20 Մարտ 2014, 14:47
2976 |

Քաղաքից դուրս. Դավթաշեն

Ինչպիսին է կյանքը Երևանի այն համայնքներում, որտեղից «քաղաք են իջնում», ինչի պակաս են զգում դրանց բնակիչները և ինչ առանձնահատկություններ ունեին ծայրամասերը նախկինում և ինչ առավելություններ ունեն կենտրոնի նկատմամբ այսօր:

Դավթաշեն
2001 թվականին վերջապես շահագործման հանձնվեց Դավթաշենի կամուրջը՝ մեծապես հեշտացնելով տեղացիների ճամփորդությունները «դեպի քաղաք»: Սակայն ինչպես տարիներ առաջ, այնպես էլ այսօր, նրանցից շատերն իրենց համարում են նախ՝ դավթաշենցի, հետո նոր՝ երևանցի:

Իվետա Գրիգորյան
29 տարեկան, վարսավիր
Դավթաշեն հարս եմ եկել ու արդեն հինգ տարի է այստեղ եմ ապրում: Եթե ծանոթ չես թաղամասին, հեշտությամբ կարող ես խճճվել ու կորել: Հենց սա է ամենակարևոր խնդիրը՝ շենքերի վրա թվեր գրված չեն: Բայց դա մանրուք է: Դավթաշենը Երևանի լավագույն թաղամասերից է: Հատկապես վերջին տարիների ընթացքում մեր համայնքի զարգացումն ակնհայտ է, արդեն էլիտար թաղամաս ունենք՝ էլիտար շենքերով ու առանձնատներով: Առևտուր անելու խնդիր չունենք՝ տարածքում շատ են սուպերմարկետներն ու ֆիրմային խանութները:

Ինքս մայր եմ ու ուրախ եմ, որ մեր թաղամասի գրեթե բոլոր բակերում կան խաղահրապարակներ: Շատ են նաև այգիները, որտեղ հաճախ կտեսնեք ինձ նման մայրերին երեխաների հետ զբոսնելիս: Պապիկները շախմատ, նարդի են խաղում, բնականաբար, անգործ երիտասարդներ էլ կան: Տաք եղանակներին փողոցները մարդաշատ են, հաճախ կտեսնեք հեծանվորդների:

Դժգոհողներ, իհարկե կան, նրանք ամենուր են: Բայց պետք է գնահատել այն, ինչ ունենք՝ բարելավված լուսավոր փողոցներ, տարբեր ուղղություններով տանող տրանսպորտ, կանաչապատ տարածքներ: Դավթաշենին նոր շունչ տվեցին երիտասարդ ընտանիքները, որ բնակություն հաստատեցին այս տարածքում գտնվող նորակառույցներում: Մեր ընտանիքն էլ դրանցից մեկն է:

Ես այստեղ տեղափոխվեցի կենտրոնից ու վստահեցնում եմ, որ տարբերություն չեմ զգում: Դավթաշենում կյանքը եռում է, ակտիվ երիտասարդություն ունենք՝ սովորում, աշխատում են, կամավորությամբ զբաղվում:

Դավթաշենի այցեքարտը համանուն կամուրջն է, որ առավել տպավորիչ տեսք ունի գիշերը: Մետաղական այս կամուրջն անցնում է Հրազդան գետի վրայով և միացնում Արաբկիր վարչական շրջանը Դավթաշենի հետ: Կամրջի երկարությունը 496 մ է, լայնությունը՝ 32, բարձրությունը՝ 92 մ:
Դավթաշենի այցեքարտը համանուն կամուրջն է, որ առավել տպավորիչ տեսք ունի գիշերը: Մետաղական այս կամուրջն անցնում է Հրազդան գետի վրայով և միացնում Արաբկիր վարչական շրջանը Դավթաշենի հետ: Կամրջի երկարությունը 496 մ է, լայնությունը՝ 32, բարձրությունը՝ 92 մ:

Վահագն Թեփոյան
21 տարեկան, սոցաշխատող
Ես նախ՝ դավթաշենցի եմ, հետո նոր՝ երևանցի: Արդեն 20 տարի է՝ ապրում եմ այստեղ, դրա համար այս թաղամասն ինձ համար ամեն ինչ է՝ մանկություն, հուշեր, ներկա բնակավայր: Ապրում եմ 4-րդ թաղամասի Տիգրան Պետրոսյան պողոտայում՝ սա Դավթաշենի կենտրոնական փողոցն է:

Ինչպես յուրաքանչյուր համայնք, Դավթաշենն էլ զանազան խնդիրներ ունի: Հիմնական խնդիրը, որ ակնհայտ է՝ փողոցների մաքրության հարցն է: Բայց վստահեցնում եմ, որ վերջին տարիներին մեծ աշխատանք է տարվել այս ուղղությամբ: Դրա վառ ապացույցն այն է, որ տարիներ շարունակ մեր ու Ավանի համայնքները համարվում են լավագույնները Երևանում:

Թաղապետը պարբերաբար այցելում է Դավթաշենի տարբեր շրջաններ, ծանոթանում է բնակիչներին հուզող խնդիրներին ու իր ուժերի չափով լուծում տալիս դրանց: Նա լսում ու փորձում է հասկանալ հասարակ, շարքային դավթաշենցու բողոքը կամ առաջարկը:

Մինչ բոլորը բողոքում են տրանսպորտից, մենք չենք բողոքում: Գծերը համալրվել են նոր ավտոբուսներով: Վերջերս հատուկ ուսանողների համար մի նոր գիծ են ավելացրել: Չինաստանից ստացած 80 ավտոբուսներից մեկը՝ 65-ը, նոր գիծ բացեց՝ Դավթաշեն, Սարալանջ, բժշկական, ԺՈՂ, ԵՊՀ, շատ հարմար է դասի գնալու համար:

Մեզ մոտ շատ են այգիները, որտեղ սրճարաններ կան: Դեռևս չունենք ակումբներ, բայց եթե մեր տարածքն այս տեմպերով զարգանա, շուտով դա էլ կունենանք: Մի խոսքով ունենք այն ամենը, ինչ մեզ հերիքում է լիարժեք կյանք վարելու համար:

Դավթաշենը հավաքական հասկացողություն է, որտեղ ապրում են տարբեր խավի, մտածելակերպի մարդիկ, ովքեր լսելով տարբեր երաժշտական ոճեր՝ նախապատվությունը տալիս են ժողովրդականին: Ուր էլ լինենք, ինչ էլ անենք, անպայման շեշտում ենք մեր՝ դավթաշենցի լինելը:

Մենք բարի նախանձ ենք զգում հարակից համայնքներից: Ուզում եմ միշտ պահպանենք մեր բարի անունը, կողքի վարչական շրջաններն էլ թող օրինակ վերցնեն մեր կազմակերպված, համախմբված կերպարից:

Դավթաշենցիների մասին ասում են, որ համայնքների մեջ առաջինն ենք: Շատերը մտածում են, թե լեգենդ է, իսկ մենք վստահ ենք՝ այդպես է: Հենց Դավթաշենի կամրջի օգնությամբ է քաղաքի մի մասը կապվում մյուսի հետ: Մեզ մոտ տեղափոխեցին կենտրոնական ՕՎԻՐ-ը, օրեցօր նոր նորակառույց շենքեր են կառուցվում, իսկ տարածքի օպտիմալ տեղաբաշխումը ևս առավելություն է: Մեզ մոտ բարենպաստ է նույնիսկ եղանակը՝ ամռան շոգին մեզ մոտ հով է: Այնպես որ, եթե հաղթահարեք կամուրջը, ապա բախտ կունենաք հյուրընկալվել մեր սիրելի Դավթաշենում:

Անձնագիր
Դավթաշեն վարչական շրջանի սահմանագիծն իր ուղղվածությամբ բաժանված է երեք հատվածի՝ արտաքին սահմանագծով հարում է Կոտայքի մարզին և Զովունի համայնքին, հյուսիսային հատվածը համընկնում է Երևանի արտաքին սահմանագծին, իսկ հարավարևելյան մասը սկսվում է Երևանի արտաքին սահմանագծի և Հրազդան գետի աջ ափով՝ իջնելով մինչև Դավթաշենի կամուրջ: Հենց այս հատվածով Դավթաշենը հարում է Արաբկիր վարչական շրջանին: Այս վարչական շրջանի մակերեսը 11,3 քկմ է, բնակչությունը՝ 42,5 հազար հոգի:

«ԵՐԵՎԱՆ» ամսագիր, N1-2, 2014

Այս թեմայով