28 Ապրիլ 2014, 11:58
3088 |

Քաղաքից դուրս. Արաբկիր

Ինչպիսին է կյանքը Երևանի այն համայնքներում, որտեղից «քաղաք են իջնում», ինչի պակաս են զգում դրանց բնակիչները, ինչ առանձնահատկություններ ունեին ծայրամասերը նախկինում և ինչ առավելություններ ունեն կենտրոնի նկատմամբ այսօր:

Տիգրան Զաքարյան
37 տարեկան, պատմաբան
Ծնվել-մեծացել եմ Կոմիտասում, հիմա էլ եմ էնտեղ ապրում: Փոքր ժամանակ կենտրոնի մասին առանձնապես չէինք մտածում, մեր կյանքը շատ հանգիստ ու հաճույքով անցնում էր Կոմիտասի քուչեքում: Չնայած, միշտ էլ հետաքրքիր ա ավելին տեսնել, քան քո բակը ու մոտակա մի քանի փողոցները: Քանի որ տատիկս ապրում էր Բութանիայում, ես նաև էդ կողմերը բավական լավ գիտեի: Իսկ մի անգամ էլ ընկերոջս հետ իրա հեծանիվով մեր Կոմիտասից քշեցինք, հասանք տատիկիս տուն: Օպերան էլ տեսանք ճանապարհին՝ «քաղաքով» քշեցինք, բայց առանձնապես չտպավորվեցի:

Կոմիտասցի լինելը միշտ պատվաբեր ա եղել: Դպրոցական տարիներին եթե գնում էինք ինչ-որ տեղ հանգստանալու, երբ հարցնում էին որտեղից եմ, «կոմիտասցի» պատասխանը միշտ դրական արձագանք էր ստանում: Մենք շատ էինք ու հարգված: Պատահական չի, որի մի տասը տարի առաջ, երբ ես որոշեցի շողուլի բերել հայոց էստրադան՝ ձայնագրելով իմ սեփական ռաբիզ կասետը, շապիկի վրա գրեցի «Կոմիտասցի Տիկո. Սիրո և տխուր երգեր»: Ալբոմը էդպես էլ չձայնագրվեց, բայց ես ինձ իսկապես մեծ հպարտությամբ համարում եմ կոմիտասցի:

«Բարեկամության» գետնանցումում 90-ականներին հայտնվեցին քաղաքի առաջին խաղային ավտոմատները: Ամենադժվարն էր «մի ձեռանի բանդիտներից»
պոկվելը՝ էն որ ժետոնը գցում ես, բռնակից քաշում ես ու հույս ես ունենում, որ շահել ես: Բայց չես շահում, դրա համար գնում ես էլի ես ժետոն առնում, գալիս ես գցում ես, կրվում ես ու տենց շարունակ: Մի անգամ անգլերենիս պարապմունքի վարձը վարի տվեցի: Հիմիկվա երեխեքը փողը անիմաստ մսխելու լիքը ուրիշ հնարավորություններ ունեն ու «Բարեկամություն» գնալու կարիք չունեն:

Մեր թաղերում առանձնապես բան չի փոխվել: Բայց դրա փոխարեն ես եմ մեծացել ու երբ ուզեմ առանց մեծ խնդիրների կիջնեմ քաղաք՝ տրանսպորտը կա, մետրոն կողքն ա, լավ եղանակին կքայլեմ էլ: Բայց եթե, օրինակ, աղջկա հետ ուզում եմ մի տեղ գնալ, ու էդ աղջիկը մեր կողմերից ա, իսկ կենտրոն գնալու հավես չկա, էդ դեպքում էստեղ էլ ժամանցի տեղ կգտնենք: Մի քիչ դժվարությամբ, բայց կգտնեք: Հա, կինո չկա, բայց դա կարելի ա տանը նայել՝ ավելի ջերմ միջավայրում, թատրոն երբեք չի եղել՝ ոչինչ, Jazzve-ն ու Mamma Mia-ն ունեն իրանց մասնաճյուղերը, իսկ տեղական էկզոտիկան զգալու համար կարելի ա գտնել ինչ-որ ունիկալ տեղեր, որտեղ կարող ա սերվիսը եսիմ ինչ չի, ուտելիքն էլ հինգ աստղանի չի, բայց ընդհանուր առմամբ՝ տանելի: Հա, առանձնապես մեծ ընտրություն չկա, բայց այսպես կոչված՝ «առաջադեմ հանրությունը» փոքրամասնություն ա կազմում: Ու էդ կոնտեքստում լրիվ նորմալ եմ համարում էն վիճակը, որ Արաբկիրը իմ համար (ու երևի էլի շատ-շատերի) մեծ հաշվով քնելու տեղ ա: Զարթնում եմ ու գնում եմ գործի' կենտրոն, ընկերներիս հետ հանդիպելու համար՝ էլի կենտրոն, ուրբաթ երեկոյան, բնականաբար, Սարյան-Պուշկին-Փարպեցու ակումբներում: Խորապես համոզված եմ, որ էսօրվա Երևանում էս վիճակը լրիվ բնական ա ու նորմալ:

Չգիտեմ՝ լավ ա, թե վատ, բայց փաստ ա, որ համայնքը հիմա չունի նախկին նշանակությունը: Ես արդեն չեմ ճանաչում մեր բակի բնակիչներից կեսին ու մինչև առիթ լինի ծանոթանալու կամ իրանք կտեղափոխվեն, կամ գուցե նույնիսկ ես՝ ուրիշ երկիր կամ ուրիշ թաղ Երևանում: Ամերիկյան մոդելն ա, որտեղ մարդ ծնվում ա Կառոլինայում, բայց առանց կարոտի որևէ զգացումի հանգիստ կարող ա ապրի ու մեռնի, ասենք, Ջորջիայում: Չկա տեղաբնիկության զգացողություն: Արաբկիրում կա Մալականի այգին: Հիմա, չնայած, մի քիչ փնթի վիճակում ա, բայց մեկ ա՝ էնքան սիրուն ա, ու էնքան լավ տեսարան ա էդտեղից բացվում քաղաքի վրա, որ հեչ պետք չի կենտրոն գնալ դրա համար: Ընդհանրապես, ձորի հետ հարևանությունը էդ տեսանկյունից շատ շահեկան ա: Ժամանակին շատ հաճելի էր Ամերիկյան համալսարանի հետնամասի այգին, բայց ցերեկը, իսկ մութը ընկնելուց հետո էնտեղ տարբեր խուժանություններ էին տեղի ունենում:

Կարծեմ հիմա՝ համալսարանի նոր մասնաշենքը կառուցելուց հետո, էդքան ակտիվ սեռական կյանք էլ չկա: Կանաչի ու հանգստի տեսանկյունից չեմ կարող չնշել Արամ Խաչատրյան փողոցը, որը երևի միակն ա Երևանում, որ ամառվա շոգին էնտեղ հաճելի զով ա՝ այ էդքան ծածկված ա ծառերով ու հանգիստ ա:

Կիևյան փողոցը՝ համանուն կամրջից
Կիևյան փողոցը՝ համանուն կամրջից

Էմմա Մոսեսովա
37 տարեկան, ծրագրավորող
Քանի որ ես երկու փոքր երեխաների մայր եմ, իմ օրակարգը հիմնականում կազմավորվում է իրանցով: Էդ իմաստով պիտի նշեմ Արաբկիրը բավական հարմար է: Ապրում ենք Արամ Խաչատրյան փողոցում, լողի գնում են Կոմիտասի մեծ ջրավազանը, երաժշտական դպրոց՝ Ֆուրմանով, սովորական դպրոցը էլի էս կողմերում է: Ու էդ ամենի մեծ մասը ոտքով քայլելու հեռավորության վրա է: Այգիները մի քիչ քիչ են, չնայած իմ մանկության տարիներին շատ-շատ հաճելին էր Մալականի այգին, բայց հիմա երեխեքի հետ էնտեղ գնալ չէի ուզի: Մասիվում, որտեղ մի քանի տարի ապրել ենք, կանաչի տեսանկյունից շատ ավելի լավ էր: Դրա փոխարեն, Արաբկիրում կան ցանկացած տիպի խանութներ, այդ թվում՝ լիքը խաղալիքների: Ու եթե կենտրոնում հիմնականում թանկ խաղալիքներ են, իսկ Մասիվում, հակառակը, տեսականին զգալի էժան էր ու ցածրորակ, Կոմիտասի խանութներում կարելի է գտնել ամեն ինչից: Մանկական սրճարաններն էլ՝ ինչքան ուզես: Բացի դրանից, շատ հարմար է Mamma Mia պիցերիայի կոմիտասյան մասնաճյուղը, որտեղ երեխեքը կարող են հագնել համազգեստ ու խոհանոցում սեփական ձեռքերով պիցա պատրաստել: Մի կարևոր առավելություն էլ կա Մասիվի համեմատ՝ մետրոյի մոտիկությունը: Համ ինձ ու ամուսնուս է հարմար, համ էլ երեխեքի համար մի առանձին զվարճանք է՝ կարող ենք «Բարեկամությունից» նստել ու մինչև վերջին կանգառը հասնել, հետո վերադառնալ:
Բացթողումներից միանշանակ կարող եմ նշել մենակ մշակութային օբյեկտների պակասը՝ կինո կար իմ մանկության տարիներին, հիմա փակել են, թատրոն չկա:

Պատմություն
Ինչպես և Նուբարաշենը, Արաբկիրը նույնպես ունի «ախպարական» արմատներ. դրա կայացման գործում մեծ դեր ունեցան Սփյուռքի արաբկիրցիների հայրենակցական միությունը (Արևմտյան Հայաստանի Արաբկիրում մինչև Եղեռնը ապրել է շուրջ քսան հազար հայ): Ավանի հիմնման մասին որոշումը կայացվել էր 1924 թվականին, իսկ 1925-ի հոկտեմբերի 25-ին դրվեց Նոր Արաբկիրի հիմքը։ Հետագայում հիմնվեցին ոչ մեծ գործարաններ՝ փայտամշակման, հագուստի, կոշիկի և այլ ձեռնարկություններ։ Այսօր Արաբկիրում ապրում է շուրջ 150 հազար մարդ՝ այս ցուցանիշով վարչական շրջանը զիջում է միայն Մալաթիա-Սեբաստիային (158 հազար):

Հրաչյա Քոչար փողոցի վրա գտնվող «Բրավոյի շենքը», որում արվեստանոցներ էին ստացել մի շարք նկարիչներ
Հրաչյա Քոչար փողոցի վրա գտնվող «Բրավոյի շենքը», որում արվեստանոցներ էին ստացել մի շարք նկարիչներ

Նկարիչներ
Արաբկիրում կան մի քանի «նկարիչների տներ»: Կիևյան 24 հասցեում, օրինակ, ապրել են Գրիգոր Խանջյանը, Սարգիս Բաղդասարյանը, Սարգիս Մուրադյանը, Սուրեն Սաֆարյանը, Մկրտիչ Սեդրակյանը և այլք: Կիևյան 4-ի «գրողների տներից» մեկի վերևի հարկն ամբողջությամբ տրամադրվել է Հակոբ Հակոբյանին (մահանալուց մի քանի տարի առաջ նշանավոր նկարիչը նույնիսկ իր քանդակներից մեկը նվիրեց հարևաններին՝ «Կին և տղամարդ» ստեղծագործությունը կանգնած է բակում՝ զրուցարաններից մեկի հարևանությամբ): Հայտնի է նաև Հրաչյա Քոչար փողոցի վրա գտնվող «Բրավոյի շենքը» (ժամանակին այնտեղ գործող ռեստորանի անունով), որում արվեստանոցներ էին ստացել մի շարք նկարիչներ: Այսօր այդ շենքում ստեղծագործում են նաև երիտասարդ նկարիչներ, այդ թվում՝ Վահագն Համալբաշյանը և Արշակ Սարգսյանը:

Բարեկամություն
Արաբկիրի կարևորագույն օբյեկտներից է մետրոյի «Բարեկամություն» կայարանը, ինչպես նաև դրա ստորգետնյա անցումը: Այսօրվա գետնանցումը, սակայն, մի հսկայական առևտրական տարածք է՝ տասնյակ կրպրակներով ու խանութներով, որոնցից շատերը զբաղեցնում են նաև դեպի փողոց տանող աստիճանների զգալի մասը: Մինչդեռ ի սկզբանե այն եղել է ստորգետնյա յուրահատուկ քաղաքաշինական միջավայր (թեպետ ոչ այնքան ճոխ, որքան նույն տարիներին կառուցված՝ «Երիտասարդական» կայարանի հարակից տարածքի անցումը)՝ ընդարձակ միջանցքով, շատրվանով և հենց կենտրոնը զբաղեցնող սրճարանով:
«Բարեկամության» շրջակայքում են կուտակված նաև մի շարք խոշոր խանութներ՝ ժամանակին դա հանրահայտ «Կիև» գաստրոնոմն էր, իսկ այսօր «Հայաստան» առևտրի կենտրո-նը, SAS և Parma սուպերմարկետները:

«Բարեկամություն» հրապարակ
«Բարեկամություն» հրապարակ

Գրականության մեջ
«Քանդուքարափ Կոմիտասով քայլում եմ մետրո Բարեկամություն: Մեկ տարի առաջ քանդեցին ու ավերեցին: Հանցագործի դիմագծերով նախարարը ճոռոմ-ճոռոմ խոստումներով հույս ավետեց, որ նորոգման աշխատանքները ճիշտ ժամանակին կավարտվեն. ստեց: Հերթական անգամ խաբեցին, թքեցին մարդկանց հոգիների մեջ, որ սովորական է դարձել իմ օտարացած երկրում…
Մետրոյի անցում եմ իջնում: Ընդերքային օդը բաբախում է բրոնխներումս»:
— Արամ Պաչյան, «Աշխատանք, աշխատանք», 2005

«ԵՐԵՎԱՆ» ամսագիր, N 1-2, 2014

Այս թեմայով