13 Օգոստոս 2013, 23:04
985 |

Բարի լո՜ւյս, Երևան

Ջրցան մեքենայի վարորդները, ի տարբերություն ինձ ու Երևանի, վաղ առավոտյան արդեն առույգ են, աշխույժ ու պատրաստ մաքրելու մայրաքաղաքը: Որոշեցինք մաքրել միասին:

Առավոտյան ժամը 6-ին քնաթաթախ Աբովյան պուրակից քայլում եմ դեպի Տերյան փողոց: Նույնքան քնաթաթախ է Երևանը: Անսովոր, ականջ ծակող լռություն: Արևի տապից ճռռացող, միշտ աղմկոտ, գունավոր ու բոլորին ժպտացող փողոցը քարացած, սառը հայացքով ինձ է նայում: Հանկարծ հեռվից շան հաչոց լսվեց: Դրան հաջորդեց կնոջ խռպոտ ձայնով քութ-քութը: Մի քանի քայլից տեսա փողոցի տիրուհուն: Կարճահասակ կինը տիրոջը բնորոշ հանգստությամբ ու վեհությամբ քայլում էր հետևից քարշ տալով իրենից բարձր ցախավելը: Իսկ նրա անդորրը դանդաղ վազքով հսկում են չորս կողմից շրջապատած չորքոտանի թիկնապահ շները: Ցախավելով կնոջ շքախումբն անցավ ու նորից մնացի մենակ:

Հասա Իսահակյան փողոց: Հենց այստեղ է բոլորին հայտնի օդից կախված չռիկը: Իսկ չռիկի տակ ահռելի ջրցան մեքենան էր, որը ջրելու, մաքրելու ու թարմացնելու է Արաբկիր վարչական շրջանը: Նարնջագույն հսկան ագահորեն կլանում է չռիկից լայն շիթով իր մեջ թափվող ջուրը: 7 տոննան լրանալուն պես հսկայի տերը փակեց գազանի բերանն ու դատարկ փողոցով սլացավ դեպի Արաբկիր: Մի քանի րոպե հետո կրկին մոտեցավ մեկ այլ Արաբկիր, այնուհետև Կենտրոնը: Ժամը 7-ին քաղաքում հավանաբար միայն չռիկի տակ է այդքան աղմուկ ու մարդաշատ: Վարորդները գալիս են ու առանց աջ ու ձախ նայելու զարմանալի ճշգրտությամբ նարնջագույն Զիլ մակնիշի մեքենան հստակ կանգնեցնում ջրի տակ: Մինչև կհագենա հսկայի 7 տոննայանոց ծարավը, շփվեցի վարորդների հետ: Նրանք ի տարբերություն ինձ ու Երևանի, արդեն առույգ են, աշխույժ ու պատրաստ մաքրելու մայրաքաղաքը: Որոշեցինք մաքրել միասին: Ամրակազմ, թիկնեղ ու մի քիչ մռայլ հայացքով Զիլի վարորդ Գագիկը նախ իջավ մեքենայից, խիստ տոնով բարևեց ու նայեց ջրի հաստ շթին: Ընկերակցելու գաղափարս հավանաբար նրան այնքան էլ դուր չեկավ, բայց չմերժեց: 7 տոննան արդեն հսկայի սպիտակ ստամոքսում է: Պետք է շարժվել: Գագիկի օգնությամբ մի կերպ բարձրացա մեքենան: Բարձր շրխկոցով  Գագիկը փակեց Զիլի դուռը: Ջրցան մեքենայով քաղաքում շրջելը նույնքան էքստրեմալ ու էկզոտիկ է, որքան հավանաբար ավանակ հեծնելը: Քանի դեռ ես փորձում եմ ընկերանալ հսկա մեքենայի հսկա տիրոջ հետ, հասանք Խանջյան փողոց: Երկկողմանի ջրի շիթերը բացվեցին ու սկսեցին որս փնտրող գազանի պես հարձակվել մայթերին: Բետոնի արանքներում թաքնված աղբը վախեցած օդ թռավ, հնազանդվեց շիթի ուղղությանն ու նորից ալարկոտ վայր ընկավ: 48-ամյա վարորդն արդեն տասը տարի է՝ վաղ առավոտյան և ուշ գիշեր լվանում է կենտրոնի փողոցներն ու հանգիստ խղճով վերադառնում տուն: Ասում է՝ քաղաքն իր տունն է: «Երևանը քարքարոտ քաղաք է, ջուր շատ է սիրում»: Գագիկը հայրական զգացմունքներ է տածում քաղաքի նկատմամբ: Ծնվել, մեծացել է Երևանում, դեռ ամենասկզբից գիրն ու գրականությունն իր սրտով չեն եղել: Դեռահաս տարիքում նստել է մեքենայի ղեկին, պինդ բռնել այն ու մինչև օրս բաց չի թողնում: Վարորդի կյանքի ռիթմն արդեն տասը տարի է՝ խառնված է՝ գիշերը ցերեկն է, ցերեկն էլ գիշերը: Սովորել է, գոհ է կյանքից: Երեք երեխաների հայրն արդեն 21 տարի է՝ ամուսնացած է ու խոստովանում է, որ սիրում է ոչ թե կնոջը, այլ իր զավակների մորը: Գագիկն առանձնապես շատ չի խոսում: Հարցերին կամ այո-ոչով է պատասխանում կամ էլ գլխի շարժումով հասկացնում դիրքորոշման մասին: Կարճ հարց ու պատասխանի ընթացքում հասանք քաղաքապետարան: Քաղաքը կամաց-կամաց սկսեց ճմլկոտել, արթնանալ: Հորիզոնում սկսեցին նշմարվել մեքենաների ու մարդկանց կերպարանքներ: Մեր երթուղին քաղաքապետարանից տարավ դեպի կինո Ռոսիա, որտեղ էլ հրաժեշտ տվեցի հսկա նժույգով ասպետին: Կենտրոնը պատրաստ է նոր օրվան, որի մաքրությունն արդեն ապահովված է:

Այս թեմայով