10 Փետրվար 2013, 14:26
4438 |

Տեղափոխվածների քաղաքը

Փորձը ցույց է տալիս՝ երկու միանման ուղևորություն դեպի Լեռնային Ղարաբաղ չի լինում: Ու կարծես թե ամեն ինչ իր տեղում է` եկեղեցիներն ու տաճարները, սարերն ու կիրճերը, քաղաքներն ու գյուղերը: Գարունը գալիս է ձմեռվանից հետո, աշունը` ամառվանից… Եվ միևնույն է` Ղարաբաղն ամեն անգամ նոր է: Կամ էլ Ղարաբաղում դու ես նորը:

Ստեփանակերտն այս անգամ առաջվանը չէր: Եվ խնդիրը ոչ այնքան Ստեփանակերտի հակասություններն էին, որքան տրամադրությունը: Ոչ թե քաղաքի ու քաղաքացիների, այլ նրա, ով նայում է Ստեպին, ինչպես տեղի ջահելներն են այն կրճատ ասում: Տրամադրությունից կախված քաղաքը կարող է թվալ բավականին մեծ ու տիկնիկի պես փոքր, ամպամած ու արևոտ, աշխույժ ու գավառական ծանրաշարժ: Ստեփանակերտը իր վրա նայողի, իր փողոցներով քայլողի, իր հետ ծանոթացողի քաղաքն է: Այստեղից հետևություն. Ստեփանակերտը յուրաքանչյուրի քաղաքն է: Փոքր ճշգրտում` յուրաքանչյուրի, ով եկել է ընդունելու: Չէ՞ որ որպեսզի քաղաքն ընդունի, պետք է սկզբից ինքդ ընդունես այն` միանգամից ու անվերապահորեն: Ստեփանակերտի համար սա միակ պայմանն է:

***

Ես միշտ Ստեփանակերտ եմ գալիս, երբ անձրևում է, և նկատել եմ` քաղաքը դեռևս ոչ մի անգամ չի խախտել մեր միջև առաջացած ավանդույթը: Տարվա եղանակը էական չէ: Այդ սեզոնին ոչ բնորոշ հորդառատ անձրևները երկրորդ պլան են մղվում: Անձրև ու վերջ: Այսպես, եղանակի անբարենպաստության հետ հաշտված, հասնում ես հարմարավետ բազկաթոռի, որպեսզի բուրումնավետ ուրցով թեյ խմես: Մոտ ապագան միանշանակ շատ ավելի լուրջ թնդություն և կարգավիճակ ունեցող խմիչքների փորձարկումներ է խոստանում, այնպես որ թեյն ու անձրևը իմ ջենթլմենային հավաքածուն են ստեփանակերտյան առաջին գիշերը: Ու զարմանալիորեն հանգիստ է: Հանգիստ է այն պահից, երբ Շուշիի ոլորաններից մեքենայի քրտնած ապակու միջով հեռվում նշմարվում են Ստեփանակերտի լույսերըը: Միանգամից մոռացվում է վեցժամանոց հոգնատանջ ճանապարհը, կորչում է իրականությունից կտրվելու զգացումը, որը ուղեկցում էր դեռևս Բերձորից սկսած: Սահմանը մնաց հետևում, իսկ առջևում նա է` Ստեփանակերտը: Բարի՜ գալուստ:

***

Եվ իսկապես` ակցենտով քաղաք: Ամենապարզ արտահայտությունն այնպես կասեն, որ չես հասկանա: «Ժենգյալով հաց» բառակապակցությամբ հաղորդակցումը հեշտությամբ ավարտվում է: Բայց ոչ, հետո գործի են դրվում հյուրասիրությունն ու սիրալիրությունը. թեկուզ չինարեն, բայց կբացատրեն: Սոված փորին լավ զբոսանքներ չեն լինում, այնպես որ շուկան ստեփանակերտյան ծրագրի առաջին կետն է: Այնուհետև նեղլիկ նրբանցքների միջով դուրս ենք գալիս դեպի քաղաքի գլխավոր ուղենիշը` հրապարակը, որը ժողովրդի մեջ անվանում են «պիտաչոկ»: Անվանումն այնքան հայտնի դարձավ, որ այստեղ բացված հենց առաջին քաղաքային սրճարանն էլ նույն անունը ստացավ: Հիմա բաց սրճարաններ կան քաղաքով մեկ: Դրանք հատկապես շատ են պուրակում, որտեղ նստարաններ են և Ստեփան Շահումյանի հուշարձանը, որն, ի դեպ, բոլորովին վերջերս` մի երկու տարի առաջ են վերականգնել: Ստեփանակերտում թեժ վեճեր էին գնում այդ խնդրի շուրջ` արդյոք արժե՞ հրապարակում կանգնեցնել քարե հեղափոխականին: Հետո եկան այն եզրակացությանը, որ եթե քաղաքը նրա անունն է կրում, ուրեմն միանշանակ արժե: Այնպես որ Շահումյանի տեղի վրա ոչ ոք այլևս հավակնություն չունի: Նա կանգնած է` շրջապատված հարուստ բուսականությամբ ու անլար ինտերնետով, որին այգում կարող է միանալ յուրաքանչյուր ոք: Հենց այսպես, հեղափոխական տեխնոլոգիաները՝ լայն զանգվածների՜ն:

***

Վերածննդի հրապարակը Ստեփանակերտի ամենագեղեցիկ և խորհրդանշական վայրերից է: Նույն վայրում էլ ԼՂՀ Ազգային ժողովի շենքն է իր խճճված, եկեղեցու պես գմբեթով: Ընդհանրապես, Ստեփանակերտը վերականգնելիս մտածել են, որ գմբեթները երբեք քիչ չեն լինում. աչքի է ընկնում ևս մեկը` Ազատամարտիկների փողոցում` Եղիշե Չարենցի անվան շենքի գխին: Ինչ վերաբերում է հրապարակին, այն համաքայլ է Արցախի նորագույն պատմությանը: Երբ կարիք եղավ մայիսի 9-ին անցկացնել առաջին ռազմական շքերթը, պարզվեց, որ Ստեփանակերտում ոչ մի համապատասխան վայր չկա: Այն հրապարակում, որն ընտրեցին, հպարտորեն կանգնած էր ՙՍովետական Ղարաբաղ՚ թերթի խմբագրության շենքը, հավանաբար միակը, որը պատերազմի ժամանակ հրաշքով չէր տուժել: Երեք գիշերվա ընթացքում շենքը հիմնահատակ քանդեցին, տեղն ասֆալտ գցեցին. ու Վերածննդի հրապարակը շքերթին պատրաստ էր: Պատերազմից պահպանված միակ շինությունը փաստորեն դարձավ խաղաղությանը զոհ: Ժամանակի ընթացքում այդ կորուստը լրացվեց. հիմա Ստեփանակերտը կառուցվում է անհավատալի արագությամբ: Ամեն տարի նոր շինություններ են հայտնվում: Հետաքրքիրն այն է, որ այս ահռելի շինհրապարակի վերածված քաղաքը անհավատալիորեն մաքուր է և հարմարավետ: Այն ավելի շատ նավահանգստային քաղաքի տպավորություն է թողնում, չի լքում այն զգացողությունըը, որ հիմա կթեքվես և մյուս կողմում կտեսնես ծովը: Նույնիսկ դրա հոտն ես առնում… Միգուցե գուցե ծովի մասին ունեցած գենետիկ երազանքն այստեղ պարզապես ավելի է ընդգծվում:

***

Մեր մեկ օրվա զբոսավար` ԼՂՀ Տուրիզմի նախարարության աշխատակից Արայիկը հրավիրում է սրճել «Պիտաչոկում»: Այստեղից երևում է հուշարձանների ծառուղին և ատրակցիոններով հրաշալի այգին, ինչպես նաև՝մարզադաշտը, որտեղ մի քանի տարի առաջ 700 հարս ու փեսայով մի հսկայական հարսանիք արեցին:

— Հիմա շատ շոգ է, այդ պատճառով էլ այգին դատարկ է: Երեկոյան այստեղ շատ մարդ է զբոսնում, — պատմում է Արայիկը:

Հիշում եմ, Ստեփանակերտում առաջին օրը շատ էի զարմացել փողոցում զբոսնող մարդկանց քանակից: Սկզբում ինձ թվաց, թե հրապարակում հանրահավաք է: Հետո` համերգ է: Պարզվեց` ազգովի զբոսնելու համար առանձնապես առիթ չկա: Ավելին` ընդհանրապես առիթ չկար, ուղղակի այստեղ ամեն երեկոն մի պրոմենադ է` ազգային ինքնաբուխ զբոսանքներ: Չճանաչված հանրապետության մայրաքաղաքում զարմանալիորեն ուրախ ու հանգիստ է: Եվ առիթը դա է: Ընդհանրապես, ստեփանակերտցիները միշտ յուրահատուկ ձևով են հանգստանում: Երբ առաջին անգամ էի եկել, հիշում եմ, ինձ նույն կերպ զարմացրեց մանղալների քանակը` ամեն պատշգամբում: Ոչ թե Երևանի նման. ամեն բակում մի երկուսը դնել ու հերթ կանգնել: Ստեփանակերտում մարդիկ չեն ուզում սպասել տոնին: Իսկ Ամանորի գիշերը ավանդական ուտեստն այստեղ հենց խորովածն է, այնպես որ դեկտեմբերի 31-ին բանից անտեղյակները կարող են ենթադրել, որ քաղաքում հրդեհ է. բոլոր փողոցներից միանգամից ծուխ է բարձրանում: Ընդամենը տոներն են մոտենում:

***

Հրապարակից ոչ հեռու ապրում են երկու շենք, որոնք, թվում է, թե այնքան հին են, որ պատերազմից իսկի տեղյակ էլ չեն: Իրենք իրենց դարն ապրել են` սկզբից Շուշիում, իսկ ապա Ստեփանակերտում, ուր դրանք ամբողջովին տեղափոխել են դեռ հեղափոխության արշալույսին: Եթե դա տեղի ունեցած չլիներ, պարզ չէ` այդ շինությունները կպահպանվեի՞ն արդյոք մի քաղաքում, որտեղ քարը քարի վրա չի մնացել: Սպիտակ և հնաոճ. դրանք ինչպես երկու ծերունիներ անթափանց պատուհանների ներսում հիշողություն են թաքցնում: Մենք մտանք ձախ կողմի` պատմա-գավառագիտական թանգարան: Դռան մոտ հանդիպած տղամարդը զգուշացրեց, որ ցանկալի է երկրորդ հարկ չբարձրանալ. այն վթարային է: Այսպես, Ղարաբաղի պատմությունից մնաց միայն առաջին հարկը` հնագույն պատմությունը: Սրահում դրված են կարասների նման հսկայական անոթներ: Բրոնզե դարում դրանց մեջ մարդ էին թաղում: Այն ժամանակ համարվում էր, որ մարդը ծնվելիս ու մահանալիս պիտի նույն` սաղմի դիրքով լինի: Հավերժական շրջապտույտ. վերջնակետին հասնելու համար պետք է հիշել սկիզբը: Թանգարանում նաև պահվում են Տիգրանակերտի պեղումների ընթացքում գտնված հնադարյան մետաղադրամներ, տեղանքին բնորոշ կենդանիների խրտվիլակներ, հայտնի պատմական անձանց դիմանկարներ և այլն: Սենյակի երկու փոքր գավիթներն ասես թաքստոցներ լինեին՝արցախյան ավանդական նիստուկացը վերարտադրած սենյակներից ամեն մեկում մարդու հասակի հսկա տիկնիկներ կային` ազգային տարազով: Հիշողությունը կարծես առանձին ցուցանմուշ լինի, չէ՞ որ դրա հետ կապված ղարաբաղցիների մոտ ամեն ինչ կարգին է: Նրանք հիշում են և՛ հին նվաճումները, և՛ պատերազմի դժվարությունները: Հիշողության շնորհիվ էլ նրանք պահպանեցին գլխավորը` հպարտությունն ու տոկունությունը: Ղարաբաղյան ձևաչափ:

***

Շենքերի առջևում գտնվող բացատում մի մեծ բրոնզագույն խատուտիկ կա, որը հայտնի քանդակագործ Գրիգորի Պոտոցկու աշխատանքն է: Հուշարձանը խորհրդանշում է բարությունը: «Խատուտիկ»ի թերթիկներից յուրաքանչյուրը նման է ձեռքի բաց ափի՝ ի նշան տարբեր ազգերի բաց տեր մարդկանց սիրո, ընկերության, միության: Պոտոցկու այդօրինակ քանդակները տեղադրված են աշխարհի բազմաթիվ խոշոր քաղաքներում` Ժնևում, Մոսկվայում, Գուանչժոյում, Յուրմալայում, Տալինում…

— Մեզ մոտ հուշարձաններ շատ կան, — պատմում է Արայիկը, — ընդ որում՝ անսովոր, հետաքրքիր հուշարձաններ: Երևի, քաղաքը այնպես է մարդկանց տրամադրում, որ նրանք ուզում են անպայման մի բան նվիրել:

— Գուցե իրենցից մի բա՞ն թողնել, — ենթադրում եմ: Ու ինքս ինձ ավելացնում` «Շատրվանի մեջ կոպեկ գցելու պես»:

Գնում ենք դրամատիկական թատրոնը տեսնելու: Ընդհանրապես, երևանցուն դժվար է Ստեփանակերտում մոլորվել: Ոչ այն պատճառով, որ քաղաքը փոքր է: Ինչ-որ ինտուիտիվ հարազատ բան կա նրա մեջ, իրար հետ կապակցված փողոցների մեջ, դրանց հատման, հրապարակների, տների դասավորության մեջ: Ուրիշները կարող են միանգամայն ուշադրություն չդարձնել դրան` վերագրելով տարածության մեջ կողմնորոշվելու բնատուր կարողությանը: Ես նման հատկություն չունեմ, հետևաբար վերագրելու բան էլ չունեմ: Բացատրությունն ավելի ուշ գտնվեց. պարզվեց, որ քաղաքի առաջին գլխավոր հատակագիծը կազմվել է 1926-ին ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի կողմից: Հետո ևս երկու նախագիծ եղան` 1938-ին և 1968-ին, սակայն երկուսն էլ հետևում էին Թամանյանի կողմից մշակված համակարգին: Ահա ինչու են Երևանի ու Ստեփանակերտի հոգիներն իրար այդքան նման:

***

Հասանք դրամատիկական թատրոնի հաճելի պուրակով խոշոր շենքին: Անմիջապես մուտքի մոտ թատերական դիմակներով մեծ հուշարձան է, որից խմելու ջրի փոքրիկ շատրվան է հորդում: Անդիմադրելի է. նույնիսկ եթե ծարավը չի տանջում, այդպիսի գեղեցիկ ցայտաղբյուրի կողքով հնարավոր չէ անտարբեր անցնել:

— 30-ականներից առաջ թատրոնի փոխարեն Ստեփանակերտի մեծ եկեղեցին էր, որը քանդեցին, — պատմում է Արայիկը,— իսկ հետո` 50-ականներին, դրա քարերով կառուցեցին դրամատիկական թատրոնի շենքը:

Նայում եմ` այո, երևում է: Թատրոնի ճարտարապետության մեջ եկեղեցին չի հաջողվել թաքցնել: Մեծ մուտքի մոտ մարդ չկա, պատուհանները լայն բացված են: Ներս մտնելով տեսնում եմ փոշոտ հատակով մի մեծ սրահ: Նման է պարի դասարանի: Փողոցի թարմ օդն ասես ընդհանրապես չի ներթափանցում բաց պատուհանից: Միջանցքներում փոշին արևի տակ փայլում է թանկարժեք շաղվածքի նման: Հսկա կարմրամազ կատուն վայելում է արևի շողերը, իսկ մի տեղ հեռվում լսվում են ինչ-որ մեկի քայլերը:

— Թատրոնն աշխատու՞մ է:

— Լինում են ներկայացումներ, — ասում է Արայիկը, — նույնիսկ՝ հյուրախաղեր:

Քայլերը մոտենում են, արձագանք են տալիս: Գուցե այդքան լավ ակուստիկան եկեղեցու քարերի շնորհի՞վ է: Այս վայրը հոգևոր սննդի համար է: Որքան ուզում ես քարերը տեղաշարժիր…

***

Ինչքան էլ Ստեփանակերտով քայլես, մեկ է՝ էլի ես ուզում: Թվում է` արդեն ծայրից ծայր գիտես այդ փոքրիկ քաղաքը, բայց այստեղ հետաքրքիր պատմություններին ու քաղաքային առասպելներին վերջ չկա: Հոգին` փողոցներում, սիրտը` մարդկանց պատմություններում: Անվերջանալի: Անընդհատ ինչ-որ զարմանալի երևույթի ես հանդիպում, ու ընդհանրապես` իմաստն այստեղ բազմաշերտ է, կարծես բոլոր ժամանակաշրջաններն աչքիդ առաջ անցնեն: Ընդհանուր առմամբ, Ստեփանակերտը տեղափոխվածների քաղաք է: Տեղափոխված շենքերի ու տառապանքների: Խաղաղ ժամանակ տեղափոխված ակնկալիքների ու մեծ հույսերի: Եվ պատերազմից հետո, որն ամեն մեկը չէ, որ կարող էր տանել ու կրել, Ստեփանակերտը, մեկ է, այն քաղաքն է, որը մնաց: 

Այս թեմայով