23 Ապրիլ 2013, 09:02
3691 |

Հարազատ օտարը

1937-ին ձերբակալված Գարեգին Քյոսայանի հետ վերջին հանդիպմանը նրա կինը եկել էր երկու տղաների հետ: Փոքրի վեց ամսականը նոր էր լրացել: Գարեգինը, հասկանալով, որ իր ճակատագիրը վճռված է, ասաց կնոջը. «Կարող ես նորից ամուսնանալ, բայց ահա այս փոքրի ազգանունը չփոխես, նա այն կփառավորի՛»: Հոր բառերը մարգարեական էին. 30 տարի անց ռեժիսոր Էդմոնդ Քյոսայանին ճանաչեց ամբողջ երկիրը:

«Անորսալի վրիժառուների» մասին ռոմանտիկ եռապատումի ապագա հեղինակի մանկությունը բնավ էլ ռոմանտիկ չի սկսվել: 1937-ի գարնանը Էդմոնդի հայրը գնդակահարվել է որպես ցարական բանակի նախկին սպա, իսկ ընտանիքը' կինն ու երկու երեխաները, աքսորվել են Սիբիր, Ալթայի երկրամասի Վոզնեսենիե գյուղը: Աքսորից նրանք վերադարձան միայն պատերազմից հետո, բայց չհամարձակվեցին Լենինականում հաստատվել: Նոր հնարավոր հետապնդումների վախը զորեղ էր, և Քյոսայանները տեղափոխվեցին Երևան: Քեսայան' ի սկզբանե հենց այսպես էր հնչում Էդմոնդի ազգանունը: «Ո» տառը սխալմամբ հայտնվել է անձնագիր ստանալուց և այդպես էլ մնացել:

16 տարեկանում Էդմոնդը մեկնում է Մոսկվա' Կինոմատոգրաֆի համառուսական համալսարան ընդունվելու (ВГИК): «Հայկական շեշտադրության պատճառով» նրան չընդունեցին դերասանական բաժին, չնայած ինքը՝ Էդմոնդը հայերեն ընդհանրապես չէր խոսում: Չցանկանալով վերադառնալ Երևան' Էդմոնդն ընդունվում է Մոսկվայի տնտեսագիտական համալսարան, որտեղ սովորում է 4 տարի: Եվ 4 տարի շարունակ ուսմանը զուգահեռ փորձում էր ընդունվել Կինոմատոգրաֆի համալսարան, բայց զուր: Նա միայն 1958-ին կարողացավ ընդունվել, բայց արդեն ռեժիսուրայի բաժին: 1962 թվականին չորրորդ կուրսեցի Քյոսայանի դիպլոմային աշխատանք «Սանդուղք»-ն արժանանում է Մոնտե Կարլոյի միջազգային կինոփառատոնի Գրան-պրիին: Մեկ տարի անց Կաննում բարձրագույն մրցանակի է արժանանում նաև նրա երկրորդ ուսանողական աշխատանքը' «Երեք ժամ ճանապարհին» ֆիլմը:

Հեղինակավոր միջազգային մրցանակներից հետո ռեժիսորի համար կանաչ լույս վառվեց և նա աշխատանքի անցավ «Մոսֆիլմի» «Յունոստ»(«Юность») ստուդիայում: Մրցանակները՝ մրցանակ, բայց իր մասին հայտարարելու համար պետք էր մի այնպիսի ֆիլմ, որի մասին կխոսեին բոլորը: Կոմսոմոլի ԿԿ-ում խորհուրդ տվեցին հեղափոխության 50-ամյակի առթիվ ժամանակին հանրահայտ «Կարմիր սատանաների» հիման վրա արկածային ֆիլմ նկարահանել: Եվ Քյոսայանը որոշում է վեսթերն նկարահանել' արժանի հակահարված տալով ամերիկյան «Հրաշալի յոթնյակին»: Բայց ինչպե՞ս: Հնարքների դպրոց չկար, ամեն ինչ ստիպված էին անել առաջին անգամ, ինքնուրույն հնարքներ հորինել, մասնագետներ հավաքել: Գումարած գլխավոր դերերի դերակատարների ընտրությունը: Նրանք դեռահասներ էին' և՛ Վասյա Վասիլևը, և՛ Վիկտոր Կոսիխը: Նրանք, իհարկե, Յուլ Բրիններ ու Ռոնալդ Ռեյգան չէին: Այնուամենայնիվ, «Անորսալի վրիժառուներ» ֆիլմը ռոմանտիկ-արկածային էքշնի հայտ էր ներկայացրել: Ռիսկը մեծ էր, բայց Քյոսայանի անզուսպ էներգիան, նրա խելահեղությունն ու անհնարինի հանդեպ հավատը վարակեցին ամբողջ նկարահանող խմբին, և արդյունքը չստիպեց երկար սպասել: «Անորսալի վրիժառուները» անհնարինն արեցին: Ֆիլմը դիտեց ավելի քան 50 միլիոն մարդ, իսկ տղաներն այն նայում էին տասնյակ անգամներ:

Հերոսների անբռնազբոս մոլուցք, պատանեկան ռոմանտիկայի հոգի, դերասանների հիանալի աստղաբույլ, նուրբ հումոր. ամեն ինչ ստացվել էր Քյոսայանի մտահաղացմանը համապատասխան: Ամենաոչսովետական ֆիլմը ամենասովետական թեմայով. այսպիսին ստացվեցին «անորսալիները»' նոր «իսթերն» ժանրի վառ օրինակ' արևելքում ստեղծված վեսթերն: Ֆիլմի վարձույթից ստացվող գերշահույթը Պետկինոյին դրդեց պատվիրել շարունակությունը, որի մասին ի սկզբանե Քյոսայանը չէր էլ մտածում: Երկրորդ ֆիլմը' «Անորսալիների նոր արկածները», էլ ավելի մեծ հաջողություն ունեցավ: Բայց հանդիսատեսի կողմից մեծ ոգևորությամբ ընդունվող հետապնդումները, պայթյուններն ու հնարքները իրականում հեշտ չէին տրվում... Դրվագներից մեկում հերոսներով մեքենան պետք է անցներ դեղատան ապակե ցուցափեղկի միջով: Մոսֆիլմի անվտանգության գծով փորձագետն արգելեց այս հնարքը' պնդելով, որ արագությունը չպետք է գերազանցի 25 կմ/ժ: Բանն այն է, որ անցնելով դեղատան միջով, մեքենան պետք է կտրուկ թեքվեր ու արգելակեր 200 մետրանոց անդունդի եզրին: Իսկ «Ռոլս Ռոյսի» արգելակները մեխանիկական են... Քյոսայանին անհրաժեշտ էր 60-70 կմ/ժ արագություն: Արագացրած կադրի էֆեկտից նա հրաժարվեց, քանի որ այդ դեպքում ապակու ընկնելն էլ կարագանա, և խաբեությունն ակնհայտ կլինի: Քյոսայանը դիմեց հերթական հնարքին: Տեխնիկին Մոսկվայից հեռագիր ուղարկեցին, իբրև թե նրա կինը գալիս է Սիմֆերոպոլ: Ամեն ինչ արվում էր, միայն թե նա մի քանի ժամով բացակայի Յալթայի նկարահանման հրապարակից: Եվ հենց նա գնաց, սկսեցին նկարահանել: Մի քանի դուբլ: Իրական ապակե ցուցափեղկով: Դերասան Մետելկինի (Վալերկա) մայրը ներկա էր նկարահանումներին և քիչ էր մնում ուշագնաց լիներ: Չէր անհանգստանում միայն Քյոսայանը: Եվ միայն տարիներ անց նա խոստովանեց, որ այնտեղ ինչ ասես կարող էր պատահել:

Ի դեպ, նկարահանումների ընթացքում Քյոսայանը ստիպված էր Միխայիլ Մետելկինին շտապ տեղավորել Կինոմատոգրաֆի համալսարան, որպեսզի խուսափի զորակոչից: Մետելկինը ընդունվում է տնտեսագիտական բաժին, որը պատրաստում էր կինոնկարների տնօրեններ: Մաթեմատիկա գրեթե չգիտեր: Պատասխանի փոխարեն թերթիկը խզբզել էր անիմաստ թվերով: Եվ ահա քննության ժամանակ մաթեմատիկայի ուսուցիչը դուրս է գալիս զուգարան: Քյոսայանը գնում է նրա հետևից, մտնում է հարևան խցիկը, վեր ցատկում և այնտեղից ասում. «Ընկեր, այնտեղ «Անորսալի վրիժառուներ» ֆիլմի իմ հերոսներից մեկն է քննություն տալիս, նա ոչ մի բան չգիտի, նրան հինգ դրեք»: Ծայրահեղ անհարմար դրության մեջ հայտնված ուսուցիչն ասում է. «Ինչ ուզում եք՝ կանեմ, միայն գնացեք այդտեղից»: Հետո նա մտավ լսարան, վերցրեց Մետելկինի թուղթը, երկար նայեց ու ասաց. «Ինչպիսի օրիգինալ լուծում: Գերազա՛նց է»: Դրանից հետո Քյոսայանը Մետելկինին տարավ «Արագվի», որտեղ նշեցին նրա ընդունվելը... Քյոսայանն ընդհանրապես շատ էր սիրում ու հարգում իր դերասաններին, և դա փոխադարձ էր: Շատ հայտնի դերասաններ Քյոսայանի մոտ հաճույքով նկարահանվում էին մասսայական տեսարաններում ու դրվագներում: Բորիս Սիչկինն անգամ վիրավորվել էր Քյոսայանից, քանի որ «Անորսալիների» երրորդ մասում ինքը չէր խաղում: Երկրորդ մասում նրա մարմնավորած հերոսին' Բուբա Կաստորսկուն սպանում են: Բայց չէ՞ որ Եֆիմ Կոպելյանի հերոսին էլ էին սպանել: Սակայն Կոպելյանը խնդրեց Քյոսայանի կնոջը' Լաուրա Գևորգյանին. «Լաուրոչկա, ասեք Էդմոնդ Գրիգորևիչին, որ ես վիրավորվել էի, պառկել եմ հիվանդանոցում, բայց այնուամենայնվի ողջ մնացել»: Եվ ատաման Բուռնաշը երրորդ մասում «վերակենդանացավ»:

Եռապատումի երրորդ ֆիլմը' «Ռուսական կայսրության թագը», Քյոսայանին արդեն բառիս բուն իմաստով ստիպեցին նկարել: Բայց դերասաններն արդեն մեծացել էին, ու թեև ֆիլմն ինչպես միշտ բարի ու հետաքրքիր էր, էներգետիկան արդեն մի փոքր այլ էր... Եվ, ինչպես լինում է նման դեպքերում, նախանձողների ու չարակամների պակաս չզգացվեց: Թերթերում, ամսագրերում վատ քննադատական հոդվածներ լույս տեսան, ընդ որում' մինչև ֆիլմի պաշտոնական հայտնվելը մեծ էկրաններին: Քյոսայանը ծանր էր տանում, զղջում էր, որ զիջել է ու համաձայնել նկարահանել... Ընդհանուր իրավիճակն այնքան ծանր էր, որ նա որոշեց մեկնել Հայաստան: Հայաստանի Պետֆիլմի ղեկավարն առաջարկեց. «Նկարահանիր հայկական ֆիլմ, ինչ ուզում ես, անգամ սցենարը ցույց մի տուր»: Այդպես ստեղծվեց չափազանց բարի, հուզիչ և հեգնական «Տղամարդիկ» ֆիլմը, որը նոր էջ բացեց Քյոսայանի ստեղծագործական կյանքում և բոլորովին անսպասելի տեսանկյունից բացահայտեց նրա տաղանդը: Ֆիլմի նկարահանումներն ավարտվեցին նոյեմբերին: Բայց ըստ սցենարի, ֆիլմի վերջում պետք է ձյուն տեղար: Իսկ Երևանում ձյուն դեկտեմբերից, հաճախ էլ անգամ հունվարից շուտ չէր գալիս: Ձյուն չկար: Եվ կարող էր ընդհանրապես չլինել: Բայց Քյոսայանն անդրդվելի էր' ֆինալում պետք է ձյուն լինի: Եվ սպասում էր: Անգամ գնաց Մոսկվա ու հիվանդանոց պառկեց, հետո էլ հիվանդության մասին տեղեկանք հանեց, որ երկարաձգի ֆիլմի նկարահանումները: Բոլորը սպասում էին: Եվ մի օր վաղ առավոտյան, դուրս նայելով երևանյան հյուրանոցի պատուհանից, չհավատացին իրենց աչքերին: Ամբողջ քաղաքը ձնից սպիտակել էր: «Տագնապի» ազդանշանով Քյոսայանը կարողացավ խելահեղ արագությամբ հավաքել նկարահանող խումբը և նկարահանել ֆիլմի վերջին տեսարանը: Ձյունն ընդամենը մի քանի ժամ մնաց. վեջին կադրերում երևում է' ինչպես է այն հալչում: Նա շատ էր ուզում, և ձյունը տեղաց հատուկ նրա համար: Հետո բոլորը կատակում էին' լավ է, որ նրան ջրհեղեղ չէր պետք: Քյոսայանի հետ ամեն ինչ հնարավոր էր: Այդպիսի բնավորություն էր, այդպիսի էներգետիկա: Երբ նրա որդին' Դավիթ Քյոսայանը, «Մասնագիտությունը' ռեժիսոր» ֆիլմն էր նկարահանում, ներառեց հոր նկարահանումների աշխատանքային դրվագները: Դիտման ընթացքում նրան դիտողություն արեցին. «Ի՞նչ իմաստ ունի ռեժիսորի շարժումների այս արագացված նկարահանումը»: Իրականում դա արագացված նկարահանում չէր. Քյոսայանն իրոք այդքան արագ էր շարժվում: Ֆրունզիկ Մկրտչյանը նրան անգամ ասում էր. «Էդիկ ջան, քո մասին կարելի է մուլտֆիլմ նկարել. մի սարից բղավում ես «աո՜ւ», իսկ մյուսի վրա արդեն կանգնած լսում ես քո ձայնը»: Նա մարդ-էներգիա էր, որն ամեն ինչին նվիրվում էր մինջև վերջ: Անգամ դեպի ֆուտբոլն ունեցած իր մոլուցքին: Ֆուտբոլի պատճառով նա կարող էր թողնել նկարահանումները, 5 ժամ Գորիսից Երևան սլանալ, որ փոխարինողների նստարանից դիտի «Արարատի» խաղերը: Նիկիտա Սիմոնյանը պատմում էր, որ խաղերից մեկի ժամանակ, երբ երևանցիներն արդեն հաղթանակ էին տանում, և խաղի ելքն արդեն վճռված էր, գնդակը հայտնվեց մեր հարձակվողներից մեկի մոտ: Եվ հանկարծ Էդմոնդը թռավ նստարանից ու ֆուտբոլիստին զուգահեռ տրիբունաների բարձր ծիծաղի ուղեկցությամբ սկսեց վազել եզրագծի կողքով: Մոլուցքը նրան լիովին կլանել էր:

Սակայն իր անսահման էներգիայով հանդերձ Քյոսայանը չափազանց լուրջ էր վերաբերվում աշխատանքին: «Հուսո աստղի» նկարահանումներին նախապատրաստվելիս' նա ուսումնասիրում էր պատմական նյութը: Բայց քանի որ հայերեն կարդալ չգիտեր, ստիպում էր կնոջը բարձրաձայն ու դանդաղ ընթերցել Մովսես Խորենացու «Հայոց պատմությունը», որ հասցնի ընկալել ու մարսել: Նկարահանումների ընթացքում նա միշտ ու բազմիցս փոխում էր սցենարը: Երբ սկսում էին «Անորսալիների» երկրորդ մասի նկարահանումները, Պետկինոյում անգամ չկարդացին սցենարը. «Մենք Քյոսայանին գիտենք. մի բան ցույց կտա, լրիվ այլ բան կնկարահանի, այնպես որ' ինչ ուզում է թող անի»: Այնուամենայնիվ, իր բոլոր սցենարները նա անգիր գիտեր և անձամբ բոլոր դերերը ցույց էր տալիս' խաղալով դերասանների համար: Երբեք նկարահանման հրապարակ անպատրաստ չէր գալիս: Միշտ գիտեր' ինչ և ինչպես պետք է նկարահանի: Շատ խիստ էր. բացարձակ լռություն նկարահանման ժամանակ: Իսկ այնտեղ հարյուրավոր, անգամ' հազարավոր մարդիկ էին: Գառնիում «Հուսո աստղի» զանգվածային տեսարաններից մեկի նկարահանման համար, երբ Մխիթարը հայտարարվում էր Դավիթ Բեկի հետնորդը, աստիճաններին ու վանքի շուրջը, բլրի լանջին հսկայական բազմություն էր հավաքվել: Եվ հանկարծ քար լռության մեջ հնչեց Քյոսայանի ձայնը' հայհոյանքների տարափ, այնուհետև' «Հանիր ձեռքիդ ժամացույցը...»: Միջնադարում ձեռքի ժամացույցներ գոյություն չունեին... Աներևակայելի է' ինչպես նա բազմության մեջ նման հեռավորությունից կարողացավ տեսնել այդ ժամացույցը:

Շատ ռեժիսորներ ունեն իրենց «բրենդային» հնարքները. Ռյազանովն անպայման դրվագներից մեկում ինքն իրեն էր նկարահանում, Դանելիայի ֆիլմերում չլինի-չլինի, մեկ էլ լսվում է «Լվանում էր Մարուսինկան սպիտակ տոտիկները» («Мыла Марусенька белые ножки») երգը... Քյոսայանն էլ սիրում էր ֆիլմերում իր բարեկամներին ու ընկերներին նկարահանել: «Տղամարդիկ» ֆիլմում, օրինակ, նկարահանում է իր 80-ամյա մորը: «Անորսալիները» նա ընդհանրապես իր առաջնեկի' Դավիթի համար էր ստեղծում, և նկարահանեց նրան մի քանի դրվագներում: Իսկ ահա իր կնոջը' դերասանուհի Լաուրա Գևորգյանին, երկար ժամանակ դերեր չէր տալիս, թեև բոլորը նրան խորհուրդ էին տալիս դա անել: «Ես միայն սկսնակ ռեժիսոր եմ: Ի՞նչ կմտածեն իմ մասին, եթե սկսեմ սեփական կնոջս նկարահանել»: «Տղամարդիկ» ֆիլմում Լաուրան ընդհանրապես պատահաբար հայտնվեց: Ջիգարխանյանը մեկ օրով էր եկել նկարահանումների համար, իսկ այդ դերի համար ընտրված դերասանուհին բացակայում էր: Եվ 38 աստիճան ջերմությամբ Լաուրային ստիպողաբար հանեցին հյուրանոցից ու բերեցին նկարահանման հրապարակ: Նա իրեն վատ էր զգում ու անդադար մտածում. «Ի՞նչ անմտություն է իմ խաղացածը: Ախր սա ընդհանրապես ծիծաղելի չէ...»: Բայց արդյունքում հենց այս տեսարանը' գյուղացի բարեկամներն ատամնաբուժի հյուրասենյակում, հատկապես սիրվեց հանդիսատեսի կողմից: Ընդհանրապես ընտանիքի, բարեկամների թեման նրա համար հատուկ նշանակություն ուներ: Նա ոչինչ չգիտեր իր բարեկամների մասին, քանի որ մայրը վախենում էր հոր մասին ինչ-որ բան պատմել: «Վոզնեսենիե» ֆիլմի նկարահանումների ժամանակ Լենինականում նրան մոտեցավ մի մարդ և, ներկայանալով որպես հեռավոր զարմիկ, նրան հրավիրեց իր տուն: Նա Էդմոնդին ցույց տվեց Քյոսայանների տոհմածառը: Սա լուսավորիչ տոհմ էր: Նրանք դպրոցներ էին բացել, նրանց շարքում շատ էին ուսուցիչները, իսկ Էդմոնդի հորեղբայրը Կարսի քաղաքապետն է եղել: Պարզվեց, որ Քյոսայաններից շատերը արտասահմանում են ապրում' Ամերիկայում, Ֆրանսիայում: Էդմոնդը շատ տպավորված էր, խնդրեց իր համար տոհմածառի կրկնօրինակը պատրաստել: Իսկ դեկտեմբերին տեղի ունեցավ Սպիտակի երկրաշարժը...

Նրա ֆիլմերի գլխավոր առանձնահատկությունը բարությունն է: Անգամ «Անորսալիների» բացասական հերոսները' «սպիտակները», ավազակներն ու ավանտյուրիստները, հաճելի տեսք ունեին ու սիրվում էին հանդիսատեսի կողմից: Միջնադարում հայերի ազատագրական պայքարի մասին պատմող «Հուսո աստղ» ֆիլմում նա փորձում էր խուսափել ավելորդ դաժանությունից ու արյունից: Անսահման ներքին բարությունն արտացոլվեց նաև նրա վերջին' «Վոզնեսենիե» ֆիլմում, որը նվիրված էր մանկության տարիներին ու սիբիրյան աքսորին: Հարազատները չէին հասկանում՝ ինչու է նա դիտմամբ ֆիլմից հանել գրեթե ամբողջ բացասականը' աքսորյալների 4 ժամ տևող հավաք, սարսափելի գիշերային կայարան, գազազած պահակ շներ, վագոններ, որոնցով ժամանողների կեսը ճանապարհին մահանում էր... Թեև արդեն 1988 թիվն էր, և կարելի էր բավական ազատ նկարահանել: Բայց ոչ. ամբողջ ֆիլմը նա նվիրեց ռուս կնոջը' Նյուրա տատիկին, որն ապաստան էր տվել աքսորյալներին, օգնել ողջ մնալ... Քյոսայանը, չնայած բազում դժվարություններին, շարունակում էր բարի ու շիտակ մնալ:

Երկար ժամանակ Քյոսայանը չէր կարող երկրից դուրս գալ: Կահիրեի կինոփառատոնին նա պետք է ներկայացներ իր «Երբ գալիս է սեպտեմբերը» ֆիլմը (արդյունքում այն արժանացավ գլխավոր մրցանակին' «Արծաթե Նեֆերտիտիին»): Նրա թղթերն արդեն ձևակերպել էին մեկնումի համար: Բայց վերջին պահին նորից մերժեցին: Նա բարկացավ ու իր տուն հրավիրեց ՊԱԿ-ի այն աշխատակցին, որը ղեկավարում էր այս գործընթացը, և հայտարարեց. «Ես արդեն մեծ երեխաներ ունեմ, ու չեմ կարողանում նրանց բացատրել, թե ինչու չեմ կարող երկրից դուրս գալ: Եթե դուք ինձ պատճառը չբացատրեք, ես կհրավիրեմ լրագրողներին, հարցազրույց կտամ և դուրս կգամ կուսակցությունից»: Նրան սկսեցին աղաչել' «հանգստացիր, ամեն ինչ կպարզենք»: «Պարզելը» տևեց ևս երկու երկարուձիգ տարի: Դրանից հետո վերջապես նրա հորն արդարացրեցին, ու Քյոսայանին թույլ տվեցին հատել սահմանը: Նրան կանչեցին Լուբյանկա: Հսկայական գրասենյակ, երկար սեղանի վերջում' մի կույտ թղթապանակներ: Մշակույթի հարցերով զբաղվող պաշտոնյան ասաց. «Կարող եք նայել' ինչ է դրանց մեջ»: Եվ դուրս եկավ գրասենյակից: Թղթապանակներում անանուն նամակներ էին. «Քյոսայանը բարձրաձայն հայհոյում էր համագումարը»: Իսկ իրականում Կինոմատոգրաֆիստների 5-րդ համագումարի ժամանակ, երբ հայհոյում ու սուլում էին Չուխրային, Քյոսայանը, կատարվածից վրդովված, դուրս եկավ դահլիճից' այդ ընթացքում օգտագործելով մի քանի ոչ պատշաճ արտահայտություններ: Լավ լսողություն ունեցողների պակաս չէր զգացվել... Հայաստանից ստացված անանուն նամակներ էլ կային. «Օգտվելով առիթից, որ Ռուսաստանում հայերեն չեն հասկանում, Քյոսայանը ֆիլմում ազգայնամոլական երգ է ներառել...»: Նկատի ունեին «Երբ գալիս է սեպտեմբերը» ֆիլմում հնչող ֆիդայինների մասին ժողովրդական երգը...

Քյոսայանի անձնական դրաման այն էր, որ Ռուսաստանում նա չդարձավ ռուս ռեժիսոր, իսկ Հայաստանում' հայ: Նա այդպես էլ մնաց օտար հարազատների շրջանում, և չդարձավ հարազատ օտարների շրջանում: Կյանքի վերջին տարիներին Քյոսայանը շատ էր ուզում ընդմիշտ վերադառնալ Հայաստան: Երազում էր ազգային հերոս Անդրանիկի մասին ֆիլմ նկարահանել: Ու նաև ֆիլմ Երևանի, իր սերնդի մասին' «Քաղաքային տղաներ» աշխատանքային անվանմամբ: Դա պետք է լիներ ֆիլմ այն երեխաների մասին, որոնց հետ նա մեծացել էր «Մոսկվա» կինոթատրոնի շրջակայքում, իր ընկեր Դնեպրիկի' Դրոյի մասին, Բեռլինից բերված ռազմավար մեքենայի մասին, որով նրանք սլանում էին Աբովյան փողոցն ի վար' սովորական լոմով արգելակելով. մեքենան արգելակներ չուներ: Չհասցրեց... Բայց Էդմոնդ Քյոսայանը հասցրեց այլ բան անել. նա նվիրեց մեզ իր հոգու բարությունն ու իր սրտի կենսուրախ էներգիան, որը մինչև հիմա մեր համար բաբախում է 24 կադր-վայրկյան արագությամբ:

«Ереван» ամսագիր, N1-2, 2006

Այս թեմայով