18 Նոյեմբեր 2013, 13:38
4952 |

Ֆիլմ՝ զրո դրամով

Զրոդրամանոց ֆիլմի մասին խոսակցություններն արդեն տարածվում են, կինոքննադատներ էլ տարակուսած են՝ այդ ի՞նչ ֆիլմ է, որի վրա նույնիսկ մի կոպեկ չի ծախսվում:

Ժամանակը ցույց կտա «Ժամանակ» ֆիլմի ինչպիսին լինելը: Ֆիլմ՝ զրո դրամով նախաձեռնության անդամներն ասացին, որ ֆիլմը բարեգործական է, ստացված հասույթը կփոխանցվի Խարբերդի մանկատանը: Ֆիլմի ռեժիսորը Անդրանիկ Տոնոյանն է, պրոդյուսեր-օպերատորը՝ Կարեն Վարդանյանը, սցենարիստը՝ Աստղիկ Դերձյանը, սաունդթրեկի հեղինակը՝ Վահագ Rush, իսկ գլխավոր դերերում հանդես են եկել Նունե Ղարիբյանն ու Գարիկ Միքայելյանը:

«Ժամանակը» երիտասարդ ռեժիսորի առաջին մեծ գործն է, բայց բարեգործություն անում են ոչ առաջին անգամ: Ամսական մեկ անգամ բարեգործական համերգ են կազմակերպում, այս անգամ էլ որոշեցին փոխել արվեստի ճյուղը. «Այս ֆիլմի յուրաքանչյուր մասնակից աշխատում է կամավորական սկզբունքով, բոլորիս միավորել է երեխաներին օգնելու ցանկությունը»,-ասում է Անդրանիկը:

Երբ գաղափարը ծնվեց, սցենարիստ Աստղիկ Դերձյանը գրեց կյանքի հանդեպ ունեցած հավատի ու սիրո մասին մի պատմություն. «Ֆիլմի սյուժեն զարգանում է երկու հերոսների շուրջ: Պատկերեցինք այն, ինչը շատ կարևոր է մեզ համար. ապրել կյանքի յուրաքանչյուր վայրկյանը, եթե նույնիսկ գիտես ապագադ»:

Գլխավոր դերակատարներ Նունե Ղարիբյանն ու Գարիկ Միքայելյանը մեծ սիրով են միացել նախաձեռնությանը, չէ՞ որ ֆիլմը մանուկներին օգնելու համար է:
Բյուջեի և հովանավորների բացակայությունը շատերին է զարմացրել: Բարեգործության մասնակից Վարդան Գևորգյանը նշեց, որ չնայած իրենց թիմում ոչ ոք չի վճարվում, սակայն դրանից աշխատունակությունն ու ոգևորությունը բնավ չի նվազում: Նա հիշեց մի դեպք, երբ ընդհանուր տեսարաններում նկարահանվողները երեք ժամից ավելի սպասել են:

Նկարահանումներն ընթանում են մեր քաղաքում, կան տեսարաններ այգիներում, հիվանդանոցում, նույնիսկ՝ փաբերում: Տեխնիկայի մի մասը տրամադրել է «Տիգրան Մեծ» բարեգործական հիմնադրամը, մյուս մասը հենց օպերատոր Կարեն Վարդանյանինն է: Նա նշում է, որ թեև ֆիլմի վրա ոչ մի լումա չի ծախսվում, սակայն թե՛ մարդկային, թե՛ տեխնիկական ռեսուրսները միայն բարձր որակի են. «Հնարավոր է՝ ոմանք թերահավատորեն մոտենան մեր ֆիլմին՝ մտածելով՝ ինչ ֆիլմ առանց նորմալ բյուջեի: Սակայն այն տեխնիկան, որով նկարահանվում է ֆիլմը, շատ ավելի լավն է, քան նույն մեր տեղական սերիալների ու տեսահոլովակների ժամանակ օգտագործվող տեսախցիկները»:

Տղաներն արդեն հասցրել են նկարել մոտ կես ժամ ու հասել սցենարի ուղիղ կեսին: Նախատեսվում է, որ ֆիլմը մեծ էկրան կբարձրանա երեք ամսից: Ֆիլմի հեղինակները պատրաստ են քննադատության. «Չէ որ նույնիսկ «Տրոյա» ֆիլմն է քննադատության արժանացել»,- ասում է Վարդանը ու հավելում. «Ֆիլմը հենց հայտնվի մեծ էկրաններին, մանկատան երեխաներին օգնել ցանկացողները կարող են միանալ մեզ և կատարել իրենց սեփական ներդրումը: Ի վերջո, այս ամենն արվում է հենց այդ նպատակով»:

Այս թեմայով