05 Փետրվար 2014, 15:59
2678 |

Կենդանի կենդանիների այգի

Ավելի քան 70 տարվա պատմություն ունեցող Երևանի կենդանաբանական այգում գոնե մեկ անգամ եղել է մեզանից յուրաքանչյուրը: Դե, հետո էլ կլինի, երբ տանի իր բալիկներին, հետո էլ՝ թոռներին: Համենայն դեպս, երբ ես երեխա էի, այդպես էր ընդունված. Կենդանաբանական այգին պարտադիր այցելելու հաստատություն էր: Իսկ ի՞նչ է կատարվում այնտեղ այսօր: Որոշեցինք գնալ ու տեսնել:

Առավոտյան կենդանաբանական այգում ինձ դիմավորեց երիտասարդ տնօրենը՝ Ռուբեն Խաչատրյանը, որը մոտ 2 տարի է, ինչ ստանձնել է այդ պաշտոնը: Զբոսնելով հասանք հայկական միջերկրածովյան կրիային: Դա մեր էնդեմիկներից մեկն է, որի համար նոր ձևաչափով ազատավանդակ էր պատրաստվել՝ ապակուց և քարերից: Դրա շնորհիվ անցյալ տարի կրիաներն առաջին անգամ էին ձվադրել վերջին 20 տարվա ընթացքում, իսկ ձմեռը անցկացրել էին գետնի տակ: Հիմա էլ կիզող արևից էին թաքնվում՝ իրենց բնորոշ դանդաղությամբ հաղթահարելով հողի շերտերը:

Քիչ վերև ակվատեռարիումն էր, որտեղ հանգրվանել են օձերի, մողեսների, ձկների բազմաթիվ տեսակներ, ինչպես նաև հայկական միջերկրածովյան կրիայի ձագուկները: Կասկավելլան կամ շառաչող օձը, թույն նետող կարմիր կոբրան, մեհենագրային պիթոնը, ինչպես նաև հայկական լեռնատափաստանային վահանագլուխ իժը, որ ամենաթունավոր օձերից են, դիտողից առանձնացված են հրակայուն ապակու շերտով: Բայց դա դեռ բավական չէ, քանի որ նրանց խնամելիս վտանգվում է աշխատակիցների կյանքը: Պարոն Խաչատրյանը ափսոսանքով նշեց, որ մոտ ժամանակներս նախատեսվում է այդ թունավոր օձերին տեղափոխել արտասահման' գործընկերների կենդանաբանական այգիներ: Պատճառը, թերևս, հասկանալի է. «Եթե մենք չունենք հակաթույնը, իրավունք չունենք այդ թունավոր օձին այստեղ պահելու», — պարզաբանում է տնօրենը:

 

Սիրամարգերի ազատավանդակում (այդպես է կոչվում այն տարածքը, որը թեև մեկուսացված է, բայց որտեղ կենդանիները տեղաշարժվելու, իրենց դրսևորելու ազատություն ունեն) զույգ թռչունների հետ միասին կեսօրյա հանգիստն էին վայելում նաև տասնյակ արտույտներ: Պատկերը լրացնում էին թռչունների մոտ հյուրընկալված կենսուրախ սկյուռիկները: «Հիմա փորձում ենք սկյուռիկներին վարժեցնել, ընտելացնել մարդկանց, որպեսզի առաջիկայում այցելուները կարողանան կերակրել նաև նրանց», — նշում է տնօրենը՝ հավելելով, որ, առհասարակ, կենդանիներին կերակրել թույլատրվում է, պարզապես դրա համար պետք է օգտագործել միայն և միայն այգում վաճառվող հատուկ կերը:

 

Բնությունն առանց ճաղերի
Արջերը ուրախ շփվում էին այցելուների հետ: Կարծես թե գոհ էին ինչպես երեխաները, այնպես էլ նրանց զվարճացնող կենդանիները: Այդուհանդերձ, այստեղ էլ դեռ շատ անելիքներ կան: Մոտ ապագայում արջերի ազատավանդակը մեծացվելու է, որպեսզի կենդանիներն իրենց ավելի լավ զգան: Պարոն Խաչատրյանը նշում է, որ Երևանի կենդանաբանական այգու ղեկավարությունն այժմ ձգտում է փոխակերպել այդ հաստատությունը մի այնպիսի վայրի, որտեղ վայրի բնության հետ շփվելու մարդկանց ցանկությունը չի ոտնահարի կենդանիների՝ բնական միջավայրում արժանապատիվ և առողջ ապրելու իրավունքը: «Մենք պետք է ընդունենք, որ սա, անկախ ամեն ինչից, կենդանիների համար բանտ է, և մեր պարտքն է ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ նրանք իրենց առավելագույնս ազատ կզգան», — վստահ է նա: Այդ է վկայում նաև այգու կարգախոսը՝ «Բնությունն առանց ճաղերի»:

Կենդանաբանական այգու տարածքում նախատեսվում է նաև կառուցել մանկական այգի՝ կամուրջով, կղզյակով, խաղահրապարակով, որտեղ երեխաները ազատորեն կկարողանան շփվել, հաղորդակցվել անվտանգ, խաղաղ ու ոչ գիշատիչ կենդանիների հետ, այդ թվում' անվնաս օձերի հետ, որոնց վիշապիկ են կոչում: «Սա նաև անիմաթերապիայի ուղղությամբ մեր ծրագիրն է, որովհետև կենդանիների հետ շփումն իսկապես շատ կարևոր նշանակություն կարող է ունենալ զանազան հիվանդություններ ունեցող երեխաների համար», — նշում է Խաչատրյանը՝ ընդգծելով, որ պետք է մարդկանց միջից հանել այգու հանդեպ վերաբերմունքը որպես «գազանանոցի». այն ոչ միայն կենդանիներին ցուցադրելու, այլև պահպանելու, բազմացնելու, ուսումնասիրելու և մարդկանց ուսուցանելու առաքելություն ունի:

Սև անգղների ազատավանդակի դիմաց լրացուցիչ պատնեշներ էին դրված. նրանք առաջին անգամ էին ձվադրել կենդանաբանական այգու պատմության մեջ, և այցելուներին խստիվ արգելվում էր խանգարել թռչուններին: Կողքի ազատավանդակում ևս մի զույգ անգղներ էին, որոնք դեռ զուգավորման նախերգանքն էին կատարում՝ կծմծելով իրար ու խաղալով միմյանց հետ:

Զբաղեցնել գետաձիուն
Եղնիկների ազատավանդակի կենտրոնում մեծ քանակությամբ ճյուղեր էին շարված, որոնք, տնօրենի խոսքով, կենդանիներին զբաղեցնելու համար են: «Նրանք հաճույքով կրծում, առանձնացնում են կեղևը ճյուղերից, իսկ պարանից զանազան պարկեր են կախվում սննդով, այդպես զբաղեցնում ենք, որպեսզի կենդանիները չձանձրանան: Դրա համար հատուկ 3-4 նոր աշխատակիցներ ունենք, որոնք կենդանիների զբաղվածությունն են ապահովում. առանց դրա կենդանիները ձանձրանում են, աննպատակ հետ ու առաջ են քայլում, այդպես չպետք է լինի», — գտնում է նա:

Կենդանիների զբաղվածությունն ապահովող Արփինեն ու Անժելան պատմում են, որ յուրաքանչյուր կենդանի անհատական մոտեցում է պահանջում: «Փորձում ենք խաղի վերածել թե՛ կերակրելու գործընթացը, թե՛ պարզապես նրանց անցկացրած ժամանակը վանդակում: Սնունդը դժվարամատչելի վայրերում ենք դնում, որպեսզի կենդանին փնտրի, գտնի, ցատկի, մարզի մկանները, շատերի մոտ մկաններն անգործությունից թուլացել են: Ամեն ինչ անում ենք, որպեսզի ավելի ակտիվ դարձնենք նրանց կյանքը, օրինակ՝ գետաձիու մոտ ջրի մեջ գնդակ ենք նետում, բայց երկար չենք թողնում, որպեսզի չսովորի ու ամեն անգամ նետելուց ոգևորվի, խաղա: Շատերի աչքերին նայում ես, հասկանում ես, թե որքան ձանձրալի է նրանց համար կյանքն այստեղ», — ցավով նշում են աղջիկները, իսկ անդրադառնալով իրենց մասնագիտությանը՝ ժպիտով նշում, որ այն բոլորովին կապ չունի իրենց գործի հետ. «Մենք պարզապես շատ ենք սիրում կենդանիներ, սիրելով ենք եկել աշխատելու: Եթե չսիրես, այստեղ երկար չես մնա»:

Կենդանաբանական այգով շրջելիս անընդհատ հիշում էի ավելի քան 10 տարի առաջ կատարած այցելությունս, երբ այստեղ այնպիսի անտանելի հոտ էր, որ ինքս ինձ խոսք էի տվել այլևս երբեք չգալ: Հիմա այդ խնդիրը չկա. պատճառը հնացած կոյուղին էր, որն ամբողջովին հիմնանորոգվել է և ապահովել ջրային համակարգի նորմալ աշխատանքը:

Հայր և որդի գետաձիերի մոտ ճաշի ժամ էր. արհամարհելով մեր ներկայությունը՝ նրանք լուռումունջ որոճում էին իրենց բաժին ընկած խոտը: Քիչ այն կողմ ձանձրացած ուղտերն էին. արևի տակ իրենց լավ էին զգում՝ երևի պատկերացնելով, թե անապատում են, մեկումեջ էլ քթներն էին քորում՝ քսելով ճաղերին:

Վահագ պապի երգն ու միայնակ փիղը
Շոտլանդական պոնիների տարածքում տքնաջան աշխատում էր Վահագ պապին: «Նա մեր այգու ամենատարեց աշխատակիցներից մեկն է: Գործի ժամանակ էլ քթի տակ երգում է», — ասաց տնօրենը, իսկ իմ հարցը, թե ինչ է երգում, ուղղեց նրան. — Վահա՛գ պապի, ի՞նչ ես երգում գործ անելուց:
— Դե խառը էլի:
— Բա մի բան երգի լսենք:
— Չէ՛, սենց չեմ կարա: Էտ պետք ա գործ անելուց լինեմ, մտքերով ընգնեմ, որ երգեմ...
Վահագ պապիի երգելն այդպես էլ չլսեցինք, բայց հեռվից արդեն ականջ էինք դնում Գրանդ փղի բարձրացրած աղմուկին: Նա նյարդայնացած գնում-գալիս էր իր տարածքով, հետո մտնում ձմեռանոցն ու ուժգին հարվածում ներսի պատերին: «Հիմա գարուն է, Գրանդն էլ ընկերուհի չունի: Այդպես ամբողջ օրը վրդովվում է, արդեն մի ամիս է՝ հրաժարվում է կերից», — պարզաբանում է Խաչատրյանը:

Գահընկեց արքաները
Հեռվում բեզոարյան այծի, հայկական մուֆլոնի և այլ սմբակավորների ազատավանդակներն էին, սակայն կենդանիներին այդպես էլ չտեսանք. կիզիչ արևից նրանք պատսպարվել էին իրենց բներում: Գայլազգիների վանդակների շարքում ուշադրություն էին գրավում զույգ շնագայլերը: Երբ փորձեցինք գուրգուրել նրանցից մեկին, մյուսը խանդի տեսարան սարքեց՝ սպառնագին գռմռալով: Տնօրենը նշեց, որ գրեթե բոլոր կենդանիների ազատավանդակները, որոնք ճաղերով են առանձնացված մարդկանցից, փոխվելու են, տեղադրվելու են հրակայուն ու դիմացկուն ապակիներ կամ փայտե պատնեշներ:

Ամենատխուր վանդակը առյուծներինն էր: Ընդամենը մի քանի մետր երկարությամբ միջանցքն այն ամբողջ տարածքն էր, որտեղ կարող էին տեղաշարժվել կենդանական աշխարհի արքաները: Ցերեկվա շոգին նրանցից ամեն մեկը մի զով անկյուն էր գտել, իսկ «տան տղամարդը» հպարտ մենության մեջ էր նստած՝ երբեմն փոխելով իր դիրքը, իբր, թույլ տալով լուսանկարել իրեն՝ ամենից ամենային: Տնօրենը վստահեցնում է, որ առյուծների համար մի գեղեցիկ տարածք են ընտրել, որը շուտով բնությանը շատ մոտ մի վայրի կվերածվի: «Առանձին ազատավանդակ են ունենալու նաև վագրերը, որոնցից վերջինը Հայաստանում սպանվել է դեռ 1956-ին: Ընդ որում՝ նրանց տարածքը կլինի ավելի մեծ, քան որևէ մեկը եվրոպական կենդանաբանական այգիներում: Վագրերի համար հատուկ լիճ է կառուցվելու, որտեղ ձկներ կբուծենք, և գիշատիչները հնարավորություն կունենան որսալու», — նշում է նա՝ հավելելով, որ առյուծների ներկայիս վանդակը կօգտագործվի այլ կենդանիների ցուցադրության համար և հիմնովին կձևափոխվի: Առյուծների վանդակի կողքին պտավոր բորենիների նորակառույց ազատավանդակն էր, որի բնակիչները դեռևս «բնակարանամուտ» չէին արել:

Ազատագրական շարժում
«Կենդանաբանական այգին 34 հեկտար տարածք ունի, բայց միայն 8-ն ենք օգտագործում: Իսկ չօգտագործվող տարածքներում անգամ արտաքին պարիսպ չունենք, դրա համար էլ ապօրինի զավթումներ են անում: Ամբողջ այգու բարեկարգման ծրագիր ունենք, բայց միայն պատկան մարմինների օգնությամբ կկարողանանք հետ վերցնել մեզ իրավամբ պատկանող տարածքն ու օգտագործել այն բուն նպատակով», — նշում է տնօրենը:

Կենդանաբանական այգու առաջիկա ծրագրերում է նաև մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանի դիմացի մայթին հատուկ կանգառի կառուցումը, որտեղ կվաճառվեն այգու մուտքի տոմսեր, ու կլինի հատուկ ավտոբուս, որով մարդիկ անվճար կբարձրանան կենդանաբանական այգի և կվերադառնան, ինչպես արվում է այլ երկրներում:

Բնազդային գիտելիքներ
Ճանապարհին հանդիպեցինք Կենդանաբանական այգու անասնաբույժ Հարութին: Նա պատմում է, որ կենդանիները հիմնականում վնասվածքներ են շատ ունենում: «Միմյանց հետ խաղալուց, կռվելուց, հատկապես զուգավորման շրջանում շատ են վնասվածքներ, կոտրվածքներ ստանում: Իհարկե, կան նաև կենդանիներ, որոնք խրոնիկ հիվանդություններ ունեն կամ ինչ-որ հիվանդությամբ են վարակվում, բայց հետևողական աշխատանքների շնորհիվ նման դեպքերը նվազագույնի են հասել», — ասում է նա: Անդրադառնալով ծննդաբերության գործընթացին՝ անասնաբույժը նշում է, որ միջամտում է, երբ ինչ-որ խնդիր կամ բարդացում է առաջանում. «Կենդանիները մարդկանց պես չեն: Այդ մենք ենք, որ ծննդաբերության ժամանակ օգնության կարիք ունենք, իսկ կենդանիները բնազդաբար գիտեն, թե ինչ անեն»: Ի դեպ՝ այգում նախատեսվում է նաև առանձին բուժ-կենտրոնի կառուցում:

Կենդանի կենդանիներ
Այգու վերին հատվածում թռչունների վանդակներն էին: Դրսում վայրի թռչնատեսակներն են՝ դարձյալ անգղներ, սիրամարգեր, արծիվներ, իսկ քիչ այն կողմ մի առեղծվածային աշտարակ է: «Այս բազմաչարչար շենքը մի քանի անգամ հրդեհվել է, բայց մինչ օրս կանգուն է», — պատմում է պարոն Խաչատրյանը: Աշտարակից ներս մտնելով՝ թվաց, թե գժանոցում ենք հայտնվել. ամենուրեք կչկչացող հավազգիներ ու աղմկող գունագեղ թութակներ էին: Այնպիսի ժխոր էր, որին երկար չես դիմանա, այնպես որ՝ արագ զննեցինք բոլորին ու դուրս եկանք: Հեռանալիս աշտարակի վերին հարթակից մեզ հաչոցներով ճանապարհեցին թռչունների պահապան շները՝ Ինգան և Դոդոն:

Արդեն հեռանում էինք այգուց, երբ մտաբերեցի մի լուսանկար, որտեղ ես էի՝ 3 տարեկան, և 2 տարեկան եղբայրս՝ վախվորած աչքերով կանգնած վագրի ու այլ կենդանիների խրտվիլակների առջև: Հետաքրքրվեցի, թե ուր ենք դրանք: Պարոն Խաչատրյանը պատմեց, որ տնօրեն նշանակվելուց հետո կարգադրել է վերացնել դրանք. «Խրտվիլակները էսթետիկապես տգեղ են: Միգուցե բնության թանգարանում դրանք կարող են լինել, հատկապես երբ վերացած տեսակների մասին է խոսքը, բայց սա կենդանի կենդանիների այգի է, և մարդիկ պետք է գան ու շարժվող, աղմկող, սնվող ու խաղացող կենդանիներ տեսնեն»:

«ԵՐԵՎԱՆ» ամսագիր, N3, 2013

Այս թեմայով