16 Նոյեմբեր 2013, 10:57
3711 |

Հայաֆիկացվածները. Ֆլորա Մինաս՝ նիգերիական ոսկին

Բացեց դուռը, լայն ժպիտով ներս հրավիրեց ու անմիջապես առաջարկեց. «Թե՞յ, սու՞րճ, ջու՞ր: Ի՞նչ կխմես»: Ավելի ուշ պատմեց, որ իր հայրենի քաղաքում հյուրասիրությունը նույնքան խորն արմատներ ունի, ինչ Հայաստանում: Առհասարակ, Ֆլորան հայերի և նիգերիացիների մեջ շատ ընդհանրություններ է բացահայտել, ինչը զգալիորեն հեշտացրել է նրա հայաֆիկացման գործընթացը:

Ֆլորա Մինասը ծնվել է Նիգերիայի Բենին Սիթի քաղաքի քրիստոնյա ընտանիքներից մեկում: Մի առավոտ ընկերներով նստեցին ավտոբուս՝ անհայտ ճամփեքին նոր աշխարհներ բացահայտելու: Գիշերակացին հյուրընկալվեցին ընկերներից մեկի տանը, որտեղից Ֆլորայի ճանապարհը գծվեց բոլորովին այլ ուղղությամբ. հանդիպեց ազգությամբ հայ բժիշկ Աշլիին, սիրահարվեց, ամուսնացավ: Նիգերիայում ծնվեցին երկու զավակները՝ Սիրունն ու Վանիկը:

Հայաստանում այդ ժամանակ ծանր օրեր էին. Ղարաբաղյան պատերազմն էր: Չկարողացան այդ ամենին հեռվից հետևել, հավաքեցին իրերն ու եկան, տեղավորվեցին Մեղրիում: Սահմանամերձ այդ շրջանում դժվար թե այդ պահին ինչ-որ բան ավելի արժեքավոր լիներ, քան բժշկի մեկնած ձեռքը: Հիմնեցին «Մինասյան» բժշկական կենտրոնը, որտեղ ոտքի էին կանգնեցնում կռվող զինվորներին ու սպաներին: Հենց այստեղ էլ լույս աշխարհ եկավ Մինասների երրորդ զավակը՝ Տիգրանը: Մեղրիից տեղափոխվեցին Ղարաբաղ, մի քանի տարի անց՝ Երևան:

Ցուրտ ու անլույս տարիներն արդեն հիշողություն էին, կյանքի պայմանները քիչ-քիչ բարելավվում էին: Մինասները որոշեցին իրագործել իրենց վաղեմի թաքուն երազանքն ու որդեգրել փոքրիկ Սառային: Ծանր հիվանդություն ունեցող երեխային մասնագետներն ապրելու հույս չէին տալիս, բայց բժշկի ընտանիքը համառորեն ուզում էր անել անհնարինը: Բազմաթիվ վիրահատություններ Հայաստանում, այնուհետև՝ Իտալիայում: Հաղթեցին, Սառան ապրեց:

Մի քանի տարի առաջ ամուսինները բաժանվել են: Երեխաներն ապրում են մոր հետ, բայց հայրական խնամքի պակաս էլ չեն զգում: Ամենամեծ ուշադրությանը, չգրված օրենքի համաձայն, արժանանում է տան ամենափոքրը՝ Սառան: Նրան ու Ֆլորային հաճախ կարելի է հանդիպել Երևանի փողոցներում զբոսնելիս: Մայր ու աղջիկ անբաժան են: Օրվա մեջ հազար անգամ իրար սեր են խոստովանում.«Մամի, լավ յու: Լավ յու, թու, բեյբի»: Կախարդական այս խոսքերի պաշարը երբեք չի սպառվում:

Այս թեմայով