22 Նոյեմբեր 2013, 11:23
4151 |

Կարմիր բլուրի պեղումների հետքերով

Ասորեստանի մրցակից ամենահզոր կայսրության՝ Վանի թագավորության մասին վկայող ամենախոսուն փաստերը դեռևս հողի շերտերի տակ են։ Ուրարտական թագավորության փոխարքայի նստավայր Կարմիր բլուրի հսկայական տարածքը դեռ լիովին ուսումնասիրված չէ։ Թեև դեռ նախորդ դարում Բորիս Պիատրովսկու գլխավորած արշավախումբն այս հնավայրը պեղել ու արժեքավոր հայտնագործություններ է արել, բայց հողի շերտերը շարունակել են բազում գաղտնիքներ թաքցնել։

Քաղաքային տրանսպորտի ծանրաբեռնվածությունը թեթևացնելու նպատակով Երևանի քաղաքապետարանը դեպի Չարբախ ձգվող Կարմիր բլուր հնավայրի տարածքում որոշել է արագընթաց ճանապարհ կառուցել։ Սակայն մասնագետներին հանձնարարվել է նախքան շինարարական աշխատանքները տարածքն ուսումնասիրելու համար որոշ պեղումներ կատարել։

Օգոստոսին սկսված հնագիտական հետազոտություններից անմիջապես պարզ է դարձել, որ Չարբախի գերեզմանոցն ու դրան հարակից՝ տասնամյակներ շարունակ աղբանոցի վերածված հսկայական տարածքն ուրարտական ժամանակներում դամբարանադաշտ է եղել։ Ի դեպ, միայն գործող գերեզմանոցն արդեն իսկ 2 հա է։ Մինչև այս պեղումները՝ Կարմիր բլուրում գերեզմաններ հայտնաբերվել են, բայց դրանք համապարփակ տեղեկությունների աղբյուր չեն կարող հանդիսանալ։ Ք.ա. 9-րդ դարում աշխարհի ամենաազդեցիկ կայսրություն Վանի թագավորությունը, որ օտարների սեպագիր արձանագրություններում անվանվում է Ուրարտու, հետաքրքրեց եվրոպացի, ամերիկացի, ռուս, իրանցի, թուրք գիտնականներին։ Հատկապես թուրք գանձագողերը մշտապես պեղել են հողի շերտերը. պատահական չէ, որ շուկաներում պարբերաբար հայտնվել են արվեստի բացառիկ հնագույն նմուշներ։

Հնագետներն անակնկալի են եկել. հայտնաբերվել են ուրարտական պետության վերնախավի դամբարաններ։ Հետաքրքիր է, որ վերգետնյա հատվածում ոչ մի հուշող նշան չի եղել, թե ինչ է թաքցնում հողն իր շերտերի տակ։ 500 դամբարան է բացվել, որոնցից յուրաքանչյուրում թաղված է առնվազն 2 մարդ։ Պարզ հաշվարկով ընդհանուր առմամբ ուսումնասիրողները 1000 նմուշ կունենան՝ գանգեր ու կմախք։ Դամբարանները սենյակների տեսք ունեն, լցված են հողով, իսկ վերևից ծածկված են հսկայական գետաքարերով ու կրաշաղախով։ Հայտնաբերված կմախքների ծնկները ծալված են. կանայք պառկած են ձախ կողմով, տղամարդիկ՝ աջ։ Նրանց հետ թաղել են նաև նաժիշտների ու ծառաների, որոնց կմախքները մի քանի մասերի են բաժանված։ Հուղարկավորվածների կողքին հայտնաբերվել են նաև կուռքեր՝ տուֆից սալիկներ՝ փորված աչքերով։ Նրանք հանդերձյալ կյանքում չարքերից պաշտպանել են իրենց «տերերին»։ Բոլոր գտածոներից հնագետներն առանձնացնում են մի շատ բարձրահասակ կնոջ կմախք, որի ոտքին պղնձե ճարմանդ է եղել, իսկ գոտին՝ դրվագված։

Հայտնաբերվել են նաև մառաններ, որոնց հսկայական տարածքը վկայում է, որ այնտեղ կես միլիոն լիտրից ավելի գինի է պահվել։ Ամբարները լցված են եղել հացահատիկի մեծ պաշարով։ Հայտնաբերվել է նաև ձիանոց։ Պեղված դամբարանների մյուս մասը հուշում է, որ այն քաղաքաբնակ աշխատավոր խավին է պատկանել։ Իսկ այդ խավը տեղաբնակ է. ապրել է ուշ բրոնզի ու վաղ երկաթի դարերում։

Պեղումների միայն առաջին փուլն է ավարտվել։ Հնավայրով արդեն հետաքրքրված են արտասահմանցի գիտնականները։ Էրմիտաժի տնօրեն Միխայիլ Պիատրովսկին հետազոտությունների ժամանակ Երևանում է եղել, չի թաքցրել հիացմունքն ու զարմանքը հայտնաբերված պատմամշակութային արժեքների նկատմամբ։

Խնդիր է առաջանալու. ո՞ւր տանել գտածոները, որտե՞ղ ցուցադրել։ Պարզ է, որ դրանք արխիվներում պահելն անթույլատրելի է։ Եթե նկատի ունենանք, որ յուրաքանչյուր դամբարանից դուրս է հանվում առնվազն 10 նմուշ, ապա 500-ի դեպքում թիվը հասնում է 5000-ի։ Հնագիտական գտածոները հանձնվելու են վերականգնման լաբորատորիաներին։ Դրանք տեղեկատվության հսկայական աղբյուր են, պարփակում են բազմաթիվ հարցերի պատասխաններ։

Ովքե՞ր են դամբարաններում թաղվածները, ի՞նչ ծագում, էթնիկական ի՞նչ պատկանելություն ունեն։ Կարմիր բլուրի նախկին պեղումներից հայտնի է դարձել, թե ինչ քաղաքակրթություն ու մշակույթ են ունեցել Ռուսա Երկրորդ արքայի հիմնած Թեշեբա աստծո քաղաքի բնակիչները, իսկ նոր պեղումները լիարժեք պատկերացում են տալու թաղման ծեսերի, հանդերձյալ կյանքի սովորույթների մասին։

Մինչև այժմ Վանի թագավորության վերաբերյալ մարդաբանական որևէ հետազոտություն չի արվել։ Իսկ հայտնաբերված նոր նմուշների պատկառելի քանակը թույլ կտա վերջնական եզրակացության գալ։ Գտածոների մի խմբաքանակ ուղարկվել է Կոպենհագեն՝ դնթ-ի անալիզի։ Հետազոտությունը կպարզի, թե ուրարտացիներն ում նախնիներն են, ծագումանաբանական, էթնիկ պատկանելության շատ հարցերի պատասխաններ կտրվեն։

Հնագետները, սակայն, անտրամաբանական են համարում՝ ինչքա՞ն կարելի է գտածոներն ուղարկել արտասահման. հարկավոր է մարդաբանական լաբորատորիա հիմնել հենց մեր երկրում։ Չէ որ Հայաստանը հնագիտական, պատմամշակութային ահռելի հարստության կրողն ու ժառանգողն է։

Այս թեմայով