10 Ապրիլ 2014, 16:15
1307 |

Գրկել ասֆալտը

Մաուգլիի հետ նմանությունների, երաժշտասեր կատուների, քաղաքի սահմանապահ զինվոր լինելու, Երևանից քաղած դասերի և զրույցների մասին պատմում է երգահան, դրամատուրգ և սցենարիստ Քրիստ Մանարյանը:

Մանկությունս անցել է Անտառային փողոցում, սեփական տանը, այն գտնվում է ներկայիս նախագահական նստավայրի հետևում: Պարտեզ ունեինք, որի դռնակը բացվում էր հենց անտառի մեջ: Ընկերներս կատակում էին, ասում էին, որ քաղաքի կենտրոնում ապրող Մաուգլին եմ, որովհետև օրերով ծառերից չէի իջնում, կենդանիների հետ էի ընկերություն անում: Հետո տեղափոխվեցինք Մաշտոցի պողոտայում գտնվող մեր այժմյան բնակարանը:

Պատերազմի տարիներին հարևանները կտրտեցին անտառը, վառեցին ու նաև՝ վաճառեցին: Դա ինձ համար սրբապղծություն էր: Մեր տան դիմաց թթենի ունեինք, այն մինչև այսօր էլ պահպանվել է ու հսկում է իմ մանկությունը՝ էդ էր պակաս, որ որևէ մեկը նրա վրա ձեռք բարձրացնի:

Կարոտում եմ մեր Անտառային փողոցը, տունը, պարտեզը, կտուրը, որտեղից երևում էր ողջ քաղաքը: Մինչև այսօր էլ երբեմն գնում եմ այնտեղ, հիշում մանկությունս: Մի նեղլիկ առու կար, որը հիմա մնացել է նոր տների ու ավտոտնակների տակ և չի երևում: Բայց երբ զբոսնում եմ այդ հատվածով, լսում եմ նրա ձայնը: Գուցե ինձ պարզապես թվում է, չգիտեմ:

Սիրում էի նստել մեր տան կտուրին ու երգեր գրել, նվագել. շրջակայքում շենքեր գրեթե չկային՝ ամբողջ քաղաքը երևում էր կտուրից: Ես ձեռքս պահում էի տակն ու թվում էր, թե Երևանն ափիս մեջ է… Իմ առաջին ունկնդիրները կատուներն էին՝ կտուրին նստած լսում էին, թե ինչպես եմ նվագում: Հետո էլ ինքս գիշերները կատվի նման փախչում էի երկրորդ հարկի մեր պատուհանից ու ոտքով զբոսնում քաղաքում, հասնելով մինչև Քանաքեռ ու ավելի հեռու: Լուսաբացին վերադառնում էի: Ծնողներս կարծում էին, թե քնած եմ եղել:

Կիթառս վերցնում ու թափառում էի Երևանի փողոցներով, պառկում էի որևէ կանգառի նստարանին ու նայում էի երկնքին: Քաղաքն ինձ այնքան հարազատ էր, որ մեր Անտառայինում գրկում էի ասֆալտն ու պատահել է, որ նույնիսկ քնել եմ՝ արթնանալով մոտեցած մեքենայի լուսարձակներից:

Սովորել եմ Խաչիկ Դաշտենցի անվան թիվ 114 դպրոցում: Մեր դպրոցն անվանում էին «բիթլոմանների» դպրոց: Եվ ոչ իզուր՝ մեր չափ ոչ ոք ռոք երաժշտություն չէր սիրում ու լսում այն տարիներին:

Առանձնապես չեմ սիրել դպրոցը՝ ոչ թե կոնկրետ մեր դպրոցը, այլ ընդհանրապես այդ հաստատությունը, քանի որ շատ ազատամիտ եմ եղել: Գտնում էի, որ եթե որևէ մեկին չեմ խանգարում ազատամտության իմ բռնկումներով, ուրեմն իրավունք ունեմ ուզածս անելու: Դասի ժամանակ լոտոսի դիրքով ծալապատիկ նստում էի դասասեղանին, մազերս երկարացնում էի ու չէի կտրում: Դուրս էին հրավիրում դասարանից: Բայց իրականում արածներս բարի չարություններ էին:

Ֆորշի կատարմամբ «Զբոսանք Երևանով» իմ հեղինակած երգում այսպիսի տող կա՝ «Քո մասին են իմ բոլոր երգերը»: Կարծում եմ հենց սա է ճշգրիտ բնութագրում իմ ստեղծագործական ուղին, նույնիսկ այն երգերը, որոնք Երևանի մասին չեն կամ գրված են մայրաքաղաքից հեռու, միևնույն է՝ համակված են երևանյան տրամադրությամբ: Մի քանի տարի ԱՄՆ-ում ապրեցի, Գլենդելի մասին երգ գրեցի, որը արդյունքում կրկին երևանյան շնչով էր հագեցած՝ «Ինձ կարոտն է մաշում, Երևանն եմ հիշում Գլենդելում, Բրանդ փողոցում»: Եթե ինձ հարցնում են՝ «որտե՞ղ ես ապրում», պատասխանում եմ՝ «Ես ապրում եմ Ռուբեն Հախվերդյանի երգերի Երևանում»:

ԱՄՆ-ում բնակվելու տարիներին ոմանք զգուշացնում էին, ասելով, որ եթե երկար մնամ օտարության մեջ, Երևանը «դուրս կգա միջիցս»: Ի պատասխան բարձր ծիծաղում էի՝ նույնիսկ եթե ձեռքերս կապեն ու գլխիվայր ինձ ջրհորի մեջ իջեցնեն՝ միևնույն է, Երևանի մասին եմ գրելու, որովհետև այն այնքան շատ է մեջս, որ երբևէ չի վերջանա, ես Երևանն ամենուրեք տանում եմ հետս:

Որքան էլ սիրենք Երևանը, չենք կարող սիրել այնքան, որքան Նա է մեզ սիրում: Այդ սերը պետք է անդադար փոխադարձել: Միևնույն է, չենք կարողանալու մինչև վերջ այն արտահայտել՝ մեզնից հետո դա կշարունակեն անել սերունդները: Իմ դուստր Լիլիթն օրինակ՝ ահավոր հայրենասեր է ու երևանցի, նրա ներկայությամբ Երևանին «բան ասել» չի կարելի: Պետք է վերադարձնել քաղաքի հանդեպ ունեցած պարտքը հենց սիրո տեսքով:

Երևանում ամեն ինչ՝ սկսած օդից, ծառերից, թփերից, քարերից շատ երևանյան է: Ընդունում եմ, որ մեր քաղաքի դեմքն աղավաղվել է, ու շատ բաներ իրենց բնույթով և տեսակով արդեն երևանյան չեն, բայց յուրաքանչյուր նոր շենք մեկ շաբաթ հետո ինձ համար դառնում է «հին երևանյան»:

Գյուղից, սփյուռքից, եվրոպաներից իրենց բարքերը Երևան բերող մարդիկ, համոզված եմ, ընդունում են Երևանի չգրված օրենքներն ու ինչ-որ չափով երևանցի են դառնում:

Երևանը ինձ համար պարզապես քաղաք չէ, կրոնի պես մի բան է: Երևանցին՝ բարձրագույն արարած է, որովհետև մեծահոգի է, դեմոկրատ է, ամենակիրթն է, ամենաբարին է:

Դե իհարկե, կան մարդիկ, ովքեր այս քաղաքի դեմքն են: Երբեմն երիտասարդներն ինձ հին երևանցի են անվանում: Չգիտեմ, դա ինչ է, բայց նրանք տեսնում են դա իմ մեջ, իսկ ես նրանց երբեք չեմ հիասթափեցնի: Ուրեմն այո՝ հին երևանցի եմ:

Հայը հային միանգամից աչքերով զգում է: Ես դրսերում այդպես կարողանում եմ զգալ երևանցիներին, գրեթե ոչ մի անգամ չեմ սխալվել:

Մի անգամ հայրս ասաց մորս՝ «Ես Պարսկաստանում եմ ծնվել, դու՝ Հունաստանում, բայց Քրիստը երևանցի է»: Դրանից բարձր գնահատական ինձ դեռ ոչ ոք չի տվել:

Սիրում եմ պարզապես փողոցում տեղադրել տեսախցիկն ու նկարահանել անցուդարձը՝ սա է իսկական տեսահոլովակը: Ով ինչ կհասկանա եկող-գնացող ավտոմեքենաներից ու մարդկանցից՝ իր գործն է, համենայն դեպս, հենց նման տեսահոլովակը կարող է փոխանցել իմ երգերում ապրող քաղաքի ճիշտ տրամադրությունը:

Երևանի հանդեպ տածած սերը անբուժելի հիվանդություն է: Հայրս պատմում է, որ երբ Պարսկաստանում փակեցին հայկական դպրոցները, ինքը հեծանիվով գնում էր հեռավոր գյուղերն ու դաս էր տալիս այնտեղ ապրող հայ մանուկներին, որ լեզուն չմոռանան: Հետո նա հավաքեց իր բոլոր ընկերներին ու բերեց նրանց մշտական բնակության հայրենիք՝ Երևան: Մայրս էլ պատմում է, որ երազում էին տեսնել Մասիսը՝ «հետո ինչ լինում է՝ լինի»:

Երբեմն, երբ անկարող եմ դառնում դիմանալ անվերջանալի, աղմկոտ եռուզեռին՝ քաղաքից դուրս եմ մեկնում մեքենայով: Հենց այդ ժամանակ եմ հասկանում, թե իրականում ինչպիսին է Երևանը, Հայաստանը: Ոմանք իրենց մի կտոր Երևանը սարքել են անճաշակ, խայտաբղետ, գնչուի գլխաշոր հիշեցնող մի բան: Բայց միևնույն է, գիշերները մեր քաղաքն առաջվանն է դառնում: Պետք է փորձենք վերադարձնել Երևանի դիմագծերն ու որոշակիացնել դրանք:

Երևանը՝ քաղաք-պետություն է, ինձ համար նա աշխարհի կենտրոնն է: Չեմ համարում, որ արտերկրում ապրած տարիներին դավաճանել եմ քաղաքիս: Եթե որևէ մեկին սիրում ես, չի նշանակում, որ ամեն վայրկյան պիտի քիթ քթի շփվես հետը: Կարող ես և բաժանվել որոշ ժամանակով, այդպես նրա գինն ավելի լավ ես հասկանում: Շատերը մտածում էին, որ չեմ վերադառնա, բայց լավագույն ընկերներիցս մեկը՝ Լևոն Սաղաթելյանը, ինձ իմանալով նույնիսկ գրազ էր եկել մի քանիսի հետ, համոզված, որ հետ եմ գալու: Ավելորդ է ասել, որ Լևոնը գրազը շահեց:

Երբ ժամանակակից արվեստի թանգարանի առջև գտնվող մեր այգին, արձանները քանդում էին՝ մի քանի շաբաթ զբաղվում էի այդ հարցով, պայքարում էի, բայց մեր շենքի բնակիչների մեջ միասնականություն չկար: Մի օր շատերը զիջեցին, հասկացա, որ միայնակ եմ մնում այդ կռվում: Բայց միևնույն է, պետք է առանց վախենալու պայքարել, իհարկե՝առանց որևէ թշնամության:

Երևանն ինձ սովորեցրել է լավատես լինել՝ լուսաբացից առաջ գիշերն ամենամութն է լինում: Այսօր ճնճղուկների փոխարեն ագռավների կռկռոցից ենք արթնանում. շատ խորհրդանշական է՝ ճնճղուկներին քշել են: Բայց նույնիսկ այդ կռկռոցի մեջ փորձում եմ լավ բան տեսնել: Իսկ ճնճղուկները մի օր հաստատ վերադառնալու են, որովհետև նրանք էլ են երևանցիներ:

Երևանի աղջիկները ամենագեղեցիկն են աշխարհում: Տարբեր երկրներում եմ եղել ու շատ գեղեցիկ կանայք եմ տեսել, բայց հայուհիները տարբերվում են բոլորից, որովհետև ներքին լույս կա նրանց մեջ:

Ինքս ինձ Երևանի սահմանապահ զինվորներից մեկն եմ համարում: Երևանը հղկում ու մարդ է դարձնում մեզ, բացատրելով՝ վհատվելու փոխարեն պետք է շարունակել գործել խղճի մտոք և երբեք կիսատ չթողնել այն գործը, որին զինվորագրվել ես:

Բանակում ծառայելու տարիներին մտովի ժամերով զբոսնում էի Երևանի փողոցներով ու փորձում էի գտնել որևէ բակ, որտեղ չեմ եղել: Այդպես էլ չգտա:

Մինչև այսօր էլ շարունակում եմ զբոսնել գիշերային Երևանով, ոչ թե որ գտնեմ իմ կորած քաղաքը, այլ որ բարևեմ ու խոսեմ ծառերի, քարերի հետ: Քայլելիս հաճախ ձեռքով դիպչում եմ ճանապարհին հանդիպած բոլոր ծառերին, խոսում եմ փողոցի կատուների հետ՝ ինչ ուզում են, թող մտածեն, թող կարծեն՝ Երևանի գժերից մեկն եմ: Իմիջիայլոց, առանց գժերի Երևանը Երևան չէ: Ծանր տարիներին նրանց չէի հանդիպում, հիմա, փառք Աստծո, մի քանիսը նորից հայտնվել են, գիշերները փողոցից ուրախ գոռգոռոց եմ լսում ու հանգիստ շունչ եմ քաշում՝ խելառների նոր սերունդն է եկել:

Միշտ մտքումս զրուցում եմ Երևանի հետ, համբերություն եմ մաղթում նրան ու խնդրում եմ, որ չհուսալքվի: Իսկ նա բարեհոգի քմծիծաղով ամեն անգամ պատասխանում է՝ «Տղա ջան, էդ բոլորը ես գիտեմ, էդ դու իմացի: Շնորհակալ եմ լավ խոսքերի համար, բայց գործդ արա՝ ավելին քեզանից չի պահանջվում»: Դրա մեջ արհամարհական բան չկա, մեծի ասածին պիտի ականջ կախես: Իսկ Երևանից մեծ ինձ համար ոչինչ գոյություն չունի:

«ԵՐԵՎԱՆ» ամսագիր, N3-4, 2014

Այս թեմայով