10 Սեպտեմբեր 2013, 17:00
3046 |

Սամեբայի հայկական պայծառ արևը

Հայաստանի սարերում նրա համար տեղ չգտնվեց խաղաղ ու երջանիկ կյանք ապրելու համար: Սամեբա գյուղում, նա, թերևս, ամենահայտնի տատիկն է, որովհետև միակ հայն է:

Հայաստանի սարերում նրա համար տեղ չգտնվեց խաղաղ ու երջանիկ կյանք ապրելու համար: 79 տարեկան Պայծիկ տատիկը գրեթե ամբողջ կյանքն անցկացրել է Վրաստանի Բաթում քաղաքից ոչ շատ հեռու մի բարձր սարի վրա գտնվող Սամեբա գյուղում: Այստեղ նա, թերևս, ամենահայտնի տատիկն է, որովհետև միակ հայն է: Ու թեև այդպես էլ վրացերեն չսովորեց, հիանալիորեն լեզու է գտնում տեղացիների հետ:

«Ախր ինչու՞ ես նկարում ինձ. ես սիրուն չեմ»,-շարունակ կրկնում էր նա, երբ լուսանկարչական օբյեկտիվն ուղղվում էր նրա կողմը: Հերթական հարցը վերադարձնում էր նրան անցյալ, սկսում էր սկզբից, երբ դեռ երեխա էր, ու մայրը թոնրի մեջ լավաշ էր թխում: Բայց ժամանակը կանգնեցրել էր հիշողությունների սլաքը, ու նրա պատմությունն էլ կարծես կանգ էր առել: Մնացել էին միայն փոքր հատվածներ, որոնք առանց այդ էլ դժվարությամբ էր մտաբերում: Ու հավանաբար այդ պատառիկները չափազանց թանկ էին, որովհետև կրկնում էր դրանք մի քանի անգամ. չէր ուզում, որ դրանք էլ անհետանան:
Նրա պատմությունը սկսվում է Արթիկ շրջանի Գեղանիստ գյուղում: Մայրը որոշել էր նրան Պայծառ անվանել. հավանաբար ծնվել էր մի պայծառ օր: Բայց մանկությունն այդպիսին չդարձավ, սկսվեց Մեծ հայրենականը: «Էն ժամանակ տռուդնը էր ապրելը, - պատմում էր Պայծիկ տատիկը, - Հայրս գնաց կռիվ ու էլ չեկավ, ավագ եղբայրս բանակից վերադարձավ՝ ձեռքը ռումբի պայթյունից խեղված»: Գյուղում աշխատանք չգտնելով' մանուկ Պայծիկի ընտանիքը տեղափոխվեց Վրաստան: Սկզբում Բաթումում էին ապրում, որտեղ նա եղբոր և քրոջ հետ աշխատում էր ջերմոցում' օրական 200-300 կգ թեյ հավաքելով: Այդպես անցավ մանկությունը, հետո ամուսանացավ տեղի հայ երիտասարդներից մեկի հետ: «Ամուսնուս անունը Նապոլեոն էր», - հպարտությամբ մատնացույց արեց նրա խունացած լուսանկարը:

Վրաստանում են ծնվել նաև նրա զավակները' Ռուբենն ու Նաթելլլան: Վերջինս, ամուսնանալով հայի հետ, տեղափոխվել է Երևան: «Վերջին անգամ ութ տարի առաջ եմ եղել Հայաստանում, թոռանս հարսանիքն էր: Ծոռներ էլ ունեմ էնտեղ: Բայց ես պետք է էստեղ մահանամ, մերոնց կողքին էլ թաղվեմ, - հառաչում է և, նկատելով, որ լուսանկարում եմ, հոգատարությամբ ասում է, - Մի´ չարչարվիր աղջիկ ջան, ախր սիրուն չեմ»:

Հիմա Պայծիկ տատն ապրում է որդու, նրա կնոջ և երկու թոռների հետ: Տատիկի ընկերներն են նաև նրա տանը բնակվող երեք կատուները: «Մեր տանը միայն ես եմ նրանց սիրում: Գիշերը, երբ տղաս աշխատանքի է լինում, ծածուկ բացում եմ դունը ու նրանց ներս թողնում», - խոստովանում է երեխային հատուկ չարաճճիությամբ: Տատը սրտնեղում է՝ թոռներից մեկը ռուսերեն է խոսում, անընդհատ հանդիմանում է՝ ի՞նչ է, հայերեն չգիտի՞, իսկ մյուսը նկատողություն է ստանում չամուսնանալու համար: Հիվանդություններն ու թույլ տեսողությունը խեղճացրել են երբեմնի առույգ, առողջ ու արագաշարժ տատիկին: Բայց անվան հետ եկած բնատուր պայծառությունը շարունակում է լուսավորել նրա դեմքի բարի կնճիռները: Ինքն էլ լինելով մի պայծառ արև՝ Պայծիկ տատիկը շարունակում է ապրել Հայաստանի սարերից ու արևից հեռու:

Այս թեմայով