09 Նոյեմբեր 2013, 21:38
406 |

Խումհարի անմեղ մեղավորները

Երևանի գիշերներում բարձր երաժշտություն, աղմկոտ միջավայր, լիտրերով հոսող գարեջուր ու էլի բազում վայելքներ կարելի է գտնել ցանկացած փաբում: Եվ հենց այդ լիության հետևանքներից մեկն էլ այն էր, որ հասարակության ակտիվ հատվածը սկսեց ձանձրանալ: Նոր վայր էր հարկավոր: Եվ այն երկար չսպասեցրեց:

Hangover անունով ակումբը երկհարկանի է: Մուտքի ցուցանակը բարևելու փոխարեն այցելուներին տեղեկացնում է, որ այստեղ ուժեղ Wi-Fi կա: Հայկական ժամանցի ոլորտում, թերևս, առաջին ակումբն է, որը մեկ հարկի տակ առաջարկում է երկու տարբեր սրահներ: Աշխարհում վաղուց մեծ տարածում ունեն բազմահարկ ակումբները, որոնք նույն հարկի տակ տարբեր երաժշտություն են մատուցում: Իհարկե, Hangover-ը դեռ նման բան չի առաջարկում, բայց ապագան խոստումնալից է: Առայժմ առաջին հարկում կարելի է պարզապես սրճել:

 Տրամադրությունը միանգամից փոխվում է, երբ չարաբաստիկ, ապակյա աստիճաններով  իջնում ես ներքև՝ նկուղային հարկ: Ակումբային միջավայրում թվում է, որ ուր որ է քլաբինգի արքա Pitbull-ը դուրս կգա: Գրեթե ոչնչով աչքի չընկնող լայն, ընդարձակ սրահում  չկան պսպղուն լուսարձակներ կամ ավելորդ ուշադրություն գրավող կահ-կարասի: Լուծումները պարզ են. առջևում բարն է, բազկաթոռներն ու սեղանները, որոնք, թերևս, որպես կտակ մնացել էին նախկին տերերից: Միանգամից հասկացնում են, որ այստեղ այցելելու հիմնական նպատակը պետք է լինի պարելը:

Վայրի համահիմնադիր Ջոն ժամանակին աշխատեցնում էր երևանյան փաբերից մեկը, բայց չգիտես՝ ինչու որոշեց իրեն փորձել ակումբային ոլորտում: Նա նախ խոսեց ակումբի բավականին գրավիչ,  միևնույն ժամանակ պրովոկացիոն անվան մասին. «Hangover-ը նույն պախմելն է, արտահայտությունը տարածված է արտասահմանցի ժամանցասերների շրջանում, շատերի համար սա կենսակերպ է: Ժամանակ է պետք, որ այցելուներն ընտելանան վայրին ու թեմատիկային»:

Hangover ակումբը շրջապատված է նմանատիպ ակումբներով: Պարզվեց՝ տարբերվելու բանաձև նույնպես մշակված է: «Ակումբային երաժշտության սիրահարների առաջ դռները բաց են լինելու միայն ուրբաթ-շաբաթ օրերին: Մնացյալ օրերին կհնչի այլ մյուզիք՝ ռոքից մինչև ջազ»,-ասում է Ջոն:

Hangover-ի բացումը վստահված էր Բաբիկ Պարսամովին. ով-ով, բայց նա լավ գիտի հայկական ժամանցային վայրերի բոլոր առանձնահատկությունները: Բաբիկը ողջունեց հավաքվածներին, առաջարկեց սկզբի համար մեկ գավաթ ըմպել: Թեև հայ ժամանացասերների մասին նա գիտի ամեն ինչ, սակայն նրանց «բացելը» շատ դժվար է, նույնիսկ այնպիսի պրոֆեսիոնալ շոումենի համար, ինչպիսին ինքն է. «Հայերը նախ պետք է մի բան խմեն, նույնիսկ՝ ուտեն, հետո նստեն, դիտեն, ծանոթանան միջավայրին ու նոր միայն մտածեն՝ պարեն, թե՝ ոչ: Այլ տեղերում մարդիկ ներխուժում են ակումբ, սահուն մոտենում բարին, որևէ խմիչք պատվիրում ու միանգամից շարժվում պարահրապարակ»:

Անկախ կամքից՝ մեր ուշադրությունը սևեռվեց հավաքվածների վրա՝ խումբ-խումբ աղջիկներ, տղաներ: «Տեսեք, բոլորը նստած են, հարկավոր են խիզախներ, որոնք կսկսեն պարել, իսկ դրա համար  պետք է գինովցած լինեն»,- արձանագրեց Բաբիկն ու  անցավ գործի:

Սկսվեց մի հետաքրքիր մրցույթ, որն իր շուրջը հավաքեց ալկոհոլային խմիչքների սիրահարներին: Ակտիվ երաժշտությունը, ի վերջո, ստիպեց հավաքվածներին պոկվել բազկաթոռներից ու գոնե ծափերով սատարել մրցույթի մասնակիցներին:

Խրախճանքը դժվարությամբ, բայց այնուամենայնիվ, սկսվեց: Ու հավանաբար վաղն առավոտյան ոմանք կարթնանա իսկական hangover-ով:

Այս թեմայով