24 Հուլիս 2013, 10:19
1610 |

Ինչու էր The Beatles-ում Sting հնչում

Եթե Երևանում պետք է որևէ ռոք խմբի անունով փաբ բացվեր, ապա այն, միանշանակ, պետք է կրեր Beatles անունը: Սա, թերևս, այն եզակի ռոք խմբերից է, որին լսում են ոչ միայն ռոքասերները, ուստի հենց այս փաբը բացվեց, շտապեցի «տեղզննման»:

Ինչպես սովորաբար լինում է փաբերի դեպքում, նրանց հիմնում է մեկը, ապա տեղի է ունենում «իշխանափոխություն»' փոխվում են տերերը ու նրանցից յուրաքանչյուրը իր հետքն է թողնում փաբի պատմության մեջ: Չորս-հինգ տարի առաջ' ձայնագրիչը ձեռքիս, մտա Beatles: Պուշկին փողոց, ընդհատակ, հետաքրքիր տառատեսակով ցուցապաստառ: Զգուշորեն իջա աստիճաններով, միանգամից նկատեցի, որ դրանք վտանգավորներից են, գումարած դրան, մի տեսակ աստիճանավանդակը նեղ էր, երկու հոգով դժվար թե իջնես: Ինչևէ, հրեցի մուտքի դուռը: Փաբասեր ամբոխի մեջ հազիվ գտա հիմնադրին, սկսեցինք զրուցել: Միակ ու կարևոր բանը, որ կուզեմ նշել այդ զրույցից, այն էր, որ այս փաբում պետք է հնչեին միմիայն The Beatles-ի գործերը:

Այդ օրից անցան տարիներ, տերը փոխվեց, նրա հետ էլի շատ բաներ, միակ անփոփոխը փաբի բիթլսոտ միջավայրը մնաց: Պատերին բիթլների նկարներն են, բարի վերևի հատվածում գրված են նրանց խոսքերը: Փաբն ունի իր հավատարիմ ու մշտական այցելուները, ովքեր, անկախ ամեն ինչից, այստեղ են հավաքվում: Ես նույնպես նրանց շարքին եմ դասվում: Նման մի այցելություն ավարտվեց տանգոյով և տեկիլայախմությամբ: Ընկերներիցս մեկն էր ժամանալ Երևան, տարանք The Beatles: Նստեցինք բարի մոտ: Մեզ ողջունեց շատ հանդարտ ու նույնիսկ անտարբեր թվացող բարմենը, որի դեմքի մկանները հազիվ էին շարժվում: Տեկիլայի առաջին շոթը գնաց, հետո' երկրորդը: Այդպես ոչ միայն մեր տրամադրությունն էր բարձրանում, այլև' բարմենի: Խմում էինք ու զրուցում, իսկ նա հանդարտորեն բաժակներն էր թարմացնում: Հանկարծ նկատեցի, որ փաբում այլևս The Beatles չի հնչում, ինչ-որ մեղեդի էր, որի տակ փորձեցինք տանգո պարել: Համոզված եմ' բարմեն Սյոման մեր պարը դեռ երկար կհիշի:

Ոչ պակաս տպավորիչ էր իմ հաջորդ այցելությունը The Beatles: Վերջերս մտանք ներս, մարդաշատ չէր, տեղավորվեցինք սեղանի շուրջ, մոտեցավ այս վայրի ամենաարտառոց դեմքերից մեկը' մատուցողուհին: Նա գրեթե միշտ սև վերնաշապիկ է հագնում, մազերը սև են, կարծես մետալիստ լինի, քչախոս է, գրեթե չի ժպտում, ու ընդհանրապես նրա ամբողջ կեցվածքն ասում է՝ ինչ գործ ունեմ այստեղ, ես պետք է պոեզիա կամ երաժշտություն հորինեմ: Ինչևէ, ձևակերպեցինք մեր ցանկությունները մենյուից, ու նա հեռացավ: Ու հենց այդտեղ նկատեցինք, որ հնչում էր … Sting: Բնավ չկարծեք, թե չեմ սիրում այդ երաժշտին, պարզապես ի սկզբանե այս վայրը նախատեսված էր եղել դառնալու իսկական բիթլզասերների ակումբ, որտեղ պետք է հնչեին միմիայն լիվերպուլցի տղաների կատարումները: Հետո էլ ասում են՝ տերերի փոփոխությունից փաբը չի փոխվում:

Այս թեմայով