07 Նոյեմբեր 2013, 16:28
1623 |

Չսպանված հեքիաթ

Երևի չափազանցություն չի լինի, եթե ասենք, որ Վարդան Պետրոսյանն այսօրվա հայաստանյան թատերական բեմի ամենահայտնի և սիրված դերասանն է: Բավական է միայն տեսնել, թե որքան մարդ է հաճախում նրա յուրաքանչյուր ներկայացմանը: Նույնքան ճշմարիտ կլինի նաև այն պնդումը, որ նա Երևանի ամենամեծ սիրահարներից է: Չնայած որ` դեմ է փուչ երևանապաշտությանը:

Պլանի գլխում գտնվող N1 ծննդատանն եմ ծնվել՝ 1959 թվականի փետրվարի 27-ի վաղ առավոտյան: Տրանսպորտ չկար, և երբ մայրս պատրաստվում էր ինձ լույս աշխարհ բերել, հայրս, մեր հարևանն ու իր կինը ոտքով Խանջյան փողոցից հասան Ալավերդյան, այնտեղ մի «վիլիս» տեսան, և հենց այդ մեքենայի վարորդն էլ մեզ հասցրեց հիվանդանոց: Ես մեր ընտանիքի չորրորդ երեխան եմ՝ ամենափոքրը:

Խանջյան ենք ապրել՝ դասախոսների շենքի վեցերորդ հարկում: Բայց հիմա այդ շենքը որպես «դասախոսական» քչերը տեղը կբերեն, պետք է նշել, որ ներքևում «2x2» ակումբն է:

Առաջին մանկական հիշողությունս. 3-4 տարեկան եմ, մենակ կանգնած եմ բակում, թեթև անձրև է մաղում: Նայում եմ մաշված կոշիկներիս ծայրերին ու մտածում՝ «տեսնես, երբ մեծանամ ու մեծ ձյաձյա դառնամ, այս պահը կհիշե՞մ»:

Մեր բակի «չար» տղաների շրջապատում դաշնամուր նվագելը կամ դերասանություն անելը ամոթ էր, իսկ ես հոգուս խորքում փայփայում էի դերասան դառնալու երազանքը, բայց չէի արտահայտվում: Բայց ես նրանցից մեկն էի, ընկերներ էինք, չնայած դպրոցում լավ էի սովորում:

Մեր բակի տղերքի հետ թաքուն ծխում էինք շենքի կտուրի տակ: Մի անգամ Լյովիկի հետ շատ ծխեցինք, վախեցա մամայիս ասեմ սրտիս ծակոցի ու ցավի իրական պատճառը: Երկու տարի անիմաստ բուժումներից հետո գինու գործարանի կողքի մանկական հիվանդանոց պառկեցրեցին: 9 տարեկան էի ու հերթական անգամ խելագարի նման անպատասխան սիրահարվեցի Ժաննային՝ նա էլ էր հիվանդանոցում պառկած: Ես ինձ ինչքան հիշում եմ՝ սիրահարված էի… Հետո դուրս գրվեցի հիվանդանոցից, բայց Ժաննային այդպես էլ չհանդիպեցի: Բուժումները տևեցին հինգ տարի, իսկ ես այդ ամբողջ ընթացքում շարունակում էի ծխել: Քրիստոսի տարիքում միայն թողեցի:

Բակում մեծացած մարդը երջանիկ է, կարծես ազատության մեջ մեծացած կենդանի լինի: Ազատությանը ոչինչ չի փոխարինի՝ տուն, հարստություն, ոսկեղեն:

Կյանքը բակի նման մի բան է, միայն փողկապներն են շատ: Բակում արագ ես մտնում կյանք: Այն ունի մեր սոցիալական կյանքի բոլոր շերտավորումները. կան մեծեր ու փոքրեր, աղջիկներ ու տղաներ, ուժեղներ և թույլեր, դու հասկանում ես՝ ում վրա հարձակվես, ումից խուսափես, ինչպես պաշտպանվես: Դրա համար էլ բակում մեծացած երեխաները ավելի համարձակ են լինում կյանքում:

Շուշիկ ծյոծյայենց դռան դիմացի փոքրիկ բաղչայում մեծ ճակատամարտ եմ ունեցել մի հսկա առնետի հետ: Վեց տարեկան էի: Բոլոր երեխաները վախեցել էին, իսկ ես չկորցրեցի աղջիկների աչքերում հերոս դառնալու պահն ու քշեցի առնետին: Վերջում էլ վիրավորվեցի՝ թշնամին հասցրեց կծել ինձ:

Երեք տարեկանից նկարում էի Վարդան Մամիկոնյանին՝ Ավարայրի ճակատամարտի ամենաթեժ պահին: Իսկ երբ դարձա յոթ տարեկան, սկսեցի հաճախել Կանազի կուլտուրայի պալատում գտնվող Նիկոլայ Քոթանջյանի նկարչական ստուդիան: 60-ական թվականներն էին: Այնտեղ էին հավաքվում ավանգարդիզմի ներկայացուցիչներ ու զարմանալի մթնոլորտ ստեղծում:

Կրիվոյում գտնվող չորսսենյականոց բնակարան տեղափոխվեցինք, երբ 18 տարեկան էի: Արդեն բակ չէի իջնում: Թերլեմեզյանն էի ավարտում ու ընկերներս նկարիչներ էին:

«Պոպլովոկն» ու «Կազիրյոկն» իմ կյանքի կարևորագույն կետերից էին: Նկարիչ ընկերներով խումբ ունեինք ու «Պոպլովոկի» լճի ափին գիշերները խմում ու թաքուն ջազ էինք նվագում: Այդտեղի պահակը մի ժամանակ գուսան էր եղել ու մի անգամ նրա հետ «մեջլիս» մտանք (հիմա դրան ջեմ-սեշն կասեին):

Աբովյան փողոցի վրա նկարիչների տան մոտ «Կոպեկ» սրճարանում էինք շատ լինում: Հենց այնտեղ էին հավաքվում արվեստագետները՝ Մհեր Մկրտչյանը, Ազատ Շերենցը, Լևոն Ներսիսյանը: Այն ժամանակ քիչ բան կար անելու՝ խմել, ծխել, կարդալ ու լսել հետաքրքիր քննարկումներ:

Թատրոնի տիրուհին իր մկրտությունը տվեց ինձ ինստիտուտի ավարտական ելույթից հետո: Հասկացա, որ արդեն կարող եմ ծառայել թատրոնին: 1980-ական թվականներին Վահրամ Սահակյանի հետ հիմնեցինք մեր թատրոնը:

Ես ու որդիս՝ Հայկը, շատ ենք սիրում զբոսնել Երևանի փողոցներով կամ նստել կենտրոնի սրճարաններից մեկում ու զրուցել: Ժամանակին հիմնականում ես էի խոսում, հիմա փորձում եմ ավելի շատ լսել: Փոքր հասակում այնքան կապված էինք միմյանց, կարծես մամա ու որդի լինեինք: Նրան այգիներ էի տանում, կարուսել, չարություն և խենթություն անել էի սովորեցնում: Նա հինգ տարեկան էր, երբ Փարիզ մեկնեցի: Հետո նա մեծացավ ու եկավ ինձ մոտ: Ու էլի սիրում էինք սրճարաններում նստել:

Երևանում ավելի մեծ ուշադրության կենտրոնում եմ, քան այլ տեղ, դրա համար ավելի զգոն ու զգաստ եմ: Այստեղ ավելի շատ եմ հագուկապիս հետևում և, ընդհանրապես, ավելի խիստ եմ իմ նկատմամբ: Բայց նույնիսկ այս իրավիճակում Երևանն ինձ ոչ մի կերպ չի սահմանափակում:

Երբ 1992-ին Երևանից մեկնեցի Փարիզ, այնտեղ սկսեցի վերապրել պատա-նեկությունս՝ 17-18 տարեկաններս: Հետաքրքիր հետադարձ կապ ստեղծվեց:

Երևանը և Փարիզը իմ կյանքի մասնիկներն են, ընկերները: Բայց այստեղ ամեն մանրուք ինձ հարազատ է: Երևանում են իմ հոգսերը, իմ ճակատագիրը: Այնքան հեքիաթ կա մեր կյանքում, եթե ինքներս մեր ձեռքերով չենք սպանում այն:

Տարվա կեսը Երևանում եմ անցկացնում: Փարիզում կուտակած փորձը հետս բերում եմ այստեղ: Ես դարձել եմ շատ ավելի հասուն, համարձակ, և այդ համարձակությունը զուգակցվում է խելամտության հետ: Իմ համարձակ խոսքի քննադատության մեջ ունեմ հասունության կողմից դրված զգուշությունն ու խոհեմությունը, որովհետև գիտեմ խոսքիս ուժն ու ազդեցությունը:

Վերջին ասուլիսներից մեկում ինձ ներկայացրեցին որպես ֆրանսահայ դերասան: Մի քիչ ծիծաղելի է, մի քիչ էլ տխուր:

Երևանցիներին փոխելու խնդիր չունեմ, որովհետև ոչ բարոյախոս եմ, ոչ էլ մարգարե, ոչ էլ մեծն մանկավարժ: Պարզապես մտածում եմ, որ արվեստը մարդու մեջ ազնվության նշույլներ ներարկելու մի մեծ խնդիր ունի: Ես էլ փորձում եմ անել դա տարօրինակ ճանապարհով՝ ծիծաղեցնելով կամ լացացնելով մտածելու տեղ տալ պատմության, անցած ճանապարհի մասին: Ինչքանով եմ կարողանում դա անել, թողնում եմ հանդիսատեսին:

Եթե երևանցիները հասկանային, թե որքան շնորհակալ եմ իրենց… Չեմ էլ ուզում պատկերացնել, թե ինչ կլիներ, եթե զրկված լինեի նրանցից ու նրանց գնահատականից: Հենց դա է իմաստավորում իմ կյանքը:

Մի օր հասկացա, որ շատ պետքական եմ: Դա այն զգացմունքն է, որ մայրն է տածում երեխայի հանդեպ: Դա այնպիսի նվեր է, երբ որոշ քանակության մարդիկ անհամբեր սպասում են քո ներկայացմանը: Իմ հանդիսատեսը իմ թթվածինն է, ես նրանցով եմ ապրում, նրանք են իմ էության ամբողջ իմաստը: Իմ ամենամեծ սիրային կապը բեմի հետ է: Կարող եմ գնալ, պառկել բեմի վրա և մեռնել:

Երբ 1970-ականների կեսին Երևանում մետրո կառուցեցին, քաղաքի դռները բացվեցին, և բնակչության թիվը 750 հազարից հասավ և անցավ միլիոնը: Երբ քաղաքացին գնում է գյուղ կամ գյուղացին գալիս է քաղաք ու բերում իր հետ նոր ավանդույթներ, ներդաշնակությունը խախտվում է: Այդ օրինաչափության արդյունքները մենք հիմա տեսնում ենք՝ երկար տարիներ մայրաքաղաքին պարտադրվում են քաղաքային կյանքի հետ կապ չունեցող ավանդույթներ:

Երևանը շատ եմ սիրում, բայց շատ չեմ խոսում նրա մասին, քանի որ երևանապաշտությունը դարձավ նորաձև և քաղաքի տղերքի մենաշնորհ: Իսկ ես ինձ այդպիսին չեմ համարում, որովհետև մտածում եմ՝ Հրաչյա Ներսիսյանը քաղաքի տղա չէր, ոչ էլ Քոչարն էր քաղաքի տղա: Ու երբ որ նայում ես՝ այս քաղաքը ով կերտեց, հասկանում ես՝ նրանցից ոչ մեկն էլ քաղաքի տղա չէր: Երրորդ-չորրորդ սերնդի տղերքը իրենց քաղաքի տղա կոչեցին: Ես, փաստորեն, նրանց թվում եմ, բայց չեմ հասկանում այդ ինչ նորաձևություն է ու չեմ հասկանում փուչ «Երևա՜ն» գոռացողներին: Դրա համար էլ ինձ երևանապաշտությունից հեռու եմ պահում, չնայած որ բնիկ երևանցի եմ:

«ԵՐԵՎԱՆ» ամսագիր, 2011, N2

Այս թեմայով