28 Սեպտեմբեր 2013, 19:33
847 |

25 մետր անց՝ Գինեսի ռեկորդ

Խուլ ու համրերի միության շենքում արտասովոր միջոցառում էր. 3-րդ հարկի մարզադահլիճում մարզվում էր Երևանի պետական կրկեսի առաջին շրջանավարտներից մեկը՝ Մուշեղ Խաչատրյանը, մարզվում ոչ թե հերթական կրկեսային համարը նախապատրաստելու, այլ Գինեսի համաշխարհային ռեկորդների գրքում նոր ռեկորդ արձանագրելու համար:

1996-ի հուլիսի 28-ին շվեդ Պիտեր Ռոզենդալը Բուդապեշտի Ֆիզդաստիարակության համալսարանում 20 սմ բարձրությամբ միակնանի հեծանիվը՝  18 մմ տրամագիծ ունեցող անիվով, քշեց 4 մ: 1998-ի մարտի 29-ին այդ հեռավորությունը նա հասցրեց 8,5 մետրի: 2013-ի սեպտեմբերի 28-ին Երևանի պետական կրկեսի շրջանավարտ Մուշեղ Խաչատրյանը Խուլ ու համրերի միության շենքում պատրաստվում էր գերազանցել այդ ռեկորդը՝ քշելով 3,08 մ բարձրությամբ միակնանի հեծանիվը՝ 83 մմ տրամագիծ ունեցող անիվով: Մարզադահլիճի երկու հանդիպակաց պատերի մոտ գտնվող ֆուտբոլային դարպասների միջև հեռավորությունը 25 մ էր. հենց այդքան էլ մտադիր էր հաղթահարել Մուշեղը:

Հաշվի առնելով, որ Գինեսի ռեկորդները գրանցող հանձնաժողովին հրավիրելը բավականին ծախսատար կլիներ, Մուշեղը գերադասել էր իր ռեկորդը գրանցել ավելի երկար, բայց տնտեսող ճանապարհով՝ հրավիրել վկաների Գինեսիռեկորդների հայաստանյան գրասենյակից, «Արտասովոր շարժողական գործունեության գրանցման» հանձնաժողովի նախագահ և Հայաստանի մարզական և ոչ այնքան մարզական ռեկորդները գրանցող «Դյուցազնագրքի» հեղինակ Վարդան Թովմասյանին, Հայաստանի ալպինիզմի և լեռնային տուրիզմի ֆեդերացիայի փոխնախագահ Սուրեն Դանիելյանին և Երևանի պետական կրկեսի տնօրեն Սոս Պետրոսյանին, ինչպես նաև լրատվամիջոցների, որպեսզի փաստեն կատարվածը:

Երկար նախապատրաստվելուց հետո Մուշեղն աստիճաններով բարձրացավ իր 3-մետրանոց հեծանիվը, մի քանի անգամ հետուառաջ գնալուց հետո խորը շունչ քաշեց, տրամադրվեց ու սլացավ առաջ: Դահլիճը շունչը պահած հետևում էր մարզիկին, որի միակնանի հեծանիվը դանդաղ, բայց սահուն առաջ էր շարժվում՝ հաղթահարելով մետրը մետրի հետևից: 8,5 մետրի սահմանը վաղուց արդեն հետևում էր, մնում էր հաղթահարել մինչև մյուս դարպասն ընկած հեռավորությունը: Վայրկյաններ անց  Մուշեղն արդեն մյուս դարպասի մոտ հանգիստ հոգոց արձակեց՝ կատակով բացականչելով. «Էս է՞ր եղածը»: Դահլիճը ուրախության ծափերով ողջունեց ռեկորդակրին, իսկ հանձնաժողովի անդամներն արագ-արագ գրանցեցին Մուշեղի՝ տարածությունը հաղթահարելու ժամանակը՝ 47 վայրկյան:

Շուտով տեսաձայնագրությունն ու դրան կցված տվյալները կուղարկվեն Գինեսի ռեկորդները գրանցող հանձնաժողովին, որը մեկ-երկու ամսվա ընթացքում պետք է գրանցի 28-ամյա երիտասարդի սահմանած համաշխարհային ռեկորդը:

Այս թեմայով