18 Փետրվար 2014, 16:34
2815 |

Թեյշեբայի հարությունը

Երբ արդեն գոյություն ունեին Եգիպտոսի ու Ասորեստանի պատմության վերաբերյալ հիմնարար աշխատությունները, Վանի թագավորության (Ուրարտու) մասին ոչինչ հայտնի չէր: Ընդհուպ մինչև հնագիտական աշխատանքների մեկնարկը Վանա լճի մերձակայքում XX դարի առաջին տասնամյակում: Հետագա որոնումները գիտնականներին բերեցին Արևելյան Հայաստան: Պեղումների արդյունքներն ապշեցուցիչ էին: Առեղծվածային համընկնումների պակաս ևս չեղավ:

Կարմիր բլուրը
Հայաստանում հնագիտական արշավախմբերի նախաձեռնողն ու կազմակերպողը Հովսեփ Օրբելին էր, որը նախքան Պետական Էրմիտաժի տնօրենի պաշտոնին նշանակվելը Խորհրդային Արևելքի մեծ բաժին էր կազմակերպել այդ թանգարանում: Հայաստանի տարածքում Վանի թագավորության հետքերը որոնելիս գիտնականները հետաքրքրվեցին Երևանի ծայրամասում գտնվող բլուրներից մեկով: Միայն քչերը գիտեին, որ Կավակերտ անվան տակ այն հիշատակվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի արխիվի փաստաթղթերում: Ոչ ոք չէր համարում, որ այդ բլուրը որևէ հետաքրքրություն է ներկայացնում, մինչև որ 1936-ին դրա գագաթին չհայտնաբերվեց սեպագրության մնացորդներով քարի մի բեկոր: Ինչպես պարզվեց՝ սեպագրության մեջ հիշատակվում է Ռուսա թագավորը՝ Արգիշտիի որդին, որը Վանի թագավորությունում իշխել է մ.թ.ա. VII դարում: 1939-ին այստեղ համակարգված պեղումներ սկսվեցին, որոնց մասնակցեցին հնագետներ Կարո Ղաֆադարյանը, Սմբատ Տեր-Ավետիսյանը, Բորիս Պիոտրովսկին և ճարտարապետ Կոնստանդին Հովհաննիսյանը:

Առաջին օրը հետազոտողները պլանավորում էին աշխատել մինչև մութն ընկնելը, սակայն անսպասելիորեն ուժեղ անձրև տեղաց: Աշխատանքները ստիպված ընդհատվեցին: Իսկ հաջորդ օրն առավոտյան անակնկալ էր սպասվում: Բլրի արևմտյան կողմում հստակորեն արտահայտվել էին հին կառույցի ուրվագծերը, և, փաստորեն, դեռևս նախքան պեղումների սկիզբը հնագետները ստացան գործողությունների պլանը: Ոչ մի առեղծված. հում աղյուսից շարված ու թրջված պատն ավելի երկար է պահում խոնավությունը, քան փխրուն լցոնումը: Սելավից հետո հողն արագորեն կլանել էր խոնավությունն ու առավոտյան չորացել, իսկ շարվածքի շերտը խոնավ էր մնացել: Բահով փորելն ու հրդեհի ակնհայտ հետքերով պատերի ի հայտ գալը մեկ եղավ, իսկ պատերի աղյուսները կարմրած էին կրակից: Այդպես էլ առաջացավ տարածքի անվանումը՝ Կարմիր բլուր:

Ուշացած ծաղիկներ
Սկզբում պեղումները համեմատաբար հեշտ էին ընթանում: Հնագիտական պրակտիկայում ճարտարապետության նման լավ պահպանվածությունը հազվադեպ երևույթ է: Իսկ այստեղ… Հետազոտողները պատերը մերկացրեցին մինչև չորս մետր, վեց, իսկ դրանք դեռ խորքն էին ձգվում: Սրահների անսովոր խորությունը զարմացնում էր մասնագետներին: Իսկ գուցե սա ջրհո՞ր է: Բայց շուտով երևաց հիմքը՝ շարված բազալտի խոշոր բլոկներով, իսկ յոթ մետր խորության վրա հայտնվեց հողե հատակի խիտ շերտը: Որոշ մասերում պատերը հասնում էին ութ մետրի: Կարմիր բլուրում հայտնաբերվեց հսկայական մի կառույց, որը բակի հետ միասին չորս հեկտար տարածք էր զբաղեցնում: Միայն առաջին հարկում մոտ հարյուր քսան սրահ կար: Ծածկերը, դժբախտաբար, չէին պահպանվել, բայց հրդեհից ածխացած առաստաղային հեծաններից կարելի էր դատել դրանց կառուցվածքի մասին: Հեծանների համար հնադարյան շինարարներն օգտագործում էին սոճի, բարդի, կաղնի, երբեմն՝ հաճարենի: Որոշ ծառերի խոշոր բներն այնքան լավ էին պահպանվել, որ մի ջութակի վարպետ հողում մոտ քսանվեց հազարամյակ մնացած սոճու բնից ջութակի համար դեկա պատրաստեց: Եվ, որքան էլ տարօրինակ է, այն պիտանի եղավ: Հողի ընդերքից դուրս բերված ցուցանմուշների հսկայական քանակության մեջ զարմանալի իրեր էին հանդիպում: Օրինակ, փլուզված աղյուսների շերտի տակ՝ մեծ խորության վրա, ջրի ու օդի համար անթափանց մի շերտ էր գոյացել, որում շատ լավ պահպանվել էին պտուղներ, հացահատիկ, խոտաբույսեր և անգամ... նռան ծաղի՛կ: Նրա վարսանդն ու առէջները անվնաս էին, միայն թերթերն էին թափվել: Այդ ածխացած ծաղիկը ներծծեցին սինթետիկ յուղերով և պահեցին պատմության համար:

Հետաքրքրական է նաև հնագետների մեկ այլ գտածո: Տնային կենդանիները, ամենայն հավանականությամբ, ապրում էին ամրոցի վերին հարկում և հրդեհի ժամանակ, որը տեղի էր ունեցել գրոհի ընթացքում, նրանք ածխացած ծածկերի հետ միասին ներքև էին ընկել: Այնտեղ բախտի կամոք իդեալական պայմաններ էին ստեղծվել, և արդյունքում պահպանվել էին ոչ միայն կենդանիների ոսկորները, այլև լեշերի հատվածներ, որոնց ստամոքսներում գիտնականները չհասած ձմերուկի սերմեր էին հայտնաբերել... Ըստ ամենայնի՝ ձմերուկը որպես անասունի կեր էր ծառայում:

Վանի թագավորության արտեֆակտերի թվում հաճախ էին հանդիպում ոսկորից ու եղջյուրից տաշված առարկաներ: Ընդ որում, բացի պատրաստի իրերից գտնվել են նաև «կիսաֆաբրիկատներ»՝ եղջերուի սղոցած եղջյուրներ: Հետաքրքիր է, որ ամրոցի գլխավոր դարպասների պահապանին քաղաքը ոչնչացրած հարձակումը բռնացրել է եղջյուր տաշելիս: Դատելով սարքած կաղապարից՝ նա պատրաստվում էր գրիֆոնի գլուխ տաշել նույն տեղում հայտնաբերված սկյութական օրինակով:

Թեյշեբա աստծո քաղաքը
Միջնաբերդի հետազոտության ընթացքում հայտնաբերվեցին գինու 8 մառաններ՝ մեծ կարասներով, յուրաքանչյուրը՝ 800-1000 լիտր տարողությամբ: Միայն կավանոթների հատուկ պահեստում 1036 կարաս էր գտնվում, որից ավելի քան հարյուրը՝ բոլորովին անվնաս: Գիտնականները հայտնաբերեցին նաև գարեջրի արտադրամաս՝ հսկայական, տուֆից տաշված չանով՝ գարու ածիկի մնացորդներով: Պահեստում ցլերի 36 և ձիու երկու լեշ հայտնաբերվեց: Ամրոցում էին գտնվում նաև պանրի, քնջութի ձեթի, երկաթե զենքուզրահի պատրաստման արհեստանոցները, ինչպես նաև այլ նշանակության բազմաթիվ սրահներ: Ակնհայտ էր, որ այստեղ խոշոր վարչատնտեսական կենտրոն է գտնվել: Դրա մասին էին վկայում նաև հայտնաբերված փաստաթղթերը՝ արքաների ու պաշտոնյաների նամակներն ու հրամանագրերը՝ հասցեագրված փոխարքային: Դրանք նվիրված էին հողի վերամշակման, հարկահավաքության, ունեցվածքի ժառանգման հարցերին: Գտնվեց նաև մի պահանջագիր՝ վերադարձնելու փախուստի դիմած ստրկուհուն: Իսկ ահա ինքնին հզոր ամրոցի անվանումը գաղտնիք էր մնում ընդհուպ մինչև 1946 թվականը, երբ հայտնաբերվեց բրոնզե փականի մի դրվագ՝ սեպագիր արձանագրությամբ. «Ռուսա արքայի՝ Արգիշտիի որդու Թեյշեբաինի քաղաքի ամրոց»: Փաստորեն հնում այդ քաղաքը կոչվել է ի պատիվ Թեյշեբայի՝ պատերազմի ու հողմի աստծո, որն ուրարտական պանթեոնի երեք գլխավոր աստվածներից մեկն է: Այդ գրությունը հաստատում էր այն վարկածը, որ կառույցը թվագրվում է Ռուսա II արքայի թագավորության ժամանակով (մ.թ.ա. VII դ.): Այդուհանդերձ, դեռևս կասկածներ կային. գիտնականները տեղյակ էին, որ Ռուսա I-ը Սևանի հարավային ափին այդպիսի անվանումով ամրոց էր կառուցել, իսկ քանի որ հայտնաբերված փականը մեծ չէր, կասկած առաջացավ, որ այն կարող էին մեկ այլ ամրոցից բերած լինել: Իրադրությունը պարզվեց շնորհիվ միջնաբերդի հարավային հատվածում գտնված (1961-1962 թթ.)՝ տաճարի ցոկոլային հատվածի խոշոր քարե բլոկների ավերակների: Ութ քարերը կազմեցին մեկ, գրեթե ամբողջությամբ պահպանված մի տեքստ, որում հաղորդվում էր, որ Ռուսա արքան՝ Արգիշտիի որդին, Թեյշեբաինի քաղաքում <...>

Խալդի աստծուն կառուցել է տաճար՝ կոչված Սուսի, և Խալդի աստծո փառահեղ դարպասներ: «Թեյշեբաինին ուրարտական թագավորության պաշտամունքային կենտրոնն է եղել: Այստեղ սրբազան օբյեկտների մի ամբողջ համալիր է կառուցվել՝ մեծ և փոքր տաճարներ», — գրում է պատմաբան-վիմագրագետ Նիկոլայ Հարությունյանը: Պահպանվել են նաև չորս փայտե արձանիկներ: Դրանցից երեքը պատկերում են մորուքավոր աստվածների՝ երկար հագուստներով և բրոնզից ամբողջական սպառազինությամբ: Այդ մետաղի բարակ թիթեղներից պատրաստվել են թագեր, գոտիներ, կապարճներ փոքրիկ նետերով, նիզակների տեգեր, թրեր՝ ամրացված գոտուն: Նրանք մանրակերտ տարբերակով վերարտադրում էին այն առարկաները, որոնք գտնվել էին ամրոցի պեղումների ժամանակ: Չորրորդ արձանիկը պատկերում էր փոքրիկ հայելիով, հովհարով և խոշոր հախճապակե ուլունքով աստվածուհու:

Հետգրություն. ջինի վերադարձը
Բայց ամենահետաքրքիր ու առեղծվածային իրադարձությունը Կարմիր բլուրում պեղումների պատմության մեջ 24 սանտիմետր բարձրությամբ բրոնզե արձանի հայտնաբերումն էր: Այն պատահաբար գտավ Հռիփսիմե Ջանփոլադյանը՝ հնագիտական արշավախմբի ղեկավար Բորիս Պիոտրովսկու կինը, թիվ 5 սրահում, որն իրենից շենքի լայնքով ձգվող երկար միջանցք էր ներկայացնում: Արձանը պատկերում է անմորուք մի ֆիգուր՝ երկար հագուստով ու մինչև արմունկները հասնող թևքերով, ուսերին թափվող մազերով, գլխաշորով՝ զարդարված եղջյուրներով: Մարմնի երկայնքով ձգված աջ ձեռքում սկավառականման գուրզ է, իսկ կրծքին սեղմված ձախ ձեռքում՝ մարտական կացին: Ֆիգուրի վերին հատվածում զանգվածեղ հանգույց կա, իսկ ներքևի կողմից երկաթե առանցք է ամրացված՝ բռնակոթին հագցնելու համար: Պիոտրովսկին, հանգամանորեն ուսումնասիրելով այն, հանգել է հետևյալ եզրակացությանը. «Մեր առջև ուրարտական արվեստի տիպիկ օրինակ է: Արձանիկի ատրիբուտները, ինչպես նաև գլխազարդը՝ պսակված եղջյուրով, վկայում են այն մասին, որ այն աստվածություն է պատկերում, այն է՝ պատերազմի, հողմի ու որոտի աստված Թեյշեբային»:

Գտածոն հայտնաբերվել է 1941-ին: Նշանակում է՝ պատերազմի աստծուն ավերակների միջից դուրս են բերել Հայրենական Մեծ պատերազմի սկսվելու տարին: Այդ համընկնումն ինձ այնքան հետաքրքրեց, որ ես որոշեցի պարզել հայտնաբերելու ճշգրիտ ամսաթիվը: Հայտնի է, որ Կարմիր բլուրում պեղումներն ընդհատվել էին պատերազմի սկսվելու պատճառով: Այդպիսով իմ որոնումների միջակայքը նեղացավ՝ սահմանափակվելով 1941-ի մայիս և հունիս ամիսներով: Բայց ես ուզում էի առավել ճշգրիտ տվյալներ ստանալ և անցյալ տարի դիմեցի Հայաստանի Հանրապետության հնագիտության և ազգագրության ինստիտուտ, բայց արխիվներում ևս ինձ հետաքրքրող տվյալներ չգտնվեցին: Հետագա որոնումները բերեցին Հայաստանի պատմության ինստիտուտ: Ու թեև այնտեղ գտնված պատասխանը սպասելի էր, միևնույն է, ցնցող էր: Ավելի քան 2500 տարվա մոռացությունից հետո պատերազմի, հողմի ու որոտի աստված Թեյշեբան «հարություն էր առել»՝ կարծես ջինը շշի միջից դուրս պրծնելով 1941-ի հունիսի 21-ին: Եվ հաջորդ իսկ օրը սկսվեց Հայրենական Մեծ պատերազմը:

Երկար ժամանակ ինձ թվում էր, որ այդ իրադարձությունների ժամանակակիցներն ըստ արժանվույն չեն գնահատել այդ, անվանենք, համընկնումը: Որքան մեծ էր զարմանքս, երբ ավելի ուշ Բորիս Պիոտրովսկու հուշերում կարդացի. «Ճանապարհին՝ դաշտում, ես հանդիպեցի հողագետ Աշոտ Չիտչյանին: Դեռ չէի հասցրել բարևել, երբ նա ասաց. «Բորիս, այսօր գիշերը գերմանական զորքերը հատել են խորհրդային սահմանը»: Մեկ օր առաջ այդ մասին մեզ արդեն տեղեկացրել էր Թեյշեբան: Հաջորդ օրը հենց բլրի վրա սկսեցին փակել աշխատողների հաշիվները: Նրանցից ոմանք անմիջապես ծառայության էին մեկնում»:

Թեյշեբաինիի անկումը
Թշնամիների հայտնվելուց հետո Թեյշեբաինիի բնակիչները լքեցին քաղաքն ու թաքնվեցին միջնաբերդի ամուր պատերի հետևում՝ բակում կառուցելով ժամանակավոր օթևաններ: Ըստ երևույթին, կենտրոնի փոխարքայի իշխանությունն այդ ժամանակ այլևս ոչ մի ուժ չուներ: Ամրոցի պահեստները թալանվել էին, քաղաքի բնակիչները տանել էին տվել այն ամենը, ինչ կարողացել էին՝ հույս ունենալով օգտվել այդ բարիքներից պաշարումից հետո: Բայց ճակատագիրն այլ կերպ վճռեց: Թեյշեբաինին գրոհեցին գիշերը: Թշնամիները միջնաբերդ ներխուժեցին ոչ թե գլխավոր, լավ ամրացված դարպասներով, այլ հյուսիս-արևմտյան՝ գետի կողմից: Պեղումներն ապացուցում են, որ քաղաքն ու ամրոցն ավերվել են տեղական ցեղերի կողմից, որոնց միացել էին նաև նախկին դաշնակիցները՝ սկյութները: Գրոհի ժամանակ նրանք այրեցին միջնաբերդի հյուսիսային հատվածը: Հաստատված է, որ գրավելով ամրոցը՝ զավթիչները փորձել էին փորել որոշ սրահները՝ հույս ունենալով այնտեղ թանկարժեք իրեր գտնել: Թեյշեբաինիի գրոհից ու ամրոցի ավերումից հետո կյանքը քաղաքում չվերսկսվեց:

Կարմիր բլուր, մեր օրեր
2013 թվականին անցկացված պեղումների ընթացքում Կարմիր բլուրում հայտնաբերվել են ուրարտական պետության վերնախավի դամբարաններ՝ ընդհանուր առմամբ, 500 դամբարան, որոնցից յուրաքանչյուրում թաղված է առնվազն 2 մարդ։ Դամբարանները սենյակների տեսք ունեն, լցված են հողով, իսկ վերևից ծածկված են հսկայական գետաքարերով ու կրաշաղախով։ Մարդկանց հետ թաղել են նաև նաժիշտների ու ծառաների, որոնց կմախքները մի քանի մասերի են բաժանված։ Հուղարկավորվածների կողքին հայտնաբերվել են նաև կուռքեր՝ տուֆից սալիկներ՝ փորված աչքերով։ Նրանք հանդերձյալ կյանքում չարքերից պաշտպանել են իրենց «տերերին»։ Հայտնաբերվել են նաև մառաններ, որոնց հսկայական տարածքը վկայում է, որ այնտեղ կես միլիոն լիտրից ավելի գինի է պահվել։ Ամբարները լցված են եղել հացահատիկի մեծ պաշարով։ Հայտնաբերվել է նաև ձիանոց։

«ԵՐԵՎԱՆ» ամսագիր, N1-2, 2014

Այս թեմայով