10 Հոկտեմբեր 2013, 17:57
328 |

FAF 1:1 Բուլղարիա

Երբեք նման կերպ չենք դիմավորել ոչ մի հավաքականի, նույնիսկ՝ Թուրքիայի ընտրանուն: Սա ուղղակի պատասխան էր, որին երևի բուլղարացիներն էլ էին սպասում. FAF ղեկավար խորհրդի անդամ Սերգեյ Ջանջոյան:

Հոկտեմբերի 10-ին կեսօրին Երևան ժամանեց Բուլղարիայի ֆուտբոլի ազգային հավաքականը, որպեսզի մասնակցի վաղը՝ հոկտեմբերի 11-ին կայանալիք Աշխարհի առաջնության 2014-ի ընտրական փուլի Հայաստանի հավաքականի հետ հանդիպմանը:

Ֆուտբոլն ու երկրպագուները այնպես անբաժանելի են, ինչպես թատրոնն ու հանդիսատեսը, գիրքն ու ընթերցողը: Առանց երկրպագուների անհնար է պատկերացնել ֆուտբոլը: Իսկ առանց տաքարյուն անհանդուրժող երկրպագուների՝ առավել ևս:

Ի ապացույց ասվածի՝ «Հայկական առաջին ճակատ» (First Armenian Front - FAF) երկրպագուների խմբավորման անդամները, նրանց հետ միասին նաև այլ երիտասարդներ, ուղևորվեցին դեպի Զվարթնոց օդանավակայան, որպեսզի «ջերմ» դիմավորեն Բուլղարիայի հավաքականի ֆուտբոլիստներին:

Տղաները վրդովված էին, անցած տարվա սեպտեմբերին Բուլղարիայում կայացած հանդիպման ժամանակ բուլղարացի ֆուտբոլիստները ցույց տվեցին «կեղտոտ» խաղ, որին հաջորդեց բուլղարացի երկրպագուների գռեհիկ վերաբերմունքը հայ երկրպագուների նկատմամբ: Արդյունքում տեղի ունեցան բախումներ: «Նույնիսկ բուլղար ոստիկանները չէին սաստում իրենց երկրպագուներին», - դժգոհում էին Հայաստանի ընտրանու երկրպագուները:

Եվ այսօր օդանավակայանում հայտնվեցին բուլղարացիները: «Ֆայեռ»-ների և այլ ֆուտբոլային ատրիբուտների ուղեկցությամբ նրանք ուղևորվեցին դեպի ավտոբուս: Դժգոհ ոստիկաններն էլ ամեն ինչ արեցին, որպեսզի տաքարյուն երիտասարդներն ավելի չբորբոքեն իրավիճակը:

«Երբեք նման կերպ չենք դիմավորել ոչ մի հավաքականի, - ասում է FAF ղեկավար խորհրդի անդամ Սերգեյ Ջանջոյանը: - Նույնիսկ Թուրքիայի ընտրանուն: Սա ուղղակի պատասխան էր, որին երևի բուլղարացիներն էլ էին սպասում: Կարծում եմ, որ հերիք է մի ապտակին պատասխանել՝ դեմ տալով մյուս այտը: Ես գոհ եմ այս ակցիայից: Կշարունակենք այն արդեն դաշտում՝ սակայն արդեն մեր հավաքականին ոգևորելով, այլ ոչ թե բուլղարացիներին հայհոյելով»:

Զավեշտալի դեպք պատահեց օդանավակայանում, երբ սխալմամբ սուլոցների արժանացան մի քանի անմեղ ուղևորներ: Փորձելով մեղքը քավել՝ երկրպագուները փոխարինեցին  սուլոցները ծափահարություններով՝ ավելի մեծ շփոթության մեջ թողնելով նրանց:

Այս թեմայով