08 Հուլիս 2014, 17:13
6181 |

Քաղաքից դուրս. Շենգավիթ

Ինչպիսին է կյանքը Երևանի այն համայնքներում, որտեղից «քաղաք են իջնում», ինչի պակաս են զգում դրանց բնակիչները, ինչ առանձնահատկություններ ունեին ծայրամասերը նախկինում և ինչ առավելություններ ունեն կենտրոնի նկատմամբ այսօր:

Իրինա Ռաֆայելյան
30 տարեկան, դիզայներ
Սկզբում, երբ դեռ չէի բնակվում 3-րդ մասում, դա ինձ համար մի վերացական, անհրապույր վայր էր: 3-րդ մասի մասին լսելիս, պատկերացնում էի Երևանի կենտրոնից բավականին հեռու մի բնակավայր, որը պիտի որ ունենար խուլ ծայրամասին բնորոշ անտաշ ու բիրտ բնակչություն, որն էլ իր հետամնացության պատճառով անհեռանկար իրականության մեջ ապրեր՝ հեռու քաղաքակրթությունից ու մարդկային մտքի նվաճումներից:

Վերաբերմունքս փոխվեց, երբ ինքս տեղափոխվեցի 3-րդ մաս: Պարզվեց, որ այդքան էլ հեռու չի կենտրոնից ու առավել ևս քաղաքակրթությունից: Մասնավոր դեպքեր, իհարկե, պատահում են, երբ ականատեսն ես դառնում ինչ-որ մի դրվագի կամ բախվում ես ինչ-որ մեկի հետ, որից հետո թևաթափ ես լինում ու հիասթափվում բնակավայրիցդ: Բայց դե, քաղաքի ո՞ր հատվածում նման բաների չես հանդիպի՝ ամեն տեղ էլ կա անհույս դեգրադացված հասարակարգ: Հին երրորդ-մասցիները պատմում ու հպարտանում են իրենց բնորոշ բակային մշակույթով՝ իրար օգնելու, մասնակից լինելու սովորությամբ, բայց դե ես դեռ չեմ ընդգրկվել այդ կուռ ու համերաշխ հարևանության մեջ: Փոխարենը երեկոյան ժամերին խանութ գնալիս գիրուկ մարմնավաճառների հնարավոր չի չնկատել:

Քաղաքի էլ ո՞ր մասում երեկոյան 9-ին կհանդիպես նրանց կենտրոնական փողոցներից մեկի ամենից լուսավոր ու մարդաշատ վայրում:
Խանութները շատ են, միանման ու կենտրոնից անհամեմատ էժան: Մթերքը, դեղորայքը, տնտեսական պարագաները, հագուստը (ոչ միշտ ոճային ու որակյալ) ողողում են 3-րդ մասի խանութները, իսկ շատ դեպքերում նաև մայթերը: Իսկ գիշերային ժամերին, երբ հանգում են մանր-մունր խանութների լույսերը, միշտ կա «Երևան Սիթին», որի շուրջօրյա ու թանկ սպասարկումից մեծ հաճույքով օգտվում են բոլորը:

Տրանսպորտային խնդրի հետ ևս երբեք չեմ առնչվել՝ քաղաքի ցանկացած ուղղությամբ գնացող երթուղայիններ կան: Միակ պրոբլեմը հաճախակի խցանումներն են, ինչի պատճառով 20 րոպեանոց ճանապարհը կտրում ես կրկնակի դանդաղ: Բայց մետրոն իսկական փրկություն է՝ արագ, մաքուր, ու ճիշտ ժամանակին:
Ամբողջ Շենգավիթի համար չեմ կարող ասել՝ ճիշտն ասած, դեռ տեղանքը նորմալ չեմ ուսումնասիրել, բայց գոնե մեր 3-րդ մասում արդեն տեսել եմ, որ, ցավոք, շատ քիչ են կանաչ տարածքները: Մեծ հաշվով, ոչ թե քիչ են, այլ համարյա չկան, մենակ մի փոքրիկ վերակառուցված պուրակ նախկին Կուլտուրայի պալատի կողքին: Բայց դա էլ այնքան փոքրիկ է, որ երկար զբոսնել հնարավոր չի: Ոչ շատ հեռու Կոմիտասի այգին է, բայց դա էլ այնքան անմխիթար վիճակում է, որ այնտեղ ժամանակ անցկացնելու ոչ մի ցանկություն չկա:

1930-ականներին կառուցված փայտյա բնակելի շենք 3-րդ մասում
1930-ականներին կառուցված փայտյա բնակելի շենք 3-րդ մասում

Ռոբերտ Վարդանյան
57 տարեկան, Ճագարաբույծ-սելեկցիոներ
Ապրում եմ 3-րդ մասում 1970-ականներից: Այն ժամանակ դպրոցական տղա էի ու ամեն առավոտս սկսվում էր Կիրովի անվան գործարանից (որը հետո դարձավ «Նաիրիտ արտադրական միավորում») եկող կարբիտի հոտով: Երբեք չեմ մոռանա այդ համատարած հոտը, որի պատճառով համարյա արցունքոտված աչքերով գնում էի դասի:

Իմ հիշողության մեջ տպավորված է այն ժամանակվա երրորդմասցիների բարյացակամությունը: Անգամ անծանոթ մարդիկ անմասնակից չէին մնում ուրիշի դժբախտությանը, ձեռք էին մեկնում, օգնում իրար: Հիմա, միգուցե, ինչ-որ չափով պահպանվել է այդ վերաբերմունքը, բայց չկա նախկին պատրաստակամությունն ու միմյանց հանդեպ վստահությունը: Չնայած, շատ վարորդներից լսել եմ նմանատիպ պատմություններ, երբ իրենց մեքենայի անսարքության պատճառով անհարմար իրավիճակների մեջ են ընկել, քաղաքի այլ մասերում այդքան ձեռք մեկնող չի եղել, որքան 3-րդ մասում: Իսկ ժամանակին, առավոտ շուտ դեռ չբացված խանութների դիմաց առաքիչները մածունի շշերով արկղեր էին թողնում: Ամեն մեկը կարող էր վերցնել մածունը, փոխարենը թողնելով դատարկ շիշ՝ մեջն էլ 15 կոպեկ: Այ այդպիսի ազնվություն կար մարդկանց մեջ: Ընդհանրապես, մթերային գնումներ կատարում էին Սպանդարյանի հրապարակի գաստրոնոմից ու օգտվում ունիվերմագից: Ժամանցն էլ ապահովում էին իրարից ոչ շատ հեռու գտնվող հայտնի կինո «Հայրենիք» ու փոքրիկ՝ 300 նստատեղով «Սևան» կինոթատրոնը: 3-րդ մասը այդ ժամանակ ուներ մականուն՝ Հնդկաստան, այդ կինոթատրոններում հաճախակի ցուցադրվող հնդկական ֆիլմերի պատճառով: Նմանատիպ ֆիլմերից առաջ տոմսարկղերի մոտ մեծ հերթեր էին գոյանում. երևի աշխատավոր դասակարգը, որը 3-րդ մասի հիմնական բնակչությունն էր, սիրում էր սենտիմենտալ պատմություններ: Գործում էր նաև Կուլտուրայի պալատը, որն այն ժամանակ շատ կարևոր մշակութային օջախ էր: Ինչ ասես արժեր մենակ թատերական մասի պտտվող բեմը, որը եզակիներից էր մեր քաղաքում: Ի դեպ, հենց այդ բեմում է նկարահանվել «Շրթներկ N4» կինոֆիլմի հանրահայտ հատվածներից մեկը, որտեղ տղամարդիկ պարում են «Փոքրիկ կարապների պարը»:

Իհարկե, բացի այս ամենից, 3-րդ մասը հայտնի էր իր քրեականացված խմբավորումներով. այդ համբավը մինչև հիմա դեռ կա: Յուրաքանչյուր թաղամասում ապրում էին ամբիցիոզ երիտասարդներ, ովքեր կազմում էին թաղամասային խմբավորումներ, այդ խմբավորումներն ունեին իրենց առաջնորդները, առաջնորդներն էլ կազմակերպում էին ընդհարումներ ու «խփոցիներ»: Ժամանակին տղամարդկանցից շատերը, եթե ոչ բոլորը, հպարտությամբ էին նշում իրենց բնակության վայրը, ինչն էլ իր հերթին պիտի վկայեր վերջինիս պատկանելությանը նմանատիպ մի խմբավորմանը: Բայց ժամանակի ընթացքում, ինչպես և շատ ու շատ այլ 3-րդ մասին բնորոշ բաներ, այս երևույթն էլ քիչ-քիչ ընդհատակ գնաց:

Ամեն ինչ փոխվեց 90-ականներին. ընդհանուր մթնոլորտն ու տրամադրությունը, փողոցների տեսքն ու լուսավորությունը: Այդ մութ ու ցուրտ տարիներից հետո շատ բան չի փոխվել 3-րդ մասում՝ շատ թաղամասերում ժամանակը ոնց որ կանգնած լինի 1993 թվի վրա. մասսայական ծառահատված մայթեր, տրորված խոտ, կեղտոտ ու անխնամ նրբանցքներ, քարքարոտ ու անասֆալտ փողոցներ: Միակ բանը որ տարբերակում է մեր օրերի 3-րդ մասը 90-ականների 3-րդ մասից, մասնավոր սեփականատերերի ու խանութների քանակն է, ինչից ամենևին չի դժգոհում տեղաբնակը:

Անձնագիր
Երևանի ամենամարդաշատ շրջաններից մեկն է՝ 146 հազար բնակիչ, զբաղեցնում է մոտ 40 կմ2 տարածք: Ներառում է Ներքին Շենգավիթ, Վերին Շենգավիթ, Ներքին Չարբախ, Վերին Չարբախ, Նորագավիթ, Աերացիա թաղամասերը:

Պատմություն
20-րդ դարի կեսերին Երևանում մեծ թափ սկսեց առնել գործարանաշինությունը: 1930-ական թվականներին էլ հիմնվեց Երևանի կաուչուկի քիմիական գործարանային համալիրը, որը բաժանված էր չորս մասի: Առաջին մասում տեղակայված էին արտադրամասերը, 3-րդ մասում՝ բնակավայրերը: Շատ շուտով այստեղ տներ ստացան ու բնակվեցին ոչ միայն գործարանի աշխատակիցները, այլև ամբողջ գործարանային հատվածի աշխատողները: Ավելորդ չի լինի նշել, որ այս բնակելի հատվածի զարգացմանը նաև նպաստեց Երևանի տնաշինարարության կոմբինատը, որը կառուցեց առաջին խոշորապանել բնակելի տները հենց այդ միկրոշրջանում:

Բանվորի արձան
Արա Հարությունյանի հեղինակած Բանվորի արձանը (պաշտոնապես այն կոչվում էր «Փառք աշխատանքին») կանգնեցվել էր Շենգավիթը քաղաքի հետ կապող «Գործարանային» մետրոյի կայարանի հարևանությամբ 1980 թվականին: 1997-ին այն ապամոնտաժվեց և ոչնչացվեց՝ այսօր պահպանվել են միայն բեկորներ: 2011 թվականին Art-Laboratory նկարիչների և արվեստագետների միավորումը արձանի մասին հիշատակը փորձեց հավերժացնել «Գործարանայինի» պատին՝ տրաֆարետի տեսքով: Իսկ բուն արձանի՝ նախկինում զբաղեցրած տարածքում ավտոտեխսպասարկման, ավտոմասերի և շինանյութի շուկա է գործում:

Բանվորի արձանի տեղում այժմ շինանյութի շուկա է գործում
Բանվորի արձանի տեղում այժմ շինանյութի շուկա է գործում

3-րդ մասի փայտյա թաղամասը
1930-32 թթ. Երրորդ մասում բնակելի նոր թաղամաս կառուցվեց՝ նախատեսված սինթետիկ կաուչուկի գործարանի աշխատողների համար: Ճարտարապետներ Գ. Քոչարի, Մ. Մազմանյանի, Ն. Մարգարյանի, Ս. Սաֆարյանի խնդիրն էր կառուցել նոր լուծումներով բնակելի թաղամաս: Ութ մասից բաղկացած թաղամասը հարավային հատվածում պետք է ունենար այգի, մանկապարտեզ, դպրոց, հանգստի վայր: Եռահարկ փայտե շենքերն այսօր չնայած ծերացել են, բայց դեռ համառորեն կանգնած են Երրորդ մասի կենտրոնում: Երրորդ մասին բնորոշ տապից պաշտպանում էին բակերում գտնվող ջրավազանները: Ամառն իսկական տոն է այս թաղամասի երեխաների համար. լողալ կարելի է ամբողջ ամառ: Ջրավազաններն ի սկզբանե նախատեսված են եղել հրդեհից շտապ փրկելու համար, քանի որ շենքերը փայտից են, հրդեհներն՝ անխուսափելի: Հրդեհի պատճառով ժամանակին վերացել է թաղամասի հինգերորդ հատվածը, այժմ դրա փոխարեն շուկան է:

Գրականության մեջ
Էդ գիշեր Մոնիկան տունտեղը, երկու անչափահաս երեխաներին, իրենից տասնվեց տարով մեծ բռնակալ ամուսնուն թողեց, փախավ կրքոտ Լուիսի մոտ և սեր արեց նրա հետ նախ խոտի դեզի վրա, հետո երկտեղանի, շքեղ մահճակալի վրա, ապա բաղնիքում՝ հոսող ջրի տակ: Խեղճ, ամոթխած, նամուսով հայ կանայք ո՜նց էին ուզում նրա տեղը լինել: Իսկ երբ Խորխեն բռնացրեց այդ աղավնյակներին կտուց-կտցի տված և իր ատրճանակն ուղղեց կիսամերկ Մոնիկայի և կիսահագնված Լուիսի կողմը, մեր հարևան Վարդուշը չոքեց Էրեբունի հիվանդանոցից մինչև Շենգավիթ քաշած լևի հոսանքով աշխատող հեռուստացույցի առաջ և ասաց. «Չկրակես, գեդինը դնեմ, էդ բանը չանես»:

Էդ գիշեր մեր թաղի անաշխատանք, Շենգավիթի շրջանի ոստիկանության կողմից հետախուզվող մարդիկ հավաքվել-պպզել էին Ստյոպենց պատի տակ և մի քանի շիշ օղիով, մի քանի քաշ պլանով, մի քանի թթու դրած վարունգով նշում էին նրա՝ Կոշի գաղութում գտնվող որդու ծնունդը: Խմում էին ու անզորությունից խեղդվում:
— Համբարձում Համբարձումյան, «Էդ գիշեր», 2004

«ԵՐԵՎԱՆ» ամսագիր, N1-2, 2014

Այս թեմայով