01 Փետրվար 2014, 09:32
7154 |

Ականջդ բե՛ր՝ ասեմ

Պատահում է, չէ՞, որ կյանքում ինչ-որ մեկից լսած ինչ-որ արտահայտություն մեկընդմիշտ տպավորվում է, գամվում հիշողությանդ մեջ, օգնում ինչ-որ իրավիճակում ելք գտնել կամ դառնում կյանքի կարգախոս: Երբևէ ստացած արժեքավոր խորհուրդների մասին պատմում են Երևանի ահելներն ու ջահելները:

Հասմիկ Խաչունց, 21 տ., «Ինչ տաս, այն էլ կստանաս»
Դեռ դպրոցական հասակից տատիկիս այս արտահայտությունը տպավորվել է մեջս: Մինչև օրս էլ չի զլանում հիշեցնել. «Կյանքը բումերանգ է. ինչ տաս, այն էլ կստանաս»: Տարիներին զուգահեռ ես էլ համոզվեցի: Արտահայտությունը շատ ակնհայտ գործում է ժպիտի դեպքում. եթե ժպիտ ես տալիս, անպայման ժպիտ ես ստանում: Երբ փողոցում քայլում ես տխուր ու մռայլ դեմքով, շուրջդ բոլորն այդպիսին են, իսկ երբ ժպտում ես, անգամ արևը սկսում է ավելի պայծառ շողալ, երկինքն ավելի կապույտ է թվում, մարդիկ՝ ավելի բարի:


Մհեր Մակարյան, 18 տ., «Դու ես կատարում քո ընտրությունը, այլ ոչ ուրիշը»
Ուզել եմ դառնալ ֆինանսիստ, բայց 7-8-րդ դասարանում, երբ դպրոցի թատերական ներկայացումներում էի խաղում, նաև դերասան դառնալու ցանկություն առաջացավ: Հայրս ասում էր. «Ինքդ ընտրի՛ր, կարևորը՝ սիրես գործդ»: Օրինակ էր բերում, որ ավելի լավ է լինել հմուտ ատաղձագործ, քան վատ բժիշկ: Երբ կողմնորոշվեցի, ընտրեցի տնտեսագիտությունը: Այդ ժամանակ ընկերներիցս շատերն էին մասնագիտության ընտրության առաջ կանգնած: Տեսնում էի, ինչպես են ծնողների թելադրանքով ընտրում իրենց ապագան, ու ինձ հաջողակ էի համարում, որ հնարավորություն ունեմ ինքս կատարելու իմ ընտրությունը:


Տաթևիկ Հարությունյան, 32 տ., «Մարդը մարդով է մարդ»
Քնարիկ տատս հին վանեցի էր, կյանքի բովով անցած շատ օյինբազ արտահայտություններ ուներ: Երբ ինչ-որ գործ ինչ-որ մեկի օգնությամբ հաջողվում էր, կամ պարզապես մի լավ մարդու էր հանդիպում, միշտ ասում էր. «Մարդը մարդով է մարդ»: Տարիների ընթացքում ես էլ դրա ամբողջ իմաստն ընկալեցի: Մարդն իր կողքին միշտ մարդ պետք է ունենա, որ ինքն էլ մարդ մնա, չկորցնի մարդկային հատկանիշները: Եվ առհասարակ, ինչքան դու մարդ եղար, դիմացինդ էլ կաշխատի նույնքան մարդ լինի քո հանդեպ:


Սեգ Կիրակոսյան, 24 տ., «Հացը պանրի հետ մի՛ կեր»
Երեսուն օրականում ծանր հիվանդացել էի, բարձր ջերմություն ունեի, պետք է վիրահատեին: Բայց գործը դրան չհասավ, սննդագետ, բժիշկ Հայկազ Սարգսյանի շնորհիվ ապրեցի, ով շատ պարզ միջոցներով կարողացավ ոտքի կանգնեցնել ինձ: Ութերորդ դասարանում գնացի նրա հետ ծանոթանալու: Շատ արժեքավոր խորհուրդներ տվեց, այդ թվում նաև այս մեկը. «Հացը պանրի հետ մի՛ կեր, քանի որ ածխաջրերն ու սպիտակուցները միասին չեն մարսվում: Սկզբում պետք է ուտել պանիրը, իսկ հացը ցանկալի է առնվազն կես ժամ հետո»: Հայերիս մոտ սա շատ տարածված սննդակարգային խախտում է. մարդ կա, ասում է՝ առանց հաց ու պանրի կմեռնեմ: Հայկական ավանդական հաց-պանիր-թեյի մասին էլ չասեմ: Ու առհասարակ, եթե հայերն իրենց սննդակարգում հացը փոխարինեն լավաշով, շատ ավելի առողջ կլինեն:


Վիկտորյա, 24 տ., «Միշտ ձգտիր իդեալականին»
Տարիներ առաջ, երբ բանկում դեռ փորձաշրջան էի անցնում, իմ ղեկավարը խորհուրդ տվեց. «Ցանկացած գործ փորձի՛ր իդեալական անել, եթե անգամ ստիպված լինես մի քիչ ավել ժամանակ ծախսել: Դրանով մարդկանց մոտ քո մասին կարծիք դրական կձևավորվես»: Աշխատանքային 4 տարիների ընթացքում ամեն օր համոզվել եմ այս խոսքերի ճշմարտացիության մեջ. երբ գործդ լավ ես անում, մարդիկ սկսում են քեզ վստահել: Իսկ ծախսած ժամանակն իրականում շահած ժամանակ է, քանի որ եթե շտապելու պատճառով վրիպում թույլ տաս, հետո ստիպված կլինես կրկնակի ժամանակ ծախսել շտկելու վրա: Հետագայում հասկացա, որ արտահայտությունը գործում է ոչ միայն աշխատանքում, այլև կյանքի բոլոր ոլորտներում:


Անի Խաչունց, 15 տ., «Առանց ցանկության ոչինչ մի՛ արա»
Մոտ երկու տարի առաջ մի առիթով ընկերներիցս մեկն ասաց. «Եթե ինչ-որ բան առանց ցանկության ես անելու, ավելի լավ է մի՛ արա, քանի որ հաստատ էն չի լինի»: Այդ օրից երբ ինչ-որ բան չեմ ուզում, պարզապես չեմ անում, իհարկե, քիչ բացառություններ կան: Փորձում եմ չնեղացնել, թեև երբեմն դրանից էլ չես խուսափի: Միշտ փորձում եմ խոսել, բացատրել, թե ինչու այս կամ այն բանը չեմ ուզում անել: Հիմնականում հասկանում են: Արտահայտությունը կիրառելի եմ դարձրել անգամ ուսմանս հարցում. երաժշտական դպրոց միշտ մեծ հաճույքով եմ հաճախում, բայց միջնակարգ դպրոցում, եթե ինչ-որ դասաժամի իրոք չեմ ուզում ներկա լինել, չեմ գնում:


Մելանյա, 50 տ., «Աղջիկ երեխան քոնը չէ. ուրիշին ես տալու»
Երբ դեռ ամուսնացած չէի, հաճախ էի հորիցս լսում. «Աղջիկ երեխան քոնը չէ, պետք է նրան փորձես տալ ամենալավը, որովհետև չգիտես՝ ուր կընկնի, կկարողանաս օգնել, թե ոչ, կըդունեն օգնությունդ, թե ոչ»: Իրոք այդպես է. տղայի դեպքում հարս ես բերում, քո կողքին են, հնարավություն ունես նրանց ապահովել կամ ցանկացած պահի օգնել: Իսկ աղջկան ուրիշի ես տալիս, ու չունես իրավունք գնալ ուրիշի տուն ու անել ինչ սրտովդ անցնի: Այս խոսքերը ավելի լավ գիտակցեցի, երբ ամուսնացա ու երկու աղջիկ ունեցա:


Վարդուհի Հարությունյան, 31 տ., «Չարին չարով պատասխանելիս ուժ ես տալիս չարին»
Մի անգամ շատ «աղջկական» բամբասանք ինձ հասավ, բարկացա ու ուզում էի անպայման պատասխան տալ: Բորբոքված այդ մասին պատմեցի ամուսնուս ու նրա ասածը կանխեց ինձ. «Եթե իրեն պատասխանես, չարը կուժեղանա»: Ամուսնուցս առհասարակ շատ բան եմ սովորել, իսկ այս խորհուրդը շատ կարևոր դեր խաղաց իմ կյանքում, միանգամից ֆիքսվեց ուղեղում ու հիմա աշխատում եմ հենց այդ կարգախոսով էլ ապրել: Միևնույն է կյանքում ամեն մեկն իր արածի համար պատասխան է տալիս, պետք չէ իզուր խառնվել չար գործերին: Խորհուրդը ես էլ շատ անգամ ընկերներիս եմ փոխանցում:


Զավեն Դանոյան, 70 տ., և Լևոն Աթոյան, 65 տ., «Յուրաքանչյուրս պետք է ճիշտ աշխատենք մեր տեղում: Երկիրը այս դեպքում կգնա առաջ»
Մեր ավագ ընկեր, պրոֆեսոր Մելս Բելուբեկյանի խոսքերից են. «Եթե ամեն մեկս մեր տեղում ճիշտ աշխատենք, ապա ամեն ինչ լավ կլինի՝ անկախ ապաշնորհ իշխանավորների դիրքից»: Փորձում ենք այդպես էլ ապրել, աշխատում ենք Գիտությունների ակադեմիայում ու կարծում ենք՝ դա հենց մեր տեղն է: Մինչդեռ այսօր շատերն այս երկրում իրոք իրենց տեղում չեն: Խորհուրդը փոխանցում ենք նոր սերնդին՝ երկրի ապագան ու առաջընթացը կապելով հենց նրանց հետ: Ճիշտ աշխատելու արդյունքում իշխանավորների սխալները կթուլանան, կջնջվեն-կգնան:


Վրեժ Զատիկյան, 36 տ., «Արջի որսի դուրս գալիս ճնճղուկների վրա մի՛ կրակիր»
Արտահայտությունը քեռիս՝ Պարույր Հայրիկյանը երիտասարդ հասակում հորիցս՝ Ստեփան Զատիկյանից է լսել: Երբ արդեն գիտակից երիտասարդ էի, այն փոխանցեց ինձ: Երբեմն լուրջ գործերը թողած՝ ինչ-որ անկարևոր բաների հետևից ենք ընկնում: Ու երբ ինչ-որ առիթ է լինում, քեռիս նորից հիշեցնում է ինձ այդ մասին: Հայաստանում հաստատվելուց հետո իմ «արջի որսն» եմ համարում ընտանիք կազմելն ու երեխաներ ունենալը, մինչդեռ ճնճղուկների, նույնիսկ մոծակների հետևից եմ ընկած՝ ինչ-որ ցույցեր կազմակերպելով եմ ինձ զբաղեցնում:

Այս թեմայով