09 Օգոստոս 2013, 14:35
209 |

Պարկուրն ապրելակերպ է

Յուրաքանչյուրը կնախանձեր՝ տեսնելով, թե ինչ արագությամբ են նրանք մի կետից մյուսը հասնում: Չեն ուշանում հանդիպումներին, չեն իջնում աստիճաններով ու, ի տարբերություն շատերի, միշտ ուրախությամբ են տեսնում խոչընդոտներ: Պարկուրը նրանց համար լոկ տեղից տեղ հասնելու ու խոչընդոտներ հաղթահարելու արվեստ չէ. սա յուրօրինակ ապրելակերպ է:

Պրոֆեսիոնալ պարկուրով զբաղվողներին Հայաստանում կարելի է մեկ ձեռքի մատների վրա հաշվել: Ու չնայած Ghost Tracers խումբը կա արդեն հինգ տարի, պարկուրի ու ֆրիրանինգի միությունը պաշտոնապես գրանցվել է 2011-ին:

- Միության ստեղծման նպատակը Հայաստանում պարկուրի քարոզչությունն է, - ասում է միության փոխնախագահ Գոռ Համբարյանը: - Որպես պարկուրի միակ որակավորված հրահանգիչ Հայաստանում՝ ես խումբ հավաքեցի ու մարզեցի որոշ ժամանակ: Սակայն մարզումները կարճ տևեցին. չի կարելի պարկուր պարապել լոպազանալու ու նորաձև թվալու համար: Ստիպված էի խումբը ցրել: Հաճախ են դիմում, բայց եզակի դեպքերում եմ որևէ մեկին վարժեցնում: Ցանկացողները պետք է ճիշտ շարժառիթներ ունենան. թրեյսերը բարի է ու թեթևամիտ: Հիմա միությունն ունի 5 անդամ, որից երկուսը պարտքն են կատարում՝ ծառայում են բանակում: Սա է Ghost Tracers-ի ամբողջ կազմը:

«Ուրվականներ» Գոռ Համբարյանի, Արման Վարդանյանի ու Տիգրան Կոստանյանի հետ գնացինք Թումանյանի այգի: Վարպետությունը ցույց տալուց առաջ Գոռը պատմեց, թե ինչ է պարկուրն իր ու իր ընկերների համար:

- Մի ժամանակ սքեյթբորդով էի զբաղվում: Մի անգամ ցատկահարթակի վրայով անհաջող թռնելիս սքեյթս մի քանի մասի բաժանվեց: Հավաքեցի ու ուղղվեցի տուն: Ճանապարհին մտածեցի ու հասկացա, որ սքեյթերն առանց սքեյթի կամ մրցարշավորդն առանց մեքենայի ոչինչ են: Այդպես որոշեցի զբաղվել պարկուրով, որտեղ գործիքը մարմինն է, ու ամեն ինչ կախված է քեզնից: Պարկուրը սպորտ չէ. մենք դա չենք անում մեդալների համար: Առաջին. սա քաղաքում ռացիոնալ տեղաշարժվելու միջոց է. ինչո՞ւ բարձրանալ աստիճաններ, եթե կարող ենք ցատկել դրանց վրայով: Երկրորդ. պարկուրը ինքնաճանաչման արվեստ է: Ճանաչում ու հաղթահարում ես վախերդ, զգում ցավ ու սովորում դիմանալ, չափում ու զարգացնում ուժդ: Թրեյսերը ձգտում է մարմնի ու հոգու բացարձակ ներդաշնակության ու ընթանում է դեպի կատարելություն: Կհամարեմ, որ հասել եմ եմ պարկուրի վերջին աստիճանին, երբ կարողանամ բոլոր ուզածներս անել: Օրինակ՝ պատկերացնեմ՝ ինչպես է մարմինս պտտվում օդում, ու միանգամից անեմ: Կողքից նայողները տեսնում են ակրոբատության կամ ցատկեր: Իսկ մեզ համար դա կենսակերպ է: Ես խոչընդոտներ հաղթահարում եմ նույնիսկ մեքենա վարելիս, քննություն հանձնելիս կամ սպագետիով սոուս պատրաստելիս:

Հնարքները սկսելուց առաջ տղաները երկար ժամանակ «տաքանում» էին: Ինձ էլ ներգրավեցին. տվեցին ավելորդ սպորտային շալվար, շապիկ, նստացրին 7 մետր բարձրությամբ ճաղաշարքին, տեղավորվեցին կողքս ու առաջարկեցին թուլանալ:

Երբեք չէի բարձրանա այնտեղ, եթե թրեյսերները չլինեն, ովքեր բառացիորեն երաշխավորում էին անվտանգությունս: Ճիշտ է, առաջին մի քանի վայրկյանը վախից քարացել էի: Հասցրեցի պատկերացնել՝ ինչպես ենք բոլորս ներքև թռչում. ես որպես զոհ, նրանք որպես փրկարար: Անցնելով այս փուլը՝ անցանք հաջորդին. սովորել զգալ ու ղեկավարել մարմինը: Սկսեցինք փոքր ցատկերով, հետո նրանց օգնությամբ կարողացա մի կերպ կողքի վրա պտույտ կատարել: Վերջում՝ կամրջով հետցատկ: Միայն այսքանը կարողացա անել: Այդ ընթացքում Գոռը, Արմանն ու Տիգրանը կատարում էին զանազան հնարքներ ու ակրոբատիկ փորձեր՝ ճիշտ ինչպես հոլիվուդյան ֆիլմերում, ուղղակի առանց որևէ մեկի կողմից երաշխավորվելու: Հետո սկսվեց սարսափելի ներկայացում՝ խելահեղ ցատկեր բարձրությունից զանազան խոչընդոտների վրայով, սալտոներ, պտույտներ: Այսինքն՝ այն ամենը, ինչը տեղավորվում էր թրեյսերների անսահման երևակայության մեջ: Երևակայությունն էլ պարկուրի ամենակարևոր բաղադրիչներից է: Խոչընդոտներ կան ամեն քայլափոխի, բայց պետք է դեռ գտնել դրանք գեղեցիկ ու կարևորը՝ արդյունավետ անցնելու ձևերը:

- Օրինակ, երբ քայլում եմ փողոցում ու տեսնում եմ խոչընդոտ՝ պատ, ցանկապատ, ծառ կամ ճաղաշարք, մտքերս ու ուժերս կենտրոնացնում են այն հնարավորինս հետաքրքիր կերպով հաղթահարելու վրա, - ասում է Արմանը:

Կարող է թվալ, որ, օրինակ, պատի վրայով թռնելը բոլորվին էլ դժվար չէ, սակայն յուրաքանչյուր ցատկի հետևում ամենօրյա երկարաժամ մարզումներ ու սեփական անձի հետ պայքար է:

- Ինքդ քեզ հաղթահարելիս երկու մարդ կա մեջդ, - ասում է Գոռը: - Մեկն ասում է՝ ցատկի՛ր, մյուսը կանգնեցնում է: Այս երկրորդը վախկոտ, խղճուկ կողմդ է, որի դեմ այնքան պետք է պայքարես, մինչև ամբողջովին անհետանա:

Մենք դարձանք ականատեսը այդպիսի «պայքարի», երբ թրեյսեր Տիգրանը մոտ 10 րոպե պատրաստվում էր 7 մ բարձրությամբ ճաղաշարից ցատկել 5 մ բարձրություն ունեցողի վրա: Ներքին պայքարը դիտելը թույլ նյարդեր ունեցողների համար չէր. աղաչում էինք նրան, որ հետ կանգնի խելահեղ մտահղացումից: Բայց որքան թրեյսերներին տարհամոզում ես, այնքան ավելի սկզբունքային են դառնում. Տիգրանը ցատկեց:

- Ես իհարկե, վախենում էի, - ասում է Վիկան՝ Տիգրանի ընկերուհին, - բայց ես վստահ եմ՝ նա կարող է: Առաջ մտածում էի, որ վտանգավոր է: Բայց Տիգրանի հետ հանդիպելով՝ հասկացա, որ պետք է պարզապես ամեն ինչ մանրամասն կանխատեսել: Օրինակ՝ եթե վստահ չես ուժերիդ մեջ, ավելի լավ է՝ հետաձգես ու հետո անես: Ես էլ եմ վերջերս սկսել պարկուրով զբաղվել:

Անհավատալի արագության, արձագանքման ու իրավիճակը գնահատելու ունակությունների շնորհիվ երիտասարդները մի քանի անգամ մարդկանց փրկել են փորձանքի ժամանակ:

- Մի քանի օր առաջ ռեստորանում, որտեղ աշխատում եմ, հրավառությունից հրդեհ բռնկվեց կտուրի վրա, - պատմում է Արմանը: - Ոչ ոք չէր կարողանում այնտեղ բարձրանալ՝ աստիճան չկար: Դե, ես արագ ցատկեցի կտուր, մարեցի կրակը, ու հարցը լուծվեց:

Որպես կանոն՝ թրեյսերները մարզվում են հատուկ սրահներում: Բայց Հայաստանում նման տեղեր չկան, ուստի երիտասարդները ամեն ինչ անում են փողոցում. ընկնում են, վնասվում, սակայն ոչ մի դեպքում չեն հուսահատվում ու անկոտրում գնում են փշրելու, ավելի ճիշտ՝ հաղթարահելու ցանկացած խոչընդոտ: Այլապես կյանքը նրանց համար կորցնում է իմաստը:  

Այս թեմայով