25 Նոյեմբեր 2013, 14:39
1904 |

Դռնեդուռ. մաս առաջին

Ժամանակակից քաղաքում դռները կանգնած են փողոցների ու տների միջև, բայց աշխարհներ են բաժանում: Երբեք չես իմանա՝ ինչ գույն, համ, հոտ ունի այդ աշխարհը, մինչև չխրախուսես թակել անծանոթ դուռը: Հատկապես Երևանի դռները շատ բան ունեն պատմելու:

Բուզանդի 38
Ուշ երեկոյան գլխավոր պողոտայի կիսավեր մթության մեջ վառվում են մի քանի բակերի տների լույսերը: Այդ բակերից մեկի բնակիչներին գիշեր-ցերեկ պահակ է կանգնած դարն ապրած այս հսկան: Մշտապես բաց փեղկով անցնող-դառնողներին «էստի համեցեք» է ասում, և այդ հյուրընկալությունը շարունակվում է նաև բակում: Երկրորդ հարկում ապրող Նաիրայի տանը ջերմությամբ են ընդունում իրենց բակով, տնով, ծառ ու թփով հետաքրքրվող ամեն մեկի: Ասում են՝ դուռը 135 տարեկան է, շատ բան է տեսել, շատ բան լսել: Բայց սեփական մելոդրաման ապրել է 1970-ականներին, երբ այս փողոցում նկարահանվում էր «Արևիկ» ֆիլմը: Հիմնական տեսարանները նկարահանվում էին կողքի բակում, որը, սակայն, դուռ չուներ. տեսախցիկները միանգամից շարվեցին Բուզանդի 38-ի դիմաց: Ֆիլմում դուռն ավելի երիտասարդ և ամուր տեսք ունի, ամեն բացվել-փակվելուց էլ զրնգում է: Հարևանների աչքի առաջ ծերացավ. «Ժամանակին նորմալ բացվում էր, հիմա եթե հրես, կարող է անգամ վրադ ընկնել»:


Եղբայրության 24
Երրորդմասցիները հավանաբար ծնված օրից գիտեն ծիրանագույն շենքերի թաղամասի գոյության մասին: Եռահարկ այդ շենքերը ժամանակին միանման փայտյա դռներ են ունեցել, իսկ հիմա այստեղ երկու նմանատիպ դուռ գտնելն այնքան էլ հեշտ չէ: Հին դռների մի մասը բնակիչները սեփական ջանքերով փոխարինել են նորով, մի մասը ժամանակ առ ժամանակ վերանորոգվել են, մի քանիսն էլ նույն այդ բնակիչների թեթև ձեռքով հուր-հավիտյան անհետացել են: Բոլոր այդ դռների ճակատագրերի ընդհանրական դրոշմն իր վրա է կրում այս դուռը: Շենքի բնակիչներից Կարենն իր ապրած 41 տարիների ընթացքում միշտ այս դռնով է ներսուդուրս արել: Հիշում է, որ սկզբում դռները շագանակագույն էին, կանաչավուն ներկով թարմացվել են մոտ տասը տարի առաջ: «Ցուրտ ու մութ տարիներին սկսվեց դռների որսը, թեև, ոչ միայն դռների: Ով ինչ հասցնում, տանում էր, վառում, տաքանում: Հենց այդ ժամանակներից մեր շենքի դուռը մնաց մեկ փեղկով: Մի քանի տարի առաջ հարևանները բերեցին, այս փեղկն ավելացրեցին, քանի որ ցրտից ու քամուց ջրի խողովակները մուտքում սառում էին»: Կարենն էլ մտադիր է դուռը փոխել, քանի որ գիշերները կողպեք չունեցող դռներից «ով ասես չի մտնում, ինչ ասես չի անում»:

 
Արամի 54
Արամի փողոցում գրանցված դռները գտնելու համար պետք է թեքվել դեպի Կողբացի փողոց, որտեղ անհնար կլինի չնկատել կողք կողքի կանգնած սպիտակ ու թուխ զույգին: Թիվ 2 բուժմիավորման աշխատակիցները երկար տարիներ հենց այս դռներով են ելումուտ արել: Հիշում են՝ վերջին անգամ շենքը հիմնովին վերանորոգվեց 1970-ականներին: Գիտեն նաև, որ կառուցման օրից՝ 1902 թվականից, շենքը ծառայել է որպես բանկի Երևանի բաժանմունք. դռներից ներս չոր հաշվարկներ էին արվում: Իսկ 1919-ին այս պատերի ներսում սկսեց գործել բուժհիմնարկ: Այսօր զույգ դռներից սպիտակը անտերության է մատնված. նրա կողպեքում վաղուց բանալի չի պտտվել, իսկ թե ինչ կա դռնից ներս, քչերին է հայտնի: Ճակատագիրն ավելի բարեխիղճ է եղել մյուս դռան հանդեպ. այն ներկվել, թարմացվել է, իսկ ներսում կյանքը շարունակվում է՝ ատամնաբույժների և նրանց հիվանդների հավերժական պայքարի ուղեկցությամբ:


Հանրապետության 46
Կողպված դռան արանքից երևացին միայն երկրորդ հարկ տանող աստիճանները, իսկ առաջին հարկի բնակարանների դռներն անմիջապես բակի կողմից են: Դռան կողքի դալանով մտա շենքի բակ, որտեղ հանդիպեցի Նարեկին: Ժամանակին այստեղ՝ երկրորդ հարկի բնակարաններից մեկում, ապրել է նրա պապի ընտանիքը: «Մանկությանս տարիներին բակն ամբողջովին բնակեցված էր հին երևանցիներով, այսօր ճիշտ հակառակ պատկերն է. երկրորդ հարկում վեց բնակարան կա, բայց, մերինից բացի, մնացած հինգը դատարկ են»: Տատից լսել է, որ վերևում ժամանակին տպարան է եղել: Հաճելի պատահականությամբ թղթի հետքը երկրորդ հարկից դեռ չի անհետացել. արդեն տասը տարի է՝ դատարկ բնակարաններից մեկում հարմար տեղավորվել են Վերնիսաժի գրքավաճառներից մեկի գրքերը: Փաստորեն, շաբաթը երկու օր դուռը մեկ այլ ձեռք էլ է բացում-փակում: Հաջորդ անգամ դռան կողքով անցնելիս տեսա, որ այն մի երիտասարդ աղջիկ է կողպում: Պարզվում է, երկրորդ հարկում այժմ թեև վարձով, բայց ևս մեկ ընտանիք է ավելացել:


Կողբացի 43
Միշտ կրնկի վրա բաց դռնից այն կողմ ինձ դիմավորեց բակի ամենատարեցը՝ Շուշիկ տատը: Հազար տարվա ծանոթի պես տարավ նկուղային հարկում գտնվող իր տունը, որը ժամանակին «խազեինի» ծառաների համար էր նախատեսված: «Սկեսուրս պատմում էր, որ խազեինին չէ, բայց ա՛յ նրա կնոջը տեսել է: Հետո խազեինին աքսորել են: Նրանից հետո բակը մի քանի տեր է փոխել՝ տերտեր, բժիշկ...»: Այսօր բակը տեր-տիրակալ չունի, բոլորինն է, բայց անկանոնության մեջ արդեն դժվարությամբ է նշմարվում նրա երբեմնի տեսքը: Բնակիչներն էլ կես կատակ, կես լուրջ նրան «Թեհրան-43» են կոչում: Դռան տարիքի մասին խոսելիս Շուշիկ տատի մտքին միայն մի բան է գալիս. «Գիտեմ, որ սրանից ուղիղ հարյուր տարի առաջ՝ 1913-ին, սկեսուրս հենց էս դռնով ա հարս էկել էս բակ, իսկ ես 57-ին եմ առաջին անգամ դռնից ներս մտել»: Հիշում է նաև, որ հարսի շոր այդպես էլ չհագավ. կտորն առել էին, բայց շտապեցին, ու մինչ հարսանիքի օրը կտորն այդպես էլ շոր չդարձավ: Բայց հարսի շորը չէ, որ պետք է գեղեցկացներ տոնը. մինչև լույս բակը քեֆ-ուրախության մեջ էր: Իսկական բաց դռների օր էր:

 

Այս թեմայով