09 Դեկտեմբեր 2013, 12:44
1302 |

Չընտրված հայրենիք

Նոր Արեշի թթենիների, գարնանային «ջանգյուլումի», Հանրային ռադիոյի գիշերային եթերների, լավ այգեպանի բացակայության ու տարածվող մոլախոտի և, ընդհանրապես, իր Երևանի մասին պատմում է կրթությամբ հողաշինարար Հակոբ Պապիկյանը, որը հանրությանը հայտնի է որպես ռադիո և հեռուստահաղորդավար Ժակ:

Երևանը ինձ համար սկսում է իմ'Նոր Արեշ թաղամասից, հայրական սեփական տան բակից: Յուրաքանչյուր մետրն իր մեջ կոդավորված հիշողություններ է պահպանում: Մեր թաղամասում գտնվող շուկան, թթենիները, մանկական խաղերը, հարևանների ջերմ, երբեմն ագրեսիվ հարաբերությունները, մարդկային փոխհարաբերությունները, բակային մակարդակի վրա լուծվող հարցերը միշտ ապրում են հիշողությանս մեջ:

Պատուհանից դուրս էի նայում, ուզում էի թռչել հեռու… Հեռուն հարաբերական էր, օրինակ' քաղաքի կենտրոնը: Սա էր իմ աշխարհը, բայց միայն տարիներ անց ես գնահատում ու հասկանում եմ, թե որքան թանկ է այս ամենը: Հիմա, երբ ուզում եմ լիցքաթափվել և ուժ ստանալ' վերադառնում եմ նորից իմ տուն:

Գարնան առաջին ամիսներին միշտ «ջանգյուլում» էինք խաղում' հիմնականում փեսայի դերը հենց ինձ էր հասնում: Տնից տուն էինք գնում, երգեր երգում: Հիմա խաղային մշակույթը, կարծես, վերացել է:

Հիմա թթենիները չկան: Հայրիկիս խնդրել եմ, որ թթենի աճեցնի: Այն ամենահամառ ծառերից մեկն է, հայերի նման է' եթե արմատը կա, անկախ ամեն ինչից շարունակում է աճը:

Մանկապարտեզս քաղաքի կենտրոնում էր: Ընդամենը երեք օր եմ հաճախել մանկապարտեզ՝ մայրիկս քմահաճությանս զոհը դարձավ: Բայց այդ երեք օրվա ընթացքում հասցրել եմ լուսանկարվել խմբիս երեխաների հետ: Այնքան էլ գոհ տեսք ունեմ նկարում, որ նայողը կմտածի, թե իմ ամենասիրելի վայրերից է եղել:

Տատս Շիրակի կողմից էր, հենց նա սկսեց խնամել ինձ: Իր խրատներն ու թևավոր խոսքերը շատ ճոխացրած էին թվում ինձ, բայց տպավորվել են ուղեղիս մեջ մինչ այսօր և, գլխավորը, կիրառելի են:

Տարիքիցս շուտ էի դպրոց գնացել, բավականին նվազ երեխա էի, չնայած եղբայրս մեկ ու կես տարով ինձնից մեծ է' նույն դասարանում էինք սովորում: Ես վախվորած քայլում էի միջանցքներով, հաղթանդամ եղբայրս էլ պաշտպանում էր ինձ: Վերջերս մասնակցեցի դպրոցիս 50-ամյա հոբելյանին, ամեն ինչ հիմնահատակ փոխվել էր, ինձ դասավանդող ուսուցիչներից քչերն էին մնացել: Տարօրինակ զգացողություններ ունեի' հպարտություն և տխրություն:

Բուհ ընդունվելիս չընտրեցի այն, ինչ ես էի ուզում: Ավարտել եմ Հայաստանի գյուղատնտեսական ակադեմիայի ճարտարագիտական ֆակուլտետը, մասնագիտությամբ' հողաշինարար եմ: Հիմա մտածում եմ՝ ինչ փորձարկում էր ճակատագիրը պատրաստել ինձ համար, որ մի քանի տարի անցկացրեցի մի ոլորտում, որն ամբողջ էությամբ խորթ էր ինձ:

FM հաճախականություն որսացող ռադիոընդունիչ չունեի: Մեր հարևանը մեքենաներ էր վերանորոգում, ես էլ կանգնում էի մոտակայքում ու ժամերով ռադիո էի լսում: Մարդկանց թվում էր, թե ավտոմեքենաներ եմ սիրում, այնինչ ինձ լրիվ այլ բան էր հետաքրքրում:

Երևի հենց այդպես պետք է լիներ' ռադիոյի միջոցով գտա այն, ինչը փրկեց ինձ այս կյանքում և հնարավորություն տվեց վերածնվել: Նույնիսկ նոր անուն ունեցա: Իհարկե, այս ամենը չջնջեց ունեցածս, բայց նորովի արժևորեցի սեփական ուժերս: Երջանիկ մարդ եմ համարում ինձ, որովհետև գտա ինքս ինձ: Երևանում սկսեց ապրել Ժակ անունով մի մարդ, ով շարունակում է սիրել իր հայրենիքը, ուրախանալ ու տխրել քաղաքի հաջողություններով ու անհաջողություններով:

Ամեն ինչ սկսվեց Հանրային ռադիոյից' մի քանի հոգով երիտասարդական ծրագիր էինք վարում: Գիշերային եթերում էինք աշխատում: Գիշերային Երևանը այսօրվանը չէր' դժվար տարիներից հետո վերականգնվող մայրաքաղաք, երբ ուրախանում էի ամեն նոր բացված խանութ, գովազդային վահանակ տեսնելիս: Իսկ հիմա նույնիսկ անհանգստացած եմ այս առումով' իրար հետ կապ չունեցող, ճչացող, միմյանց ճնշող գովազդային պաստառներ, կառույցներ, խանութներ: Ես չէ, որ պետք է խոսեմ այս մասին, բայց պետք է խնամքով պահեինք մեր հին Երևանի կոլորիտը:

«Ռադիո Վան»-ում անցկացվող մրցույթի մասին լսեցի: 150 մասնակիցների թվում էի: Կարծում եմ՝ մեր տնօրեն Շուշանիկ Արևշատյանն ու իմ ճանապարհին հանդիպած մարդիկ աչքերումս կարդացին այն, որ հենց ռադիոյի համար եմ ստեղծված: Հավատացին ու տվեցին ինձ այդ հնարավորությունը:

Պատկերացնենք, թե մեր երկիրը այգի է: Երբ այգեպանը լավ չի մշակում իր այգին՝ արժեքավոր, կարևոր բուսատեսակները սկսում են խեղճանալ, այնքան, որ անզոր են դառնում պայքարել: Հենց այդ պահին մոլախոտները տարածվում և սկսում են խլել մյուս բույսերի սնունդը: Լավ այգեպան չկա մեր երկրում, իսկ նրա դերում թող ամեն մեկը պատկերացնի նրան, ում ուզում է: Բայց մի քանի առողջ ծիլեր են դեռ մնացել, նաև հույս, որ նրանց համար վերջապես հատուկ պարարտ հող կստեղծվի, որ փրկվեն նույնիսկ մոլախոտերը:

Եթե հնարավորություն ունենայի՝ Երևանում մի փոքրիկ, առանձին քաղաք կստեղծեի, որտեղ կապրեին միայն այն երևանցիները, որ բարեկիրթ են, հարգում են ավանդույթները, հասկանում են դիմացինի ազատության սահմանները, ներքին կուլտուրայի զգացում ունեն, անկեղծ սիրում են Երևանն ու քաղաքը որպես իրենց մի մասնիկն է ընկալում:

Սիրում եմ Երևանը նախ՝ որովհետև այստեղ եմ ծնվել: Մենք չենք կարող ընտրել ծնողներին և հայրենիքը: Ծննդյան առաջին վայրկյաններից ֆենոմենալ կերպով մեր մեջ է մտնում տարածաշրջանի, երկրի, քաղաքի, բնակիչների մասին պատմող գենետիկ ինֆորմացիան: Իմ տունն այնտեղ է, որտեղ արարչի կողմից բախտ է վիճակվել ծնվել ու զգալ այդտեղի հպարտությունն ու ամոթը, ուրախությունն ու տխրությունը, վերելքներն ու անկումները:

Քաղաքը միայն պատերը չեն, առանց մարդկանց քաղաքը մեռյալ տարածք է, որտեղ քարացել է պատմությունը: Բայց հենց մարդիկ են ստեղծում քաղաքի տրամադրությունն ու գույները: Սովետական Երևանը վարդագույն էր, այսօր արդեն անհասկանալի գույնի է դարձել, որովհետև մարդիկ փոխվել են:

Ժամանակին, երբ վաղ առավոտյան եթերներից հետո տուն էի վերադառնում, ու բոլորը քնած էին, քաղաքն ինձ համար իր ամենաանմեղ ու անկեղծ վիճակում էր: Նայում էի դատարկ փողոցներին ու իր հերոսներին սպասող ասֆալտին՝ պատկերացնում էի, որ մոտ երեք ժամ հետո մարդկանց ու իրադարձությունների անվերջանալի ընթացքը, անկախ ամեն ինչից, կշարունակվի իսկ դու պարզապես մեկն ես անցորդներից...

Ուզում եմ, որ Երևանը շարունակի ապրել, իսկ երևանցու տեսակը' ջերմ, հյուրընկալ, տաքարյուն, հետաքրքիր, շարունակի ձևավորվել ու ընդհանրապես լինել:

«ԵՐԵՎԱՆ» ամսագիր, N12, 2013

Այս թեմայով