12 Օգոստոս 2013, 00:27
2769 |

Գլխանց հույսեր` գլխավոր ճարտարապետից

Նոր գլխավոր ճարտարապետ ունենալը Երևանի համար ոչ միայն պատմական, այլ նաև ճակատագրական է։ Վերջին 20 տարում մեր մայրաքաղաքի վրա դաջված է նրա յուրաքանչյուր գլխավոր ճարտարապետի դրոշմը` գործելաոճի տարբերանշաններով։

12-ը օգոստոսի, 2013. Երևանն ունի նոր գլխավոր ճարտարապետ'Տիգրան Բարսեղյան։ Որոշ ժամանակ անց այս տարեթիվն ի՞նչ արձագանքներ կառաջացնի մեր մեջ, պարզ կլինի, երբ Երևանն իր մաշկի վրա զգա փոփոխությունների որակը։ Հատկապես վերջին 1-2 տարում բողոքի ոչ թե նոտայի, այլ մի ամբողջ սիմֆոնիայի տեղիք տված շինարարական վիճելի ու անավարտ գործընթացներից դատելով' նոր գլխավոր ճարտարապետը ժառանգել է գլուխկոտրուկային Երևան։ Փակ շուկայի հարցը մնում է պայթյունավտանգ, Հանրապետության հրապարակի վերակառուցումը' նույնպես։
Տիգրան Բարսեղյանը նախքան նոր պաշտոնին անցնելը, Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի ճարտարապետության ֆակուլտետի դեկանն էր։ Կրթության ոլորտից բացի, մասնագիտական հմտությունները դրսևորել է տասնյակ նախագծերում, հեղինակել մշակութային, հասարակական նշանակության բազմաթիվ շինությունների և հուշարձանների նախագծեր, որոնք իրականացվել են ՀՀ-ում և ԼՂՀ-ում։ Ոլորտի կառույցներում զբաղեցրել է պաշտոններ, ինչպես նաև եղել քաղաքաշինության նախարարության ճարտարապետության վարչության պետ։
Ճարտարապետները նոր պաշտոն ստանձնելու առիթով Տիգրան Բարսեղյանին շնորհավորելուց բացի, փոխըմբռնման, ազնիվ աշխատանքի սպասումներ ունեն։ Հայաստանի ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը Տիգրան Բարսեղյանին վաղուց է ճանաչում, համարում հավասարակշռված, համեստ մարդ։ Շարունակում է. «Ես այդ բայցը չեմ սիրում, բայց…պաշտոնի լծակները մարդուն կերպարանափոխում են։ Հուսամ՝ նա կկարողանա զերծ մնալ այդ չարիքից։ Ի վերջո, Երևանի գլխավոր ճարտարապետի պաշտոնը հավերժական չէ, հավերժականն այն գործն է, որին ծառայում ես։ Բոլորս գիտենք' գլխավոր ճարտարապետի պաշտոնը զբաղեցնողի վրա ճնշումներ են գործադրվում։ Դժվար է լինելու Տիգրանի համար. ճնշումներ անպայման են լինելու, շահեր են բախվելու, բայց միմյանց հարգելն ու լսելը պետք է սովորություն դառնա։ Տիգրանը մեր միության վարչության անդամ է. նիստերին մեզ հետ ինքն էլ էր ընդդիմանում անընդունելի նախագծերին։ Տեսնենք, ինչպես կդրսևորի իրեն նոր պաշտոնում»։ Ճարտարապետ Լևոն Վարդանյանը դեռ վաղ է համարում խոսել որպես Երևանի գլխավոր ճարտարապետ' Տիգրան Բարսեղյանի աշխատանքի մասին։ «Կաշխատի, կտեսնենք,- ասում է, - գործող ճարտարապետ, աշխատանքների հեղինակ լինելը մի բան է, մայրաքաղաքի գլխավոր ճարտարապետ լինելը' այլ։ Վերջինն ադմինիստրատիվ, քաղաքի ճարտարապետական, քաղաքաշինական հոգսը հոգացող, կազմակերպչական գործառույթ իրականացնող պաշտոն է։ Իսկ մեր գործընկերոջ աշխատանքն այդ պաշտոնում դեռ պիտի տեսնենք, հետո խոսենք»։
Ճարտարապետների ցանկությունն է, որ իրենց գործընկերը վճռականություն ու սկզբունքայնություն դրևորի պաշտոնավարման առաջին իսկ օրից։ «Նա հենց այսօրվանից պետք է ցույց տա, որ մեկընդմիշտ պաշտպան է կանգնլու իր քաղաքին, նրա մշակույթին ու պատմությանը, հասարակության տեսակետներին. միայն այդպես կփրկի իր հեղինակության ապագան։ Իմ գործընկերը դեռ ապականված չէ։ Ճնշումներ նրա վրա կլինեն, հույս ունեմ' նա հնարավորինս վեր կկանգնի դրանցից», - կարծիք է հայտնում ճարտարապետ Աշոտ Ալեքսանյանը։
Ոլորտի խոհանոցին ու ցավոտ կողմին քաջատեղյակ հայ ճարտարապետներն ու քաղաքաշինարարներն ուզում են տեսնել փոխհամաձայնեցված աշխատանք, քաղաքի ու հանրության շահերից բխող նախագծեր։ Երիտասարդ ճարտարապետ Սարհատ Պետրոսյանի կարծիքով ժամանակն է վերացնել այդ պաշտոնը, որովհետև այն ժամանակավրեպ է, հավելեց' ավելի քան մեկուկես տասնամյակ Տիգրան Բարսեղյանի նման ճարտարապետական փորձառություն ունեցող գլխավոր ճարտարապետ Երևանը չի ունեցել. «Հույս ունեմ, որ քաղաքային մակարդակով տարվելիք նոր քաղաքականությունը կդառնա ավելի բաց, թափանցիկ, հասկանալի ու, ամենակարևորը, պրոֆեսիոնալիզմը կլինի առաջին տեղում»։
Ճարտարապետների' դառը փորձից ծնված մտահոգություններն ու ապագայի չմարող հույսերը հասցեագրվում են Երևանի գլխավոր ճարտարապետի աթոռին հենց այսօր նստած Տիգրան Բարսեղյանին։ Երևանը խոսել գիտե. պարզապես պետք է կարողանալ լսել նրան։

Այս թեմայով