10 Հունվար 2014, 12:37
5348 |

Իմ ծիրանագույն քաղաքը

Բակային «Անապա-Անապա» խաղի, ցուրտ ու մութ տարիների ջերմ մարդկային հարաբերությունների, քաղաքին նվիրված մանկական բանաստեղծության, Երևանի կինոգենիկության, ծիրանագույն մայրամուտի և այլնի մասին պատմում է կինոռեժիսոր Մարիա Սահակյանը:

Մարգարյանի անվան ծննդատանն եմ ծնվել' առավոտյան ժամը վեցին: Չէի ասի, որ լավ եմ հիշում այդ օրը, բայց ինչքան գիտեմ' շատ շոգ օր էր:

Մանկությունս անցել է Չերյոմուշկայում' ամենասովորական խրուշչովկաներից մեկում: Մի անգամ բակում ջուր էր լցվել: Մեր բակի երեխաներից մեկը Անապա էր մեկնել, մենք էլ որոշեցինք հետ չմնալ ու սկսեցինք «Անապա-Անապա» խաղալ' պատկերացնելով, որ ծով ենք գնացել:

Երեք տարեկան էի, երբ բակում սկսեցի թատրոններ կազմակերպել: Տատիկս թույլ էր տալիս, որ տնից ցանկացած իր դուրս տանեմ, նույնիսկ հատուկ բեմական հագուստներ ունեինք: Շքամուտքի դռները փակում էի ու տոմսեր էի վաճառում: «Կապույտ կակաչ» էի բեմադրում:

Չեխովի դպրոց եմ հաճախել, այդ ժամանակ էլ տեղափոխվեցինք Սունդուկյան փողոցի վրա գտնվող տատիկիս բնակարանը: Բակում շներ կային, մենք էլ նրանց հետևում էինք, կերակրում, պահում նրանց ձագերին: Առաջին ժամադրությունս թթի ծառի վրա է անցել'հենց այդ բակում:

Միշտ սիրել եմ դպրոցս, նույնիսկ երբ հիվանդանում էի, տանը չէի մնում: Շատ ընկերներ ունեի, ամեն օրը հետաքրքիր էր անցնում:

Յոթերորդ դասարանում էի, երբ Մոսկվա տեղափոխվեցինք: Ամեն կերպ համոզում էի ծնողներիս, որ ինձ Երևանում թողնեն: Ես ինձ լավ էի զգում այստեղ, չնայած որ մութ ու ցուրտ տարիներն էին: Երբեք չեմ մոռանա՝ դասարանում 25 հոգուց մեկը հացի կտոր էր բերում ու բոլորիս հետ կիսվում: Շունիկ ունեի, որ ինձ հետ հացի հերթերում էր կանգնում. բոլորը բոլորի մասին ամեն ինչ գիտեին, դու քո մասին էիր պատմում, մյուսները' իրենց: Այնքան մարդ եմ հիմա հիշում հենց այդ հերթերից: Բայց մեր ընտանիքի վիճակը իրոք շատ վատ էր, նույնիսկ տաքացնելու համար որևէ բան չունեինք, հենց դրա պատճառով էլ հեռացանք Երևանից:

Մոսկվայում առաջին տարին շատ դժվար էր, հատկապես այն պատճառով, որ ոչ մեկին չգիտեի: Հետո հանդիպեցի ամենամտերիմ ընկերուհուս' Վիկային, որ կյանքիս ամենամեծ գանձերից է: Նրա հետ մինչ այսօր էլ շատ մտերիմ ենք: Ավելին' Վիկան իմ վերջին' «Այդ ես չեմ» ֆիլմի նկարիչն է:

Ես գիտեի, հաստատ գիտեի, որ վերադառնալու եմ, որովհետև կամքիս հակառակ տարան Մոսկվա: Սպասում էի, որ կայանամ և հետո վերադառնամ Երևան, այլապես, վստահ եմ, ոչնչի չէի հասնի:

Երևանում ամենամեծ խնդիրը հենց դա է' քեզ չեն թույլ տալիս կայանալ: Շատ եմ հանդիպում հայ երիտասարդների, որոնք փորձում են որևէ բան ստեղծել, բայց նրանք միանգամից լսում են հետևյալը' «դու ո՞վ ես, որ խոսում ես»: Ռուսաստանում ստեղծագործ մարդուն այդ առումով շատ ավելի հեշտ է: Այստեղ քո ուժերին չեն հավատում ու ձայնի իրավունք չեն տալիս: Իսկ այնտեղ կարող ես խոսել: Եթե համարձակվում ես, տաղանդավոր ես ու քեզնից որևէ բան ես ներկայացնում, հաստատ ինչ-որ բանի կհասնես:

Հենց փող հայտնվեց, միանգամից հետ եկա Երևան: Դրանից հետո արդեն յուրաքանչյուր ամառ այստեղ էի անցկացնում: Ամենասարսափելին այն էր, որ եկա ու տեսա, որ չկան ծառերը, իմ սիրելի կինո «Պիոների» կողքը փոսեր են հայտնվել: Կարծես անձեռք ու անոտք, արյունլվիկ մարդ լինեի, փակ աչքերով էի քայլում քաղաքով: Հաճախ մասնակցում եմ շինությունների պահպանության համար կազմակերպված ակցիաներին. ես կողմ եմ նորությանը, բայց դեմ եմ դրան քանդելու միջոցով հասնելուն:

Բոլորը զարմանում են, որտեղից է Երևանի հանդեպ այս սերն ու կապվածությունը: Մեր ընտանիքում միայն ինձ մոտ է նման մեծ զգացմունք այս քաղաքի հանդեպ: Բայց իմ երեք երեխաները ևս ժառանգել են իմ սերը Երևանի հանդեպ: Չգիտեմ, գուցե պատճառն այն է, որ մեկնեցի քաղաքից հենց այն ժամանակ, երբ ամենից շատն էի սիրում, կորցրեցի ու սերս ավելի ուժգնացավ: Գուցե, եթե մնայի, քաղաքը սովորական կդառնար ինձ համար, իսկ ես 15 տարիների ընթացքում ամեն օր կարոտում էի Երևանը: Պատկերացնո՞ւմ եք, որքան կարոտ եմ կուտակել: Չես կարող բացատրել, ինչու ես սիրում երաժշտությունը, նույնն էլ այս հարցում է, պարզապես սիրում ես և վերջ:

Փակում էի աչքերս ու պատկերացնում' ինչպես եմ քայլում Բաղրամյանով, հիշում էի ամեն քարը, շենքերի ամեն ճեղքը: Ոչ թե մարդկանց էի կարոտում, այլ հենց քաղաքը' գույնը, հոտը, մթնոլորտը, աշունը, արևածագն ու մայրամուտը: Այստեղ ամեն ինչ ուրիշ է:

Նույնիսկ հեռվում, միևնույն է, քաղաքը իմն է: Ոչ մի այլ տեղ ինձ համար չի կարող այդքան հարազատ լինել:

Չորս ֆիլմերիցս երեքը Երևանում եմ նկարահանել: Ասում են, որ Երևանը կինոգենիկ չէ, բայց եթե գիտես, թե որ կողմից ցուցադրես քաղաքը, ապա այն կինոգենիկ կդառնա: Երևանը խառն է, դրա համար էլ նկարահանումներից առաջ պետք է լավ ուսումնասիրել ամեն անկյունը: Օրինակ' իմ Վարդանանց փողոցը, որտեղ հիմա բնակվում եմ, ամենակինոգենիկն է ինձ համար: Սիրում եմ քայլել ու նոր թաքնված վայրեր բացահայտել ինձ համար:

Երևանը հեքիաթային է, գուցե աշխարհի ամենագեղեցիկ քաղաքը չէ, բայց ամենահանգիստն է: Այստեղ ես պաշտպանված եմ, ոչնչից չեմ վախենում: Կարող եմ ժամերով նայել որևէ շենքի պատուհաններին, հետևեմ, ինչպես են շարժվում ծառի տերևները, ինչպես է արևը մայր մտնում… և ամեն ինչ լավ է: Սա է իմ տեղը, այստեղ' ես ես եմ:

Կյանքումս առաջին գրված գիտակցված բանաստեղծությունը Երևանի մասին էր: Յոթ տարեկանում էի գրել այն մասին, թե ինչպես է քնում իմ սիրելի քաղաքը:

Երևանում մարդկանց պակաս կա: Առանց նրանց չկա նաև զարգացում, հենց շփման մեջ ես ինքդ քեզ գերազանցում: Եթե կարողանայի, երկու շաբաթը մեկ Մոսկվայից մարդիկ կբերեի Երևան: Եվ գիտեք, նրանք շատ ուրախ կլինեին, ընկերներս շատ են սիրում իմ քաղաքը, հաճախ գալիս են, նույնիսկ ամիսներով մնում են այստեղ:

Մանկապարտեզներ, կինոթատրոններ, արվեստի ուսումնարաններ, թատրոններ, կինոստուդիա կստեղծեի այստեղ, որ այլ վայր մեկնելու կարիք չլիներ: Մասնագետներ կհրավիրեի, որ այստեղ ապրողները տեսնեին' ինչ է կատարվում աշխարհում: Կբացեի սահմանները:

Երևանը սովորեցրել է ինձ, որ եթե մարդկանց հետ բարի ու քաղաքավարի լինես, նրանք քեզ նույնությամբ կպատասխանեն: Մոսկվան սովորեցնում է հակառակը' քեզ լավ կվերաբերվեն, եթե պահանջկոտ ու մուննաթով լինես:

Երևանը ծիրանագույն է, որովհետև երբ արևը մայր է մտնում, ամբողջ քաղաքը իր գույնով է ներկում:

Հավերժ սիրահարված եմ Երևանին, նա թույլ է տալիս, որ իրեն սիրեմ: Լուռ հիանում եմ Երևանով: Արդեն մոտ հինգ տարի է այստեղ եմ, երբեմն վախենում եմ, որ մասնագիտորեն զարգացման տեղ չկա, առօրյան քեզ կուտի ու կմնաս նույն տեղում հավերժ: Բայց Երևանը այնքան ուժեղ է, միշտ ձգում է դեպի իրեն:

«ԵՐԵՎԱՆ» ամսագիր, N11, 2013

Այս թեմայով