29 Հոկտեմբեր 2013, 09:33
2401 |

Բիբերամանյակալ խոստովանություններ

Կանադացի փոփ երգիչ Ջասթին Բիբերին կամ ատում են, կամ պաշտում: Ատում են, որովհետև 19 տարեկանում կարողացավ հասնել այնպիսի բարձունքների, որոնց մասին միայն երազել կարելի է, և պաշտում, որովհետև անկարելի է անտարբեր լինել նման արտաքինով երիտասարդի հանդեպ:

Հայկական համացանցը նույնպես պայթեց, երբ հայտնվեց Բիբերը, բազմաթիվ հայ աղջիկներ խենթացան, սկսեցին պատառոտել իրենց հագուստն ու կրծել եղունգները, տղաները սկսեցին նյարդայնանալ և տառապել Բիբեր բարդույթով: Ի հայտ եկավ «Բելիբեր» հասկացությունը. մի համայնք, որի դռները բաց են միմիայն Ջասթինի հավատարիմ երկրպագուի՝Բելիբերի առջև: Մեզ հաջողվեց օնլայն հարթակից օֆֆլայն բերել մի քանի Բելիբերի: Նրանք պատմեցին իրենց ջերմ, բայցև անպատասխան սիրո մասին:

13-ամյա կապուտաչյա Քրիստինան արդեն մեկ տարի է՝ կրում է իր համար հաճելի այդ պիտակն ու չի ամաչում: Բելիբերն ակտիվորեն շփվում է արտասահմանցի Բելիբերների հետ, փոխանակվում ինֆորմացիայով, նույնիսկ օնլայն հարթակներից մեկում ստացել է Fun of the week կոչումը: Նա գիտի՝ ինչպես պայքարել հակաբիբերների դեմ ու նրանց ուղարկել որտեղ, որտեղ հարկն է: Քրիստինան ասում է, որ ինքը Ջասթինի մասին գիտի այնքան, որքան հենց Ջասթինը: Ի սկբանե հավանեց երգչի կատարումները, ապա սկսեց հետաքրքրվել նրա կենսագրությամբ ու ոգեշնչում գտավ դրանում: «Նա աղքատ երեխա էր, որին նկատեցին շնորհիվ այն սիրողական հոլովակների, որ մայրն էր ներբեռնում Youtube: Նա ինձ շատ է ոգևորում, որովհետև սեփական փորձով ապացուցեց, որ եթե հավատաս, ապա կհասնես»,- Բելիբեր Քրիստինան իսկապես հիանում է իր կուռքով:

Նա նաև բացահայտեց մի քանի մասնագիտական գաղտնիք: Պարզվում է կան նաև կեղծ Բելիբերներ, որոնք չնայած շատ են սիրում Բիբերին, բայց քաջություն չունեն այդ մասին բարձրաձայնելու: «Իսկական Բելիբերը անվախ է ու չի ամաչում խոսել իր զգացմունքներից»,- կարծում է Քրիստինան:

Միլենան նույնպես Բելիբեր է ու չի վախենում կամ ամաչում այդ փաստից: Նա սիրում է Ջասթինին, ու այդ մասին գիտեն բոլորը: «Նա իմ թուլությունն է, որի մասին գիտեն դասարանցիներս ու դրանով են ինձ վիրավորում»,-ասում է 13-ամյա Միլենան ու ավելացնում, որ ինքը չի նեղսրտում, որովհետև հարկ եղած դեպքում արժանի հակահարված է հասցնում: Հիմնականում Բիբերին ու Բելիբերներին ծաղրում են տղաները. հավանաբար, խանդում են:

«Մեր դասարանում կան մի քանի տղաներ, որ Ջասթինիս նման են հագնվում, բայց դեմքով ընդհանրապես նման չեն»,-ասում է Միլենան:

Առաջին հայացքից թվում է՝ սա պատանեկան ժամանակավոր նախասիրություն է, սակայն աղջիկները լուրջ են տրամադրված, նրանցից և ոչ մեկը մտադիր չէ մեծանալուն պես հրաժեշտ տալ բելիբերությանը, նույնիսկ 18-ամյա Նորան: Խոստովանեց՝ շրջապատում իրեն ոչ մի տղա դուր չի գալիս, որովհետև նրանք Ջասթինը չեն: այս անվիճելի փաստը վերջերս սկսել է անհանգստացնել Նորային. «Ոչ մեկին չեմ հավանում, որովհետև ունեմ իդեալ»:

Մեկ այլ Բելիբեր քիչ էր մնում հրաժեշտ տար այդ կոչմանը: Արփինեն հանրագրում ասում էր, որ այլևս Բելիբեր չէ, մեծացել է ու առաջվա պես չի խենթանում Ջասթինի համար, սակայն որոշ ժամանակ անց հասկացավ, որ դեռ պատրաստ չէ հրաժեշտ տալ բելիբերությանը: «Ես հիասթափվեցի, երբ իմացա, որ չեմ կարող ներկա լինել նրա համերգին: Բայց հետո նորից ամեն ինչ իր տեղն ընկավ: Ես դեռ հույս ունեմ, որ կգնամ նրա համերգին»:

Անին էլ է Բելիբեր ու չնայած ծնողներն առանձնապես չեն սատարում նրա նախասիրությանը, ստիպում անջատել Ջասթինի երաժշտության ձայնը: Անին ասում, է, որ չի պատկերացնում, որ կգա մի օր, երբ ինքն այլևս Բիբեր չի լսի, չէ որ նրանց հետ զուգահեռ նաև Ջասթինն է մեծանում, ինքը Ջասթինի կողքին կլինի մինչև վերջ:

Ջասթինի հետ խորը ծերություն դիմավորելու խոստում է տվել նաև Անկան, նա այնքան ակտիվ է սոցցանցերում իր սիրելի երգչի մասին նորություններ ու լուսանկարներ տեղադրում, որ եթե երգիչն իմանար նրա մասին, ապա միանշանակ շքանշան կհանձներ: Բայց ավաղ... Չնայած վերջերս մի ոգևորիչ իրադարձություն տեղի ունեցավ Անկայի կյանքում: Այս մասին երազում են բազմաթիվ բելիբերներ: Twitter միկրոբլոգային համակարգում նույն ինքը Բիբերը follow արեց, այսինքն՝ հետևեց Անկային, իսկ նման բան շատ հազվադեպ է գրանցվում: Նույնիսկ սարսափելի է պատկերացնել աղջկա ցուցաբերած ակտիվությունը: Նա, բնականաբար, շտապեց պատմել նորության մասին մյուս Բելիբերներին: Այսուհետ պաշտոնապես կա այն մեկը, ով պետք է բարձր պահի հայ Բելիբերների անունը միջազգային հարթակում:

Բելիբերներն այլմոլորակային չեն, նրանց ուզծն էլ մի մեծ բան չի՝ ընդունեն այնպիսին, ինչպիսին իրենք կան, ընդունեն նրանց ստեղծած աշխարհը: Եվ ով գիտե՝ միգուցե այնտեղ ամեն ինչ շատ ավելի կատարյալ է:

 

Այս թեմայով