14 Նոյեմբեր 2013, 11:11
1339 |

Գեղեցիկը կփրկի

Ցավոք կամ բարեբախտաբար Երևանը չի կարող հպարտանալ հաճախակի ցուցադրություններով: Հայ դիզայներները ժամանակ առ ժամանակ են ներկայանում հանրությանը: Երիտասարդ դիզայներ Մանուկ Ալեքսանյանը հինգ տարի շարունակ ուսումնասիրում էր այս ոլորտը, կտրում, չափում ու ձևում իր երազանքը, մինչև ի վերջո զգաց՝ արդեն ժամանակն է:

Նոյեմբերի տասներեքին Երևանի ակումբներից մեկի ապակյա դռները սովորականից շուտ բացվեցին: Երաժշտություն, շամպայն, ֆոտոխցիկները՝ օդում առկա սպասողականությունը շուտով կամ պիտի հիացմունքի փոթորիկ բարձրացներ, կամ մարեր հետզհետե բորբոքվող կրքերը: Դեռ ցուցադրությունը չսկսած կարելի էր ականատես լինել հավաքվածների ինքնացուցադրությանը. յուրաքանչյուր ոք փորձել էր առավելագույնս ոճային ու ցանկալի լինել:

Նախքան ցուցադրության սկիզբը Մանուկը վերնահարկում նախապատրաստում էր իր մոդելներին: Սա սովորական ցուցադրություն չէ, այլ բարեգործական: Դիզայները վաճառքից ստացված գումարը փոխանցելու է երեք սկսնակ դիզայների, որպեսզի նրանք նույնպես իրագործեն իրենց երազանքը: Ինչպես նաև գործում է հաշվեհամար, որին փոխանցելով նույնիսկ հինգ հարյուր դրամ, կնպաստենք երիտասարդ դիզայներների առաջխաղացմանը: «Մենք գնալու ենք համապատասխան բուհեր, ծանոթանալու առավել ակտիվ ու խոստումնալի ուսանողների հետ և այդ գումարը նրանց նվիրաբերելու»,- պատմեց դիզայներ-բարերարը:

Մանուկի հավաքածուն ներկայացնող մոդելները հանդես եկան փոփ-ռոք, գլամուրային և գոթական ոճերում: Մոդելներին ընտրելիս Մանուկը նույնպես փորձել է օգտակար լինել բոլոր այն աղջիկներին, ովքեր պրոֆեսիոնալ չեն, բայց ցանկացել են մասնակցել ցուցադրությանը. «Մեկ ամիս շարունակ քասթինգներ էինք անում, որպեսզի ընտրեինք անհատականությունների: Բացի պրոֆեսիոնալներից, որոշեցինք աջակցել նաև սկսնակներին»:

Ի վերջո սկսվեց ցուցադրությունը: Մոդելները քայլում էին հատուկ այս առիթով գրված տասնմեկ րոպեանոց սեթի ներքո: Յուրաքանչյուր մոդել հայտնվում էր իր հագուստին համահունչ հնչյունների ժամանակ: Հյուրերի հետաքրքրված հայացքների ներքո սահուն անցան պոդիումով, այնուհետև ծափերի ներքո առաջ եկավ դիզայները՝ Մանուկը:

Ամբողջ հավաքածուի նմուշները արդեն վաճառված են, երիտասարդ ու խոստումնալից դիզայներների ապագան՝ հուսալի ձեռքերում:

Այս թեմայով