21 Օգոստոս 2013, 11:41
672 |

Վինդսերֆինգի տիրույթում

Ուժեղ քամի և ալեբախություն… շատերի համար լողափին ձանձրանալու առիթ, իսկ վինդսերֆերների համար տարերքի հետ անհատական պայքար մղելու սպասված հնարավորություն: Ծովի կարոտը Սևանի քաղցրահամ ջրում հագեցնելու մեկնողներից ոչ բոլորը գիտեն, որ այդ մի բուռ «ծովում», եթե ցանկանան, կարող են նաև վինդսերֆինգ պարապել:

Տարերային սպորտաձև
Ասում են` աշխարհում երեք բան կա, որոնց կարելի է անընդհատ նայել` կրակ, ջուր և թե ինչպես են քեզ աշխատավարձ տալիս: Սևանի ափին` Ցամաքաբերդում, այդ ցանկը համալրվում է ևս մեկով՝ ինչպես է վինդսերֆերը սլանում ալիքների վրայով քամու ընկերակցությամբ, ինչպես է սանձում և իրեն ծառայեցնում բնության այդ երկու արհավիրքները, ղեկավարում դրանք հօգուտ իր արագ ու գեղեցիկ սլացքի: Իսկ դրա համար պետք է զգալ քամին, տիրապետել նրա ուժին ու ուղղությանը, միաձուլվել բնության հետ: Բավական է սերֆինգի տարրական կանոններն ու պահանջները յուրացնելուց հետո մեկ անգամ կանգնել սերֆի վրա, ապրել տարերային ազատության աննկարագրելի զգացողությունը, և կհայտնվես խիզախ փորձդ նորից ու նորից կրկնելու անդիմադրելի ցանկության տիրույթում:

Բիոֆիզիկայից անցում առագաստանավերին
Առագաստային ակումբի ու վինդսերֆինգի դպրոցի սահմանագիծը ընդգրկում է մի ուրույն աշխարհ-պետություն, որն ունի իր օրենքները, հիմնը և դրոշը և, իհարկե, «քաղաքացիները»` մարզիչներն ու նրանց աշակերտները: Այս պետությունը մշտապես պայքարի մեջ է իր հարևան լճի և նրա դաշնակից քամու հետ: Պայքարը հատկապես թեժանում է օգոստոսին, երբ սկսվում են տարիքային տարբեր խմբերի միջև մրցություններն ու Հայաստանի վինդսերֆինգի առաջնությունը: Պատանիներն ու երիտասարդները զինվում են, պատրաստում իրենց առագաստատախտակները և սլանում առաջ` սանձելու քամին ու ալիքները: Տարերային ուժերի հետ հանդիպմանը նրանց պատրաստում են հմուտ ու բազմավաստակ մարզիչներ Իգոր Գրիգորյանը, Մուշեղ Բարսեղյանը, Մուշեղ Հովակիմյանը, Արմեն Նազարյանը, Միշել Զաքարյանը, պայքարին ակնդետ հետևում է փրկարար Վահագ Մաթևոսյանը, նախապատրաստական աշխատանքները համակարգում Լարա Մովսեսյանը, և այդ ամենը նախագահում է Մհեր Թովմասյանը` Հայաստանում վինդսերֆինգի հիմնադիրը, մասնագիտությամբ բիոֆիզիկոսը, ով թողեց գիտական կարիերան, տարվեց առագաստանավային սպորտով, այն դարձրեց աշխատանք ու կենսակերպ: Ու հենց նրա համբերատարության, համառության ու հավատարմության շնորհիվ է, որ Սևանի ափին այսօր գործում է ժամանակակից մրցունակ ակումբը և ընթանում են այս օլիմպիական մարզաձևի տեսարժան մրցաշարերը:

Թեժ մարզումներ՝ անգամ ձմռանը
Սևանա լճում առագաստային նավարկումները մեկնարկել են դեռ 1978-ից, երբ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (այն ժամանակ պոլիտեխնիկական) «Յախտա» ճամբար բերվեցին առաջին առագաստանավակները և այստեղ սկսեց մարզվել ԽՍՀՄ առագաստային սպորտի հավաքականը: ԽՄ փլուզումից հետո այս սպորտաձևը շարունակեց գոյատևել մի քանի նվիրյալների շնորհիվ և նոր շունչ ստացավ միայն 2007-ին: Նախկին նախագահ Ռ. Քոչարյանի և «Հայաստան» համահայկական հիմնադրամի ջանքերով առագաստային սպորտի զարգացման համար հատկացվեց նոր վայր, նոր շենք, արդիական մարզագույք և, ամենակարևորը, 8-14 տարեկան երեխաները անվճար վինդսերֆինգ պարապելու հնարավորություն ստացան: Այս սպորտաձևը նախընտրող երեխաների համար հուլիս-օգոստոս ամիսները ոչ թե բակային խաղերի ու հանգստի, այլ վինդսերֆով թեժ պարապմունքների ու մրցույթների ժամանակ է: Սա ամենևին էլ չի նշանակում, թե սպորտով նրանց զբաղվածությունը միայն ամռանն է լինում: Պարապմունքները սկսում են գարնանից Երևանում` Վարդավառի լճում (Թոխմախ), որտեղ գործող առագաստային ակումբում կատարվում է երեխաների հավաքագրումը, նախնական մարզումները մինչև Սևանի դպրոց մեկնելը: Երեխաները պարապ չեն մնում նաև ձմռանը, զբաղվում են հարակից սպորտաձևերով` դահուկավազք, սնոուբորդինգ: Նման ձմեռային մարզումները օգնում են, որ պատանի մարզիկները պահպանեն մարզական պատրաստվածությունը ավելի ճարպկորեն տիրապետեն սահող տախտակին:

Մեր չեմպիոնները
Թովմասյան Մարիաննա, Բերբերյան Արման, Հովհաննիսյան Գևորգ, Մինասյան Տիգրան, Պողոսյան Ստյոպա, Գևորգյան Ստեֆանի. վերջին տարիներին հենց նրանք են Եյսկի և Անապայի Black Sea Cup վինդսերֆինգի գլխավոր առաջնությունների հերոսները: Ռուս մարզիկները և հանձնաժողովն անգամ տարակուսում են. «Ինչպե՞ս է կարողանում ծովից հեռու լեռներում ծվարած Հայաստանը նման արդյունքներ տալ»: Տարակուսում են, որովհետև ծանոթ չեն Սևանա լճի մշտարթուն քամիներին ու հայկական աշխատասեր ու նպատակամետ ոգուն, որը պատրաստ է գրավել անգամ սպորտի օլիմպիական գագաթը:

Խիզախի՛ր և նվաճի՛ր
Սևանի առագաստային ակումբի անդամ կարող են դառնալ նաև տարբեր տարիքի ու մասնագիտության տեր անձինք: Մեկ անգամ առագաստը բարձրացնելը և քամուն ու ալիքներին ընդառաջ գնալը բավական է վարակվելու համար «վինդսերֆինգ» հիվանդությամբ: Միայն թե այս դեպքում, ինչպես ասում է վինդսերֆինգի մարզիչ Մուշեղ Հովակիմյանը, այս հիվանդությունը մարդուն դարձնում է առավել առողջ, ուժեղ և ազատ: Վինդսերֆինգն անհատական սպորտաձև է, անհատների խաղ, որը սանձում է քամին ու ալիքները, միավորում սեփական ու տարերային ուժերը նշանակետին հասնելու համար: Վինդսերֆինգը ինքնաարտահայտման ու կատարելագործման հրաշալի միջոց է, որը շատ արագ վերածվում է կենսակերպի. կյանքն այսուհետ ալիքները և քամու հոսքը նվաճելու պայքար է, իսկ առագաստում քամու սուլոցը` աշխարհի ամենալավ մեղեդին: 

Այս թեմայով