18 Սեպտեմբեր 2013, 11:53
1812 |

Աստղադիտարանի աստղային ժամը

«Անկախության 20 տարիների ընթացքում տեղի էր ունեցել Բյուրականի աստղադիտարանի «նվաստացում», քանի որ ամենից շատ ֆինանսական կրճատումներ եղան հենց այս կառույցում». տնօրեն Հայկ Հարությունյան:

Երազանքների խառնարանում
«Տե´ս, տե´ս, աստղ է ընկնում, շուտ երազանք պահիր, անպայման կկատարվի», - հավատացած էր «Գտնված երազ» մուլտֆիլմի պապիկը: Երազանքն իրականություն դարձնելու համար ընկնող աստղերին պետք չէ սպասել: Դա լավ գիտեն հատկապես այնտեղ, ուր ամենամոտն են երկնքին, ուր աստղերի դիտումն ամենօրյա աշխատանք ու գիտական հաջող կարիերա ստեղծելու միջոց է:

Բյուրականի աստղադիտարանում այժմ դիտումներ չեն կատարվում. արդիականացվում են աստղադիտակները, որպեսզի նոր թափով սկսեն տիեզերքի ուսումնասիրությունները' արդարացնելով և հաստատելով Բյուրականի աստղադիտարանի Ազգային արժեք կարգավիճակը և աստղագիտական տարածաշրջանային կենտրոն լինելու պատիվը:

Համբարձումյանի աստղը
Անզեն աչքով աստղազարդ երկնքին նայելիս հազիվ թե գտնեք տեսական աստղաֆիզիկայի հիմնադիր հայրերից մեկի' Վ. Համբարձումյանի անունը կրող մոլորակ-աստերոիդը: Եվ ինչու փնտրել անիրական հեռվում, երբ շատ ավելի մոտ է նրա արարչության իրական աստղը'Բյուրականի աստղադիտարանը: 1946-ին այն ստեղծվեց բացառապես մեծագույն գիտնականի ջանքերով ու դարձավ հպարտության աղբյուր ոչ միայն Հայաստանի, այլև ամբողջ ԽՍՀՄ-ի համար: Այստեղ առաջարկվեցին գաղափարներ և կատարվեցին աշխատանքներ, որոնք փոխեցին աստղաֆիզիկական շատ պատկերացումներ և ստեղծեցին նոր ուղղություններ: Ու հենց Բյուրականի հետազոտություններից մեկը' «Մարգարյանի շրջահայությունը», 2011-ին ՅՈւՆԵՍԿՈ-յի կողմից ճանաչվեց համաշխարհային ժառանգություն:

Նվաստացրած ազգային արժեքը
Բյուրականի աստղադիտարանն այս տարի ճանաչվեց նաև ազգային արժեք. վերջապես «պետության անտարբեր բարյացակամ վերաբերմունքը» տեղի տվեց: «Անկախության 20 տարիների ընթացքում տեղի էր ունեցել Բյուրականի աստղադիտարանի, այլ բառ չեմ կարողանում գտնել, «նվաստացում», քանի որ ամենից շատ ֆինանսական կրճատումներ եղան հենց այս կառույցում», - նշում է Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Հայկ Հարությունյանը: Իսկ Բյուրականի աստղադիտարանը ապրող օրգանիզմ է, գիտական փոքր քաղաք՝ ամփոփված 30 հեկտարի վրա կառուցված 50 շինությամբ և այգով' յուրաքանչյուրն իր ֆունկցիոնալ նշանակությամբ և կարևորությամբ: Եվ այստեղ մարդիկ ոչ թե պարզապես ապրում, այլև գիտական գործունեություն են իրականացնում: Իսկ դրա համար նախ հարկավոր է, որ սարքավորումները և դիտակները լինեն աշխատանքային վիճակում, որ տեխնիկական ցանկացած խնդիր ստանա արագ լուծում, և որ աստղագետի ուղին ընտրած երիտասարդները կարողանան իրենց հետազոտություններն ու գիտելիքները զարգացնեն առանց խոչընդոտների: Ազգային արժեք հռչակվելուց հետո այդ խոչընդոտները բացառելու հնարավորություններ ստեղծվեցին. եռապատկվեց աստղադիտարանի ֆինանսավորումը: Դա թույլ տվեց սկսել 2,6 մետրանոց դիտակի արդիականացման և գլխավոր հայելու ալյումինապատման աշխատանքները: Ղրիմի աստղադիտարանում է գտնվում մեր 2,6 մետրանոց դիտակի կրկնակը, և տեղի մասնագետները հասցրել են բազմիցս ալյումինապատել հայելին, ավելի հմուտ են այդ գործում և պատրաստ են իրենց փորձը կիսել մեզ հետ: Այս երկու դիտակները, ի դեպ, պատրաստվել են ԽՄ խոշորագույն հայ կոնստրուկտոր Բագրատ Իոաննիսյանի կողմից:

Հառաջ, դեպի տիեզերքի նախանշած սահմանները
Բյուրականի աստղադիտարանը գիտական հայտնի կենտրոն է իր ենթակառուցվածքներով, ավանդույթներով և գիտական դպրոցով, որը ներկայացնում է ժամանակակից մակարդակի գիտական աշխատանքներ, ակտիվ համագործակցություններ իրականացնում եվրոպական և ռուսական աստղագիտական կենտրոնների հետ: Միջազգային աստղագիտական միության (ՄԱՄ) գիտական թվակիր գիտաժողովներից չորսն անց են կացվել հենց մեր աստղադիտարանում, այս տարի Հայաստանում կկայանա արդեն 5-րդը: Ռուսական «Ռոսկոսմոս» գործակալությունը Բյուրականի աստղադիտարանից հայ մասնագետների մասնակցությամբ իրականցնելու է տիեզերական աղբի մշտադիտման և հետազոտման աշխատանքներ: Այս համագործակցությունների շնորհիվ աստղադիտարանը զարթոնք կապրի: 2006-ից Բյուրականի աստղադիտարանը երկու տարին մեկ կազմակերպում է «Երիտասարդ աստղագետների միջազգային դպրոց»: Տարածաշրջանում վայելած մեծ հեղինակության շնորհիվ տարեցտարի ավելանում են մասնակցության հայտերը: Հատկապես շատ էին դիմումները 2010-ին.120 հոգի, մինչդեռ սահմանված էր 30 տեղ: Անգամ Թուրքիայից 8 հայտ էր եղել:

Հայաստանը Բյուրականի աստղադիտարանը ՄԱՄ-ի տարածաշրջանային գիտակրթական կենտրոն դարձնելու հայտ է ներկայացրել. բոլոր հիմքերը կան: «Նախ ավելի լավ ենթակառուցվածք, քան Բյուրականինն է, ամբողջ տարածաշրջանում չկա, և վերջապես կա համբարձումյանական դպրոցի ավանդույթները շարունակող պրոֆեսիոնալ աստղագետների խումբ: Այս կենտրոնը կարող է դառնալ հիմնարար հետազոտությունների դարբնոց»,- նշում է աստղադիտարանի տնօրենը: Տիեզերքը անսահման է տարածության և ժամանակի մեջ, պետք է կարողանանք տեխնիկապես արդյունավետ օգտագործել այն, ինչ տալիս է տիեզերքը: Իսկ այդ բարձրագույն սահմանին հասնելու համար պետք է երբեք չբավարարվել ձեռք բերածով: Միայն այդպես է հնարավոր վերականգնել աստղագիտական գերտերության նախկին համբավը:

Այս թեմայով