաներ էինք անում, անկապ ծեսեր հնարում:

Ամենաշատը Սևակի փողոցն էի սիրում, որովհետև ծառաշատ էր, ման գալու տեղեր կային: Իսկ ավելի մեծ տարիքում ռոլիկներով էի թափառում ամբողջ Զեյթունով: Դավիթ Անհաղթ փողոցով էլ առաջ տրամվայ էր անցնում, ընկերներով հագնում էինք ռոլիկները, բռնվում տրամվայից ու անվճար երթևեկում:
Մեր հետևի շենքում մի պապիկ էր ապրում՝ Անդո պապին, որը հին իրերի հանդեպ առանձնահատուկ սեր ուներ: Բակում կրպակ ուներ, որտեղ ինչ ասես կարելի էր գտնել՝ է՛լ կկուով փայտե ժամացույց, է՛լ հին աթոռներ, մոմակալներ: Մենք էլ երեխաներով գիշերը թաքուն մտնում էինք կրպակը ու տարբեր բաներ թռցնում: Անդո պապին չխոսկան էր, առանձնապես չէր շփվում ոչ մեկի հետ ու չնայած գիտեր, որ մենք տենց ավազակություններ ենք անում, ոչ մի բան չէր ասում: Այդպես էլ չբացահայտված մնաց մեզ համար, բայց ոնց որ բարի կախարդ լիներ, թվում էր՝ հիմա գրպանից կհանի կախարդական փայտիկն ու կսկսի հրաշքներ գործել: Իր կրպակն ուրիշ աշխարհ էր մեզ համար: Ապրում էր Ազնիվ տատիկի հետ, տատիկն էլ չարի մարմնացում էր, իսկական վհուկ. կապույտ աչքեր ուներ, միշտ պատուհանից կիտած հոնքերով մեզ էր նայում, վախենում էինք:

Զեյթունի շուկան եմ լավ հիշում, առաջ մարդաշատ էր, աշխույժ: Ամեն առավոտ պապիկիս հետ այդ շուկան էինք գնում խնձոր առնելու: Վերջերս մտա ու շատ տխրեցի, որովհետև շատ անմխիթար վիճակում է, վաճառողներն էլ արդեն սիրտ չունեն առևտուր անելու:

15 տարեկան էի, երբ սկսեցի կենտրոն իջնել, որովհետև արդեն ընդունելության համար էի պարապում, իսկ մինչ այդ երբևէ կարիք չէի զգացել կենտրոն հասնելու, որպեսզի օրս հետաքրքիր անցնի: Զեյթունից Կասկադ էի իջնում ոտքով, թեև դեռ կառուցապատված չէր ու այնքան էլ հարմար չէր հասնելը: Ուլնեցու փողոցն այն քիչ փողոցներից է, որ մինչև հիմա գետաքարերով է շարված, ե՜րկար փողոց է, առաջ այդ փողոցով հասնում էի Մայր Հայաստանի մոտ, հետո գնում անտառները, շատ էի սիրում այդտեղ թափառել:

Ի տարբերություն Քանաքեռի, Զեյթուն թաղամասը կառուցվել է համեմատաբար վերջերս
Ի տարբերություն Քանաքեռի, Զեյթուն թաղամասը կառուցվել է համեմատաբար վերջերս

Անձնագիր
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանը զբաղեցնում է 773 հա տարածք, բնակչության թիվը 79,9 հազար է։ Վարչական շրջանն ընդգրկում է Քանաքեռ, Նոր Զեյթուն, Մոնումենտ թաղամասերը: Քանաքեռ-Զեյթունում կա 353 բնակելի շենք, 15 մանկապարտեզ, 14 հանրակրթական և 1 հատուկ, 1 երաժշտական, 1 գեղարվեստի և 1 մարզադպրոց, 2 արվեստի դպրոց, 4 բուհ, 1 մշակույթի տուն, 1 գրադարան: Նաև 22 արդյունաբերական և 52 շինարարական ձեռնարկություն, 8 առողջապահական հիմնարկ, 2 պոլիկլինիկա, 14 ապաստարան և 1 գետնանցում:

Պատմություն
Քանաքեռ համայնքը գտնվում է Երևանի հյուսիսային հատվածում՝ Քանաքեռի հրաբխային սարահարթում: Այն մայրաքաղաքի մաս է դարձել համեմատաբար վերջերս՝ 1958-ին, իսկ մինչ այդ Քանաքեռ գյուղը Կոտայքի մարզի կազմում էր: Հետաքրքիր է, որ Քանաքեռը Երևանի հնագույն համայնքներից մեկն է: Համենայն դեպս, հայտնի է, որ մինչև 1679 թվականի հայտնի ավե- րիչ երկրաշարժը Քանաքեռը աչքի է ընկել միջնադարյան ճարտարապետական յուրահատուկ ոճով:

Զբոսայգիներ
Քանաքեռ-Զեյթունում բավական լայնատարած կանաչապատ տարածքներ կան: Այդպես, Դավիթ Անհաղթի զբոսայգին գտնվում է Դավիթ Անհաղթի փողոցի վերջնամասում։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո բարեկարգման և ծառատնկման աշխատանքների իրականացման արդյունքում ներկայիս Հաղթանակի զբոսայգու տարածքը վերածվեց կանաչապատ գոտու, որը զբաղեցնում էր Սարի թաղից մինչև Արաբկիր ընկած տարածքը։ Այլ կերպ ասած՝ ստեղծվել էր մայրաքաղաքը պաշտպանող հյուսիսային անտառաշերտը, որը բարերար ազդեցություն է ունեցել քաղաքի կլիմայի առողջացման գործում։ Զբոսայգու գլխավոր հուշարձանը, իհարկե, «Մայր Հայաստանն» է, որի պատվանդանում գործում է Հայաստանի ռազմական թանգարանը:

Ռուսական ուղղափառ եկեղեցին Քանաքեռում
Ռուսական ուղղափառ եկեղեցին Քանաքեռում

Եկեղեցիներ
Քանաքեռում պահպանվել են 17-րդ դարում կառուցված Սբ. Աստվածածին և Սբ. Հակոբ եկեղեցիները: Գործում է նաև Ռուսական Ուղղափառ Սբ. Աստվածածին եկեղեցին, որը կառուցվել է 20-րդ դարասկզբին: Քանաքեռում գործող այդ եկեղեցին համարվում է ռուսական ուղղափառ գլխավոր եկեղեցին Հայաստանում:
Սբ. Աստվածածին եկեղեցին, ինչպես և Սբ Հակոբը, նույնպես կառուցված է կարմիր տուֆից 1695-ին: Բարձունքում տեղակայված լինելու և հսկայական քարե պատնեշով շրջապատված լինելու շնորհիվ այն պատերազմի տարիներին շրջակա գյուղի բնակիչների համար հաճախ ծառայել է որպես ամրոց: Ներկայում այդ պատերից միայն ավերակներ են մնացել: Եկեղեցու արևելյան մասում փորված է եղել 70-մետրանոց գետնուղի, որտեղից կարելի էր դուրս գալ դեպի բլրի հյուսիսային հատված, որտեղով հոսում էին աղբյուրներ և կարելի էր ջուր տանել: Ի դեպ, հենց այս եկեղեցու բակում է թաղված Խաչատուր Աբովյանի «Վերք Հայաստանի» վեպի հերոս, ազգային ազատագրական շարժման մարտիկ Աղասին:

Խաչատուր Աբովյանի բազմաչարչար արձանը՝ թանգարանի մուտքի մոտ
Խաչատուր Աբովյանի բազմաչարչար արձանը՝ թանգարանի մուտքի մոտ

Խաչատուր Աբովյանի արձանն ու տուն-թանգարանը
Քանաքեռի ամենահայտնի արձանը Խաչատուր Աբովյանի արձանն է: 1908-ին՝ Աբովյանի կորստյան 60-ամյակին, Թումանյանը, Շիրվանզադեն և Բաշինջաղյանը 5 տարի հանգանակություն են հավաքում և 1913-ին փարիզաբնակ քանդակագործ Անդրեաս Տեր-Մարուքյանին պատվիրում քանդակել Աբովյանի արձանը: Բրոնզից և գրանիտից քանդակը երկար ժամանակ մնում է Փարիզի ձուլարանում և 1925-ին միայն ուղարկվում Երևան: Ճանապարհին այն անհետանում է և զարմանալի կերպով հայտնվում Բաթումի կենտրոնական հրապարակում՝ որպես Եվրոպացի անանուն հեղափոխա-կանի արձան: 25 տարի անց՝ 1933 թվականին, քանդակը տեղադրվում է «Մոսկվա» կինոթատրոնի դիմաց, հետո տեղա-փոխվում մանկական երկաթգծի տարածք՝ մի լքված տեղ և միայն 1964-ին կանգնեցվում Քանաքեռում՝ Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանի դիմաց:

1938 թվականի ապրիլի 25-ին Քանաքեռում Աբովյանի վերակառուցված հայրենի տունը բացվեց որպես թանգարան: Սակայն այսօր հայտնի շենքը կառուցվել է 1978-ին: Թանգարանային հավաքածուն բաղկացած է շուրջ 7000 ցուցանմուշից: Ցուցասրահում ներկայացված են մեծ գրողի կյանքին առնչվող իրադարձությունների վերաբերյալ վկայություններ, իրեր և լուսանկարներ: Այստեղ են ցուցադրված հայ գեղանկարչության մեծ վարպետներ Գևորգ Բաշինջաղյանի «Աբովենց տունը Քանաքեռում ձմեռը», «Աբովենց տունը գիշերը» կտավները և Երվանդ Քոչարի «Պարսիկների հարկահանությունը» գրաֆիկական աշխատանքը:

Քանաքեռի Սբ Հակոբ եղեկեղցին՝ կառուցված 17-րդ դարում
Քանաքեռի Սբ Հակոբ եղեկեղցին՝ կառուցված 17-րդ դարում

Անվանում
Քանաքեռ բառի ստուգաբանությունը առնչվում է Նոյի որդի Քամի անվան հետ, ով, ըստ լեգենդի, ջրհեղեղից անմիջապես հետո հենց այս տարածքում բնակավայր է հիմնում: Այս ավանդույթի համաձայն՝ Քանաքեռն իր պատմության սկզբնական շրջանում կոչվում էր Քամակերտ: Մեկ այլ ավանդազրույցի համաձայն՝ բնակավայրի անվանումը կապված է ոմն իշխան Քանանի անվան հետ: Նրա քույրը ապրում էր այս վայրում, իսկ Քանանը՝ Քանաքեռի արևելյան և ամենաբարձր հատվածում՝ Դարաբաս բլրում: Այդ աղջկան տեղի բնակիչներն անվանում էին Քանանի քույր՝ Քանաքույր կամ Քանաքեռ:

Իսկ համայնքի մյուս թաղը, որի պատմությունը սկսվել է միայն 20-րդ դարում, իր անունը ստացել է Կիլիկիայի հյուսիս-արևելքում գտնվող նշանավոր Զեյթունից։ Համարվում է, որ Զեյթուն անունը կապված է նրա հետ, որ Կիլիկիայի այդ հատվածում շատ ձիթենիներ կան («Զեյթուն» թուրքերեն նշանակում է ձիթենի)։ Իսկ երևանյան այդ թաղամասը Զեյթուն է կոչվել մի շարք այլ թաղամասերի նմանությամբ՝ ի պատիվ հին արևմտահայկական տարածաշրջանների: Սկզբնական շրջանում թաղերի անվանումներից առաջ կիրառվում էր «նոր» ածականը՝ Նոր Զեյթուն, Նոր Սեբաստիա, Նոր Մալաթիա և այլն, սակայն ժամանակի ընթացքում այն դուրս է եկել կիրառությունից:

Երգերում և գրականության մեջ
Աշխարհումը ինչ կուզեի՝
Երևանը իմս լիներ։
Աշխարհումը ինչ կուզեի՝
Երևանը իմս լիներ։
Մանումենտի բաղի միջին
Անմահական տունս լիներ։
Մանումենտի բաղի միջին
Անմահական տունս լիներ։
— Ձախ Հարութ, «Աշխարհումը ինչ կուզեի», 1980-ականներ
Նավը հասել էր Քանաքեռ:
Ցեխ, քամի, անձրև, սով: Ցեխը՝ լպրծուն, տեղ-տեղ սոսինձի նման թանձր, մելանի նման սև, թակարդի նման դավաճան, ժայթքուն, կլանիչ: Եզների կճղակները մղկտում էին, մարդկանց կոշիկները լաց էին լինում: Պատերի վրա՝ ջրով խառնված ալյուրով՝ հրամաններ և կոչեր էին կպցրել: Քաղաքացիները կարդում էին և, առանց մեկնաբանելու, անցնում գնում էին, աչքերը իրենց կոշիկների ծայրերին հառած:
Ամեն կողմից չարուխ հագած զորքեր էին իջնում և երգելով մեկնում դեպի անհայտ ուղղություններ:
Քանաքեռի զառիվերի վրա քիչ էր մնացել որ նավը հետ սահի: Գդրանների ետև կուտակած մեծ քարերը ազատեցին: Այլևս, նավը քաշում էին և քարերն էլ ետևից: Նավը ուզում էր ետ փախչել:
— Կոստան Զարյան, «Նավը լեռան վրա», 1943

«ԵՐԵՎԱՆ» ամսագիր, N1-2, 2014

Այս թեմայով