24 Հոկտեմբեր 2013, 17:03
4242 |

Այնտեղ, ուր լույս կա

Հիմալայները հնագույն ժամանակներից համարվում են սրբազան հող: Աշխարհում, թերևս, չկա մեկը, ով երբևէ չի երազել լինել այնտեղ: Այդպես էլ երկու խենթ երևանցիներ թողեցին բոլոր իրենց գործերն ու գնացին սուրբ Գանգես գետի ակունքը: Ահա, թե ինչ տեղի ունեցավ:

Հնդկաստան՝ Դելի
Ճանապարհը երկար էր, անցնում էր Իրանի Շիրազ, Թեհրան ու Սպահան քաղաքների միջով: Դելի եկանք առավոտյան ու միանգամից հայտնվեցինք նոր ձայներով, հոտերով ու օդով լի ուրիշ աշխարհում: Այն աշխարհի հնագույն քաղաքներից է՝ զարմանահրաշ, հակադրական, բազմաշերտ, շոգ, աղմկոտ, աներևակայելի: Առաջին տպավորությունը ամենուր մարդկանց հոծ բազմությունն է: Կարելի է առանձին անդրադառնալ վանքերով, հինավուրց սրբավայրերով ու չափազանցության հասնող փողոցային գունագեղությամբ այս քաղաքին. անիմաստ է հպանցիկ նայել նրան: Չէինք էլ փորձում: Մեր ուղին անցնում էր լեռներով, ու Դելին մեզ համար ուղղակի առաջին կանգառն էր:

Իմաստունների քաղաքը
Ռիշիքեշ քաղաքը վերամբարձ Հիմալայների հենց ստորոտին է: «Ռիշիքեշ» նշանակում է «իմաստունների, յոգերի, ճգնավորների վայր»: Ճշմարտություն փնտրողներն ամբողջ աշխարհից գալիս, հավաքվում են այստեղ: Չեն ուտում միս, անում են մեդիտացիա ու յոգա, աղոթում, մարզվում, երգում փառաբանություններ, կատարում հին ծեսեր ու պարեր… Այստեղ՝ «Շրի Մահեշ Յոգիի» աշրամում, մի ժամանակ ապրում էին Բիթլզները… Բացի դրանից՝ Ռիշիքեշը հայտնի է Հնդկաստանում լավագույն այուրվեդական բժշկությամբ («այուրվեդա» սանսկրիտում նշանակում է «կյանքի իմացություն») ու նրանով, որ այստեղից սկսվում են Հիմալայների սրբավայրեր տանող ճանապարհները:

Դելիից դուրս եկանք, ամբողջ գիշերն անցկացրեցինք ճանապարհին ու տեղ հասանք ճիշտ այգաբացից առաջ: Մեր ուղեբեռը շպրտեցին հենց ավտոբուսի կտուրից. բռնում ենք ուսապարկերը, առնում շալակներս ու քայլում Գանգեսի ուղղությամբ: Այս տեղերն ինձ արդեն ծանոթ են. տասը տարի առաջ եղել էի այստեղ, սակայն ընկերս առաջին անգամ է տեսնելու սուրբ գետը: Երևի սա էր պատճառը, որ ինձ էլ թվաց՝ մոտենում ենք նոր, վիթխարի ու անհայտ մի բանի: Ավտոռիքշաները գալիս, առաջարկում են տանել: Եթե որոշել եք մեքենայով գնալ, պետք է առանց քաշվելու գին գցեք. այստեղ այդպես է ընդունված: Բայց նախընտրում ենք գնալ ոտքով, ու որոշ ժամանակ հետո մեր առջև բացվում է առասպելական գետի տեսարանը: Քիչ հեռու Լաքշման Ջհուլա կախովի կամուրջն է: Ալիքների խշշոց, անուշ սյուք… Դեռ մութ է, մի քիչ ժամանակ կա մինչև վաղորդայնը: Առանց հապաղելու մտնում ենք քնապարկերն ու պառկում ափին:
Հանկարծ մեր շուրջը զրնգացին զանգակներ ու ծնծղաներ: Ռիշիքեշի բազմաթիվ վանքերում սկսվեց առավոտյան ժամերգությունը. շուտով ամբողջ հովիտը լցվեց մանտրաների ձայներով: Քաղաքն արթնացավ առավոտյան հինգին, ու մենք գետի երկու ափին տեսանք բազմաթիվ աշրամներ, մարդկանց ամբոխներ, կովերի, կապիկների բազմություններ. այստեղ բոլորն են շատ վաղ արթնանում: Շուտով կենդանիներին խառնված մարդկանց զանգվածը սկսեց շարժվել ափի երկայնքով, ու կյանքը եռաց մեր շուրջը: Քնապարկերում պառկած՝ հետևում էինք այս ամենին՝ կիսարթուն, խոնջացած, հիացած ու երջանիկ:

Կեսօրին վերջապես գտանք մնալու տեղ: «Բոմբեյ գեսթհաուսը» հին ճարտարապետական շնչով կառուցված շինություն է՝ հաստ պատերով ու մեծ օդափոխիչներով, որոնք պտտվում են բարձր առաստաղների վրա ու ապահովում բաղձալի զովություն: Ձախ կողմում մեր հարևանները իսրայելցի նորապսակներ են, դիմացը հեծանվով ճանապարհորդող իտալացի է, աջ կողմում՝ կանադուհի, վերևում՝ իսպանացիներ ու հոլանդացի: Վերջինս նույնպես հեծանվորդ էր, սակայն նրան հեծանիվն ուներ տարօրինակ կառուցվածք ՝ կիսապառկած էր վարում: Այս խմբում գրեթե բոլորը նվագում էին անսովոր գործիքներ, երգում-պարում, նկարում պատերի ու միմյանց վրա, գիշերներն էլ կատարում կրակի պարը: Այստեղ հաճախ գալիս էր սափերա բաբան՝ օձերով ճգնավորը, ու ցույց տալիս կոբրայի պարը: Կարճ ասած՝ ձանձրանալու մարդիկ չէին:

Նույն գունագեղությունն էլ փողոցներում էր՝ տարբեր դպրոցների ու ուղղությունների ուսմունքը դավանող ուխտավորներ. ահա շիվայականները՝ եռաժանիները ձեռքներն առած, ահա արդեն ծանոթ սափերա բաբան՝ օձերի իր զամբյուղով, ահա կարգ ու կանոնը, մաքրությունն ու կոկիկությունը մերժող ագորա բաբան՝ հիփիների շարժման հնդիկ կարապետը… Ու կերպարների այս բազմազանությամբ հանդերձ ամենուր տիրում է զվարթություն ու ջերմություն:

Հիմալայան դիետա
Եթե այնուամենայնիվ որոշել եք գալ այստեղ, պետք է անպայման իմանաք՝ ինչ կարելի է ուտել այստեղ, որ ջուրն է խմելու, որը՝ ոչ: Անտեղյակ մարդը կարող է ծանր հիվանդանալ: Ընտելանալու համար հարկավոր է ժամանակ: Տեղական փոքր խորտկարանների սանիտարական պայմանները շատ տարբեր են. մի տեղ սնվելն օտարերկրացու համար ծանր հետևանքներ կունենա, մյուս տեղում՝ ուտել կարելի է զգուշությամբ, այլուր կարելի է ուտել ամեն ինչ: Ռիշիքեշում հենց ափին գտանք բազմաթիվ հարմար ճաշարաններ: Սնունդն այնտեղ լավն էր ու մատչելի: Կես դոլարի դիմաց ձեզ կբերեն «թալի» ինքնատիպ համալիր ճաշը՝ մեծ երկաթե սկուտեղի վրա ամեն ինչից՝ մի քիչ: Մեկ կամ երկու դոլարով էլ կարող եք պատվիրել այնքան, որ ի վիճակի չեք լինի ուտել ամբողջը: Բայց, ճիշտն ասած, մեր մրգերն ավելի համեղ են:

Ռամ Ջհուլա՝ Ռիշիքեշ քաղաքի երկու հայտնի կամուրջներից մեկը
Ռամ Ջհուլա՝ Ռիշիքեշ քաղաքի երկու հայտնի կամուրջներից մեկը

Երկու կամուրջ
Ռամ Ջհուլան ու Լաքշման Ջհուլան սկզբում թվում են Գանգեսի վրա կառուցված սովորական երկու կամուրջ: Իրականում դրանք Ռիշիքեշի կարևոր մասն են՝ շփման վայր, մշակութային յուրօրինակ կենտրոն: Պարաններից կախված կապիկները սպասում են, որ իրենց կերակրեն, քիչ հեռու ուխտավորների խումբն է, նրանց կողքը լուսանկարվում են զբոսաշրջիկները, մի քիչ էլ այն կողմ նստած են մուրացկանները… Մեկուկես մետր լայնությամբ կամուրջն ունի իր կյանքը. մարդիկ քայլում են, վարում հեծանիվ կամ մոտոցիկլ, հավաքվում խմբերով ու հանգիստ զրուցում:

Նայում ես յոգի վարժություններին ու սուր զգում սեփական «քաղաքակիրթ» մարմնի անկատարելիությունը:
Նայում ես յոգի վարժություններին ու սուր զգում սեփական «քաղաքակիրթ» մարմնի անկատարելիությունը:

Փուջա
Արևի մայր մտնելուն պես Գանգեսի ափին սկսվում է «փուջա» խորհրդավոր ծեսը: Ուխտավորները, ճգնավորները, զբոսաշրջիկները, Հնդկաստանի պատվավոր քաղաքացիները, հոգևոր դպրոցների սաները հավաքվում են ծեր վանականի՝ հոգևոր հոր գլխավորությամբ: Յուրաքանչյուրը գիտի իր տեղը: Սկսվում է խորհուրդը, ու մանտրաների ներքո այրում են զոհասեղանի կրակը: Երգը դառնում է ավելի եռանդուն, հավաքվածները սկսում են կամաց-կամաց ճոճվել, ոմանք արդեն աչքերը փակ պարում են: Բարության ու անդորրի մթնոլորտը աստիճանաբար համակում է բոլորին, ու դժվար է հավատալ, որ աշխարհում այլուր դեռ կա թշնամանք ու չարություն: Շատերը՝ մանավանդ արտասահմանցիները, առանց ամաչելու հեծկլտում են մինչ այդ իրենց անհայտ զգացմունքների հեղեղից, անծանոթները ժպտում են միմյանց, գրկախառնվում: Երբ ծեսը հասնում է գագաթնակետին, գլխավոր կրակից այրում են հարյուրավոր մոմեր ու բաժանում մարդկանց, հետո ցանկություն պահում ու բաց թողնում դրանք սուրբ գետի ջրի վրա…

«Շրի Մահեշի Յոգիի» աշրամը՝ փոքր վանքը, որտեղ մի ժամանակ ապրում էին «բիթլները»
«Շրի Մահեշի Յոգիի» աշրամը՝ փոքր վանքը, որտեղ մի ժամանակ ապրում էին «բիթլները»

Արիական սանյասին
Ռիշիքեշից ուղղվեցինք դեպի Հիմալայների խորքը: Այստեղ կարելի է վարձել ավտոբուս կամ ջիփ թե՛ մենակ, թե՛ խմբով: Շատ հարմար է ու էժան: Օրվա վերջում ճանապարհը բերեց մեզ Ութարքաշի քաղաքը: Պետք էր մի տեղ գիշերել: Բլրի վրա նկատեցինք փոքր աշրամ, բարձրացանք ու հանդիպեցինք սակավախոս մի ծերունու՝ յոգայի ուսուցչի: Առանց ավելորդ խոսքերի մեզ տրամադրեցին ապաստան և ուտելիք. հիմալայան աշրամներում ավելորդ հարցերով չեն հոգնեցնում: Առավոտյան ներկա եղանք հետաքրքիր տեսարանի. մեր ծերունու աշակերտը կատարում էր յոգայի ամենօրյա վարժությունները: Նայում էինք նրան ու զգում, թե որքան ենք ինքներս անկատար: Տեղացիների հետ զրուցելով՝ իմացանք, որ աշրամը կոչվում էր «Վեդ մանդիր քենթրա»՝ վեդական մշակույթի կենտրոն, ծերունին էլ սանյասին էր՝ արիացիների դպրոցի գլխավոր անձանցից, հին վեդական մշակույթի ու սանսկրիտի գիտակ:

Սանյասին՝ հին վեդական մշակույթի ու սանսկրիտի գիտակը, Արշավիր Տեր-Հովհաննիսյանի համակիրը
Սանյասին՝ հին վեդական մշակույթի ու սանսկրիտի գիտակը, Արշավիր Տեր-Հովհաննիսյանի համակիրը

Խոսքի բռնվեցինք: Հարցրեցին, թե որտեղից ենք, ասացինք՝ Հայաստանից՝ առանց հուսալու, որ այդ կողմերում որևէ մեկը լսած կլինի նման երկրի անուն: Սակայն ծերունին հետաքրքրվեց ու հարցրեց՝ Երևանի՞ց: Պապանձվեցինք: Պարզվեց՝ արիական սանյասինի գրադարանում հայտնվել էր Արշավիր Տեր-Հովհաննիսյանի (Աթերովի) հումակերության մասին հայտնի գիրքը: Աշխատությունն այնքան էր հետաքրքրել վանականներին, որ դարձել էր աշրամում մարմնի «դաստիարակության» դասագրքերից: Ուշագրավ է նաև, որ գիրքը հայտնվել էր նրանց ձեռքում արդեն տեղի լեզուներից մեկով թարգմանված տարբերակով, սանյասինն էլ այն արտագրել էր անձամբ: Այսինքն՝ արդեն գիտի երեք հայ, եթե մեզ էլ հաշվենք: Մի քանի օր ապրեցինք աշրամում, ու չէինք ուզում հեռանալ, բայց դեռ ունեինք երկար ճանապարհ մինչև Գանգեսի ակունքը: Բաժանվելիս հիշեցինք տողեր «Մոքշադհարմա» հին արիական էպոսից, «Չկա աչք՝ գիտելիքին հավասար, չկա սխրանք՝ ճշմարտությանը հավասար, չկա աղետ՝ կրքին հավասար, չկա երջանկություն՝ ժուժկալությանը հավասար»:

Ռիշիքեշի «Բոմբեյ գեսթհաուսում» իջևանում են ուխտավորներ ամբողջ աշխարհից
Ռիշիքեշի «Բոմբեյ գեսթհաուսում» իջևանում են ուխտավորներ ամբողջ աշխարհից

Սուֆին
Ընկերս Դելիում արդեն սկսել էր փնտրել սուֆիներ (սուֆիզմը Հնդկաստանում շատ տարածված իսլամական միստիկ-ճգնավորական ուղղություն է): Սակայն դժվար է ծանոթանալ սուֆիների հետ: Նրանց կաստան փակ է. կարող են լինել կոշիկ մաքրող կամ սովորական թափառական: Բայց իզուր չէ ասված, «Հիմալայներում յուրաքանչյուրը կգտնի փնտրածը»: Մի անգամ ճանապարհին ընկանք տեղատարափ անձրևի տակ: Ասես հատուկ մեզ համար էին ճանապարհեզրին բացել ճամբարականի նման մեծ վրան: Մեզնից բացի վրանում անձրևից պատսպարվեց ինչ-որ ծերունի: Մտածեց, որ լրագրողներ ենք, ծանր հառաչեց, հանկարծ վեր կացավ ու ասաց, «Եկել եմ այստեղ, որ մահանամ: Երբ վերադառնաք ու իջնեք ներքև, ասացեք մյուսներին»: Սկսեցինք զրուցել ու ի՞նչ պարզեցինք՝ ծերունին սուֆի էր: Իսկ երբ ընկերս ասեց, որ ամբողջ Հիմալայներում նրան էր փնտրում, ծերունին ձեռքերը պարզեց դեպի երկինք ու գոչեց, որ մեզ Աստված է ուղարկել, որ դա վերևից նշան է, ու որ հիմա կտրուկ մտափոխվեց՝ էլ չի ուզում մահանալ: Ավելին՝ վճռականորեն հայտարարեց, որ կուղեկցի մեզ դեպի Գանգեսի ակունքը: Առարկելու ոչինչ չունեինք:

Ակունքի մոտ
Ավտոբուսը երկար ու դանդաղ մի կերպ բարձրանում է վերև: Նեղ ճանապարհի մեկ եզրում ժայռեր են, մյուսում՝ անդունդ: Մեր վերջնակետը մեծ գետի ճիշտ ակունքի մոտ գտնվող Գանգոթրի Գոմուք փոքր քաղաքն է: Վերջապես… հասանք: Ցուրտ է, չորս կողմում երևում են ձյունածածկ գագաթներ՝ կուսական, բարձր, լուռ: Մեր սուֆի ընկերը եկել էր Հիմալայներում մահանալու առանց տաք շորերի, ուստի նրան տվեցինք մեր հագուստից որոշ բաներ: Անասելի ուրախություն ապրեց, ու վերևից եկած նշանների ցուցակում ավելացրեց ևս մեկը՝ փրկություն ցրտից:

Մգացած սառույցով պատած ահռելի ժայռից ուժեղ շիթով դուրս է հորդում գետը: Գանգեսը սկսվում է հենց այստեղից:
Մգացած սառույցով պատած ահռելի ժայռից ուժեղ շիթով դուրս է հորդում գետը: Գանգեսը սկսվում է հենց այստեղից:

Գանգոթրի Գոմուքից Գանգեսի ակունք հասնելու միակ տարբերակը խորդուրբորդ արահետը ոտքով անցնելն է: 18 կմ երկարությամբ այս ճանապարհը լեփ-լեցուն է ամեն տարիքի ուխտավորներով: Վերջապես տեղ հասանք ու մեր տեսածից մնացինք ափընդբերան. գետն ուժեղ շիթով դուրս է հոսում հենց ժայռի միջից: Առվակ, ջրի թույլ հոսանք՝ ո՛չ մի նման բան, այլ իսկական գետ՝ հուժկու, աղմկոտ:

Ժայռն ամբողջովին պատած է սառցաբեկորներով, որոնք ժամանակ առ ժամանակ դղրդոցով գահավիժում են փրփրացող հոսանքի մեջ: Անհնար է բառերով նկարագրել մեզ համակած զգացմունքների բույլը: Գալիս է զարմանալի մի պահ, երբ ճանաչում ես կյանքդ ու ինքդ քեզ: Այստեղ միաձուլվում են երկինքը, երկիրը, ջուրն ու մարդը: Մերկանում ենք ու մտնում ջուրը: Ամեն մարդ չէ, որ կարող է դիմանալ լվացման սուրբ ծեսին. Գանգեսի ջուրը սառույցի պես սառն է: Մեր դիմացկունությունը տեսնելով՝ սուֆին վերջնականապես համոզվեց, որ մեզ ուղարկել էին վերևից: Պատմեցինք՝ որտեղից ենք եկել, մտապահեց «Արմենիա» բառն ու ասաց, որ հիասքանչ երկիր է, եթե այնտեղից կարող են գալ նման մարդիկ: Ակամա հիշեցի, որ Հայաստանը նույնպես սուրբ երկիր է: Իզուր չեն ասում, որ հին արիացիները հենց Արարատից են եկել Հնդկաստան ու հյուսիսում հիմնել առասպելական Արյավարտան՝ «արիացիների երկիրը»…

Վերադարձ դեպի քաղաքների խառնաշփոթ…

Երկնքից վաղ թե ուշ պետք է իջնել երկիր: Հետդարձը մինչև Դելի 200 կմ է: Հնդկաստանի բնակչությունն այնքան խիտ է, որ վերջին 100 կմ-ին թվում էր, թե անցնում ենք անծայրածիր մի շուկայով: Անհնար է որոշել՝ որտեղ է ավարտվում մեկ գյուղն ու սկսվում հաջորդը: Տապ, աղմուկ, դղրդոց, խառնաշփոթ: Ու նորից սիրտս քաշեց դեպի Հիմալայներ՝ հավերժ անդորրի երկիր…

«Ереван» ամսագիր, N11, 2006

Այս թեմայով