22 Փետրվար 2014, 06:06
2491 |

Փչի, թող գնա

1824 թվականին Մայքլ Ֆարադեյն իր ջրածնային փորձերի համար հայտնագործեց փուչիկը: Այսօր գիտական հետազոտությունների այդ առարկան վաղուց արդեն մեր առօրյայի անբաժան մասն է: Այս ընթացքում շատ բան է փոխվել. պայթուցիկ ջրածնին փոխարինելու է եկել հելիումը, որի օգնությամբ փուչիկներն անվտանգ սավառնում են օդում, մարդիկ սովորել են փուչիկներից պատրաստել գրեթե ամեն ինչ, իսկ փուչիկներն իրենց հերթին սովորել են նաև քայլել, լողալ, խոսել ու նույնիսկ երգել: Ոչ բոլորը գիտեն, որ Ֆարադեյի հայտնագործության գրեթե բոլոր այդ տարատեսակները կարելի է գտնել երևանյան մի շարք խանութներում:

Երևանում գործում է փուչիկների երեք մասնագիտացված խանութ և մի քանի նվերների խանութներ, որոնց ընտրանիները գրեթե ոչնչով չեն զիջում մասնագիտացվածներին: Օրինակ՝ հատուկ սարքերով զինված փուչիկները կձայնագրեն և ձեր փոխարեն կփոխանցեն մաղթանքները հասցեատիրոջը, երաժշտականները կերգեն, իսկ հելիումով լի և փոքրիկ բեռով փուչիկները ամենաթույլ քամուց շարժվելով քայլելու տպավորություն կթողնեն: Այդպիսի օրորվող պինգվինների, հարս ու փեսաների, ձկների և Միկի Մաուսների կարելի է գտնել բոլոր խանութներում, որոնց մասին կխոսենք, վճարելով մոտ 8-15 հազար դրամով (ներառյալ հելիումի գինը)՝ կախված փուչիկի չափսից: Բարեբախտաբար, բոլոր խանութներում գնված փուչիկները կարելի է հենց տեղում հելիումով լիցքավորել: Սովորական 30 սանտիմետր տրամագծով փուչիկի լիցքավորումը կարժենա 650-800 դրամ:

Օդում սավառնող տնակը
Մաշտոցի պողոտայի Party City խանութը տարբերվում է փուչիկների մեծ ընտրանիով: Մասնավորապես, այստեղ արդեն կարելի է գտնել փուչիկների ինդուստրիայի նորույթ՝ այսպես կոչված՝ bubble balloon-ներ: Դրանք ավելի նման են գնդակի, քան փուչիկի, կարերի կողքին չունեն ճմրթվածություններ, ինչպես ֆոլգայից փուչիկները, և, ի տարբերություն սովորականների, շատ դժվարությամբ են պայթում: Ի դեպ, Party City-ն գործում է արդեն 7 տարի: Ինչպես վկայում են վաճառողները, այդ ընթացքում ինչ ասես որ չի պատահել.

— Մի օր մի աղջիկ էր եկել, խնդրում էր, որ իրեն փուչիկներով փաթեթավորենք: Ուզում էր ինքն իրեն նշանածի ծնունդին նվիրել: Իսկ վերջերս մի տղա եկավ ու շատ լուրջ դեմքով հարցրեց. «Փուչիկներով տուն կկարողանա՞ք բարձրացնել»: Վերջապես հասկացանք, որ տղան ի նկատի ուներ խաղալիք տնակ: Ուզում էր այն օդ բարձրացներ, ինչպես Pixar ստուդիայի «Դեպի վեր» մուլտֆիլմում:

Եվս մեկ զվարճալի պատվեր, թեպետ ոչ այնքան ռոմանտիկ, ինչպես թռչող տնակը, պատմեցին Բաղրամյանի Gift Shop-ում.
— Կենդանի ճագար բերեցին: Տեսել էին մեր մոտ փուչիկներ՝ մեջը փափուկ խաղալիքներով, ու հարցնում էին՝ արդյոք կկարողանա՞նք ճագարին փուչիկի մեջ դնել: Իհարկե հրաժարվեցինք:

Բացի փափուկ արջուկներով փուչիկներից այստեղ կարելի է գնել նաև լուսավորվող փուչիկներ և փչվող թագեր, թեպետ ընդհանուր առմամբ ընտրանին բավական սուղ է:

Փչովի ժպիտներ
Փուչիկի մեջ դրված փափուկ խաղալիքներին հանդիպեցինք նաև Կոմիտաս 38 հասցեում գտնվող՝ համեմատաբար նոր «Բալլունս» խանութում: Չորս ամիս աշխատող խանութը դժվար է չնկատել, չէ՞ որ նույնիսկ շենքի քարերին տարբեր գույնի մեծ փուչիկներ են նկարված, իսկ մուտքի մոտ փակցված է խանութի կարգախոսը. «Դարձրու երազանքդ իրականություն»: Խանութի տերը, որը շուրջ տասը տարի է, ինչ փուչիկների ոլորտում է աշխատում, կարծես թե ամեն ինչ գիտի դրանց մասին: «Բալլունսը» մյուս խանութներից հատկապես տարբերվում է իր՝ հայերենով գրվածքներով փուչիկներով: Հենց տեղում գործում է փոքր արհեստանոց, որտեղ փուչիկների վրա տպում են գրություններ կամ նկարներ: Այստեղ վստահեցնում են, որ «Բալլունսը» պատրաստ է ի կատար ածել հաճախորդի ցանկացած միտք, միայն թե այն լինի նոր և հետաքրքիր: Վերջերս Սուրբ Վալենտինի տոնին կամ Մարտի 8-ին քաղաքի տարբեր հատվածներում հայտնվում են փուչիկներով հավաքած սիրո խոստովանություններ, բայց առաջին նման գրությունը արվել էր հենց «Բալլունսի» կողմից մի քանի տարի առաջ Սայաթ-Նովա պողոտայի վրա:

Այս տարի սիրահարների համաշխարհային օրը՝ փետրվարի 14-ին Նալբանդյան 43 հասցեում բացվել է հերթական փուչիկային խանութը՝ «Մուսի Պուսին»: Այստեղ ամբողջ հատակը փուչիկներով է ծածկված, իսկ պահարաններում բնակվում են տարբեր մուլտֆիլմերի հերոսներով փուչիկներ: Սմայլիկներին առանձին պահարան է հատկացված, և դա պատահական չէ, քանի որ խանութի տերերի պնդմամբ հենց դրանք են գլխավորում ամենավաճառվող փուչիկների ցանկը: Հարկ է նշել, որ փուչիկները նույնպես ունեն իրենց տենդենցները և նորաձևությունը: Այդպես, օրինակ՝ ֆոլգայից փուչիկները փորձում են կյանքից հետ չմնալ, և ավելի գրավիչ դառնալու համար ստանում, ասենք, Angry Birds խաղի հերոսներից մեկի կերպարանքը, կամ փչովի «համմեր» ավտոմեքենայի ձևը: «Մուսի Պուսիում» կան նաև փուչիկներից ծաղկեփնջեր: Լուրջ, իսկական ծաղկեփնջեր՝ փաթեթավորված գեղեցիկ թղթով բնավ ոչ բնական, բայց և այնպես, ոչ պակաս ուրախացնող փչովի ծաղիկներով: Փչովի են այստեղ ոչ միայն ծաղիկները, այլ նաև ատամները, մանկական սայլակները, տիկնիկները և բազմաթիվ այլ իրեր:

Գտնել ճիշտը
Մասնագիտացված խանութներից ամենահինը' «Փուչիկների աշխարհը», գտնվում է Կոմիտաս 1 հասցեում, և գործում է արդեն մոտ 4 տարի: Չնայած նրան, որ առաջին հայացքից այն դատարկ է թվում, խանութի ընտրանին բավականին մեծ է: Բոլոր հետաքրքիր իրերը հատուկ ամաններում կամ պատի վրա կախված սուս-փուս սպասում են իրենց գնվելու հերթին: Թաքնված փուչիկների օրենքը գործում է բոլոր նման խանութներում: Ամենահետաքրքիր նմուշները միշտ թաքնված են, ոչ թե փչված սպասում են ամենաերևացող տեղում: Շատ կարևոր է չվերցնել առաջին պատահածը: Անպայման ուսումնասիրեք պատը, փորփրեք ամանները, հարցեր տվեք վաճառողներին, որպեսզի գտնեք հենց այն, ինչ ձեզ պետք է:

Եվ ընդհանրապես, նվիրեք փուչիկներ, և, երբ այն ստացող մարդն ի սրտե կուրախանա, ինչ-որ տեղ, հեռավոր անցյալում անպայման կժպտա սովորաբար խոժոռ ֆիզիկոս Ֆարադեյը, հասկանալով, որ ինչ-որ մեկին իր հայտնագործությունը այսօր մի քիչ ավելի երջանիկ դարձրեց:

«ԵՐԵՎԱՆ» ամսագիր, N5, 2013

Այս թեմայով