30 Հունիս 2014, 10:16
3543 |

Քաղաքից դուրս. Նորք-Մարաշ

Ինչպիսին է կյանքը Երևանի այն համայնքներում, որտեղից «քաղաք են իջնում», ինչի պակաս են զգում դրանց բնակիչները և ինչ առանձնահատկություններ ունեին ծայրամասերը նախկինում և ինչ առավելություններ ունեն կենտրոնի նկատմամբ այսօր:

Նանոր Պետրոսյան
29 տարեկան, ռեժիսոր
Երբ Պարսկաստանից եկանք Հայաստան, սկզբում ապրում էինք Շահումյան շրջանում, հետո երկու տարով տեղափոխվեցինք Բարեկամություն և վերջում եկանք Նորք-Մարաշ: Ես այդ ժամանակ 9 տարեկան էի և մինչ օրս այնտեղ եմ ապրում: Ի դեպ, այն Կենտրոն համայնքի մեջ է մտնում, թեև առանձին վարչական միավոր է: Առաջին Պլանի գլուխը Նորքին կապող ճանապարհին սիրուն կամուրջ կար, հիշում եմ, որ ճարտարապետն էլ կին էր, բայց հետո քանդեցին ու կառուցեցին հիմիկվա թունելն ու կամուրջը, որով դեպի Դավթաշեն կարելի է գնալ: Ի դեպ, մեր տների մոտ էլ փողոցը գետաքարերով էր շարած, հետո փոխեցին՝ ասֆալտ փռեցին՝ դարձավ ավելի պրակտիկ ու հարմար, բայց անհոգի: Մեր փողոցն առաջ վերջինն էր՝ ամենավերևում: Բայց դե քաղաքը մեծանում է, ու էդպես մեզնից հետո մի փողոց էլ կառուցեցվեց:

Տարվա բոլոր եղանակների հետ կապված հիշողություններ ունեմ, հատկապես Նորքի այգիներում, որոնց մի մասն այսօր այլևս չկա: Այգիներ էլ չէին, անտառներ էին, «կազակի-ռազբոյնիկի» էինք խաղում այնտեղ, իսկ ձմռանը բարձրանում էինք ամենավերևն ու մոտ 150-200 մետր իջնում էինք սահնակներով: Մեզ մոտ բարձրահարկեր չեն եղել, ամբողջը մեկ-երկուհարկանի սեփական տներ են, ու բոլոր ծակուծուկերը գիտեինք, հերթով բոլորի բակերով կարող էինք մտնել ու հասնել մինչև ներքև:

Մանկությունից շատ մազալու պատմություններ կան, հիմնականում բոլորը հին բնակիչներ են, շատերը՝ բազմազավակ ընտանիքներ: Եզդիների մի ընտանիք կար, իրենց աղջկա հետ էինք խաղում, բակում էլ ամռանը բոբիկ էինք ման գալիս: Մի օր դուրս եկանք բակ, տեսանք՝ աղջիկը չկա, հարցուփորձ արեցինք, պարզվեց՝ ամուսնացել է: Տասնմեկ տարեկան էր ընդամենը: Մի տատիկ էլ ունեինք, երեսուն տարի առաջ էր ամուսինը մահացել: Փոքրիկ, չամիչ տատիկ էր, բայց չորս հաղթանդամ տղա էր մեծացրել:

Մեր տուն հասնելու համար տրանսպորտի վերջին կանգառը Օրթոպեդիկ հիվանդանոցն էր, այդտեղից դեպի մեր տուն տանող մի հատ ճանապարհ կար: Իմ երկու դպրոցներն էլ կենտրոնում են եղել, հետո պարապմունքների էի գնում, երեկոյան ուշ էի վերադառնում ու այդ մութ ճանապարհով գնալիս ինքս ինձ հետ խոսում էի, մտքերով էի ընկնում, որ ճանապարհը արագ կտրեմ-անցնեմ, որովհետև շատ վախենալու էր: Բայց մեկ է՝ հարազատ ճանապարհ է շատ, անգամ հիմա, երբ առավոտյան պետք է աշխատանքի գնամ, թեկուզև կարող եմ տաքսիով գնալ, բայց այդ ճանապարհով եմ գնում, հետո եմ տրանսպորտ նստում: Լուրջ, ինչքան էլ անհարմար թվա, բայց ինձ համար օրն այդ ճանապարհն անցնելուց հետո է սկսվում. ծիսակարգի է վերածվել արդեն:

Այսօր նրանք, ովքեր կենտրոնում են աշխատում, կենտրոնում էլ անցկացնում են իրենց ժամանցը, բայց շատ ընտանիքներ կան, որոնց երիտասարդները այստեղ էլ ապրում ու աշխատում են: Օրինակ՝ 16 տարեկանում ամուսնացած տղաներ կան, որոնք բանվոր են աշխատում, երեկոյան էլ բակում բլոտ կամ նարդի են խաղում, մի երկու սիգարետ ծխում, ասում-խոսում-ծիծաղում ու դրանով էլ անցկացնում իրենց օրը:

 

Վարդենի Վարդանյան
23 տարեկան, ճարտարապետ
Միլանի պոլիտեխնիկ համալսարանի կողմից Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի գործընկերությամբ վարպետության դասեր էին կազմակերպվել, որոնց շրջանակում պետք է մի հին թաղամաս վերցնեինք և ուսումնասիրեինք: Շատերն ուզում էին Կոնդը վերցնեինք, մինչդեռ դա Երևանի միակ հին թաղմասը չէ և որոշեցինք զբաղվել Նորքի ուսումնասիրությամբ:

Հիասթափվելու առիթ չունեցանք, որովհետև այդ թաղամասն իսկապես շատ հին և գրեթե անհայտ մի վայր է, որտեղ շատ ու շատ պատմություններ կան, հնություններ ու ավանդույթներ: Շատերի տները մառաններ ունեին, որտեղ մարդաբոյ կարասներով գինի էր պահվում, ընդ որում՝ ամեն կարասի վրա ընտանիքի մի զավակի անուն էր գրված, և ամեն մեկի հարսանիքին իր կարասն էին բացում ու հյուրասիրում բոլորին: Առհասարակ, այստեղ լուրջ խեցեգործական կենտրոն է եղել, իր հին անունն էլ՝ Չոլմաքչի, պարսկերենից թարգմանաբար նշանակում է «բրուտ»:

Կենտրոնական հրապարակին տեղացիներն ասում են Չինարի ծառի մոտ, բայց այդ ծառը շատ վաղուց արդեն չկա: Մի տատիկ կար, որի տան դուռը շատ հին էր, փականի վրա 1885 թիվն էր փորագրված: Պատմում էր, թե շատերն են եկել, ուզեցել են գնել այդ դուռը, բայց իր որդին մերժել է: Նորքի գերեզմանատունն էլ է շատ յուրահատուկ: Այնտեղ վերջին թաղումները 1800-ականների սկզբին են արվել, անգամ հին ռուսերենով փորագրված տապանաքարեր կան: Բարեբախտաբար, շատ հին տներ հուշարձանների ցուցակում են ընդգրկված, թեև դա, ինչպես տեսնում ենք, դեռևս չի երաշխավորում, որ հուշարձաններն ապահովության մեջ են:

Այս տանը մինչև ձեր- բակալությունը ապրել է Եղիշե Չարենցը
Այս տանը մինչև ձերբակալությունը ապրել է Եղիշե Չարենցը

Անձնագիր
Նորք-Մարաշը գտնվում է Երևանի հյուսիս-արևմտյան մասում։ Զբաղեցնում է 460 հա տարածք, բնակչության թիվը 11,3 հազար է: Վարչական շրջանն իր մեջ ընդգրկում է Նորք և Նորք-Մարաշ թաղամասերը: Նորք-Մարաշում կա 4 պետական և 1 մասնավոր մանկապարտեզ, հանրակրթական 4 դպրոց, 1 երաժշտական և 1 մարզադպրոց, 1 գրադարան, ինչպես նաև 1 ապաստարան:

Պատմական ակնարկ
Նորքը (նախկինում՝ Չոլմաքչի թաղ) գտնվում էր քաղաքի հյուսիսարևելյան կողմում։ Նորք նշանակում է նորատունկ այգի, պարտեզ։ Կա նաև անվան մեկ այլ բացատրություն՝ կապ-ված Նախիջևանի Նորս գյուղի հետ, որի բնակիչները գաղթելով այստեղ՝ հիմնել են թաղն ու անվանել ի հիշատակ իրենց նախկին բնակավայրի։ Չոլմաքչի անունը բրուտագործ բառի օտարալեզու թարգմանությունն է և մատնանշում է բնակիչների հիմնական արհեստներից մեկը։ Պարսկական տիրապետության շրջանում քաղաքի կազմում այն ներառված չէր, թեև նրա այգիներն ու հանդերը ձուլվում էին քաղաքապատկան հողերին։ Նորք գյուղը քաղաքին միացել է 1837 թվականին։ Նորքի կառուցման մասին առաջին հիշատակությունները թվագրվում են 1297-ով, սակայն 1679-ի երկարաշարժից հետո բնակավայրը հիմնովին փլուզվել է: Ու թեև երկու եկեղեցիները՝ Ս. Սեմեոն Ծերունի ու Ս. Աստվածածինը, մասամբ պահպանվել էին, խորհրդային շրջանում՝ 1930-ին, ոչնչացվել են նաև դրանք: 1830-ականներին, երբ Արևելյան Հայաստանը միացվեց Ռուսաստանին, Նորքն ընդգրկվեց Երևանի կազմի մեջ: Նորքում կային նաև ավելի փոքր վարչական շրջաններ, որոնք հայտնի էին որպես մահլաններ:

Գրականության մեջ
Դեպի Նորք... Դեպի Նորք...
Դեղին նիրհում էին ցածր ցեխաշեն պատերը, դեղին նիրհում էր հողն այդ պատերի տակ ու դեղին նիրհում էին պատերի տակ հողի հետ խաղացող երեխաների պատկերները: Մի պատի ետևից հսկայական ընկուզենու ճյուղերը մեկնվել էին դեպի դուրս, փողոց, և այժմ գետնի վրա գոյացրել էր կիսաշրջան մի ստվեր: Ստվերի մեջ պառկած կիսամրափում էին երկու սպիտակ շներ: Նրանց կողքին, անմիջապես գետնի մոտ պատն ուներ փոքրիկ, կլոր անցք, որտեղից երևում էր ներսում՝ հայաթում հոսող ջուրը:
— Մկրտիչ Արմեն «Երևան», 1931

«ԵՐԵՎԱՆ» ամսագիր, N1-2, 2014

Այս թեմայով